«Սպասում» էր խորագրել «Փյունիկ» արվեստի կենտրոնում վերջերս բացված իր անհատական ցուցահանդեսը երիտասարդ նկարչուհի Անուշ Հարությունյանը: Անուշի առաջին ծանրակշիռ ցուցադրությունը Երեւանի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին էր, երբ Եղիշե Չարենցի տուն – թանգարանից առաջարկ ստացավ ներկայանալու իր արվեստով: Մինչ այդ կրթվել էր Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի քոլեջի դեկորատիվ – կիրառական արվեստի բաժնում, որտեղ հիմնավոր դասեր էր առել Աննա Հովհաննիսյանից եւ Հասմիկ Ղազարյանից: Գոբելենի հյուսքի միջոցով բարձր արվեստ ներկայացնելու վարպետությունը հաղորդել էր Հ. Ղազարյանը, գույնի գաղտնիքը յուրովի բացահայտելու ճանապարհն էր ցույց տվել Ա. Հովհաննիսյանը, եւ մեր զրույցում Անուշն առանձնակի սիրով ու երախտագիտությամբ էր տալիս իր ուսուցիչների անունները՝ անպայման հավելելով իր՝ որպես նկարչի կայացման հարցում գեղանկարիչ Էդիկ Վարդանյանի ավանդը: Երեւանի գեղարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին Անուշը հենց նրանից էր գլխավոր դասերն առել եւ իր դասախոսի մահից ընդամենը շաբաթենր անց առանձին զգացմունքով էր հիշում նրա խոսքը. «Հետո պատվով պետք է ասեք, թե ու՛մ կուրսից եք եղել»: Հիմա, իրոք, հպարտությամբ էր խոսքւմ իր վարպետից, եւ իր աշխատանքներում եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի երեւում էր Էդիկ Վարդանյանի «դպրոցի» ազդեցությունը: Չմանրամասնված, խոշոր վրձնահարվածներով, գունային վառ արտահայտությամբ կտավներն իսկույն առանձնանում էին մի քանի տասնյակ գործերի շարքում, դրանց թվում՝ թարմ յասամանափունջը, հայոց վանքի ընդհանրացված պատկերը՝ գոբելենի հյուսքին՝առաջին պլանում խոշոր փշածաղիկներով, այլ վանքանկարներ, բնանկարներ:
Սիրով եւ աղոթքով արված գործեր տեսա այս ցուցահանդեսում, հասկացա, որ նկարչուհին համառ է, նպատակասլաց եւ ի զորու է անելու ավելին իր աշխատասիրության եւ փնտրումի շնորհիվ: ԷդիկՎարդանյանի «դպրոցի» արժանավոր շարունակողը կլինի՝ իր գունազգացողությամբ, գունաընկալմամբ եւ երանգների վառ ընտրությամբ մեծամասամբ իր հայացքը հաղորդելու կարողությամբ: Անուշի տարբեր նյութերով արված գեղանկարչական աշխատանքների՝ ծաղկանկարների, վանքանկարների, նատյուրմորտների, ջրաներկ թերթերի, գրչագծագրումների կողքին ցուցադրված էին իրո՛ք վարպետությամբ հյուսված, ճաշակով, միեւնույն ժամանակ ընդգծված գաղափարայնությամբ, միտք եւ ուղերձներ կրող գոբելեն աշխատանքներն ու բատիկ տեխնիկայով ստեղծված կտավները:
Մտերմիկ զրույցների պես էին իր տատի գյուղական հին տան եւ բակի պատկերները, իր հաճախակի այցերի արդյունքում են ծնվել Աշտարակի վանքերի, Սաղմոսավանքի եւ այլ սրբավայրերի գեղանկարչական արձանագրումները: Պատմում էր Խոր Վիրապ իր այցի մասին. դիմահար քամին խանգարում էր նկարել, հոգնած իր ջանքից՝ շրջվել էր դեպ Արարատ եւ տեսել լույսից ծագող գագաթները, հենց այդպիսին էլ նկարել էր Բիբլիականը: Հեշտ ճանապարհներ չի փնտրել. պատանեկան տարիներից գերադասել է անսպասելիորեն հայտնաբերված, դժվարամատչելի վայրեր՝ բարձունքներ եւ ձորեր՝ իր ուզած հեռապատկերն ընտրելու եւ կտավին հանձնելու համար: Վանքերը պատկերելիս՝ մի հարց է շարունակ կրծել միտքը՝ ո՞նց պահպանել դրանք, ի՞նչ ուղիներ գտնել՝ խոնարհված եկեղեցիները վերականգնելու համար: Նկարչուհու մեկնաբանմամբ, իր գործերը նաեւ գեղանկարչության լեզվով օգնություն հայցող կանչ են, ահազանգ, եւ եթե ծավալուն գոբելենին եկեղեցու պատկերը շուրջառել է փշածաղիկներով, ապա դա մեր անցած Գողգոթան է, բայց վառ գույները սգո նշան չեն, այլ մաքառման արդյունքում՝ մեծ ակնկալիք:
Անուշ Հարությունյանն ինքն էլ դյուրին ճանապարհ չի անցել արվեստի աշխարհում. մի քանի տարի ընդմիջումից եւ նկարչությունից հեռանալուց հետո կամք եւ ուժ է գտել ուսումը շարունակելու, բարձրագույն կրթություն ստանալու համար կարողությունները թարմացնելու եւ սեփական անձին ապացուցելու համար, որ կարող է, պարտավոր է Աստծո տված շնորհն ի գործ դնելու: Հիմա գոհացած է, որ առանց ընդմիջելու ստեղծագործում է, թեեւ միաժամանակ զբաղված է ուսուցչական գործով. դասավանդում է տարբեր տարիքի պատանիներին եւ աղջիկներին Ղ. Սարյանի անվ.արվեստի դպրոցում:
Մանկավարժությունը կոչում է. պետք է նվիրվես մինչեւ վերջ».- ականջներում է իր վարպետի՝ Էդիկ Վարդանյանի հորդորը, եւ այդ սկզբունքով է առաջնորդվում ինքը՝ դպրոց մուտք գործելիս: Իրեն աշակերտածներից ոմանք այժմ մասնագիտական ուսումնական հաստատությունների սաներ են, եւ դա լավագույն գնահատականն է իր ջանքին: Բայց, սրանով հանդերձ, ունի սպասում, ինչի մասին ակնարկել է իր ցուցահանդեսի խորագրով: Դա կանացի, նեղ անձնական բնույթի երջանկության սպասման մասին չէ: Դա, իր ձեւակերպմամբ, «ամեն անգամ վրձին վերցնելիս Աստծուց նոր շնորհ ստանալու» ակնկալիքի մասին է:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ