«Կարոս խաչ» վիպական երգի բեմադրությունն էր Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Հայ բանահյուսության գանձարանի այս նմուշը մշակվել, նոր փայլով եւ որակով, հեղինակային երաժշտական մեկնաբանությամբ եւ ժամանակակից ունկնդրի լսողությանը հարիր «գեղագրական» լուծումներով ներկայացրեց Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը: Նրանում, ինչպես հնագույն ժամանակներում, կար ասացող, իսկ երաժշտական նյութը մատուցեց «Տաղարանի» երգչական կազմը: Ասացող – պատմիչի դերում հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանը, մենակատարներն էին Լուսինե Մարկոսյանը, Գալինա Ցոլակյանը, Գայանե Ղամբարյանը, Հովսեփ Նշանյանը, Արամո Մամիկոնյանը եւ Ֆերդինանդ Մուրադյանը: Համերգի երկրորդ մասը եւս հայ ավանդական երաժշտության ճյուղերից մեկի՝ հարսանեկան երգերի ընտրանի – հյուսվածք էր, Ս. Երկանյանի մտոք մի շարանի մեջ առնված եւ իբրեւ մի ծիսական ամբողջական արար ներկայացված:
Սահմանափակ թվով մարդիկ գիտեն, որ բացի հայոց «Սասնա ծռեր» էպոսից, մենք ունենք նաեւ ծավալով ավելի փոքրածավալ, բայց խորհրդով խորը եւս մի հայկական հնօրյա վիպերգ՝ «Կարոս խաչ»-ը: Նրանում պատմվում է, թե ինչպես հոտաղները դաշտում «կարոս» անունով բույսից մի խաչ են պատրաստում, որն իր հրաշագործությամբ «ցերեկը հով է անում աշխարհին, գիշերը կամար լույս կապում տաճարին»: «Կարոս խաչ» վիպերգը «ծագմամբ» Վասպուրականից է. տարբերակները տարածված են եղել Մշո ազգագրական շրջանում, Մոկքում, Վանա լճի շրջակա գավառներում: Ենթադրվում է, որ ասքի դեպքերը պատահել են քուրդ ամիրապետների տիրապետության օրոք՝ XIV – XVI դարերում: Վիպերգի եղանակը գրի են առել Կոմիտասը եւ Սպիրիդոն Մելիքյանը:
Վիպերգը խտացված պատմությունն է դարեր շարունակ Հայաստան աշխարհն ասպատակողների եւ օտար հարստահարողների կողմից մեր սրբավայրերը կողոպտելու, թալանելու եւ ավերելու մասին: Բայց եւ այն մասին, որ չարիքն անպատիժ չի մնում, եւ միշտ գալիս է հատուցման պահը: Նրանում կա նաեւ պատմություն դավաճանության եւ մատնչության մասին:
«Աղաչանք կանեմ Քուրդ Պարոնին,
Էն բան չանի հայոց խաչին,
Կուզի ոսկի, էս է ոսկին.
Կուզի արծաթ, էս է արծաթ,
Ձեռ մի զարկեք Կարոս խաչին»,- խնդրում է հավատավոր ժողովուրդը՝ պատրաստ իր սրբության համար ամեն զոհողության:
Կարոս խաչի հրաշագործության մասին լուրն առած եւ այն եկեղեցուց հափշտակելու հրաման տված Քուրդ պարոնը (վիպերգի մի այլ տարբերակում՝ պարսից խանը) կատաղությամբ պատուհասվում է, եւ իր զինվորներն էլ կոտորում են մեկմեկու: Եվ եթե օտար նվաճողը զղջում է եւ մեծամեծ նվերներ, մատաղ մատուցում՝ իրեն, իր կնոջն ու օրորոցի երեխային ապաքինում շնորհելու խնդիրքով ու ներվում, ապա նույն ախտով պատժված մատնիչ գզիրի հանցանքը չի ներվում: Վիպերգի որոշ տարբերակներում էլ խաչը չի ընդունում քուրդ իշխանի խոստացած մատաղը, եւ նա իր ընտանիքով խաչի զորությամբ կործանվում է: Ս. Երկանյանի ներկայացրած տարբերակի վերջին կտորում հայերը քրդերի ընկերակցությամբ հափշտակված եւ գերեվարված հրաշագործ խաչը փառքով վերադարձնում են հայոց եկեղեցի: Ուրեմն, պետք է ենթադրել, թե ավարտին թշնամու ապաշխարությունն ընդունվում է՝ կողոպտված սրբությունը վերադարձնելու պայմանով:
Մեր զրույցին ահա թե ինչ ասաց մաեստրոն «Կարոս խաչին» իր անդրադարձի վերաբերյալ.
– Ինձ հետաքրքրում էր՝ եթե մենք ունենք այդքան վիպերգեր, ինչու՞ ենք միայն «Սասունցի Դավթով» գոհանում, եզրափակվում: Ես գտա եւս մի վիպերգ՝ «Կարոս Խաչը»:
Երաժշտագետների գրքերից ուղիղ ճանապարհն ինձ տարավ դեպի այդ ահագին նյութը: Ալինա Փահլեւանյանն իր գրքույկում հետաքրքրական ձեւով անդրադառնում է Կարոս Խաչի պատմությանը, եղելությանը եւ, բարեբախտաբար, տեքստերն իրեն մատուցել են ձայնագրված ժապավենների տեսքով Ամերիկայում մինչեւ 20-րդ դարի 2-րդ կեսերն ապրած պարսկահայ եւ հալեպահայ ասողները: Ինքն այդ ամենը վերծանել է, նոտագրել: Երեք առանձին ասողների տեքստերն առանձին կան՝ ամեն տեղ հատվածաբար, ոչ ամբողջական, նայած ո՛վ ինչքա՛ն է իմացել… Բայց ամենն, իհարկե, կատարվել է միաձայն: Ես եղածները համադրեցի ու մի շարք գործիքներ ավելացնելով այնպիսի կառույց սարքեցի, որ այն մատուցելիս մեզ՝ դասական ականջ ունեցողներիս համար մի քիչ ընդունելի կառույցի վերածվի: Սահմանափակ պահպանողականները գտնում են, որ ասքն ինչպես մեզ հասել է, այնպես էլ պետք է ներկայացվի: Ինձ թվում է՝ հետաքրքրական չէ՝ բերես մի քյամանչահարի կամ քանոնահարի, ասես՝ հա՛մ երգի, հա՛մ նվագիր, հա՛մ էլ արտասանիր: Այնքա՜ն հանճարեղ մեկը պիտի լինի, որ կարողանա ամբողջ դահլիճին այդ մի հատ գործիքով, իր ձայնով, իր պատումով, ասմունքով հետաքրքրի:
-Ուրեմն, ստացվում է՝ մեր ասացողները հանճարե՞ղ են եղել:
– Ես չգիտեմ, չեմ կարող ասել: Համենայն դեպս, մարդիկ այդ փեշակն ունեցել են, վաստակել են այստեղ-այնտեղ գնալով…
-Ու դեռ իմացածն էլ փոխանցել են:
– Ով շնորհալի է եղել, ցանկացել է դա անել, առել է իրեն աշակերտ, սովորեցրել է՝ այստեղ-այնտեղ թափառելով, ոնց եվրոպական տրուբադուրները:
-Ձեզ չէր կարող բավարարել մի գործիքով «Կարոս Խաչը» ներկայացնելը: Հապա այլ ի՞նչ լուծումներ տվեցիք:
– Մտածեցի օրատորիալ ժանրի վերածել: Պատումն արվում է երգչախմբի միջոցով: Այնտեղ, որտեղ պատմվում է, օգտագործվում են կսմթային գործիքներ՝ քանոն, սանթուր, ուդ: Այնտեղ, որտեղ երգի միջոցով է պատմվում իրողությունը, այնտեղ արդեն գործիքային կազմը շատանում է: Իսկ այնտեղ, որտեղ պատմիչն է միջամտում, հաջորդում է ասմունքը: Ասմունքը երբեմն շատ զուսպ նվագակցությամբ է, երբեմն ամբողջ նվագախումբը թեժանում է:
Մեր կողմից ավելացնենք, որ ազատ ոտանավորի ձեւով հորինված վիպերգին քնարական հնչեղություն էր հաղորդում «ծառա կլնիմ Կարոս խաչին» տողը, որը կրկնվում էր բոլոր հատվածների վերջում: Դավիթ Հակոբյանի ասմունքը՝ առանձին, նվագախմբի նվագակցությամբ, նաեւ երգչական խմբի համադրությամբ, հնչում էր համոզիչ, առանց ծեքծեքումների եւ հռետորաբանությունից զերծ՝ հաղորդելով հայ ոգու զորությունն ու ժողովրդական իմաստնությունը:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` «Կարոս խաչ» վիպերգի բեմադրությանը: