Կիրակի, Հոկտեմբերի 12, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արամազդ Ստեփանյան. Անգլիալեզու թատրոնում՝ հայ թատերգությամբ

Արծվի Բախչինյան
20/06/2025
- 20 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
49
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ԳԼԵՆԴԵՅԼ – Արամազդ Ստեփանյանը (ծնվ. 1951, Աբադան, Իրան) թատրոնի, կինոյի եւ հեռատեսիլի դերասան, արտադրիչ, բեմադրիչ, թատերագիր եւ թարգմանիչ է: Թեհրանի Քուշեշ Դավթյան հայկական վարժարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Անգլիա, որտեղ ապրել է 20 տարի: Լոնդոնում ուսումնասիրել է քաղաքագիտություն եւ թատրոն Թեմզայի պոլիտեխնիկումում (այժմ՝ Գրինվիչի համալսարան), հաճախել դերասանության եւ բեմադրության դասընթացների: 1976-ից Լոնդոնում բեմադրել է հայերեն եւ անգլերեն թատերական ներկայացումներ, հիմնադրել «Ալփերթոն» արվեստի կենտրոն թատրոնը, որտեղ երեք տարի շարունակ բեմադրել է երկլեզու ներկայացումներ: 1990-ին տեղափոխվել է Քալիֆորնիա: Անցած 35 տարիների ընթացքում բեմադրել է առնվազն 100 ներկայացում՝ հայերեն եւ անգլերեն: 2006-ին Գլենդեյլում հիմնել է «Լունա Փլեյհաուզ» թատրոնը՝ լինելով նրա գեղարվեստական ղեկավարը եւ արտադրիչը: Միայն առաջին տարում այստեղ բեմադրվել է 12 գործ՝ ավելի քան 100 ներկայացումներով: 2011-ին Ստեփանյանը փակել է թատրոնը՝ բարձր վարձավճարների, բայց առավելապես՝ ոլորտի գործիչների կողմից լուրջ հետաքրքրության բացակայության պատճառով: Նա նաեւ հայերեն եւ անգլերեն տասը գրքի հեղինակ է…

–Արամա՛զդ, ձեր ստեղծագործական կենսագրությունը տպավորիչ է: Ո՞րն եք համարում ձեր ամենանշանակալի ձեռքբերումը:

-Ես շատ եմ սիրում թատրոնը (եւ արվեստն ընդհանրապես), հատկապես՝ փորձերն ու այն ընկերական մթնոլորտը, որ ստեղծվում է մարդկանց միջեւ, որոնք բնավորությամբ միգուցե երբեք չէին շփվի, բայց միասին աշխատում են հանուն իրենց համատեղ սիրո՝ թատրոնի:

Ես համառ եմ: Սկսում եմ ու ռիսկի եմ դիմում: Կյանքումս երկու թատրոն եմ հիմնել՝ Լոնդոնում եւ Գլենդեյլում, ու թեպետ երկուսն էլ այլեւս գոյություն չունեն, բայց արել եմ: Նաեւ Մանչեսթրում ղեկավարել եմ մի խումբ՝ կազմված իրանահայ ուսանողներից, որոնց հետ մաքրեցինք հայկական եկեղեցու նկուղային տարածքը՝ վերածելով համայնքային կենտրոնի, որը 50 տարի ծառայում է Մանչեսթրի հայ համայնքին: Լոնդոնում եւ Էդինբուրգի «Ֆրինջ» փառատոնում բեմադրել եմ շուրջ 25 ներկայացում: Սակայն 1970-80-ականներին Լոնդոնի հայ համայնքը փոքր էր: Եվ հայկական որեւէ միություն հետաքրքրված չէր թատերական բեմադրություններով: Կարծում եմ՝ այն 15 տարվա ընթացքում, երբ ակտիվ էի, Լոնդոնում, միայն չորս-հինգ այլ հայերեն ներկայացում է ցուցադրվել: Հիմա էլ եթե միջոցներ ու օժանդակողներ են լինում, մեծ նախագիծ եմ սկսում՝ մեկ կամ միանգամից երեք մեծ բեմադրություն: Եթե չկան միջոցներ, հայախոս դերասաններ՝ բեմադրում եմ փոքրածավալ երեք անգլերեն ներկայացում՝ ոչ հայերի հետ: ԱՄՆ-ում ապրածս 35 տարիներին, կարծում եմ, միայն երկու անգամ ներկայացում չեմ բեմադրել. մեկը թագավարակի տարին էր, որն օգտագործեցի՝ հրատարակելու համար «Հայ դրամատուրգների» առաջին հատորը եւ Սամադ Բեհրանգիի գիրքը:

–Այո՛, կարդացել եմ ձեր թարգմանած Բեհրանգիի «Փոքրիկ սեւ ձկնիկը»: Դուք միտումնավո՞ր եք օգտագործել պարսկահայ ձեւեր եւ արտահայտություններ: Նույնը նկատվում է նաեւ ձեր թարգմանած Գաբրիել Օ Սուլիվանի «Իմ մեծպապի ճամփան» գրքի վերնագրում: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է արդարացված թարգմանություններում բարբառի կամ խոսվածքի օգտագործումը:

-Պարսկահայերենն այն բարբառն է, որին տիրապետում եմ (չգիտեմ էլ՝ կարելի՞ է բարբառ անվանել): Չեմ կարող խոսել կամ գրել գյումրեցու կամ նույնիսկ երեւանցու նման: Ես հայաստանցիների պես խոսում եմ արեւելահայերեն, բայց կա ազդեցություն պարսկերենից եւ արդեն 55 տարվա անգլիալեզու միջավայրից: Միգուցե փաստագրական գործերը կարող եմ ավելի գրական լեզվով թարգմանել, բայց Բեհրանգիի դեպքում պատմություն էի վերապատմում, ու պարսկահայերենն ավելի հարմար էր: Նույնը՝ «Իմ մեծպապի ճամփայի» դեպքում: Կինս գրել էր դա՝ հիմնվելով իմ հոր մտավոր անկման վրա, երբ նա մեզ հետ էր ապրում, եւ որդիս էլ ապրեց այդ ամենը:

Արամազդ Ստեփանյանը Քոեն եղբայրների «Ողջո՜ւյն քեզ, Կեսա՛ր» ֆիլմում

Ավելացնեմ նաեւ, որ երբեք չեմ հավանել Հայաստանում կատարված եվրոպական եւ ամերիկյան պիեսների թարգմանությունները: Շատ հազվադեպ է խոսքը եղել կենդանի ու խոսակցական: Իսկ պիեսում դերասանն իրական մարդու պես պիտի խոսի, ոչ թե արտասանի: Ահա ինչ էի ուզում հասնել իմ երկու թարգմանություններով եւ մի քանի պիեսների մշակումներով: Ես սիրում եմ Խաչիկ Դաշտենցի «Խոդեդանը», սիրում եմ նաեւ Շեքսպիրի նրա թարգմանությունները, բայց Սարոյանի «Քարանձավի բնակիչների» նրա թարգմանությունը «խաղարկելի» չէ՝ բնական չի հնչում :

–Դուք Սփյուռքի այն հազվագյուտ արվեստագետներից եք, որը զբաղվում է հայ գրականության քիչ մշակված ճյուղով՝ թատերգությամբ: Այս առումով ռահվիրա էր ամերիկահայ բեմադրիչ Նշան Փարլաքյանը, որը թարգմանաբար հրատարակել է հայ դրամատուրգներին, իսկ 1976-ին Նյու Յորքում միայն ամերիկյան կազմով բեմադրել է Շիրվանզադեի «Պատվի համար»-ը: Ժերար Բաբազյանը եւս մի շարք հայկական պիեսներ եւ օպերաներ է թարգմանել ու բեմադրել անգլերեն եւ ֆրանսերեն: Դուք էլ թարգմանել ու բեմադրել եք առնվազն 15 հայկական պիես: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ կարող է հայ թատերագրությունը հետաքրքրել ոչ հայ լսարանին:

-Ընդհանուր առմամբ՝ լավ պիեսը, եթե ճիշտ է մատուցվում (թարգմանություն, դերասանախաղ, բեմադրություն), կարող է հետաքրքրել թատրոնի սիրահար որեւէ հանդիսատեսի՝ լինի նա թեթեւ ժամանց փնտրող, թե խորքային փորձառություն ակնկալող: Բայց հարկավոր է, որ բեմադրող խումբն ունենա սկզբնաղբյուրի մշակույթի նկատմամբ բավարար ըմբռնում եւ գնահատական: Երկրորդ՝ որոշ չափով կարեւոր է, թե տվյալ հասարակության (նաեւ մամուլի եւ քննադատների) համար ի՛նչ նորություն է պարունակում բեմադրվող գործը: Իմ բեմադրությունների ընդունելության դեպքում կարող եմ ասել, որ անգլերեն բեմադրված հայկական պիեսներիս ավելի դրական արձագանքեց բրիտանացի, քան ամերիկյան՝ Լոս Անջելեսի հանդիսատեսը: Բայց դա կապված է նաեւ դերասանների հետ՝ բրիտանահայերն ու բրիտանացիներն ավելի լայն փորձ ունեին ոչ ամերիկյան թատրոնում: ԱՄՆ-ի դերասանների մեծ մասն ուղղակի ծանոթ չէ դասական դրամատուրգիային: Դրանք չեն բեմադրվում, հետեւաբար, հանդիսատեսն էլ սովոր չէ տարբեր մշակույթներից եկած պիեսներ դիտել:

–Ձեր թարգմանած «Հայ դրամատուրգներ» ժողովածուն անսովոր է, որտեղ կա թե՛ «Արշակ եւ Շապուհը»՝ Փավստոս Բուզանդի Պատմության դրամատիկ դրվագը, թե՛ Կարինե Խոդիկյանի մերօրյա ստեղծագործությունը: Ինչպե՞ս է ընդունվել գիրքը, եւ ծրագրո՞ւմ եք շարունակել շարքը:

-Բացի մի քանի հաճոյախոսությունից եւ շնորհավորանքից՝ ոչ մի լուրջ արձագանք չեմ ստացել գրքի մասին: Նույնն էլ՝ Կարինե Խոդիկյանի անգլերեն պիեսների հատորի վերաբերյալ: Դրանց մասին ոչ մի ամերիկահայ պարբերական քննադատությամբ հանդես չի եկել, ոչ մի հայ թատերական գործիչ հետս չի խոսել: Դա կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ այստեղ թատրոն չունենք: Բայց երեւի, առհասարակ հայ գրքի մասին հանրային քննարկում չկա:
Ցանկանում եմ հրատարակել առնվազն եւս երեք հատոր: Երկրորդ հատորը՝ «Հայ դրամատուրգներ II. Անկախ Հայաստանի առաջին տարիների պիեսները», գրեթե պատրաստ է: Հիմնական պատճառը, որ չեմ հրատարակում, պիեսների թեմաների «մթությունն» է: Շրջափակման տարիներն էին: Փորձել եմ գոնե մի կատակերգություն գտնել՝ գիրքը մի փոքր ուրախ դարձնելու համար, բայց ապարդյուն: Այդուհանդերձ, կհրատարակեմ այն, նաեւ մեկ այլ հատոր՝ մի քանի ուրիշ պիեսներով: Չորրորդը, հնարավոր է, լինեն հայ դասականները: Հատկապես կցանկանայի հրատարակել Գաբրիել Սունդուկյանից առնվազն երկու պիես (ո՛չ «Պեպոն»): Նա գրել է թիֆլիսահայ բարբառով, եւ իր պիեսները կառուցվածքով երբեմն ծավալուն են, այնպես որ դրանք պետք է հարմարեցում լինեն, ոչ թե բառացի թարգմանություն: Բայց նա հիանալի է,  գրել է Իբսենի պես: Մյուսը կլինի Լեւոն Շանթը: Միգուցե նաեւ փորձեմ Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը», թեեւ այն չափածո է, եւ ես գուցե բավականաչափ լավ չլինեմ պոեզիա թարգմանելու մեջ:

Ես պիեսներ եւ այլ գրական գործեր եմ մշակել՝ դարձնելով բեմադրելի: Կարելի է ասել՝ միայն մեկ պիես եմ գրել՝ «Քաջ Նազար կրտսերը», բայց դա էլ բաղկացած է բազմաթիվ աղբյուրներից եւ ազդեցություններից՝ «Համլետ», «Քաջ Նազար», Բեռնարդ Շոու եւ այլն…

–Դուք նաեւ խաղացել եք 19 ֆիլմում: Հաճելի անակնկալ էր ձեզ տեսնել Քոեն եղբայրների «Ողջո՜ւյն քեզ, Կեսա՛ր» ֆիլմում՝ ուղղափառների հոգեւոր առաջնորդի դերում: Ի՞նչ տպավորություն թողեց նման հայտնի ռեժիսորների հետ աշխատելը:

-Գրեթե ոչինչ: Նրանք համարյա չխոսեցին ինձ կամ մյուս երեք «հոգեւոր» դեմքերի հետ, որոնք ինձ հետ նույն տեսարանում էին: Երկրորդ լսման ժամանակ փոքր եղբայրը ներկայացավ ու ողջունեց, իսկ մեծը ոչինչ չասաց (բայց ես նրան մի քանի անգամ ծիծաղեցրի իմ խաղով): Նկարահանման օրը ոչ մի ցուցում չտվեցին: Ընդհանրապես, գրեթե բոլոր ֆիլմերում ու հեռուստածրագրերում, որտեղ խաղացել եմ, ցուցումներ չեն տվել, միգուցե՝ մեկ-երկու բառ (իհարկե, չեմ ունեցել մեծ դերեր): Գնում ես նկարահանման վայրը, քեզ դիմահարդարում են, սպասում ես, հետո գնում ես նկարահանման հրապարակ, նկարահանում են, վերադառնում ես՝ մինչ տեսախցիկը նորից տեղադրեն, հետո նորից խաղում ես մեկ այլ անկյունից: Այսքան բան: Ահա թե ինչու թատերական աշխատանքն ինձ անհամեմատ ավելի բավականություն է պատճառում: Ուսումնասիրում ես, փնտրում ես գաղափարներ, տարբեր մոտեցումներ…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Արամազդ Ստեփանյան, «Պաղտասար աղբար»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը ինչպես կարձագանքի Ադրբեջանի JF-17-երի ձեռք բերմանը

Հաջորդ գրառումը

Օրվա անվտանգային թեմայի փոխարեն՝ հեռահար նախընտրական քարոզչություն…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Օրվա անվտանգային թեմայի փոխարեն՝ հեռահար նախընտրական քարոզչություն...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանը տոնում է 2807-ամյակը. Երևանի քաղաքապետարան

12/10/2025

Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ մայրաքաղաքի 2807 ամյակի տոնական ծրագիրը մեկնարկել է դեռ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում...

ԿարդալDetails

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025

Անձը կհաշվառվի իր մշտական բնակության վայրի հասցեում՝ անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության առկայությունից․ ՆԳՆ-ի նոր նախագիծը

12/10/2025

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

11/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական