Անցած տարեվերջին լույս է տեսել ռուս գրող Իգոր Անգլերի «Լսող սիրտը» վեպի առաջին հատորը: «Լսող սիրտ» է կոչվել հինավուրց օսմանյան ծիսական դաշույնը, որը կորսվել է պալատական հեղաշրջումների ու սպանությունների շղթայում եւ կովկասյան պատերազմների խճճված ճանապարհներով հասել Բաքու: Այստեղ նա վերսկսել է իր արյունոտ ուղինՙ հետապնդելով մի դժբախտ հայ ընտանիքի, որը փորձում էր փախչել իննսունականների Բաքվի ջարդերից: Վեպը դետեկտիվ, արկածային եւ միստիկ ժանրերի միահյուսում է, մի քրեական պատմությունՙ հիմնված իրական դեպքերի վրա, ունի իրական հերոսներ, որոնցից ոմանք իրենց կյանքի իմաստը տեսնում եւ գտնում են հանցաշխարհում, ոմանք էլ փորձում են դուրս պրծնել այնտեղից: Այնտեղ կան թե՛ խեղված ճակատագրեր, թե՛ բռնություն, թե՛ անարգված պատիվ, թե՛ ազգային հաշվեհարդար: Վեպի հերոսներից է Էդուարդ Հովսեփյանը, որի ճակատագրին հետեւում է ընթերցողը: