«Դանիել Վարուժան: Հայ բանաստեղծը Գենտում: 100 տարի անց» խորագրի ներքո բելգիական բանասիրության եւ պատմության «The Revue Belge de Philologie et d՛Histoire» հանդեսը վերջերս լույս է ընծայել 2019-ի իր 97-րդ համարը, որը մասնավորապես նվիրված է արեւմտահայ բանաստեղծական մտքի զարգացման նոր աստիճան ձեւավորած Դանիել Վարուժանին: Գենտի համալսարանի պրոֆեսորներիցՙ Փիթեր վան Նուֆելենի խմբագրությամբ հատորը նպատակ է հետապնդում նախ լույս սփռել Բելգիայի եւ Օսմանյան կայսրության միջեւ այդ ժամանակ գոյություն ունեցող ուսանողական փոխանակումների եւ այդ տարածաշրջանից եկող ուսանողների փորձառությունների վրա եւ երկրորդՙ խորամուխ լինել այն ազդեցությանը, որ Գենտի համալսարանում անցկացրած տարիները (1905-1909) ունեցել են Վարուժանի մտավորի եւ գեղագիտական հետագա զարգացման վրա: