1855 թվականի ապրիլի 29-ին ծնվել է հայ գրող, թարգմանիչ, լրագրող, հասարակական և պետական գործիչ Համբարձում Առաքելյանը:
Ծնվել է բերդաքաղաք Շուշիում: Եղել է Շուշիի թեմական և օրիորդաց դպրոցների տեսուչը և ուսուցիչը։ 1881 թվականին Շուշիում հիմնադրել է Կովկասի հայոց բարեգործական ընկերության առաջին մասնաճյուղը և մեկ ընթերցարան: 1915թ. ստեղծել ու գլխավորել է հայ գաղթականներին օգնող հանձնաժողովը։ 1872 թվականից թղթակցել է «Մշակ» թերթին` ակտիվորեն լուսաբանելով Արևմտյան Հայաստանից գաղթածների վիճակը`տալով կարճ տեղեկություններ նրանց թվաքանակի, կացության, կարիքների և այլնի մասին:
1892 թվականին Գրիգոր Արծրունու մահվանից հետո դառնում է «Մշակի» գլխավոր աշխատակիցներից մեկը, իսկ Ալեքսանդր Քալանթարի մահվանից հետո փախարինում է նրան։
Համբարձում Առաքելյանը թղթակցություններ պատրաստելու և գաղթականների վիճակին ծանոթանալու համար անձամբ էր այցելում այն բնակավայրերը, ուր ապաստանել էին գաղթականները, իր թղթակցությունների, իր հոդվածների միջոցով փորձում էր օգնության ձեռք մեկնել նրանց. Առաքելյանը հավաքում էր կարիքավոր փախստականների հասցեները և ուղարկում էր բարեգործական ընկերություններին, կամ անհատներին, ովքեր պատրաստ էին օգնել գաղթականներին: Եվ գործի այս ձևը իսկապես հաջողություն ունեցավ:
1910-13 թթ. հրատարակել է «Արոր» ամսագիրը։ Բացի իր անուն-ազգանունից օգտագործել է նաև Ա., Ա. Հ., Հ. Առաք., Հ., Հ.Ա., Շ., Շ-ր, Շահրիար, Պանդուխտ և այլ ծածկանուններ:
Առաքելյանի հասարակական և պետական գործունեության մասին կարելի է շատ երկար գրել: Նա կովկասահայ գործիչներից առաջինն էր, որ հայկական հարցը քննության առարկա դարձրեց Խաղաղության վեհաժողովներին։ 1904թ. հայ պատվիրակության կազմում մասնակցել է Հաագայի խաղաղության միջազգային կոնգրեսին՝ Հայկակաև հարցը դիվանագիտական շրջանակների ուշադրությանը ներկայացնելու նպատակով։
Եղել է Ռուսական աշխարհագրական, Փարիզի «Socié é Qsiqtique» և միջազգային այլ ընկերությունների անդամ, Կովկասյան ժողովրդական համալսարանի հայկական մասնաճյուղի նախագահը, Թիֆլիսի քաղաքապետարանի և Հայ նպաստամատույց ընկերության անդամ։
Նա լիբերալ հայացքներ ուներ և ազգային էր իր մտածողությամբ:
«Մշակի» էջերում կարդում ենք նրա հոդվածները, որոնք վերաբերում են հայ ժողովրդին հուզող խնդիրներին` «Թուրք կառավարությունը և հայերը», «Բազմաչարչար Հայաստանը», «Հայաստանը մոռացված», «Ազգայնութիւն եւ նորա պրինցիպներ (Հայուածք հայութեան իբրեւ կուլտուրական ազգի վրայ», «Պարսկաստանի հայերը (Նրանց անցեալը, ներկան եւ ապագան)», « Աղա-Մուհամմէդ շահը Շուշում (Պատմական անց)» և այլն:
Այն, ինչ գրում էր Առաքելյանը, հաճախ էր ենթարկվում գրաքննության ուշադրությանը: Նա ուղղամիտ մտավորական էր, հայ էր, որ մեծ ավանդ թողեց հայ մտքի զարգացման գործում: Նրա քաղաքական հայացքները, ծավալած ազգային գործունեությունն էլ պատճառ դարձան նրա դավադիր սպանության. սպանվել է Թիֆլիսի իր տան մեջ 1918 թվականին:
Լ.Լ.