Ի լրումն հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման մերօրյա իրողությունների, ընթերցողի սեղանին է դրվել իրանահայ անվանի գրականագետ, բանաստեղծ ու թարգմանիչ Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն (IX-XX դդ.)» գիրքը: Մշակույթի երախտավորի բազմամյա գրական վաստակը հավաքել եւ աշխատասիրել է Նիկիտ Միրզայանը:
Գիրքն իր շնորհակալ ավանդն է բերում Իրանի հարուստ գրականության պատմությունը հայ հասարակությանը ներկայացնելու գործում, որի հրատարակությունը հովանավորել են ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը եւ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամը»:
Հայ-իրանական գրական առնչությունների հազարամյակներ շարունակվող պատմությունը ժամանակագրորեն կարելի է բաժանել չորս՝ վաղ (նախաիսլամական), միջնադարյան, նոր եւ նորագույն շրջանի: Իհարկե, հայ միջնադարյան մատենագրության մեջ լայն անդրադարձով աչքի ընկնող նախաիսլամական շրջանի իրանական վիպական պատումների վերաբերյալ հայ արեւելագետների ավագ սերունդը մեզ ժառանգություն է թողել արժեքավոր հետազոտություններ: Նույնը կարելի է ասել նաեւ պարսից եւ հայ միջնադարյան գրականությունների համեմատական ուսումնասիրությունների մասին: Հրապարակի վրա առկա են նաեւ պարսից խոշորագույն դասականների՝ Ռուդաքիի, Ֆիրդուսիի, Օմար Խայյամի, Սաադիի, Հաֆեզի եւ այլոց ստեղծագործությունների գեղարվեստական թարգմանություններ: Այս երկու շրջանի վրա ուշադրության առավել սեւեռումը եւ դրանց վերաբերյալ գիտագեղարվեստական աշխատությունների համեմատաբար բազմաքանակությունը նպաստել է, որ հայաստանյան ընթերցողը պարսից գրականության մասին պատկերացում կազմի հիմնականում վերոհիշյալ դասականների ստեղծագործություններով: Սակայն հայ-իրանական պետական հարաբերությունների ներկա փուլը պահանջում է նոր մոտեցումներ, եւ հայ հասարակությունը կարիքն ունի ճանաչելու նաեւ ուշ միջնադարի եւ, մանավանդ, ժամանակակից Իրանի մշակույթն այսօրյա դրսեւորումներով:
Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն (IX-XX դդ.)» գրքում առաջին անգամ հայերենով ընթեցողին են փոխանցվում տեղեկություններ Ղազնավյան եւ Սելջուկյան տիրապետության շրջանում ստեղծագործած այնպիսի հեղինակների մասին, ինչպիսիք են Սանայի Ղազնավին, Սուզանի Սամարղանդին, Անվարին, Ֆարիդեդդին Աթթարը եւ այլք: Կարելի է ասել՝ հայ հասարակությանն իսպառ անհայտ են մեծահամբավ շատ դասականների կողմից ուսուցիչ համարվող Սանայի Ղազնավիի սուֆիական պոեմները: Միրզայանի ներկայացվող գրքում թեեւ հակիրճ, սակայն, բարեբախտաբար, անդրադարձ կա այս մեծ դասականի գրական ժառանգությանը: Նույնը կարելի է ասել Թեյմուրյանների տիրապետության շրջանի հեղինակներ Էբնե Յամանի, Խաջու Քերմանիի, Օբայդ Զաքանիի եւ այլոց մասին:
Հայ ուսումնասիրողների աչքից շրջանցած փուլ է նաեւ Սեֆյան եւ Ղաջարական շրջանների գրականությունը: Այնինչ, պարսից նոր եւ նորագույն շրջանի գրական զարգացումների համար հիմնաքարային կարեւորություն ունեն XVI դարից սկիզբ առած գրական ուղղությունները, երբ գեղարվեստական խոսքում տիրապետող են դառնում կրոնական, հատկապես շիայական բովանդակությամբ ստեղծագործությունները, Քարբալայի ողբերգական իրադարձությունները եւ շիա իմամների նահատակության թեմաները:
Այս հանգամանքը չափազանց կարեւոր է, քանի որ հաճախ է նշված ժամանակահատվածի կրոնական բովանդակությամբ գրականությունը շփոթվում միստիկականի հետ, մինչդեռ դրանք տարբերվում են թե՛ բովանդակությամբ, թե՛ առաջադրած խնդիրներով:
Միրզայանն անդրադարձել է ոչ միայն վերը նշված դարերի հեղինակներին, այլեւ Զոհուրի Թորշուզիի (XVI-XVII) «Սաղինամե»-ին (Մատռվակագրքի) եւ Հնդկաստանում պարսկալեզու գրականության տարածմանն ու զարգացմանը:
Գրքում տեղեկություններ ենք հայտնաբերում նաեւ XVIII դարից Սպահանում ծնունդ առած «Բազգաշթե ադաբի» (Գրական վերադարձ) գրական ուղղության եւ դրա ներկայացուցիչների՝ Հաթեֆ Էսֆահանիի, Սայեբ Էսֆահանիի, Նեշաթ եւ Միջմար Էսֆահանիների, Ղաանի Շիրազիի, Յաղմա Ջանդաղիի եւ նրանց ստեղծագործությունների վերաբերյալ, որոնք կարեւոր դերակատարություն են ունեցել միջնադարյանից նոր շրջանի անցման փուլում:
Զորայր Միրզայան գրականագետի ավանդը մեծ է հատկապես նորագույն շրջանի պարսից գրական զարգացումներին եւ ժամանակակից հեղինակներին ուշադրություն նվիրելու գործում: Հայ ուսումնասիրողների շարքում նա առաջիններից էր, որն անդրադարձավ Սահմանադրական շարժման տարիների (1907-1911թթ.) գրական խմբակներին, դրանց ներկայացուցիչներին ու պարսից բանաստեղծությունը նորացնելու նրանց գաղափարներին: XX դարի իրանցի անվանի բանաստեղծներ Իրաջ Միրզայից, Շահրիարից, Փարվին Էթեսամիից, Նիմա Յուշիջից, Ֆերեյդուն Թավալլոլիից, Ֆորուղ Ֆարրոխզադից, Ահմադ Շամլուից, ինչպես նաեւ միջնադարի դասականներից նա մեզ է թողել գեղեցիկ թարգմանություններ: Բանաստեղծական թարգմանություններում Զորայրի տաղանդը նոր շունչ է առնում, դրսեւորվում իր ողջ կարողություններով: Թվում է՝ նրա մեջ թարգմանիչն ու բանաստեղծը հաղթում են գրականագետին:
Ամփոփելով այս համեստ անդրադարձը Զորայր Միրզայանի «Պարսից գրականություն (IX-XX դդ.)» գրքին՝ կարելի ասել, որ այն կարեւոր ներդրում է հայ-իրանական գրական առնչությունների նոր եւ նորագույն շրջանի ուսումնասիրության ասպարեզում:
ԳԱՌՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ