Category: 22 Հուլիսի, 2016

  • ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ. ՄԵ՛ՆՔ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ

    ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ. ՄԵ՛ՆՔ ՉԵՆՔ ԱՍՈՒՄ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան /FIDH/ գնահատել է ապրիլի սկզբին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած որոշ գործողությունները եւ արել հետեւյալ պաշտոնական եզրակացությունը. «Վերջին 3 տարում տարածաշրջանի ամենակործանարար հակամարտությունը ղարաբաղյան հակամարտությունն է, որը շարունակում է մարդկային կյանքեր խլել: Այս հակամարտությունը, սակայն, բավարար ուշադրության չի արժանանում միջազգային հանրության կողմից: Կոնկրետ ապրիլի առաջին օրերին եւ առհասարակ խաղաղ բնակիչների ու քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտումներ են»:

    Հարկ է նկատել, որ միջազգային կազմակերպությունը այս առումով առանձնացրել է ադրբեջանցիների կողմից 3 հայ տարեցների սպանությունը եւ նրանց խոշտանգումը, ինչպես նաեւ զինվոր Քյարամ Սլոյանի գլխատումը: Եզրակացության մեջ հատուկ շեշտված է, որ ազգությամբ եզդի Սլոյանիՙ կտրած գլխով լուսանկարը ադրբեջանցիները տեղադրել են սոցցանցերումՙ ներկայացնելով որպես իրենց հաղթանակ:

    «Այս դեպքերըՙ սպանվածների մարմինների խոշտանգումները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումից զատ նաեւ ռազմական հանցագործություն են», ասված է եզրակացության տեքստում:

    Այնպես որ կարող ենք հանգիստ դիմել Միջազգային քրեական դատարանՙ ընդդեմ Ադրբեջանի հայցով, մեղադրելով վերջինիս ռազմական հանցագործություների մեջ: Երբ դատարանում հարցնեն, ո՞վ է ասել, որ Ադրբեջանը այդպիսի հանցագործություններ է արել, մենք կհանենք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի այս եզրակացությունը եւ կասենքՙ ոչ մենք:

  • ՀԻՇԱՏԱԿ ԱՂԴԱՄԻՑ

    ՀԻՇԱՏԱԿ ԱՂԴԱՄԻՑ

    ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

    23 տարի առաջ, հուլիսի 23-ին, Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ անցավ Աղդամը (2010-ին վերանվանվել է Ակն), ինչը Ստեփանակերտի բնակչության անվտանգությունն ապահովող ռազմական կարեւոր նվաճում էր: Առհասարակ, 1993 թվականը արցախյան հերոսամարտի պատմության մեջ մտավ որպես հաջող եւ բեկումնային տարի: Նույն տարվա ապրիլին ազատագրվեց Քարվաճառը (Քելբաջար), մայիսինՙ Շուշին, ամիսներ անցՙ Աղդամը: Այս մեծ հաղթանակներն արմատապես փոխեցին իրավիճակը ղարաբաղյան հերոսամարտում եւ մեծապես նպաստեցին ադրբեջանական սպառնալիքի հետագա չեզոքացմանը մինչեւ ներկայիս սահմանները:

    Սակայն տարին նաեւ նշանավորվեց ցավալի կորուստով: Հունիսի 12-ին, Մարզիլիում զոհվեց արցախյան ազատամարտի հերոս Մոնթե Մելքոնյանը (առասպելական Ավոն): Երեւանից նրա անունը կրող ազգագրական խումբը գնալու էր Մարտունիՙ Ավոյին նվիրված հուշ երեկոյին մասնակցելու: Ես որոշեցի միանալ այդ խմբին եւ լուսաբանել համերգը, այն ժամանակՙ ՀՀ պետական հեռուստատեսության «Մայրաքաղաք» ծրագրով: Գլխավոր խմբագիրն ասաց, որ օպերատոր չի կարող տրամադրել: Դիմեցի հեռուստատեսության տեխնիկական գծով տնօրենին: Նա էլ մերժեց, ասելովՙ «ի՞նչ գործ ունես, շատ վտանգավոր է, քո տեղը չէ»:

    Զինվելով միայն երկու դատարկ VHS տեսաժապավեններով, հույսս դնելով Արցախի հեռուստատեսության տեխնիկայի, օպերատորի եւ տնօրենության մեծահոգության վրա, հուլիսի 25-ի գիշերը ժամանեցինք Ստեփանակերտ: Երեւանյան մթությունից հետո Ստեփանակերտը մեզ թվաց «Փարիզ», այնտեղ տիրող փողոցային լույսերի առատությունից: Ասացինՙ «Սարսանգը սաղ լինի», հետոՙ «պատերազմող քաղաքում լույս ապահովելը պարտադիր է»:

    Մտովի արագ առաջ տալով (fast forward) դեպքերի հաջորդականությունը, ասեմ, որ Արցախի հեռուստատեսության տնօրենությունն ընդառաջեց: Նկարահանումներ կատարվեցին Ստեփանակերտում, Շուշիում, տեղի բանտում, ուր պահվում էին ադրբեջանցի գերիներ, Ասկերանում եւ Քելբաջարում:

    Աղդամ մտած առաջին տանկը ականի վրա պայթել էր, որի հետեւանքով զոհված ազատամարտիկի հուղարկավորությունն էր Քարին Տակ գյուղում: Ամբողջ գյուղն էր մասնակցում: Տեղի գերեզմանոցում սպիտակահեր ջութակահարն անցնելով շիրիմների կողքով իր մեղեդին էր խոնարհում բոլոր ընկածներին:

    Մարտունիում Ավոյին նվիրված հուշ-երեկոյի սկսվելուն դեռ մի քանի ժամ կար: Մեզ օգնող զինվորականներից մեկն ասաց, որ գնում է Աղդամ, դիմեց ինձ. «եթե ուզում ես, կարող ես գալ»: Գնացինք առանց օպերատորի: Աղդամի գրավման երրորդ օրն էր: Այնտեղ նկարահանում անել կամ լուսանկարել չի թույլատրվում, ասացին: Լուրեր էին պտտվում, որ ադրբեջանցիներն իրենց տները ականապատել են քաղաքը լքելուց առաջ: Մտանք մի տուն: Մեծ դարպասով, նոր վերանորոգված: Բակում սեւ սալորենու բերքը թափված էր բետոնապատ հատակին: Երեւի կարգին ընտանիք է ապրել այս տանը, մտածեցի: Պատուհանի գոգին, ասես դիտմանբ, դրված էր նոր հրատարակության մի Ղուրան: Վերցրեցի, իմ միակ ավարն այնտեղից: Վրան հետո մակագրեցի. «Հիշատակ Աղդամից»:

    Եղանք նաեւ քաղաքի կենտրոնում գտնվող գինու գործարանի արկից վնասված շենքի մոտ: Քիչ հեռու երեւում էր Աղդամի գերեզմանոցը: Քաղաքն ամայի էր, հայեր կային, որոնք եկել էին իրեր տանելու: Մի տեսակ ծորացող թախիծ կար ներսումս, քանզի ամեն տնից ինձ էր նայում պատերազմի դաժան դեմքը: Պատերազմի օրենքն է. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»: Աղդամի բնակչությունը մեկ մարդու պես դուրս էր եկել քաղաքից, առանց կորուստ ունենալու: Իսկ քանի՜-քանի՜ այսպիսի տներ, ավելի շեն ու բարեկարգ, թողեցին հայերը Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում, դուրս շպրտվելով պատշգամբներից, սպանվելով իրենց բնականներում:

    Վերադարձի ճանապարհին մի շան ձագ տխուր ոռնում էր մայթին: Բերեցինք մեզ հետ Մարտունի: Տղաների ուրախությունն էր դարձել սիրունիկ մռութով այդ շնիկը, որի անունը դրել էին «Բաքու»: Չնայած առատ հյուրասիրությանը, «Բաքուն» շարունակում էր տխուր իր ոռնոցը մինչեւ խոհանոցում աշխատող կանայք կարողացան իրեց վարժեցնել փոքրիկ կենդանուն:

    Մի՞թե հնարավոր է, այսօր, 23 տարի հետո Աղդամը ետ հանձնել Ադրբեջանին: Դա կնշանակի հանձնել Ստեփանակերտն ու վերջին հաշվովՙ ողջ Արցախը: Աղդամը Ստեփանակերտից գտնվում է ընդամենը 25 կմ հեռավորության վրա: Այսօր ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների սեղանին ինչպիսի փաստաթուղթ էլ որ լինիՙ մադրիդյան կամ կազանյան, որոշողը պետք է լինի Արցախի ժողովուրդը, դառնալով պարտադիր բանակցային կողմ:

    Արցախցին լավ գիտի, որ այսօր Աղդամում վերաբնակվել ցանկացող ադրբեջանցի «փախստականը» խորհրդային սերնդի այն մարդը չէ, ում հետ հնարավոր է եղել առերեւույթ «խաղաղ» 70 տարի ապրել: Այնտեղ եկող «փախստականը» մի նոր սերունդ է, ով դպրոցում շարունակելու է սերտել հայ թշնամու մասին դասեր, կեղծված, հնարովի Ադրբեջանի պատմություն, այն մասին, թե ինչքան լավ է հայի գլուխ կտրել ու դառնալ Սաֆարովի նման ազգային հերոս:

    Մի վերածեք Ղարաբաղը երկրորդ պաղեստինա-իսրայելյան տարածքի, որպեսզի կանգառներում մարդիկ չդանակահարվեն, որպեսզի ավտոբուսում, փողոցում, խանութում մարդիկ ահաբեկչությունից չզոհվեն: Երկուստեք թշնամությունը, շնորհիվ ազերի նախագահ Ալիեւի հայատյաց քաղաքականության, այնպիսի կրիտիկական աստիճանի վրա է, որ երկու ազգերի անվտանգ գոյակցությունը, առնվազնՙ մի քանի սերունդ, անհնար է թվում:

  • ՄԵՆՔ ԵՎ ԺԱՆԸ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ …«Եւ» Ժան Բոդրիար

    Ժանըՙ ֆրանսիացի է, ազգանունըՙ Բոդրիար, մասնագիտությամբ սոցիոլոգ, մշակութաբան, փիլիսոփա: 20-րդ դարի Ֆրանսիայի հայտնի փիլիսոփաներից մեկը:

    Մենք Ֆրանսիան եւ ֆրանսիացուն հարգող-սիրող ազգ ենք, ինչպես հաճախ էր իր ելույթներում եւ ուղերձներում շեշտում Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզինՙ ֆրանսիացիների «քույր» ազգն ենք ու որպեսզի Սարկոզիին չմեղադրեն հայ ժողովրդին վիրավորելու մեջ, ասեմ, որ իրականում նա ասում էր, որ Հայաստանն ու Ֆրանսիան քույրեր են, այսինքն միայն Հայաստանը չէ, որ քույր է: Ինչեւէ:

    Ժամանակին, Ժան Բոդրիարը մի այսպիսի բան է գրել, որը հիմա բառացի կմեջբերեմ. «Բռնության եւ ահաբեկչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք գաղափարապես արդարացվում ենՙ որպես այս կամ այն բարի նպատակին հասնելու միջոց: Որպես այդպիսի նպատակ կարող է հանդիսանալ, օրինակ, ժողովրդի, ազգի, կամ ինչ-որ դասի բարեկեցությունը: Արդարացնելով ահաբեկչությունըՙ որպես անհրաժեշտ գործողություն, դրա կողմնակիցները փորձում են ապացուցել, որ բռնության ակտը հանցագործություն չէ, երբ այն կատարվում է ի հակակշիռ պետության կամ այլ արտաքին, ներքին ուժին, որը սահմանափակում է ազատությունը: Այսպիսով արդարության վերականգման գաղափարը հանդիսանում է ահաբեկչության արդարացումըՙ դրա սուբյեկտների տեսակետով: Բռնությունն արդարացնելով արդարության գաղափարովՙ ահաբեկիչները պահանջում են, որ հասարակությունն ընդունի իրենց գործողությունները: Այս համատեքստում ահաբեկչության մեջ բռնության առանձնահատկությունը դրա հակալեգիտիմությունն է: Սովորաբար հանցավոր բռնությունը ամբողջությամբ օրենքից դուրս է, հակալեգիտիմ է եւ հենց այդպես էլ ընդունվում է հասարակության կողմից: Ահաբեկչության ֆենոմենըՙ որպես հասարակական երեւույթ այն է, որ այն դուրս է գալիս լեգիտիմ բռնություն-ոչ լեգիտիմ բռնություն հակադրությունից, ոչնչացնում է այդ հակադրությունը, իրականացնելով հակալեգիտիմ բռնությունՙ ուղղված իրավական դաշտի փլուզմանը: Սա բռնություն էՙ ուղղված ոչ այնքան կոնկրետ անձանց դեմ, որքան հասարակության եւ պետության դեմ առհասարակ, բայց միեւնույն ժամանակ, որքան էլ պարադոքս լինի, պահանջում է զոհ դարձած հասարակությունիցՙ արդար ճանաչել իր գործողությունները, իր լեգիտիմությունըՙ պետական իշխանություն կրողների կողմից իր այս կամ այն պահանջը կատարելու եղանակով… Ահաբեկչության պարադոքսալ էությունը կայանում է նրանում, որ դրա սուբյեկտները իրենց ազատության եւ արդարության համար պայքարում (որպես բարձրագույն արժեքներ, իդեալ նշվում է նաեւ հոգու ազատությունը, մարդու բնական իրավունքները, անկախությունը), բռնություն կիրառելով նրանց հանդեպ, որոնք համարում են իրենց թշնամիները ոչ միայն չեզոքացնում են մարդկանց ազատությունը, այլեւս կորցնում են իրենց ազատությունը: Մինչդեռ իրական ազատությունը եւ բռնությունը ոչ միայն հակասում են իրար, այլեւ մերժում են միմյանց…»:

    Սա ասել է Ժան Բոդրիարը եւ հասկանալի է, որ ոչ Հայաստանի մասին, անգամ ավելի վաղ, քան ֆրանսիական Նիցցայում ահաբեկչություն եղավ: Ասել է ոչ թե կոնկրետ ինչ-որ ահաբեկչության մասին, այլ ընդհանուրՙ բոլորի մասին, անկախ նրանից, թե որտեղ է կատարվում, ով է անում, ում դեմ է անում:

    Բայց պատկերացնենք, որ Ժան Բոդրիարը սա ասել է կոնկրետ Էրեբունու դեպքերի մասին (որոնք դեռ պետք է ապացուցել, որ ահաբեկչություն էին): Ի՞նչ կասեինք մենք: Այս օրերին մի քիչ թրծված լինելով հատկապես սոցիալական ցանցերի հայ օգտատերերի գրառումներից, եզրակացնում եմ, որ Ժանին մերոնք կպատասխանեին այսպեսՙ «Ժանը Հայաստանի իրականությունից հեռու է եղել դա գրելուց: Ժանը հոտ չի քաշել ոստիկանի քրտնած համազգեստից: Ու առհասարակ կապ չունեն այդ մտքերը Հայաստանի այսօրվա իրականության հետ: Նույն հաջողությամբ կարող էիք մեջբերել մի պատմությունՙ Ժակ Իվ Կուստոյի ստորջրյա արկածների մասին»:

    Չէ, իհարկե, այն ինչ գրել է Ժան Բոդրիարը պարտադիր չէ, որ օբյեկտիվ լինի, առավել եւս Հայաստանի հետ կապ ունենա, մանավանդ որ այն ինչ տեղի է ունեցավ Հայաստանում, դեռեւս ապացուցված չէ, որ կապ ունի ահաբեկչության հետ: Առհասարակ Բոդրիարի մասին կարեւոր է իմանալ նաեւ, որ նա մեծացել է ծառայողի ընտանիքում եւ նրա հայրը, ավագ Բոդրիարը, հավանաբար պատմել է իր որդուն, թե ինպես են «մի խումբ զինված մարդիկ» փորձում ահաբեկել պետությունը եւ ինչպես ինքն ու իր ընկերները դա թույլ չեն տալիս: Բայց, խնդիրն այն է, որ այն ինչ ասում է Բոդրիարը ահաբեկչության մասին, որպես երեւույթի, որպես մեր ժամանակների բոլոր պետությունների եւ ժողովուրդների թշնամու, ճիշտ է ասում: Եւ որպեսզի ահաբեկչության մասին ճիշտ բաներ ասես, պարտադիր չէ հայ ոստիկանի համազգեստից հոտ քաշես, մանավանդ որ Հայաստանում եղածը ահաբեկչություն չէր: Թե՞ էր…

  • ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈ՞ՒՄ Է

    Հ. Աֆ.

    Լրատվամիջոցներից մեկը, փորձելով ստանալ այս օրերին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկիՙ ինչո՞ւ չի խոսում Սերժ Սարգսյանը հարցի պատասխանը, զանգահարել է նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանին: Լրագրողը նախագահի մամուլի խոսնակից հետաքրքրվել է, թե հանրապետությունո՞ւմ է արդյոք նախագահ Սարգսյանը: Խոսնակը պատասխանել էՙ «Ձեր հարցը գրավոր ուղարկեք նախագահական, կպատասխանենք»:

    Հետաքրքրական է, նախագահականից միայն գրավո՞ր հարցերին են պատասխանում, թե՞ նաեւ տպագիր: Եթե նաեւ տպագիր, ապա հարցնում ենքՙ հանրապետությունո՞ւմ է նախագահ Սարգսյանը:

  • ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ… ԵՎ ՔԻՉ ՄԸ ԺՈՂՈՎՈՒՐԴ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Ճիշտն այն է, որ Էրեբունին դարձել է Երեւան, համենայն դեպս առաջՙ Էրեբունի էր, հետո դարձավ Երեւան, երգում էլ է այդպեսՙ Երեւան դարձած իմ Էրեբունի… Այսինքն, երբ այս օրերին ասում ենքՙ Էրեբունի դարձած իմ Երեւան, շրջված ենք ասում: Շրջված ենք ասում, բայց ճիշտ ենք ասում, քանի որ ամեն ինչ շրջվել է Երեւանում, ավելի ճիշտՙ Էրեբունիում:

    Բայց սկզբից սկսենք: Սկիզբը Պավլիկի որդու ծննդյան օրն էր, այս տարվա հուլիսի 17-ին: Պավլիկը հայտնի Պավլիկ Մանուկյանն է, ազատամարտիկ, ինչպես շատերն են գրում այս օրերինՙ «հազարավոր թուրքերի սպանած», մի խոսքովՙ հերոս: Հուլիսի 17-ին հերոս Պավլիկի որդու ծնունդն էր: Նշել ենՙ բառիս բուն իմաստով… Պավլիկի տղան էլ արդեն մեծ է, հասուն տղամարդ, էլ առաջվա փոքրիկը չէ, որ ազատամարտիկ հոր հետ լուսանկարվի, հոր եւ վերջինիս աժդահա զենքի, որն ավելի բարձրահասակ էր, քան ինքը: Ինքը հիմա զենք ունի, հայրն էլ զենք ունի, ինքն էլի հոր կողքին է, հայրն էլ Էրեբունիում է, գունդ են գրավել, ասում ենՙ մինչեւ վերջ գնալու են, եւ «թող մեր մարմինները ձեր հաղթանակի համար կամուրջ լինեն», ասում ենՙ Պավլիկենք, ասում ենՙ ժողովրդին, կոչ անելով վերջինիս դուրս գալ փողոց: Ոմանք դուրս են գալիս, հատկապես երեկոյան ժամերին, երբ շատ շոգ չէ, ոմանք տնից են հետեւում, քանի որ իշխանությունները համացանցը չեն կտրում, որպեսզի շատերը տնից հետեւեն եւ դուրս չգան: Ու այս ընթացքում պետական հիմնարկների հսկողությունը չի ուժեղացվում, մետրոյի կայարաններում էլի նույն մեկ-երկու ոստիկաններն ենՙ ալարկոտ եւ շոգից շվարած, խորհրդարանն արտահերթ նիստ չի գումարում, վարչապետը հայտարարությամբ հանդես չի գալիս, նախագահն ուղերձով ժողովրդին չի դիմում, չնայած երկրում ահաբեկչություն է, ասում են, որ ահաբեկչություն է:

    Ընդ որում, ոստիկաններն ասում են, որ ահաբեկչություն է, քանի որ հարձակում է եղել ոստիկանական գնդի վրա, կա զոհ եւ նա ոստիկան է (փոխգնդապետ Վանոյան): Իսկ Պավլիկենք, ավելի ճիշտՙ նրանց համախոհներն ասում են, որ ահաբեկչություն է, քանի որ ոստիկանությունը բերման է ենթարկում իրենց, իսկ նրանք, որոնց բերման են ենթարկել, պատմում են, թե ոստիկաններն իրենց ծեծում են եւ ստիպում համբուրել իրենց կոշիկները, «բա սա ահաբեկչություն չէ, ի՞նչ է», ասում են:

    Երկուսդ էլ ճիշտ եք, գո՞հ եք: Պետք է, որ գոհ լինեք, քանի որ երկուսիդ նպատակն էլ ճիշտ դուրս գալն է, հիմա ասում ենքՙ երկուսդ էլ ճիշտ եք, քանի որ ոստիկանություն մտնելն ու շենքը գրավել եւ մանավանդ մարդկանց պատանդ պահելը ահաբեկչություն է, եւ ոստիկանություն բերման ենթարկելն եւ այնտեղ ծեծելն ու սեփական կոշիկները համբուրել պարտադրելը եւս ահաբեկչություն է, պրծա՞նք:

    Հա, փաստորեն, չպրծանք, քանի որ ձեր ուզածը միայն ճիշտ դուրս գալը չէ, ձեր ուզածը նաեւ հերոս դուրս գալն է: Ձերՙ բոլորիդ ուզածը դա է, անկախ նրանից գունդ գրավող եք, թե՞ գունդ պաշարած: Սեփական մարմինըՙ «որպես հաղթանակի կամուրջ առաջարկելը» հերոսանալու թաքուն ցանկություն է, ծպտված եսասիրություն է, հերոս դառնալու մոլուցք է: Ձեզ բավարար չէ ղարաբաղյան հերոս լինելը, դուք ազգային հերոս դառնալ եք ուզում: Ղարաբաղնՙ ազգի կարեւոր մասն է, բայց մասն է, ճիշտ այնպես, ինչպես Էրեբունին է Երեւանի մասը: Դուք Երեւանն եք ուզում, ազգն եք ուզում, իրականում սրանք եք ուզում, թե չէ մենք գիտենք, որ դուք ասում եք, թե Սեֆիլյանին եք ուզում եւ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Լավ, ենթադրենք եկավ, նկատի ունեմ Սեֆիլյանը, ենթադրենք տվեց, նկատի ունեմ հրաժարականը, հետո՞: «Հաղթել ենք» դեմքի արտահայտությամբ, գուցե նաեւ պաստառներով գնալու եք ԱԺ-ում օրենքներ ընդունելու եւ նստելու եք Առաքել Մովսիսյանի եւ Սամվել Ալեքսանյանի կողքի՞ն, բայց որպեսզի ամեն ինչ խորհրդանշական լինի եւ Էրեբունու հետ կապ ունենաՙ Մհեր Սեդրակյանի կողքի՞ն: Ու դա կոչելու եք նոր Հայաստա՞ն, ձեզ էլ բարեփոխի՞չ: Անկեղծ եղեք, տղերք, դուք ուզում եք երկու բանՙ դառնալ հերոս եւ ամբողջը: Բայց մի խնդիր ունեք, իշխանությունն էլ նույնն է ուզում: Ու իշխանությունը ճիշտ է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ չեք հաղթել: Հեղափոխությունն անելն այդպիսի բան է. սխալ եսՙ քանի չես հաղթել, հանցագործ եսՙ երբ նոր ես սկսել, երբ հաղթում ես, երբ ավարտում ես, արդեն ճիշտ ես, որոշ ժամանակ անցՙ միակ ճիշտն ես, քանի դեռ քո դեմ հեղափոխություն չեն արել եւ չեն հաղթել:

    Բայց այս պատմությունը, անկախ նրանից, թե ինչպես է ավարտվել այս հոդվածը, մի կարեւոր բան ունի: Ի՞նչ է ուզում ժողովուրդը: Իմ տպավորությամբՙ կտոր մը երկինք: Ոչ բոլորն իհարկե, կա ժողովրդի մի հատված, որ լսել է կոչն ու փողոց է դուրս եկել, մոռանալով, որ ինքն անզեն է եւ իրեն փողոց դուրս գալու եւ զինված հեղափոխություն անելու կոչ են անում զինված մարդիկ: Ժողովրդի այս հատվածը, եթե ուզում էլ է կտոր մը երկինք, ապա մեծ հաշվով, ոչ հիմա, հետո, երբ հարցերը կլուծվեն, արյունով անշուշտ. արյան սով կա դարերով արյուն տեսած մեր ժողովրդի մոտ: Իր կարծիքով անցնող տարիներին իր արյունն են խմել, հիմա էլ ինքն ուզում է համարժեք պատասխան տալՙ չնկատելով, որ արյունախումների դեմ պայքարելիս արյուն չեն խմում, որովհետեւ եթե անգամ հաղթում ես արյունախումներին, չես հաղթում արյունախմությանը: Ժողովրդի մի ուրիշ հատված էլ ոստիկան է, դե այդպես է ստացվել, ոմանք անգամ երազել են այդ մասնագիտության մասին, ինչը վատ չէ, համենայն դեպս ինչ-որ բան երազելը երբեք վատ չէ: Նրանք էլ մեծ հաշվով կտոր մը երկինք են ուզում, բայց ոչ հիմա, հիմա հարցերը լուծենՙ նոր, ոչ թե իհարկե արյունով, այլ եթե պետք էՙ անգամ արյունով, եթե հրաման լինի: Եթե հրաման լինիՙ համբուրվելու, նրանք գուցե համբուրվեն էլ, հրապարակայնորեն, եթե հրաման լինի: Հրաման տվողն էլ ժողովրդի այլ հատվածն է: Միակ հատվածը, որը կտոր մը երկինք չի ուզում, այդ հատվածն առհասարակ կտոր մը չի ուզում, անկախ նրանից, թե ինչ էՙ երկինք, թե՞ թագավորություն: Եւ վերջապես նրանց դեմ դուրս ելած մի խումբ զինված մարդիկ կան, էլի ժողովուրդ, որոնք նույնպես կտոր մը երկինք չեն ուզում, քանի որ ամբողջ երկինքն են ուզում, բայց սկզբում Սեֆիլյանին, հետոՙ հրաժարականը:

    Ու կա քիչ մը ժողովուրդ, որը հենց հիմա կտոր մը երկինք է ուզում, միայն դա: Այդ ժողովուրդը ցավում եւ սգում է ոստիկանության գնդապետ Վանոյանի սպանության համար, այդ ժողովուրդը շնորհավորում է Պավլիկին ու նրա որդունՙ վերջինիս անցած ծննդյան օրվա կապակցությամբ, եւ այդ ժողովուրդը ուրախ է, որ պատանդ ոստիկաններից մեկը ազատ է արձակվել, քանի որ հուլիսի 23-ինՙ վաղը, նրա նշանդրեքն է: Այս ժողովուրդն ամենակարեւորն է, ինչ մենք ունենք (չենք կորցրել), ինչպես այս երեք հանգամանքներն են այս ողջ պատմության ամենակարեւոր բաներըՙ Պավլիկի որդու ծնունդը, փոխգնդապետ Վանոյանի սպանությունը, եւ պատանդությունից ազատված ոստիկանի նշանդրեքը:

  • «ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱԽՏԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ»

    ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

    Ռուսահայության պասիվության վերաբերյալ Հայաստանում հնչող դժգոհությունները ինչ-որ տեղ հիմք ունեն: Սակայն այդ երեւույթը բացատրելի է. խորհրդային տարիներին որեւէ ազգային կյանք Մոսկվայում թե առհասարակ Ռուսաստանում բացառված էր, չկային ազգային-կրթական-հասարակական կազմակերպություններ, մամուլ, գրեթե ձեւական էր եկեղեցու ներկայությունը: Որպես կանոն այն տարիներին Ռուսաստանում ծնված հայը չգիտեր մայրենի լեզուն, իր ժողովրդի պատմությունը, նրա նկարագիրը եւ այլն: Ուծացումը իր չար գործն էր կատարում զանգվածային խառն ամուսնությունների միջոցով: Ռուսը ռուսահայի համար օտար չէր, ինչպիսին կարող էր լինել եվրոպացին, ամերիկացին, արաբը կամ պարսիկը: Մեկ պետության կազմում էինք: Ի դեպ, դրա հետ մեկտեղ ռուսահայը հպարտանում էր, որ իր հայրենիքը միասնական երկրի աչքի ընկնող հանրապետություններից էրՙ զարգացած էկոնոմիկայով, ազգային հարուստ կյանքով, գիտությամբ, արվեստով, բարեկեցությամբ: Ամենատարբեր ասպարեզների հայազգի վառ անհատականություններ մեծ դեր էին խաղում խորհրդային երկրի կյանքում:

    Ռուսաստանի «անկախացումից» հետո իհարկե շատ բան է փոխվել ռուսահայության կյանքում, իրոք ստեղծվում են վերոնշյալ ազգային կառույցները, եւ այդ իմաստով այստեղ ամենաակտիվ դերակատարությունն ունեն ռուսաց երկիր արտագաղթած նախկին հայաստանցիները: Սակայն ժամանակ է պետք իսկական լիարժեք ազգային համայնք ստեղծելու համար:

    Բնականաբար, արտագաղթած այս մարդկանց համար Հայաստանը վերացական «հայրենիք» չէ, եւ նրանցից շատերը պատրաստ են օգտակար լինել նրան իրենց հնարավորությունների սահմաններում: Մի կողմ թողնելով ակադեմիական խորհրդածությունները, կուզենայի պարզ մի օրինակ բերել ի հաստատումն այն բանի, որ ռուսահայություն-հայրենիք փոխհարաբերությունների ներկա «պասիվության» մեջ մեղքի հսկայական բաժին ունի ներազգային երկրորդ սյուբյեկտը, ավելի կոնկրետՙ նրա քաղաքական-տնտեսական վերնախավը:

    Նախկին հայաստանցի մոսկվաբնակ ծանոթ մի բիզնեսմեն Ռուսաստանում իրեն հաստատելուց հետո որոշել էր իր հայրենի գյուղում անասնապահական ֆերմա բացել: Բիզնեսը-բիզնես, բայց նրան ավելի շատ ոգեւորում էր այն հանգամանքը, որ իր բարեկամներից ,հարեւաններից, ընկերներից գոնե մի 10-15 հոգի կայուն աշխատանք կունենան ու չեն տառապի արտագաղթացավով (իր նման): Ասիական երկրներից մեկում փնտրել-գտել էր արագ աճող մի անասնատեսակ եւ համոզված էր, որ այդ պարագան եւս կնպաստի գործի հաջողությանը:

    Մոտ 10 օր Հայաստանում հանգրվանելուց հետո (գործերի բերումով նա տեւական ժամանակ չէր եղել այնտեղ), նա վերադարձավ անասելի հուսախաբությամբ ու մեծ դառնությամբ: Պատկերացնո՞ւմ ես, պատմում էր նա, հենց առաջին օրից Հայաստանում ինձ ուղեկցում էր տարակուսանքը. երբ գյուղապետին ներկայացրի իմ ծրագրերը, ինձ թվում էր, որ նա էլ ոգեւորություն կապրի: Սակայն պետք էր միայն տեսնել նրա ոչինչ չասող հայացքը: Հետո միայն գլխի ընկա, որ նա արդեն միացրել էր իր ուղեղը հաշվելու համար, թե անձամբ ինքն ինչ կունենա այդ գործարքից: Գործարարը գյուղի կողքը համայնական ժամանակներից մնացած մի անտեր կիսաքանդ շինություն էր գտելՙ համապատասխան հողատարածքով, որը զգալի շտկումներից հետո կարելի էր ֆերմա դարձնել:

    Սակայն ամենաարտառոցը դեռ առջեւում էր, շարունակում է բիզնեսմենը: Մեկ շաբաթվա ընթացքում գյուղապետը երեք տարբեր գին առաջարկեց, իհարկե, վերընթաց զարգացումով: Ընդ որում, միանգամայն կամայականորեն, չվկայակոչելով ոչ մի իրավական փաստաթուղթ, որեւէ պետական գնացուցակ: Սա էլ դեռ ոչինչ. պայման դրեցՙ որպեսզի գյուղացիների առաջ արդարանա, թե ինչու է ինքը հողակտորը վաճառել «օտարականի», ես պիտի իմ միջոցներով հիմնանորոգեի գյուղի դպրոցի շենքը: Ահա եւ մտածում ես, եթե այս ստորին օղակում է ծաղկում ապրում կոռուպցիան, բացակայում պետական տարրական կարգուկանոնը, ապա ի՜նչ կարելի է սպասել, երբ գործ ունենաս մարզպետի, նախարարի, հարկայինի, ոստիկանության հետ: Ներհայաստանյան կոռուպցիայի մասին շատ էի լսել, սակայն այլ է, երբ երկիրը քայքայող այդ գարշելի երեւույթի հետ առնչվում ես անմիջականորեն: Հավատա, ես գյուղի դպրոցը սիրով կվերանորոգեի, ախր ես էլ եմ սովորել այնտեղ…

    Լրագրողիս այն հարցին, թե Հայաստանում հրեշավոր կոռուպցիայից հետո էլ ինչն է առավելագույնս «տպավորել» զրուցակցիս, նա անվարան մեկ պատասխան տվեցՙ համընդհանուր ատելությունը ընդհանրապես երկրի ղեկավարության ու հատկապես նրա լիդերների նկատմամբ: Գիտես, խորհեց նա, երեւի աշխարհում շատ քիչ պետություններ լինեն, որտեղ այդ նսեմ զգացումը այդքան բացահայտ լինիՙ դարձած համոզմունք:

    Մի խորհուրդ կտայի ձեր թերթին, «եզրափակեց» գործարարը: Ես քաղաքագետ չեմ, գործի մարդ եմ, ավելի հաճախ հայրենիքում լսում էի նույն հարցըՙ ինչու մեր անկախ երկրի բախտը չի բերում ղեկավարի հարցում: Երեք նախագահ, որոնց գործունեության արդյունքը բոլոր առումներով ողորմելի ներկան էՙ հուսախաբ արտագաղթող ժողովրդով: Ձեր թերթի ընթերցողների շրջանում հարցում անցկացրեք նշված հարցի շուրջ, թող նրանք բացահայտեն այս եզակի հայկական «անբախտության» էությունը: Միգուցե մենք միշտ ենք մեր հեզությամբ ու անատամությամբ այնքան անբախտ եղել, որ ցեղասպանություն էլ ենք ապրել:

    Թե՞ էլի… ռուսներն են մեղավոր:

  • «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ԽԱՂԱԼԸ» ԲԵՐԵԼՈՒ ԷՐ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի

    Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Երեւանումՙ սկսած հուլիսի 17-ից կարելի էր սպասել: Վերջին տարիներին մեր երկրում նման ցնցումները ավելի են հաճախակիացել: Հայաստանում ասես քաոս լինիՙ փողոցների ու ճանապարհների փակում, բախումներ, զոռբայություն եւ մի օր էլ հերթը պետք է հասներ զինված գործողությանՙ զորանոցի գրավման, մարդասպանության եւ պատանդներ պահելով քաղաքական հարցեր լուծելու փորձի: Այս ամենի քարոզչական ֆոնն էլ ապահովվում է սոցիալական ցանցերի, մասնավորապես ֆեյսբուքի միջոցով: Որո՞նք են հիմնական պատճառները:

    Առնվազն անիմաստ է այս ամենի տակ սոցիալական ենթատեքս որոնելը: «Հիմնադիր խորհրդարան» կոչվածի ձեռնարկածը բնորոշվում է որպես ահաբեկչություն, որքան էլ ոմանք ջանքեր գործադրեն արդարացնել, վրդովվել «ահաբեկիչ» բնութագրումից, այդ երեւույթը այդպես է կոչվում եւ դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: Հայ ժողովուրդը, սոցիալական վիճակից ելնելով, ահաբեկչության չի գնա: Նախկինում, անկախության տարիներին ունեցել ենք ավելի ծանր սոցիալական կացություն եւ այսօրվա համեմատ ահռելի չափերի հասնող աղքատություն, բայց զինված հեղաշրջումը բնակչության լայն զանգվածներին չի հրապուրել: Այլ բան է, որ ազգի շահերի մասին խոսելով, առանձին խմբեր գնում են այդ քայլին:

    1999-ի հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի խումբը սարսափելի հանցագործություն կատարեցՙ գնակահարելով Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին եւ եւս 6 գործիչների, վկայակոչելով ազգի շահերը: Այն ժամանակ բոլորը գիտակցում էին, որ Նաիրի Հունանյանը ահաբեկիչ է եւ ոչ ոքի մտքով չէր անցնում ի պաշտպանություն նրա բողոքի ցույցի դուրս գալ: Սակայն փոխվում են ժամանակները, եւ երբեմն ոչ այնպես, ինչպես տրամաբանությունն է ենթադրում:

    Չնայած անհամեմատելի են 1999-ի եւ 2016-ի Հայաստանները եւ այս ընթացքում թե՛ տնտեսությունը, թե՛ սոցիալական վիճակը հսկայական դրական փոփոխություններ են կրել, բայց «ժողովրդի շահերով» «առաջնորդվող» զինյալներին, ի տարբերություն 1999-ի, հիմա սկսել են հերոսացնել եւ աջակցության ցույցեր անել: Կարելի է ենթադրել, որ եւս մի 17 տարի հետո, կամ գուցե ավելի շուտ, երբ աղքատությունը Հայաստանում ոչ թե 30 տոկոս լինի, այլ ասենք 10 տոկոս, էլի կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն ահաբեկչություն իրականացնելՙ իբր ժողովրդի վիճակից ելնելով: Հետեւաբար, ահակբեկչության պատճառների մեջ սոցիալականը չկա: Այն գործածվում է իրական պատճառիՙ իշխանության համար պայքարում միջոցների առջեւ խտրություն չդնելու համար որպես հիմնավորում:

    Սոցիալական պատճառ չունեն նաեւ ոստիկանության զավթված շենքի մոտ հավաքվող մի քանի հարյուր ցուցարարները, որոնց մեջ գերակշռում են նրանք, ովքեր մասնակցում եւ նույն ֆեյսբուքի միջոցով ուղղորդում են առանց բացառության բոլոր նման գործողությունները, որոնց միայն մի քանի ժամով են ձերբակալում եւ ապա բացթողնվումՙ նոր անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու ճանապարհ տալով:

    «Հաստիքով» ցուցարարներին, սադրիչներին եւ ոստիկանության հետ բախումներ հրահրողին, բոլոր ցույցերի, փողոցների փակման եւ այլ դեպքերում տեսնում են եւ գիտեն այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Նրանց գլխավոր կարգախոսը, երբ տվյալ պահին տեղի չի ունենում որեւէ բողոքի ակցիաՙ «էս մի ամիս ա լոքշի մեջ ենք, երբ ա ցույց ըլնելու, հելնենք փողոց» (գրառում ֆեյսբուքում): Այսինքն, գոյություն ունի մի զանգված, որի հիմնական աշխատանքը «փողոց հելնելն ա» ու տրամադրություններ բորբոքելը, շահարկելով իսկապես գոյություն ունեցող կառավարման, տնտեսական, կոռուպցիոն եւ մյուս խնդիրները:

    Այս օրերին բնորոշ ցնցումների պատճառներից մեկն, անշուշտ, ամենաթողությունն ու հասարակական կարգուկանոն հաստատելու իշխանության վճռականության բացակայությունն է: Դեմոկրատիա խաղալ մի երկրում, որտեղ ժողովրդի մեծ մասը չգիտի դրա հիմնարար սկզբունքները եւ դա ներկայացնել որպես ժողովրդավարական նվաճում Արեւմուտքին դուր գալու համար, ինչպես վարվում է Հայաստանի նախագահը, առնվազն տարօրինակ է: Ժողովրդավարական երկրներում, օրինակ գիտեն, որ իշխանությունը փոխվում կամ պահպանվում է ընտրությունների արդյունքում, որ մինչ այդ, թե՛ տվյալ պահին իշխանություն հանդիսացող ուժին ձայն տվածները, թե՛ նրա դեմ քվերակածները պարտավոր են ընդունել գործող իշխանությանը: Օրինակ, Ֆրանսիայի (ի դեպ, սոցիալապես անհամեմատ ավելի ապահով, քան Հայաստանը) ներկայիս նախագահ Օլանդի վարկանիշը հասել է մինչեւ 13 տոկոսի, բայց ոչ ոք չի պահանջում իշխանափոխություն մինչեւ ընտրությունները: Կգա ընտրությունների օրը եւ ֆրանսիացիները չեն ընտրի այդ անձին կամ նրա քաղաքական կուսակցությանը: Գոյություն ունի՞ նման ավանդույթ Հայաստանում: Ոչ իհարկե, մենք յուրաքանչյուր նախագահի ընտրության հաջորդ իսկ օրը, սկսած 1991-ից, նրան համարում ենք ոչ լեգիտիմ եւ պահանջում հրաժարական տալ:

    Կարո՞ղ ենք չընտրել Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցությանը հաջորդ ընտրություններում: Անշուշտ: Բոլոր այն խոսակցությունները, որ դա անհնար է, դատարկ խոսակցություններ են: Դա հնարավոր է արդյունավետ քաղաքական պայքար տանելու եւ ժողովրդի մեծ մասի վստահությունը ստանալու դեպքում: Սակայն, եթե պայքարը տարվում է միայն հրապարակներ, փողոցներ եւ հիմա արդեն զենքով զորանոցներ զավթելու ճանապարհով, ապա դա երբեք ոչ մի ուժի չի բերի իշխանության, իսկ եթե բերի, ապա նույն ճանապարհով էլ այդ իշխանությունը կտապալվի: Այս ամենը չի գիտակցում հասարակ ժողովուրդը, նրան ոչ ոք չի սովորեցնում ժողովրդավարության հիմնարար սկզբունքների, դրանք ճիշտ տեղում եւ ճիշտ ձեւով կիրառելու մասին: Արդյունքում, ժողովրդավարություն ասելով մարդիկ հասկանում են, որ իրենք պետք է ասեն «այս իշխանությունը սրիկա է եւ պետք է տապալենք», իսկ նրանք, ովքեր դա կհամարեն պետական հեղաշրջում եւ ոչ ժողովրդավարական մոտեցում, առաջինների կողմից կպիտակավորվեն որպես «դավաճան», «ծախված» եւ այլն: Բնական է, որ ժողովրդավարության այսպիսի յուրօրինակ ընկալման դեպքում, իշխանությունից դժգոհ անձինք, խմբերը, քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերը մշտապես կարող են իրենց իրավունք վերապահել կատարել հակաօրինական քայլերՙ ընդհուպ զենք կիրառելը:

    Անընդունելի է նաեւ, երբ երեւույթների հստակ եւ ճիշտ բնորոշման փոխարեն փորձում են հավասարակշռության նժարներ դնել բռնության դիմողի եւ նրան պատասխանողի միջեւ, սադրողի եւ իր պարտականությունը կատարողի միջեւ: Խոսքը ոստիկանության մասին տրվող գնահատականների մասին է: Յուրաքանչյուր պետությունում ոստիկանություն պետք է լինի եւ այն պարտավոր է ապահովել մեր ներքին անվտանգությունը: Այլապես ինչի՞ համար ենք պահում այդ կառույցը: Նույն Ֆրանսիայում, օրինակ, աշխատանքային օրենսգրքի դեմ ցույցերի ընթացքում ոստիկանությունը կիրառեց բոլոր այն միջոցներըՙ ջրցան, արցունքաբեր գազ, մահակներ եւ այլն, որոնք նա օրենքով իրավունք ունի կիրառել , երբ ցուցարարները սկսում են «շփոթել» օրինականն ու անօրինականը, այսինքն, երբ սկսում են իրեր նետել ոստիկանների վրա, ճանապարհներ փակել եւ այլն: Ոստիկանության գործողություններն այդ դեպքում համարվում են հասարակական կարգուկանոնի հաստատում եւ ամենեւին չեն վարկաբեկում ժողովրդավարությունը տվյալ երկրում: Հետեւաբար, կա՛մ պետք է ընկալենք, որ ոստիկանությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել, կա՛մ գուցե լուծարենք այն ու տեսնենք, թե ի՞նչ կլինի մեր բոլորիս հետ:

    Ի՞նչ հետեւանքներ կունենա հուլիսի 17-ից հետո ստեղծված իրավիճակը, անգամ եթե այն հանգուցալուծվի ամենալավատեսական սցենարով: Եթե կարճ, ապա խիստ բացասական: Տնտեսական վիճակի վատթարացման, Հայաստանը ներդրողների համար վանող դարձնող եւ դրանց սոցիալական հետեւանքների մասին հպանցիկ նշել ենք հարեւան հրապարակման մեջ: Սակայն անգամ սա ամենասարսափելին չէ:

    Վերջին տարիներին բնորոշ դարձած այս ցնցումները ծանր հարվածներ են մեր պետականությանՙ ներառյալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Այսպես շարունակվելու դեպքում մենք պարզապես կկորցնենք մեր անկախությունը: Թե՛ երկրի ղեկավարները, որպես առաջին պատասխանատուներ պետության անվտանգության եւ կայունության, թե՛ քաղաքական ուժերը եւ թե՛ մենք բոլորս, ժողովուրդը, պարտավոր ենք հիշել, թե որտե՞ղ է գտնվում մեր երկիրը, ի՞նչ թշնամիներով է շրջապատված եւ ի՞նչ կարող է լինել ներքին բախումներից հետո: Անտեղյակներին ի գիտություն. ներքին պատերազմին, որպես կանոն, հետեւում է արտաքին ներխուժումը: Մեր դեպքում այս կանոնը հաստատ կգործի:

  • ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԿԵՍԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ԱՃ ՈՒՆԻ

    ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

    Իսկ ի՞նչ կլինի հուլիսից սկսած…

    Մինչ Հայաստանում ցավալի երեւույթներ են տեղի ունենում, քաղաքական պայքարը փոխարինվում է ահաբեկչությամբՙ զորանոցի զավթում, մարդասպանություն եւ պատանդեր, տնտեսական կացությունը մինչ հուլիս ամիսը կայուն է եղել: Մասնավորապես, այս տարվա առաջին կեսի արդյունքները այդ մասին են վկայում, թեեւ ակնհայտ է, որ հուլիս ամսվա իրադարձությունները, անկախ դրանց հանգուցալուծումից, խիստ բացասական ազդեցություն են թողնելու տնտեսության վրա: Տնտեսության, որի զարգացման դեպքում միայն կարող ենք ակնկալել սոցիալական վիճակի բարելավում եւ կենսամակարդակի բարձրացում: Անկասկած է նաեւ, որ նմանատիպ ցնցումները մեր երկրում կբերեն զարգացման արգելակման եւ հետընթացիՙ կվերանա ներդրում կատարելու առանց այն էլ ոչ մեծ ցանկությունը, գործարար ակտիվությունը կնվազի, սոցիալական վիճակը կվատանա: Եվ սա դեռ այն նվազագույն գինն է, որ մենք վճարելու ենք ահաբեկչության միջոցով բարեկեցություն ակնկալելու անհեթեթ ցանկությունների համար: Առայժմ անդրադառանք տարվա առաջին կեսի արդյունքներին:

    2016-ի հունվար-հունիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն, նախորդ տարվա առաջին կեսի համեմատ աճել է 4,8 տոկոսով: Հիշեցնենք, թե ինչպես է փոխվել տնտեսական ակտիվության ցուցանիշը տարեսկզբիցՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.

    2016թ. Հունվարՙ 5 տոկոս

    2016թ. հունվար-փետրվարՙ 4,7 տոկոս

    2016թ. հունվար-մարտՙ 5,5 տոկոս

    2016թ. հունվար-ապրիլՙ 6 տոկոս

    2016թ. հունվար-մայիսՙ 5,5 տոկոս:

    Ըստ տնտեսության ճյուղերի, պատկերն այսպիսին էՙ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 8,9 տոկոսով, ծառայություններինըՙ 8,3 տոկոսով, գյուղատնտեսությանըՙ 3,3 տոկոսով: Մյուս երկու ճյուղերից շինարարությունում անկումը կազմել է 7,8 տոկոս, առեւտրումՙ 0,3 տոկոս:

    Գումարային առումով, չնայած որոշակի նվազմանը, շարունակվում է ամենամեծ ծավալներ ունենալ առեւտուրը` մոտ 973 մլրդ դրամ: Երկրորդ տեղում արդյունաբերության արտադրանքի ծավալն էՙ 659 մլրդ դրամ, երրորդում`ծառայությունների` 579 մլրդ դրամ: Մեր տնտեսության մեջ, դժբախտաբար, շարունակում է գերակշռել առեւտուրը:

    Արտաքին առեւտրաշրջանառությունը տարվա առաջին կեսին աճել է 6,8 տոկոսով եւ կազմել 2 մլրդ 272 մլն դոլար: Արտահանումը կազմել է 815 մլն դոլար, աճելով 16,7 տոկոսով, ներմուծումը կազմել է 1 մլրդ 457 մլն դոլար, նվազելով 3,7 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է մոտ 642 մլն դոլար: 2015-ի առաջին կեսին բացասական հաշվեկշիռն ավելի մեծ էրՙ 684 մլն դոլար:

    Միջին ամսական աշխատավարձը բարձրացել է 3 տոկոսով եւ կազմել 183 հազար դրամ, մասնավոր հատվածում` 219 հազար դրամ, աճելով 6,3 տոկոսով, պետականում` 157 հազար դրամ, նվազելով 0,6 տոկոսով: Միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ, ի դեպ, ներառված է եկամտային հարկը, ինչը նշանակում է, որ այսպես կոչված «մաքուր» աշխատավարձը մոտ մեկ քառորդով պակաս է վերոնշյալ ցուցանիշներից:

    Ինչ վերաբերում է գներին, ապա հունիսին Հայաստանում շարունակել է պահպանվել գնանկումային միջավայրը: Նախորդ տարվա հունիսի համեմատ գրանցվել է 1,1 տոկոս գնանկում, իսկ այս տարվա մայիսի նկատմամբ գնանկումը կազմել է 0,5 տոկոս: Հիշեցնենք, որ գնաճի ցուցանիշը ազգային վիճակագրական ծառայությունը որոշում է, հիմք ընդունելով 470 ապրանքների եւ ծառայությունների գների փոփոխությունները:

    Սոցիալական առավել կարեւոր նշանակություն ունեցող եւ սպառողական զամբյուղում ամենամեծ մասնաբաժինն ունեցող պարենային ապրանքների գնանկումը հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կազմել է 2,6 տոկոս, իսկ այս տարվա մայիսի համեմատ` 1,2 տոկոս, ոչ պարենային ապրանքների գներըՙ նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել են 2,8 տոկոսով, իսկ այս տարվա մայիսի համեմատ արձանագրվել է 0,1 տոկոս գնաճ, իսկ ծառայությունների ոլորտում նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 2,1 տոկոս գնաճ, այս տարվա մայիսի համեմատ էլ գները մնացել են անփոփոխ:

    Դատելով սպառողական շուկայում այս ամսին տեղի ունեցող փոփոխություններից, կարելի է կանխատեսել, որ հուլիսին գնանկում չի արձանագրվի:

  • ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀԱՇՈՒԵՆԿԱՏՈՒԹԵԱՆ ԱՌԱՐԿԱՅ ՉԷ

    ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ, ՌԱԿ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ԵՒ ՄԻՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄԻ, Յուլիս 15, 2016

    Ռամկավար Ազատական կուսակցութեան պառակտումը կը շարունակուի տակաւինՙ ի հաճոյս զայն ստեղծողներուն. եւ այնպէս կը թուի, թէ միասնականութեան միտող շարժումներն ու փորձերը տակաւին անբաւարար կը մնանՙ քանի գրգռողներու աշխատանքները աւելի եռանդ ու թափ կը ստանան ամէն անգամ որ բանակցութիւնները կը մօտենան հասկացողութեան սահմանին:

    Կուսակցութեան պառակտումը ցարդ կը բնութագրուէր անձնական կիրքերու եւ յաւակնութիւններու բախումով, եւ կողմերը համոզուած կը մնային, որ բաժանումը չէ առնչուած սկզբունքային տարբերութեանց հետ: Սակայն նշմարելի է, որ բաժանման ազդակները հասած են հոն, ուր կը յառաջանան նաեւ սկզբունքային հակամարտութիւններ:

    Ռամկավար Ազատական կուսակցութիւնը մէկ ու միաձոյլ սկզբունք որդեգրած է Հայաստանեայց եկեղեցւոյ ներքին տագնապին եւ բաժանման նկատմամբ – պաշտպանել Ամենայն Հայոց Հայրապետութեան գերագահութեան սկզբունքը եւ միացեալ հեղինակութեամբ հանդէս գալ միջեկեղեցական համաշխարհային ատեաններուն դիմաց:

    1956-էն ի վեր կը շարունակուի տագնապըՙ ջլատելով սփիւռքի միասնականութեան ճիգերը, ականահարելով եկեղեցւոյ միջազգային հեղինակութիւնը եւ մանաւանդՙ յումպէտս վատնելով նիւթական ու բարոյական աղբիւրները, որոնք կրնային սատարել սփիւռքի հայապահպանման սրբազան գործին. եւ այս տխուր կացութիւնը կը շարունակուիՙ հակառակ անհետացմանը խորհրդային կարգերուն, որոնք պատճառ ու պատրուակ կը հանդիսանային այս տագնապին:

    Ընդունելի չէ եկեղեցական թեմերու յափշտակութիւնը, ազգակործան բնազդի արդիւնք է ամէն գիւղի, քաղաքի եւ շրջանի մէջ երկու մրցակից կամ հակընդդէմ եկեղեցիներու եւ թեմերու գոյութիւնը, ամբողջ եկեղեցւոյ համար վարկաբեկում է միջազգային ատեաններու առջեւ երկու գլուխներու ցցումըՙ շփոթմունք եւ արգահատանք արթնցնելով օտար եկեղեցիներու գլուխներուն մօտ:

    ՌԱԿ-ի ղեկավարութեան համար հայ եկեղեցւոյ միասնութիւնը միշտ հանդիսացաւ սրբազան սկզբունք մը, եւ այսօր ալ ոեւէ կուսակցականի համար սակարկելի չէ այդ սկզբունքը:

    Այս բոլոր հաստատումները կատարելը չի նշանակեր ուրանալ կամ նուաստացնել այն ազգասիրական, մտաւորական ու քաղաքական իրագործումները զորս կ՛իրականացնեն Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնն ու անոր խոհեմ գահակալը: Պարզապէս անյարիր կը մնան այդ իրագործումները պառակտումի խորացման ու շարունակումին դիմաց:

    Եւ այնքան ատեն որ այդ դրական արարքներու կողքին կը մնայ եկեղեցական պառակտումը, ամէն սրտցաւ հայու պարտականութիւնն է ծառանալ այդ անարդարանալի ընթացքին դիմաց եւ պայքարիլ մինչեւ ամբողջական վերականգնումը եկեղեցւոյ միասնութեան եւ Մայր աթոռի հեղինակութեան անխախտ պահպանման:

    Միասնականութեան այդ նախանձախնդրութիւնը սկզբունքային կեցուածք մը հանդիսացած է եւ կը շարունակէ հանդիսանալ:

    Զարմանալի չէ, որ կուսակցական պառակտումը բնական եւ ընդունելի իրավիճակ նկատող տարրեր միեւնոյն թեթեւամտութեամբ ընդունին նաեւ եկեղեցւոյ պառակտումըՙ կատարելով սկզբունքային խոտորում մըՙ աւելի խորացնելով կուսակցութեան ներքին տագնապը:

    Անթիլիասի կաթողիկոսութիւնը վերջերս հրատարակած է անթուակիր հաղորդագրութիւն մըՙ քաղուածք մը ընելով Պէյրութի «Զարթօնք» օրաթերթէն, ուր կ՛ըսուի – թէ «Ռամկավար Ազատական կուսակցութեան նորընտիր կեդրոնական վարչութեան պատուիրակութիւնը, որուն մաս կը կազմեն ընկերներ Սեւակ Յակոբեան եւ Վարդան Ուզունեան, այցելութիւն մը տուին (տուաւ) Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսին, պաշտօնապէս շնորհակալութիւն յայտնելու վեհափառին, վերջերս Երեւանի մէջ տեղի ունեցած ՌԱԿ 27-րդ պատգամաւորական ժողովին իր յղած օրհնութեան գիրին համար»:

    Նախ Արամ կաթողիկոս պէտք չէ շուտով ոգեւորուի այդ «պաշտօնական այցելութեամբ», որովհետեւ իրեն ներկայացող անձերը չեն ներկայացներ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը:

    Երկրորդ, վեհափառը շատ քիչ բան ըրած էՙ բաւականանալով «օրհնութեան գիրով մը», որովհետեւ այն անձերը, որոնք ՌԱԿ-ի ղեկավարներուն արիւնով պաշտպանուած սկզբունքները պարտութեան սպիտակ դրօշի նման իր ոտքերուն առջեւ փռելով պէտք է արժանի դառնային մէյ մէկ ոսկեայ շքանշաններու:

    Թէ ինչո՛ւ անոնք արժանի պէտք է ըլլային ոսկեայ շքանշաններուՙ պէտք է իմանալ անոնց դասալքութեան հետեւեալ մարգարտեա՜յ խօսքերէն. – «ընկեր Սեւակ Յակոբեան, Արամ Ա. Վեհափառին փոխանցեց ՌԱԿ-ի վճռակամութիւնըՙ մէկ կողմ դնել անցեալի վերաբերող ամէն բարդոյթ եւ լաւագոյն յարաբերութեան մէջ ըլլալու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան հետ, շեշտելով որ եկեղեցական տագնապը այլեւս պատմութեան կը պատկանի, ի տես հայ ժողովուրդի հոգեւոր եւ մշակութային հարստութիւնները երկու կաթողիկոսութիւններու գահակալութեան եղբայրական գործակցութեան»:

    Եթէ այս բեմադրութեան մէջ «բարդոյթ» ունեցող մը կայՙ այդ ալ կը պատկանի վերոյիշեալ գոհար գաղափարները արտաբերող անձին, որ մէկ օրէն միւսը ՌԱԿ-ի ղեկավար դարձած ըլլալու թիւրիմացութեան մէջ կը գտնուի:

    Կարծէք վերեւի հաղորդագրութեան պարզուող անձնատուութիւնը բաւարար չըլլար, որ Սեւակ Յակոբեան առանձինն հաղորդագրութիւն մըն ալ հրապարակած է համացանցին մէջ, ի պէտս ՌԱԿ-ի անդամներուն զարգացման, յայտարարելով.- «Պէտք է յստակացնել, որ վերջերս Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին մեր պաշտօնական այցելութեան ընթացքին կատարած հաստատումս, որուն կ՛ակնարկէ Յակոբ Վարդիվառեան, համահունչ է Ռամկավար Ազատական կուսակցութեան վերջինՙ նուազագոյնը երկու Գերագոյն ժողովներունՙ Լիոնի 26-րդ եւ Երեւանի 27-րդ ընդհանուր պատգամաւորական ժողովներու այս հարցով ընդհանուր մթնոլորտին եւ անկէ բխած պաշտօնական հաղորդագրութեանց հետ»:

    Նախ ՌԱԿի անդամակցութիւնը տեղեակ չէ, թէ իր անունով դասալքութեան դրօշ մը պարզուած է եւ յետոյՙ որո՞նք են այս լուսանցքային անձերը, որ իրաւասութիւնը ունեցան բովանդակ անդամակցութեան անունով այդպիսի անպատասխանատու որոշումներ առնելու:

    Վերոյիշեալ Գերագո՜յն ժողովները կայացած են բացարձակապէս ապօրինի պայմաններու տակ եւ այնտեղ առնուած որոշումներն ալ կը բնորոշուին միեւնոյն ապօրինութեամբ:

    Երբ մարդիկ կրնան որոշ սկզբունքներ ոտնակոխել Լիբանանի վատառողջ պայմաններուն տակ իրենց մաշկը պաշտպանելու, պէտք է գիտնան, որ սփիւռքը ամբողջ Լիբանան չէ, ոչ ալ Ռամկավար Ազատական կուսակցութիւնը անոր թաղերէն մէկուն սահմանուած կազմակերպութիւն մը:

    Արամ կաթողիկոս իր պատուաբեր ժառանգութիւնը ամբողջացնելու համար պարտաւոր է Հայ եկեղեցւոյ միասնականութիւնը իրականացնել իր կեանքի օրերուն:

    Իսկ այնքան ատեն, որ պառակտուած կը մնայ եկեղեցինՙ ամէն սրտցաւ հայու սրտին պարտքն է պայքարիլ անոր միացման համար եւ այդ պայքարը նաեւ հաւաքական դաւանանք է Ռամկավար Ազատական կուսակցութեան:

  • ՓՈՂԿԱՊ, ՀՈՂԱԹԱՓ ԵՒ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ

    ՓՈՂԿԱՊ, ՀՈՂԱԹԱՓ ԵՒ ՈՒՐԻՇ ԲԱՆԵՐ

    ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

    Երեւանը վազն ի վազ կ՛ուզէ ետ չմնալ ու հասնիլ արեւմտեան մայրաքաղաքներու մակարդակին, ամէն օր նորութիւն մը մատուցելով ժողովուրդին եւ զբօսաշրջիկներուն: Օրինակՙ սա հեծանիւի կայանատեղերը. հոյակապ գաղափար է, հարիւրաւոր սարքեր դրուած են քաղաքի այգիներու մուտքին, հիմնարկներու եւ համալսարաններու դիմաց եւ այլ վայրեր, որպէսզի հեծանիւով շրջողները կարենան իրենց հեծանիւները կայանել անոնց մէջ եւ հանգիստ երթալ իրենց զբաղումին: Սակայն երկու տարիէ ի վեր դրուած այս սարքերուն մէջ տակաւին մէկ հատիկ հեծանիւ չտեսայ: Հոգ չէ, կարեւորը փաստելն է, որ ունինք եւ մենք հոգատար ենք եւ միշտ քաղաքացիին բարօրութեան համար կ՛աշխատինք, ի՞նչ ընենք, եթէ քաղաքացին հեծանիւ չի գործածեր եւ կը նախընտրէ երթուղայիններնը:

    Երթուղային… շատերու համար բարիք, ուրիշներու համար պատուհաս… Անոնցմէ շատեր հաւանաբար շաբաթներ ամբողջ, գուցէեւ ամիսներ, մաքրութեան երես չեն տեսած: Վար կը նայիսՙ փոշի ու կեղտ, վեր կը նայիսՙ վարորդին սիկարէթէն սեւցած առաստաղ, նստարաններուն վրայՙ բաւական կարծրացած իւղի շերտ… Վարորդին նայիլ չեմ թելադրեր, որովհետեւ երկտակ եղած ճամբորդներուն ցաւին վրայ նոր ցաւ մըն ալ չեմ ուզեր աւելցնել: Ամառ եղանակին վարորդին տաբատը սոթթածՙ մերկ ոտքերը տեսնելու, կամ չածիլուած երեսը, կամ անոր մէկ ձեռքով մեքենան վարելը, քանի որ միւս ձեռքով կա՛մ սիկարէթ, կա՛մ բջջային հեռախօս բռնելը… Պէտք է յորդորել, որ ասկէ ետք երեք կամ չորս ձեռքով վարորդներ հրաւիրեն աշխատանքի, որպէսզի երկու ձեռքով ղեկը բռնեն, երրորդով սիկարէթը եւ չորրորդով բջջայինը, եթէ անշուշտ սուրճ ալ չեն խմեր. ապա թէ չէ այդ պարագային հնդկական վեց կամ ութ ձեռքով աստուածներուն պիտի դիմէինք:

    Հիմա եկուր ու մի խօսիր սա նոր, պարտապանաց սնտուկներուն մասին, որոնք տնկուած են կանգառներուն կողքին եւ որոնք կարգիլեն սպասողներուն, որ տեսնեն մօտեցող երթուղայինը կամ փոխադրակառքը, թէեւ անոնք ուրիշ պարտականութիւն մը ունին, ցոյց կու տան (պէտք է տանՙ անշուշտ եթէ գործեն…) թէ քանի րոպէէն կը հասնի այսինչ աւտոբուսը:

    Օդակայան է կարծես, ամէն ինչերնիս թամամ եղաւ, մնաց որ այս սարքերն ալ տեղադրեն, որպէսզի զարգացած կամ գերզարգացած երկիրներու նմանինք:

    Հիմնականը ձգած, ինկած ենք ոչ-անհրաժեշտ, երկրորդականին, կամ տասներորդականին ետեւէն ու ահագին դրամ կը ծախսենք անոնց վրայ: Ինչէ՞ն մղուած կընենք այս բոլորը. ցուցամոլութենէ՞, թէ՞ դրամ մսխելու մոլուցքէն:

    Գիտէ՞ք ինչի կը նմանցնեմ այս արարքներըՙ մէկուն, որ ոտքին հողաթափ ունի, իսկ վիզին թիթեռնիկ-փողկապ… Ծաղրանկարային է, չէ՞:

    ՄԷյ մը փոխադրակառքերուն ուշադրութիւն դարձուցէք, զանոնք օգտագործողները մեր քաղաքացիներն են եւ անոնց առողջութիւնը կը նպաստէ երկրի առողջութեան: Թաքսիներուն մգացուած ապակիները արգիլեցէք, պարտադրեցէք որ բոլոր թաքսիները հաշուիչ ունենան: Կանգառներու հարցը շարունակեցէք կարգաւորել, որպէսզի առաջին հասած մեքենան ծայրը չկանգնի եւ իր ետեւէն եկողներըՙ կանգառէն 20 մեթր հեռու, ճամբուն մէջտեղը եւ ստիպեն, որ մարդիկ վազվռտեն իրենց յարմար փոխադրակառքը գտնելու համար: Նորոգեցէք փողոցներու ստորգետնեայ անցումներուն սանդղամատերը, լուսաւորեցէք զանոնք, քաղաքին զանազան մասերուն մէջ զուգարաններ տեղադրեցէք, հոգ չէ թէ վճարումով…

    Դեռ ինչեր ու ինչեր կան ընելիք, աւելի կարեւոր եւ տարրական, քան… թիթեռնիկ-փողկապը: