Category: 26 Հուլիսի, 2019

  • ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    ԲԱՑ ՆԱՄԱԿ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

    20:28, 22 հլս 2019

    Գերագույն արժեքը Մարդն է, իր ազատ տեղաշարժի, ուսումնառության իրավունքով: Հուսադրող էին տարբեր բարձրաստիճան այրերի խոսքն ուսման շարունակականության, գիտության զարգացման ու մասնագետների ներգրավման մասին:

    Անսալով ՀՀ վարչապետի կոչին, որդիս, առժամանակ ընդհատելով ուսումը, վերադարձել է Հայաստանՙ ՀՀ ԶՈւ ծառայելու: Հիմա էլ համարվում է Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտի (МФТИ)  ասպիրանտուրայի 1-ին կուրսի ուսանող: (2018թ. ամռանն, ավարտելով ՄՖՏԻ-ի մագիստրատուրան, ուսման շարունակականությունը չընդհատելով, ընդհանրական կարգով ընդունվել է նույն հաստատության ասպիրանտուրայի անվճար բաժին):

    ՊՆ տեխնոլոգիական (գիտական) վաշտում ընդգրկվելու Պն-ի հայտարարած մրցույթի 1-ին փուլում, ցավոք, չի հավաքել բավարար միավորներ: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով (օրինակՙ 8 տարի ՌԴ-ում ռուսերենով ուսուցմամբ եւ թեստերի միայն հայալեզու լինելով, …): Կարծում եմ այս անհաջող արդյունքը չի կարող ստվերել իր անցած ուսումնական ուղին եւ կարողությունները: Հավելեմ նաեւ, որ Շանթը եւ մի քանի ուսանողներ, 2011թվին ուղեգրվել են ՀՀ ԿԳՆ-ի կողմից ուսումնառության, սակայն 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն թվի որոշման արդյունքում, հայտնվել են անհավասար ու հանիրավի անօրեն վիճակում (այս խնդրին քաջատեղյակ են համապատասխան պետական մարմինները), այլապես որդիս կունանար տարկետման իրավունք եւ հնարավորություն ուսումն ավարտին հասցնել:

    Ինձ բնավ հաճելի չի փաստել, որ որդիս ունի առողջական ոչ կրիտիկական խնդիրներ (ողնաշարի, սրտի, հարթաթաթության, …), որոնք հայտնաբերվել են Զինկոմիսարիատի կողմից դեռ 2010 եւ 2015 թվականներին: Հիմա հասակը գերազանցում է 170 սմ-ը, իսկ քաշը 45-47 կգ է (որը զարմանալիորեն համարվում է նորմալ):

    Պետական բարձրաստիճան այրերը կարեւորում են երկրում գիտության եւ մտավոր ներուժի գրավմանը, խթանմանը: Ուսումնառելով ֆիզիկայի բնագավառում աշխարհի  լավագույն ԲՈւՀ-երից մեկում (8 Նոբելյան մրցանակակրի հիմնական աշխատավայր, եւս 2 Նոբելյան մրցանակակրի alma-mater (մայր բուհ), Ֆիզտեխի 3 շրջանավարտ դարձել են տիեզերագնաց) եւ նկատի առնելով վերը նշված առողջական հանգամանքները, կրկին խնդրում եմ հնարավորություն ընձեռել որդուս իր ծառայությունն առավել արդյունավետ անցկացնել ՊՆ այնպիսի օղակում, որտեղ առավելագույնս կօգտագործվի իր ներուժը: 

    Դեմ եմ ցանկացած օրինազանցության: Սակայն մի՞թե օրենքի տառին հետեւելով, չդիտարկելով տարբեր դեպքեր, այդկերպ չենք անտեսում երիտասարդ Մարդու ճակատագիրը: Մի՞թե ճկուն, բազմակողմանի համալիր մոտեցմամբ ավելի մարդասիրական ու արդյունավետ չենք օգտագործի մարդու հնարավորությունները: Հաճախ փաստարկում ենՙ նախադեպ չի եղել: Բայց չէ՞ որ նախադեպերից են ծնվում նոր ուղիներ… Երիտասարդներ, որոնց համար Հայրենիք գաղափարն առաջնային է եղել (հրաժարվել են այլ երկրում առաջարկված քաղաքացիությունից), հիմա սեփական Հայրենիքում զգում են իրենց գիտելիքներն անպետք: Քանիցս իմ հարցադրմանը, պատասխանել ենՙ գիտելիքները կկիրառվեն զորամասում…

    Երիտասարդ մի քանի ուսանողների վերադարձին առնչվող, ամիսներ առաջ հղած նամակներից շատերին անգամ պատասխան չի եղել: Պարզապես, վհատեցնող է:

    Որդուս զորակոչի հետ կապված դիմել եմ ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին, ՀՀ ՊՆ նախարարին, ՊՆ ԶՈւ ԳՇ, ԿԳՆ, ԱԺ հանձնաժողովներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին, ՊՆ-ին կից հանրային խորհուրդ, ՀՀ նախագահին, ՀՀ կառավարություն:

    Երբեւէ չէի նախընտրի հանրայնացնել այն կարգի խնդիր, որը ներառում է նաեւ անձնական տարրեր: Հստակեցնեմՙ իմ որոշումն է որպես ծնող եւ երիտասարդն անհաշտ է հրապարակայնացմանը: Իմ որդին դասալիք չի եւ վերադարձել է Հայրենիք իր մտավոր կարողությունները ԶՈւ-ում կիրառելու: Ինձ տեսանելի վերջին քայլն է, որ հուսամ կվերադարձնի հավատն առ Հայրենիքի հոգածություն իր զավակների, նրանց գիտելիքների կարեւորության հանդեպ, կխթանի նրանց վերադարձը:

    Համին Գրիգորյան
    hetq.am, https://hetq.am/hy/article/105835

  • ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԿՈԹԻՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԷԿՈԳՅՈՒՂԵՐԻ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ

    Պետական սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Կոթի գյուղը ժամանակ առ ժամանակ ենթարկվել է հակառակորդի ռմբակոծությանը: Դրանից տուժել են ոչ միայն մասնավոր տներ, այլեւ մշակույթի տունը: Կրակահերթի հետեւանքների լուռ վկան են դարձել նաեւ համայնքապետարանի պատերը: Գյուղի վարչական տարածքի ղեկավարըՙ Ֆելիքս Մելիքյանը, հավաքել ու պահել է տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակված փամփուշտներ եւ արկի բեկորներ: Այդ թվումՙ 2018թ.-ի սեպտեմբերին արձակվածներից, որի ընթացքում վիրավորվել էր համագյուղացիներից մեկը: «Հավաքված փաստերը» չեն թուլացրել գյուղում ապրելու եւ այն շենացնելուՙ կոթեցիների նպատակը: Նրանց անվտանգության ապահովման համար, սակայն, առաջնահերթ խնդիր է հատկապես գիշերային ժամերինՙ փողոցների լուսավորության ապահովումը: Գյուղում այն մասնակի լուծվել է տարբեր կառույցների աջակցությամբ, բայց բավարար չէՙ խնդիրը լուծված համարելու համար:

    «Կոթին հարեւան երկրի հետ մոտ 38 կմ երկարությամբ սահմանագիծ ունի: Կա փողոցային լուսավորության եւ լիարժեք անվտանգության ապահովման խնդիր: Հակառակորդը ցանկության դեպքում կարող է գյուղը թիրախավորել ավելի հարմարՙ ցերեկային լուսավորության ժամերին: Առավել եւս, բնակիչների ավելի ակտիվ շարժի ժամանակահատվածում: Լուսավորված փողոցը ուղերձ է հակառակորդին, որ մենք այստեղ ենք, գյուղը շնչում է, կա: Մյուս կողմից դա կարեւոր է նաեւ անվտանգության տեսանկյունից. սահմանամերձ գյուղերում գիշերային ժամերին, փողոցի մթության մեջ որեւէ շարժ, երբ տեսանելի չէ, կասկածի տեղիք է տալիս: Նման խնդիրը լուծել համայնքի համեստ բյուջեի միջոցներովՙ հնարավոր չէ»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը :

    Կոթին հայտնվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում:

    Կոթիում կկառուցվի արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ: Նախատեսվում է տնտեսական ու բնապահպանական արդյունավետություն ապահովող LED համակարգով լուսավորել գյուղի հյուսիսային թաղամասերից մեկն ամբողջությամբՙ շուրջ 1550 մ երկարությամբ ճանապարհ: ժամանակակից ենթակառուցվածքի զարգացումը կլուծի երեկոյան ժամերին անվտանգ երթեւեկելու եւ քայլելու խնդիրը: Կարեւոր ձեռքբերումներից կլինի նաեւ ֆինանսական ռեսուրսների խնայողությունը. ներդրվող համակարգը համարվում է լուսավորման ամենաէներգախնայող միջոցն աշխարհում:

  • ՆՈՐ ՏՈՒՆՙ ՀԻՄՔԻՑ

    Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում շինարարական ակտիվ աշխատանքներ են սկսվել: Հիմքից կառուցվում է տունՙ տարիներ շարունակ 18 քմ մակերեսով վագոն-տնակում ապրող Հասոյանների ընտանիքի համար: Գործընկեր կառույցներիՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ մայիսից մեկնարկած աշխատանքներն արդեն տեսանելի արդյունք են տվել. տան պատերը կանգուն են, տանիքըՙ կառուցված:

    Երեք ամիս առաջ Հասոյանները հուսալ անգամ չէին կարող, որ ամառը, ամեն տարվա պես, անցնելու է ոչ միայն բերք ու բարիք ստեղծելու, այլեւ իրենց երազանքների տունը կառուցելու հաճելի հոգսերի մեջ: Այսօր արդենՙ շինհրապարակում աշխատող կամավորների շնորհիվ նաեւ, լիահույս են, որ սեղմ ժամկետներում տանտեր են դառնալու: Մեծ թափովՙ մայթերի բետոնացում է կատարվում: Ներքին հարդարման աշխատանքներն էլ նախատեսված է ավարտել աշնանը:

    18 քմ մակերեսով վագոն-տնակը եւ 8 տարվա դժվար հիշողությունները շուտով անցյալում կմնան:

    «Իրականացվող ամեն ծրագիր որոշակի հաշվետվություն է պահանջում: Այն սովորաբար արտահայտվում է թվերով: Օրինակ, ասում ենքՙ տարիների ընթացքում, մեզ հաջողվել է 200 տան կառուցման մասին հայտարարել: Ավելի կարեւոր է, սակայն, այն հաշվետվությունը, որը մենք մեր հոգու խորքում ենք արձանագրում: Երբ ժպտացող աչքեր ենք տեսնում եւ զգում, որ դարձյալ մեկին հաջողվեց կյանքի հունի վերադարձնել ու ոգեւորել: Մարդասիրության եւ պատասխանատվության դրսեւորումն ամենացանկալի հաշվետվությունն են: Ուրախ եւ հպարտ եմՙ տարիների մեր գործընկերության արդյունքի համար»,-ասել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

    Այս տարի բնակարանաշինության ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է շուրջ 109 մլն ՀՀ դրամ: Դրա արդյունքում, բնակարանային աջակցություն է ստանալու 43 ընտանիք:

  • ԲԻԶՆԵՍ-ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸՙ ՆՈՐԱՐԱՐ ՄՏՔԻ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ

    «Հայաստանի պատանեկան նվաճումների» նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործընկերությամբՙ 2019թ. հուլիսի 20-ին Ծաղկաձորում արդեն հինգերորդ անգամ կայացել է «Բիզնես առաջադրանք» ամենամյա մրցույթը: Համատեղ նախաձեռնության նպատակը բիզնեսի եւ կրթության միջեւ երկխոսություն ստեղծելն ու դրանով իսկ ավագ դպրոցում սովորող աշակերտների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների եւ նորարարական մտածելակերպի զարգացումը խթանելն է:

    Հերթական մրցույթին մասնակցել են «Հայաստանի պատանեկան նվաճումների» (ՀՊՆ) ամառային 26-րդ ճամբարի մասնակցիները. ավելի քան 110 աշակերտՙ հանրապետության տարբեր մարզերից: Ծրագիրը ճամբարականներին հնարավորություն է ընձեռում տեսական գիտելիքները կիրառել գործնական միջավայրում, բիզնես տեսանկյունից առաջարկել նորարարական լուծումներ եւ մոտեցումներ:

    Մինչեւ մրցույթի մեկնարկը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները ճամբարականներին նախապես հանձնարարել են կոնկրետ բիզնես-առաջադրանք. ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջում ուսումնասիրել «X» եւ «Y» սակագնային պլանները եւ ներկայացնել, թե ինչպես են պատկերացնում «X» եւ «Y» սակագնային պլանների հետագա զարգացումը: Մրցույթի մասնակիցներն առաջարկել են նաեւ նոր ու հետաքրքիր մտքեր, որոնք հետագայում կարող են կիրառվել նաեւ որպես բիզնես-լուծում:

    Ավագ դպրոցի աշակերտները սահմանված ժամանակահատվածում կոնկրետ լուծումներ են ներկայացրել գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են եղել ՀՊՆ գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

    «Ողջունում եմ բիզնես-առաջադրանք ստացած բոլոր պատանիներին: Ձեր առջեւ դրված է խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ է ունենալ մտքի ճկունություն, վերլուծելու կարողություն, հարցերը բազմակողմանի դիտարկելու ցանկություն եւ մի փոքր էլՙ խիզախություն: Վստահ եմ, որ դուք տիրապետում եք այդ ամենին, քանի որ պատանեկության տարիքին հատուկ են վառ երեւակայությունն ու համարձակությունը: Կրթական այս մոդելը կարեւոր էՙ տարբեր հմտություններ զարգացնելու եւ ստացած գիտելիքները գործնական հարթության մեջ կիրառելու տեսանկյունից: Փորձեք մրցույթից քաղել օգտակարը եւ կատարելագործել ձեր մտքի ճկունությունը», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

    Մրցույթում հաղթող ճանաչված թիմի 12 անդամները ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից պարգեւատրվել են սմարթֆոններով:

  • ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒ «RAKUTEN VIBER»-Ի ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԸՙ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

    ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՈՒ «RAKUTEN VIBER»-Ի ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԸՙ ՍՈՑՑԱՆՑՈՒՄ ՀԱՅԵՐԵՆԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

    ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան էջում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրել է «Rakuten Viber»-ի հետ համատեղ նախագիծՙ ուղղված սոցիալական ցանցերում հայերենով հաղորդակցումը խթանելուն:

    Ֆեյսբուքյան ուղերձում Ռալֆ Յիրիկյանը վերահաստատել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մշտապես կարեւորում է հայերենի կիրառումն առօրյա հաղորդակցության մեջՙ թե՛ կարճ հաղորդագրություններում (SMS), թե՛ սոցիալական ցանցերումՙ հաշվի առնելով այն, որ լեզուն ազգային ինքնության կարեւոր մաս է:

    Մասնավորապեսՙ տարիներ առաջ ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինն է սկսել իր բաժանորդներին ուղարկել հայատառ SMS-ծանուցումներ: Այժմ, երբ սոցիալական ցանցերը գնալով ավելի ու ավելի են զարգանում, հայերեն գրելն այլեւս բավարար չէ: Չէ՞ որ մարդիկ տարբեր հավելվածներում շփվում են ոչ միայն գրելով, այլեւՙ հաճախ պիտակներ (ստիկերներ) ուղարկելով:

    «Սոցիալական ցանցերում ստիկերներն օգտագործվում են զգացմունքներ արտահայտելու կամ տպավորություններ կիսելու համար: Ուշադրություն դարձրե՛ք եւ ինքներդ էլ կհամոզվե՛ք, թե որքան հաճախ եք օգտագործում լատինատառ ստիկերներ. «OK», «OMG», «Oooops», եւ այլն … Դրանք համատարած են եւ հասկանալիՙ աշխարհի ցանկացած կետում: Բայց արդյո՞ք դրանք արտահայտում են մեր ազգային առանձնահատկությունները, արդյո՞ք դրանք արտահայտում են հայախոս մարդու հարուստ ներաշխարհը, հային բնորոշՙ զգացմունքների ու հարաբերությունների ամբողջ ջերմությունը, մեր հայրենիքի գույներն ու երանգները: Որքա՜ն լավ կլիներ, եթե դրանք լինեին հայերեն», – նշել է Յիրիկյանը:

    Բաց աղբյուրների համաձայնՙ Հայաստանում ամենաօգտագործվող հավելվածը «Viber»-ն է: Այս հանգամանքը հաշվի առնելով, որպես սոցիալական հարթակներում ազգայինը խրախուսող ընկերությունՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Viber»-ի հետ համատեղ իրականացրել է եւս մեկ կարեւոր քայլՙ համացանցում մարդկանց շփումը հայերեն դարձնելու ուղղությամբ:

    «Այսօրՙ «Viber»-ի հետ միասին գործարկում ենք հայկական ստիկերներ: Ինչու՞ չասել «Բարեւ»ՙ «Hello»-ի փոխարեն, ինչու՞ չլինի հայկական կերպար, ինչու՞ «Good night», այլ ոչ թեՙ գեղեցիկ «Բարի գիշեր», ինչու՞ սերը չխոստովանել հայերենով…»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենն իր ուղերձում:

    Սոցիալական ցանցերի օգտատերերին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Viber-ը մաղթում են ուրախ եւ հաճելի ամառային շփումներՙ հորդորելով երեք ամիս անվճար ներբեռնե՛լ ու օգտագործե՛լ հայեցի պիտակներ (ստիկերներ) ու վայելել հայերենը «Viber» հավելվածում:

  • ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

    ԻՆՉՈ՞Ւ Է ՊԵՆՏԱԳՈՆԸ ՀԱՎԵԼՅԱԼ ԶՈՐՔ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

    ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

    Նավագնացության անվտանգության խնդիրներ

    Պենտագոնը հավանություն է տվել Սաուդյան Արաբիա հավելյալ զինծառայողներ եւ անհրաժեշտ տեխնիկա ուղարկելու ծրագրին: Համապատասխան կարգադրությունը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռիչարդ Սպենսերը : ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հաղորդագրության մեջ նշվում է, որ հավելյալ զինծառայողները եւ համապատասխան տեխնիկական միջոցները Սաուդյան Արաբիա կուղարկվեն այդ երկրի պաշտպանության նախարարի թույլտվությամբ: Պենտագոնում մանրամասնել են, որ նման որոշումը կդառնա հավելյալ զսպիչ գործոն եւ տարածաշրջանում կապահովի երկու երկրների ուժերի ու շահերի պաշտպանությունը:

    2003 թվականին ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայից գրեթե ամբողջությամբ դուրս էր բերել իր 10 հազարանոց զորքը, որն այնտեղ էր գտնվում Պարսից ծոցի պատերազմի ժամանակներից: 2003 թվականից հետո Սաուդյան Արաբիայում մնացել էին միայն ամերիկացի զինվորական հրահանգիչներ:

    Մայիսի վերջերին Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ լրացուցիչ կարգով Մերձավոր Արեւելք կուղարկվի մոտ 1500 ամերիկացի զինծառայող: Նշվում էր, որ դա անհրաժեշտ է իրանական ապառնալիքից պաշտպանվելու համար: Ապա հունիսին Պենտագոնը հայտարարեց, որ Մերձավոր Արեւելք կուղարկվի 1000 զինծառայող: Համապատասխան կարգադրությունը ստորագրել էր ԱՄՆ պաշտպանության նախարարի այն ժամանակվա պաշտոնակատար Պատրիկ Շանահանը:

    Ի հավելումն ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության պարտականությունների, լրացուցիչ զորաբաժինը պետք է ապահովի անվտանգ նավագնացությունը Մերձավոր Արեւելքում: Կենտրոնական հրամանատարությունը մշակում է միջազգային ծովային գործողություն, որպեսզի տարածաշրջանում նավագնացության անվտանգություն ապահովի Պարսից ծոցի վերջին իրադարձություններից հետո: Հաղորդագրության մեջ մասնավորապես խոսվում է Օրմուզի եւ Բաբ-էլ-Մանդեբ նեղուցներում, ինչպես նաեւ Ադենի եւ Արաբական ծոցերում անվտանգության ապահովման մասին:

    Անցյալ շաբաթավերջին Իրանը Օրմուզի նեղուցում կալանեց բրիտանական Stena Impero նավթատար նավըՙ հայտարարելով, որ վերջինս խախտել է միջազգային նավագնացության կանոնները: ԱՄՆ-ը դա համարեց Իրանի կողմից բռնության ուժեղացում եւ հայտարարեց, որ կշարունմակի Իրանին հակազդելու աշխՓատանքը:

  • ՍԻՐԻԱՅԻ ՀՅՈՒՍԻՍ-ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԳՈՒԱՆՏԱՆԱՄՈՅԻ ՆՄԱՆԱԿԸ

    ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

    Արմատականների նոր սերնդի գոյացման վտանգ

    Ալ-Հոլ ճամբարում ահավոր ծանր պայմաններում ապրում են ջիհադիստների 80 հազար կանայք ու երեխաներ: Որոշ երկրներ, այդ թվում Ռուսաստանը, ճամբարականներին վերադարձնում են հայրենիք, մինչդեռ Արեւմուտքի պետությունները հակադրվում են դրան, գրում է ֆրանսիական Liberation օրաթերթի լրագրող Լյուկ Մատյեն :

    Ճամբարի բնակիչների մեծ մասըՙ մոտ 70 հազարը, սիրիացիներ են եւ իրաքցիներ: Նրանք ապրում են գլխավոր ճամբարում, եւ քրդական իշխանությունները նրանց համարում են սիրիացիներ: Ուրիշները, որոնք համարվում են օտարերկրացիներ, ապրում են կցակառույցում, որը շրջապատված է մաշված ցանցաճաղերով: Այդ բացօթյա եւ վատ պահպանվող բանտում պահվում են շուրջ 11 հազար կին եւ երեխա, այդ թվում մինչեւ 12 տարեկան 7 հազար անչափահաս: Գրեթե ամեն շաբաթ երեխաներ են ծնվում:

    Ալ-Հոլ ճամբարում երբեւիցե նախատեսված չի եղել այդքան մարդ բնակեցնել: 2018 թվականի վերջերին ճամբարականների թիվը ընդամենը 10 հազար էր. մնացյալները այնտեղ հայտնվեցին, երբ ջիհադիստները նահանջում էին իրենց զավթած տարածքներից, ընդհուպ վերջին հենակետիՙ Ալ-Բագհուզի կորուստը: Այստեղ ներկայացված է շուրջ 50 ազգություն: Առանց այդ էլ ծանր կենսապայմանները անտանելի դարձան մինչեւ 50 աստիճանի հասնող ամառային տապի հետեւանքով, նշում է հոդվածագիրը: Ճամբարի աշխատակցուհիներից մեկի խոսքերով, մարդկանց վիճակը պարզապես ողբալի է:

    Հիվանդությունները, թերասնումը, վրաններում առանց բուժօգնության տեղի ունեցող ծնունդները, չմշակված վերքերը լրացնում են մեկը մյուսին: Մաքուր ջրի պակասը շատ զգալի է: Միեւնույն ժամանակ վատթարանում են անվտանգության պայմանները. ճամբարում առավել արմատական հայացքների տեր մարդիկ հարձակումներ են գործում նրանց վրա, ում իրենք համարում են անհավատներ:

    Ճամբարը դարձել է «Իսլամական պետության» արդարացիությանը հավատացող անձանց յուրատեսակ հավաքատեղի: «Իսլամական պետությունը» հավանաբար թիրախ կդարձնի այդ ճամբարներն ու բանտերը, որպեսզի ապագայում վերստին թափանցի Սիրիա եւ Իրաք, նշվում է ամերիկյան «Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտ» հետազոտական կենտրոնի հաղորդագրության մեջ:

    Ալ-Հոլի վիճակը լրջորեն մտահոգում է դիվանագետներին եւ մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Միջազգային կազմակերպություններից մեկի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերով, Սիրիայի հյուսիս-արեւելքում ստեղծվել է Գուանտանամոյի նման մի բանՙ այն տարբերությամբ, որ Գուանտանամոյի բանտում կալանավորների թիվը 1500-ից չէր անցնում: Եթե մենք չլուծենք այդ խնդիրը, ապա Սիրիայում կբախվենք ջիհադիստների նոր սերնդի ձեւավորմանը: Տասնամյակներ շարունակ մենք ականատես ենք եղել, թե ինչպես նոր սերունդը նախորդներից ավելի արմատական է դառնում:

    Տարբեր պետություններ տարբեր մոտեցումներ են հանդես բերում այս աղետալի վիճակի նկատմամբ: Ռուսաստանը, ինչպես նաեւ Ուզբեկստանը, Ղազախստանը եւ Կոսովոն ճամբարական կանանց եւ երեխաներին զանգվածաբար վերադարձնում են հայրենիք: Այդ երկրները ավելի շուտ բացառություն են, քանի որ Արեւմուտքի պետությունները հրաժարվում են նույն կերպ վարվել: Օրինակ, Փարիզը հայրենադարձություն իրականացնում է միայն որոշակի դեպքերում: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է գրոհայիններին եւ նրանց ընտանիքները ուղարկել Դամասկոս, որտեղից նրանց կհասցնեն Լիբանան եւ իրենց երկրներ: Իրենց արմատական քաղաքացիների համար նման ուղի են ընտրել Բելգիան, Ավստրալիան եւ Դանիան: Ֆրանսիան, ինչպես նաեւ եվրոպական շատ այլ երկրներ, հրաժարվում է դրանից, նշվում է թերթում:

  • Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԼՑԱՆԱՎԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԼՑԱՆԱՎԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

    Եվրոպա-Իրան կապը թուլացնելու ձգտում

    Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հույս ունի Մեծ Բրիտանիան ներքաշել Թեհրանի հետ հակամարտության մեջ: «Մի մոլորվեք. այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնին չհաջողվեց Թրամփին ներքաշել հարյուրամյակի պատերազմի մեջ, նա, վախենալով իր «Բ խմբի» (Բենիամին Նաթանյահու, Բոլթոն, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի թագաժառանգ իշխաններ) տրոհումից, իր թույնն օգտագործում է Մեծ Բրիտանիայի դեմՙ հույս ունենալով նրան ներքաշել Իրանի հետ ճգնաժամի մեջ: Միայն հեռատեսությունն ու ողջախոհությունը թույլ կտան խուսափել դրանից», գրել է Զարիֆը իր թվիթթերյան էջում:

    Իրոք, ո՞վ կարող է խելամտորեն բացատրել, թե ինչո՞ւ բրիտանացիները Ջիբրալթարի մոտ կալանեցին իրանական Grace լցանավը, իսկ հետո իրանցիները Օրմուզի նեղուցում նույն կերպ վարվեցին բրիտանական Stena Bulk լցանավի հետ: Տվյալ իրավիճակը մեկնաբանելովՙ բրիտանական The Independent թերթը գրում է, որ կա՛մ Լոնդոնը, կա՛մ էլ Թեհրանը ռազմավարական սխալ է թույլ տվել, երբ սրել է իրադրությունը: Ամենայն հավանականությամբ դա Լոնդոնի սխալն է, որը փորձել է պահպանել Իրանի հետ կնքված միջուկային բազմակողմ համաձայնագիրը: Հիմա, ինչպես ենթադրում է թերթը, Լոնդոնը ստիպված կլինի հետեւել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, եւ այդ շղթան կարող է առաջացնել Ֆրանսիայի եւ Գերմանիայի համապատասխան արձագանքը, որոնք կարող են Իրանի գործողությունները բնութագրել որպես էներգակիրների համընդհանուր մատակարարումներին սպառնացող վտանգ: Թեհրանն ունե՞ր արդյոք գործողությունների այլընտրական ծրագիր:

    Երեւի ուներ, բայց նա կարծում էր, որ հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական հուն տեղափոխելը ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում թերեւս կարող է գնահատվել որպես թուլության նշան, ինչը անցանկալի կլիներ: Միեւնույն ժամանակ, ինչպես կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , սկսված լցանավային պատերազմը միջուկային նոր համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի անդրկուլիսյան բանակցությունների դրսեւորումն է: Վաշինգտոնը փորձում է փլուզել միջուկային համաձայնագիրը ստորագրած եվրոպական պետությունների ճամբարը, Թեհրանին զրկել եվրոպական ուղղությամբ գործելու հնարավորությունից եւ մեն-մենակ մնալ նրա հետ: Պատահական չէ, որ լցանավային պատերազմը ծագեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի այն փորձերի նախօրեին, որոնց նպատակն էր Ռուսաստանի, Եվրոմիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ: Սակայն բրիտանական լցանավի կալանումը խոչընդոտ դարձավ դիվանագիտության համար:

    Մեկ ուրիշ տարբերակ է Թեհրանին դեպի Ռուսաստան եւ Թուրքիա մղելը, մինչդեռ Թեհրանում որոշակի շրջանակներ ճգնաժամի հաղթահարման այլ ուղիներ են տեսնում: Պատահական չէ, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է գալիս արտաքուստ չպատճառաբանված այնպիսի հայտարարություններով, որոնց համաձայն ինքը չի ձգտում Թեհրանի վարչակարգի փոփոխմանը եւ փորձում է գտնել դիվանագիտական լուծումներ:Ավելին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին վկայակոչելովՙ Deutsche Welle-ն օրերս հաղորդեց, որ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել բանակցելու բալիստիկ հրթիռների շուրջ: Հարց է ծագում. Թեհրանից ո՞վ է նման ուղերձներ հղում ԱՄՆ-ին եւ առհասարակ հղո՞ւմ է արդյոք: Գոյություն ունի Իրանի պաշտոնական հայտարարություն, ըստ որի ինքը պատրաստ է սկսել բանակցություններ, միայն թեՙ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների վերացման դեպքում:

    Մի խոսքով, այն տպավորությունն է ստեղծվում, թե Իրանի հետ կապված ճգնաժամը քողարկում է ինչ-որ անդրկուլիսյան դիվանագիտություն: ԱՄՆ-ը չի թաքցնում, որ դրա համար ինքն ունի համապատասխան միջոցներ: Համենայն դեպս, այդ մասին ասվում է գրեթե հրապարակայնորեն, ինչը կարելի է գնահատել որպես Իրանի վրա քաղաքական-դիվանագիտական ներգործության միջոց: Այժմ հընթացս խոսվում է Մերձավոր Արեւելքում նավագնացության անվտանգության ապահովման նպատակով ԱՄՆ-ի Sentinel գործողության ձեռնարկման մասին, որին պետք է մասնակից դառնան տարածաշրջանային պետությունները: Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է դանիական Berlingske հրատարակությունը, իրավիճակը մնում է փակուղային, թեեւ Իրանն ու ԱՄՆ-ը հայտարարում են, որ իրենք պատերազմ չեն ուզում, այլ ընդհակառակը, ձգտում են լուծում գտնել բանակցությունների միջոցով:

  • ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-1

    ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-1

    ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պրոֆեսոր

    Անշուշտ գիտեի, որ Չինաստանը եղել է հնագույն քաղաքակրթության օրրաններից մեկը եւ թղթի, վառոդի, կողմնացույցի եւ այլ դարակազմիկ հայտնագործությունների հայրենիքը: Եվ երբ խոսք էր լինում Չինաստանի մասին, սովորաբար շեշտում էինք այդ գյուտերի հանգամանքը: Սակայն ավելի ուշ տարբեր աղբյուրներից տեղեկանալով հետպատերազմյան եւ նույնիսկ 1960-70-ական թվականների Չինաստանի ընդհանուր վիճակի մասին, այդ հայտնագործությունները համարում էինք ընդամենը շատ հին ժամանակների արդյունք, իսկ երբեմն էլ նույնիսկ կասկած էինք հայտնում դրանց իրական ծագումնաբանության վերաբերյալ:

    Վերջին 20-25 տարիների ընթացքում Չինաստանի ու չինականի հետ օրեցօր ավելացող շփումներին զուգընթաց նրանց արտադրանքի մասին ծնվեց նաեւ «քանակով շատ, էժան, որակով ոչ այնքան բարձր» կարծիքը: Սակայն ժամանակի ընթացքում, ընդ որում շատ արագ, տարբեր երկրներից ծանոթ-բարեկամների ուղարկած կամ բերած նվերների ճնշող մեծամասնությունը չինական արտադրության էին, ոչ շատ թանկ, իսկ որակն արդեն գրեթե չէր զիջում հայտնի բրենդներին: Աստիճանաբար մեզ համար սկսում էր ուրվագծվել մեկ այլ` որակյալ ապրանքներ արտադրող Չինաստանի կերպարը: Իսկ վերջին տարիներին էլ հաճախ ականջալուր էինք լինում զարգացած երկրների, մասնավորապես` ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ օրեցօր աճող մրցակցության ու տնտեսական հակասությունների փաստերին:

    Այդ ամենին զուգընթաց, որպես աշխարհի քաղաքական կյանքով հետաքրքրվող ու դրա մասին գրող անձ, գիտեի նաեւ, որ Չինաստանը շարունակում է ղեկավարել ՉԿԿ-ն` Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: Անկեղծ ասած, խորհրդային համակարգի վերջին երեք տասնամյակում ապրած անձնավորության համար դժվարընկալելի էին կոմկուսի ղեկավարությամբ չինական հաջողությունները հատկապես տնտեսության բնագավառում: Խորհրդային միության կոմունիստական կուսակցության այլասերումն ու գաղափարախոսության ու գործունեության միջեւ առաջացած ահռելի տարբերությունները տեսած ու այդ պայմաններում ապրած մարդու համար մի տեսակ անհավատալի էին թվում, որ դրանց ակունքում իսկապես կարող է կանգնած լինել Կոմկուսը: Պատմաբանիս մասնագիտական ամբողջ զինանոցը գործի դնելով եւ մեծ թվով աղբյուրներ ուսումնասիրելով ինքս ինձ համար փորձում էի լուծել այդ հանելուկը:

    ***

    Հավանաբար նախախնամություն ասվածն իսկապես գոյություն ունի: Սովորական աշխատանքային օրվա վերջում «Ազգի» հիմնադիր եւ անփոփոխ խմբագիր Հակոբ Ավետիքյանն իր մոտ հրավիրեց ու առաջարկեց մասնակցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանատան կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար պատմական Մետաքսի ճանապարհի հենքի վրա 2013 թ. նախագահ Սի Ցզինինի նախաձեռնած «Մեկ գոտի մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում կազմակերպված ճանաչողական այցին:

    Նախապատրաստական որոշ աշխատանքներից, դեսպանատանը մուտքի արտոնագիր ստանալուց հետո (դեռեւս գործում է վիզային ռեժիմը մեր երկու երկրների միջեւ, հակառակ ստորագրված համաձայնագրի) մեզ ընդունեց դեսպանի խորհրդական Ժոու Հոնգյունը : Հանգիստ, հանդարտ ու բարեհամբույր տոնով ներկայացնելով վերջին տարիներին իրենց երկրի հսկայաքայլ առաջընթացը եւ բոլոր բնագավառներում արձանագրած հաջողությունները, նա հույս հայտնեց, որ երբեք չեն բավարարվի ձեռքբերածով եւ հետագայում եւս առաջընթաց ապահովելու համար կանեն ամեն ինչ: Այնուհետեւ նշելով ճանապարհորդության հոգնեցուցիչ լինելու հանգամանքը, անթաքույց վստահությամբ հույս հայտնեց, որ հարուստ տպավորությունները կչեզոքացնեն այն: Հարգարժան խորհրդականը չէր սխալվում:

    Տպավորություններն իսկապես մեծ են ու շատ, որոնք սիրով մի քանի հոդվածով կկիսեմ «Ազգի» ընթերցողների հետ:

    Մեզ տրված ծրագրերով նախատեսվում էր, որ հնարավորություն կունենանք այցելելու Չինաստանի աշխարհահռչակ մի քանի վայրեր, այդ թվում` Գուգուն կայսերական պալատ, Չինական մեծ պատ, BYD (ԲիԱյԴի) ավտոգործարան եւ այլն: Մայրաքաղաք Պեկինից բացի մեր խմբին հնարավորություն էր ընձեռվում այցելելու նաեւ Չինաստանի հնագույն մայրաքաղաք Սիանում գտնվող կայսերական աշխարհահռչակ Տերակոտյան բանակի թանգարան-դամբարան եւ Սիչուան գավառի վարչական կենտրոն` Չենդու քաղաք: Ընդ որում, այդ լայնածավալ երկրում մենք քաղաքից քաղաք մեկնելու էինք ժամանակակից Չինաստանի հպարտության եւս մեկ առհավատչյա արագընթաց (ժամում մինչեւ 350 կմ/ժ) գնացքներով:

    Հանրապետության տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներից կազմված յոթհոգանոց խմբով հուլիսի 7-ին դեսպանատան բարեհամբյուր աշխատակցուհի Սին Կեի գլխավորությամբ Երեւան-Մոսկվա-Պեկին չվերթով մեկնցինք: Բացի «Գոլոս Արմենիի» աշխատակից Աշոտ Արամյանից , բոլորն առաջին անգամ էին այցելում Չինաստան եւ, բնականաբար բոլորիս սպասելիքներն էլ մեծ էին այդ երկրից: Առաջ անցնելով նշեմ, որ իրականում այդ «մեծը» սպասվածի համեմատ շատ մեղմ էր ասված:

    Ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված: Ընդունող կողմն արել էր ամեն բան, որ այցելությունը հագեցած ու առավելագույն տեղեկություններ հաղորդող լինի: Պեկինում մեզ դիմավորեց ժպտերես ու մարդամոտ Միշան , որի ռուսերենը չէր փայլում, բայց մեզ անհրաժեշտը կարողանում էինք միմյանց փոխանցել:

    Առաջինն այցելեցինք Սի Սի Փի մեգահեռուստաստուդիա: Ամենուրեք աչք էր շոյում մաքրությունն ու հարմարավետ կահավորանքը ոչ միայն աշխատատեղերում, այլեւ միջանցքներում: Եղանք տարբեր տաղավարներում: Դրանք չափերով մեծ չէին, սակայն ապահոված էին անհրաժեշտ բոլոր պարագաներով: Աշխատասենյակներում յուրաքանչյուրն իր տեղում զբաղված էր իր գործով այնպես կլանված եւ սեփական գործի կարեւորության զգացողությամբ, որ նույնիսկ ուշադրություն էլ չէին դարձնում օտարերկրյա հյուրերին: Շատ բաներ, այդ թվում այդ աշխատասենյակներն ու ընդհանրապես հեռուստահամալիրը հիշեցնում էր ամառային ամենաթեժ պահի մեղվաբույն, որտեղ յուրաքանչյուրը գիտեր իր պարտականություններն ու մեծ ջանասիրությամբ հստակորեն կատարում էր դրանք:

    Հեռուստատեսությամբ մի քանի անգամ առիթ ունեցել էի տեսնելու, թե ինչպիսի զգացողություն են ունենում մարդիկ Չինաստանում բարձր վայրերում կառուցված ապակե կամուրջների վրայով քայլելու ընթացքում եւ երբեմն զարմանում էի, որ նրանք ահ ու սարսափով են քայլեր կատարում, թեեւ գիտեն, որ այդ ապակիները ոչ մի դեպքում չեն կոտրվելու: Սակայն մի բան է բազմոցին հանգիստ ու ապահով նստած դիտելը, բոլորովին այլ` իրականում այդ վիճակում հայտնվելը: Հեռուստահամալիրի 37-րդ հարկի տանիքում շրջելիս նկատեցինք, որ դրա մեջտեղում թափանցիկ ապակե հատված կա, որտեղից առաջին հարկ պարզ երեւում էր: Խմբի աղջիկները միանգամից վախեցած հետ ցատկեցին: Անկեղծ ասած, շատ փորձությունների միջով եմ անցել, հետո էլ վախենալու տարիքում չեմ, բայց մի պահ ինքս էլ վախի զգացում ապրեցի: Սակայն նկատելով, թե մեզ հյուրընկալող կանայք ինչպես են աչքի պոչով դիտում այդ տեսարանը, հիշեցի ոչնչից չվախեցող երիտասարդ տարիներս ու անցա այդ չարաբաստիկ ապակե ծածկի վրայով: Հաճելի էր տեսնել նաեւ, որ «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Ահարոնը շատ սովորական ու հանգիստ անցավ այդ նույն տեղով: Ակամա մտածեցիՙ ուրեմն քաջ եւ ուժեղ երիտասարդություն ունենք:

    «Ով չի տեսել Չինական պատը, չի եղել Չինաստանում» տարածված արտահայտություն է: Մենք էլ «ստիպված» տեսանք: Գիտեի, որ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկն է եւ միակ կառույցը երկրագնդի վրա, որ անզեն աչքով տեսանելի է տիեզերքից: Գիտեի նաեւ, որ Չինական մեծ պարիսպը քարից, աղյուսից, հողից ու փայտից պատրաստված ամրությունների շարք է եւ ձգվում է Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով: Սակայն սեփական աչքով տեսնելն ու դրա վրայով քայլելը բոլորովին այլ, անբացատրելի զգացողություններ են: Ամեն տարի բերքահավաքից հետո տափաստանաբնակ քոչվոր ցեղերը հյուսիսից պարբերաբար հարձակվել ու խլել-տարել են ամբողջ բերքը: Այդ ոտնձգություններից պաշտպանվելու համար էլ սկսած մ.թ.ա 7-րդ դարից այն կառուցվել է: Ավելի ուշ տարբեր դինաստիաների տիրապետության շրջանում շարունակել են պատի կառուցումը, ինչպես նաեւ վերակառուցել են, նորոգել, ավելացրել նոր շարքեր: Պարիսպների ամենահայտնի հատվածը կառուցվել է Մին դինաստիայի (1368-1644 թթ.) օրոք:

    Պաշտպանականից բացի պարիսպն ունեցել է սահմանների վերահսկողության նշանակություն` ապահովելով Մետաքսի ճանապարհով ապրանքների անվնաս տեղափոխումը, արտագաղթի եւ ներգաղթի վերահսկողությունը: Դեռ ավելինՙ պարսպի պաշտպանական հատկանիշները բարելավվել են պահակակետ աշտարակների, զորանոցների, կայազորի կայանների, ծխի եւ կրակի միջոցով ազդանշաններ տալու համակարգեր ստեղծելով: Միեւնույն ժամանակ պարիսպների վրայի ուղին ինքնին եղել է նաեւ տրանսպորտային միջանցք: Մին դինաստիայի կողմից կառուցված պարսպի երկարությունը` 8851,9 կմ. է, առավելագույն լայնությունը` 9,1 մետր, պատերի միջին հաստությունըՙ 5,5 մետր, իսկ հիմքի մոտՙ 6,5 մետր, բարձրությունը որոշ հատվածներում հասնում է 10 մետրի: 1987թ. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտ:

    Չինաստանի թիվ մեկ առանձնահատկությունը, որը միանգամից աչքի է զարնում, իմ կարծիքով մարդկանց բազմաքանակությունն է եւ դրանից բխող թվաքանակներն ու ծավալները: Օդանավակայանից սկսած նկատելի են չափից ավելի ընդգրկունությունը եւ կառույցների մեզ համար անսովոր գիգանտ չափերը: Սովորական փողոցներն ամենաքիչը յուրաքանչյուր կողմից 3, 4, իսկ երբեմն էլ հնգաշարք էին: Ամենուրեք ամբարձիչ կռունկներ են: Այսինքնՙ ամեն քայլափոխի հսկայական թափով շինարարություն է ընթանում: Կառուցվում են ինչպես հանրային նշանակության, այնպես էլ բնակելի շենքեր: Նորակառույցները, որպես կանոն, քսան, երեսուն ու ավելի հարկանի էին: Հետաքրքրական է, որ ամենուրեք դեռեւս զգացվում է «սովետիզմը»: Նույնիսկ շենքերը ներկայացվում էին «Ստալինյան», «Խրուշչովյան», «Բրեժնեւյան» դասակարգումներով:

    Բոլոր երեք քաղաքներում, որտեղ եղանք, գեր մարդ չտեսանք: Ընդհակառակըՙ ավելի շուտ նիհար էին բոլորը: Սակայն որքան տարօրինակ էրՙ ընդհանուր սեղանի շուրջ նկատելի էր, որ բոլորն էլ նորմալ ուտում են: Ինձ թվում է չգիրանալու գաղտնիքը ռեժիմով սնվելու մեջ է եւ, որ ամենակարեւորն էՙ բոլոր չինացիներն անկախ սեռից ու տարիքից ցանկացած սնունդ կամ հեղուկ ընդունում է բացառապես մարդու օրգանիզմին մոտ ջերմաստիճանում, իսկ դա լավագույնս նպաստում է նյութափոխանակության գործընթացին:

    Նկատելի էր նաեւ, որ անկախ այն հանգամանքից, թե մեզ հետ շփվողը կարեւոր պաշտոնյա էր, զբոսավար կամ թարգմանիչ, աշխատում էին անթաքույց հպարտությամբ ներկայացնել իրենց երկիրն ու հաջողությունները: Մի բան, որն անկասկած գովելի երեւույթ է եւ ուսանելի կողմեր ունի: Որեւէ օբյեկտ, հուշարձան կամ կառույց ներկայացնելիս խոսում են սեփականատիրոջ, առաջին դեմքով` մենք արեցինք, փորձում ենք կատարել, նորոգեցինք եւ այլն: Այսինքն` նրանք իսկապես իրենց զգում են իրենց երկրի տերը եւ գիտակցում որոշակի պարտավորություններ նրա նկատմամբ: Զգացվում էր պարտքի եւ կատարվածի նկատմամբ հպարտության անթաքույց դրսեւորում: Կարճ ասած, կարծես յուրաքանչյուրն իրեն զգում է մրջնանոցի մեկ անդամ, որը գրեթե ոչինչ է միայնակ եւ հզոր ուժ`միասնության դեպքում: Որքան շատ է պակասում մեզ` հայերիս հենց այդ հատկանիշը:

    Մի բան էլ` պատմական թեմաների մասին լիներ խոսքը թե ժամանակակից, «չմոռանալով» երկրում իշխող սոցիալիստական համակարգը, անպայման դրանք կապվում էին կայսրերի հետ, շեշտվում նրանց դերակատարությունը եւ մակարդող, միաձուլող դերակատարությունը հասարակության համար: Ավելին, որեւէ բացասական խոսք կամ արտահայտություն չհնչեց նրանց մասին: Իսկ ես ու իմ սերունդը լավ է հիշում բռնակալ, ժողովրդին հարստահարող ու թալանող թագավոր-ցարերի մասին դասագրքային «անվիճելի» ճշմարտությունների առատությունը մեզանում: Ամենակարեւորն ու գրավիչը բոլորի հանգիստ, անվրդով կեցվածքն էր: Բոլորի մոտ նկատեցի հավատ ու վստահություն թե՛ իշխանությունների, թե՛ միմյանց եւ, որ ամենակարեւորն է` վաղվա օրվա նկատմամբ: Երանի մենք էլ…

    Շարունակությունը հաջորդիվ

    07.07-17.07.2019

  • ԿԱՏԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

    ԿԱՏԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ

    Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, տեխնիկական գիտությունների թեկնածու

    Վերջերս ՀՀ էներգահամակարգում տեղի ունեցած վթարը տարբեր կարծիքների տեղիք տվեց: Քանի որ վթարի պատճառները հայտնի չեն հանրությանը, ապա կարելի է մի քանի ենթադրություններ անել:

    Գաղտնիք չէ,որ Հայաստանի էներգետիկայի զարգացումը կարեւոր նշանակություն ունի տնտեսության հետագա զարգացման եւ նոր մարտահրավերներին դիմակայելու համար: Ինչպիսի էներգետիկ համակարգ ստեղծել,որպեսզի կարողանանք աշխարհաքաղաքական, բնապահպանական, հնարավոր ոտնձգությունների, արտակարգ իրավիճակների, ռազմական գործողությունների ժամանակ հաղթահարենք կամ նվազ կորուստների գնով կարողանանք դուրս գալ ստեղծված վիճակից: Ներկայումս որքանո՞վ ենք պատրաստ:

    Ընդհանուր առմամբ, էներգահամակարգի հարյուր տոկոսանոց աշխատանքի հուսալիություն գոյություն չունի: Էներգահամակագի տարբեր տեսակի վթարներ եղել են նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներում: Հայտնի է,որ եթե էներգահամակարգում էկեկտրական բեռնվածությունը կտրուկ ընկնում է, ապա համակարգի հաճախականությունը նույնպես փոքրանում է եւ կարող են առաջանալ տարբեր տեսակի անցանկալի երեւույթներ: Հասկանալի է, որ այս դեպքում էներգետիկ աղբյուրների հաշվին լրացվում է բացը եւ համակարգը գտնվում է հավասարակշռության մեջ: Այսինքն, տվյալ պահին արտադրվում է այնքան էլեկտրական էներգիա, որքան անհրաժեշտ է սպառման համար: Հաճախականությունը մեր համակագի համար կազմում է 50 հերց: Բնական է , որ բեռի պակասորդի դեպքում այս ցուցանիշը ընկնում է եւ մեծ խնդիրներ կարող են առաջանալ էլեկտրական էներգիայի սպառման համակարգում:

    1965թ. նոյեմբերի 9-ին ԱՄՆ-ում եւ Կանադայում վթարի պատճառով 30 միլիոն մարդ մնաց առանց էլեկտրականութան: 1977թ. Հուլիսի 13-ին կայծակի հարվածից վնասվեց էլեկտրահաղորդման գիծը եւ 25 ժամ հոսանք չտրվեց Նյու Յորք քաղաքին, իննը միլիոն մարդ մնաց առանց էլեկտրականութան: 2012թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ վթար Կուբայի էներգահամակարգում եւ այլն:

    Եթե վթարի պատճառը Իրանական էներգահամակագի հետ է կապված, ապա մեր էներգահամակարգը կարող էր համարժեք պատասխանել: Առայժմ մասնագիտական տեսակետից անչափ դժվար է եզրակացություն հայտնել եւ փորձել տարբերակներ փնտրել: Սակայն մի բան պարզ է, որ կատարելությունը սահման չունի: Անընդհատ անհրաժեշտ է զարգացնել մեր երկրի էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը տարբեր դժվարին պայմաններում հուսալի եւ կայուն աշխատելու համար: Աշխարհի բոլոր երկրներում նմանատիպ աշխատանքներ կատարվում են:

    Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպական, մեթոդական եւ այլ բնույթի միջոցառումների համալիր է, որն ապահովում է պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով, որակյալ եւ հուսալի էներգամատակարարում ամենօրյա պայմաններում, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ:

    Թերեւս ճիշտ կլիներ ՀՀ կառավարությանը կից ունենալ հասարակական հիմունքներով մշտական գործող էներգետիկական հանձնաժողով: Այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել եւ արժեքավոր առաջարկություններ անել հետագա լուծման համար:

    Տողերիս հեղինակի կողմից ՀՀ Էներգետիկ անվտանգության հետ կապված բազմաթիվ առաջարկներ վերջին տասնամյակների ընթացքում տպագրվել եւ շարունակվում են տպագրվել «Ազգ» շաբաթաթերթում:

    ՀՀ պետական պարգեւների ցանկում «ՀՀ վաստակավոր ինժեներ» կամ «ՀՀ վաստակավոր էներգետիկ» պարգեւները բացակայում են: Անհրաժեշտ է մտածել այս մասին: Հայ էներգետիկների հմուտ եւ գրագետ աշխատանքի արդյունքում դեռեւս 1990-ական թվականների դժվարին ճգնաժամային ժամանակահատվածում կարողացանք հաղթահարել բազմաթիվ բարդություններ: Այս հարցում տարակույս լինել չի կարող: Հայ էներգետիկները աշխատում են գիշեր ու ցերեկ, տիրապետում են մասնագիտության բոլոր գաղտնիքներին եւ բարձր են պահում մասնագիտության պատիվը: Անշուշտ, նրանք պետականորեն խրախուսման կարիքն ունեն:

    Անհրաժեշտ է մշակել ՀՀ էներգետիկ զարգացման նոր ռազմավարություն եւ մարտավարություն եւ փուլ առ փուլ այն իրականացնել: