«Վերստին չանդրադառնալով Հենրիկ Էդոյանի իմանենտ, գեղարվեստորեն ներփակ իմացապաշտ պոեզիային, նկատենք, որ տասնամյակի ընթացքում ստեղծագործած տարբեր բանաստեղծներ դավանում են հավերժությանը միտված մաքուր պոեզիայի սկզբունքները:
80-ական թթ. մեր պոեզիայում ձևավորվում էր ծագումնաբանորեն միջնադարյան հայ քնարերգությանը միտված մի հոսանք: Աշոտ Ավդալյանից հետո դրա ձևավորմանը ամենից մեծ նպաստը բերեց Հակոբ Մովսեսը՝ բանաստեղծությանն առընթեր փորձելով նաև տեսական ու բանավիճային հոդվածներով պարզաբանել նոր հոսանքի էությունը: Պոետական խոսքի նշանակությունը սոսկ լեզվին, ավելի ճիշտ՝ լեզվի ծիսական ինքնաբավ գեղեցկությանը հանգեցնելու կոնցեպցիան անմնացորդ արտահայտվել է 1992 թ. Հակոբ Մովսեսի լույս ընծայած «Գիրք ծաղկման» հատորում: Այն, հիրավի, կարելի է համարել «լեզվապաշտ» հոսանքի բարձրակետը, ուր բառերն ու տողերն ապրում են ծիսական հանդիսավորության մեջ: Ժողովածուի շարքերը, որ կրում են «Մեղեդիներ», «Տաղեր», «Ծննդյան աստղը», «Հովվերգական» բնորոշ խորագրերը, ամբողջովին խարսխված են լեզվական մի ավանդույթի, որ սկիզբ է առնում Սուրբ Գրքից, միջնադարյան հոգևոր քնարերգությունից, Նարեկացուց ու Շնորհալուց և, անցնելով Մեծարենցի ու Ռիլկեի պոետիկայով, հասնում մինչև վաղամեռիկ Աշոտ Ավդալյանի պոեզիան: Ոճավորումը և իմիտացիան, որ ասերգային-երգեցողական այս ոճի գլխավոր հայտանիշն են, տարբեր չափերով արտահայտվել են զանազան ուրիշ բանաստեղծների գործերում ( Ա. Մարտիրոսյան, Էդ.Միլիտոնյան, Հր.Բեյլերյան, Ա.Վարդանյան)»։
Ս. Գրիգորյան, Հայաստանի պոեզիան անկախության շրջանում (2001)