Category: 08 Սեպտեմբերի, 2017

  • ՀԱՅԱՍՏԱՆ – ՓՈՔՐ, ՀՈՅԱԿԱՊ ԵՐԿԻՐ

    ՄԵԹԹԵ ԲՈՔ

    Դանիայից մեր հայրենակից Անահիտ Կարապետյանը «Ազգ»ին է ուղարկել, իր թարգմանությամբ, հետեւյալ գրությունը, որի հեղինակը Դանիայի մշակույթի եւ եկեղեցու հարցերով նախարար Մեթթե Բոքն է:


    Եթե դժվարանում եք հասկանալ մշակույթի, լեզվի եւ պատմության նշանակությունը երկրի եւ բնակիչների համար, այցելեք Հայաստան կամ խոսեք այդ մասին Դանիայում բնակվող հայերի հետ:

    Երեք գերծանրաբեռնված օրերից հետո Հայաստանից վերադարձել եմ Դանիա: Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն է, սեղմված Վրաստանի, Ադրբեջանի, Պարսկաստանի եւ Թուրքիայի միջեւ… Երկիրը մինչ օրս զգում է ռուսական սառը շունչը:

    Հայերի պատմությունըՙ ամուր ինքնություն ունեցող ազգի պատմություն է:

    Երկիրը շատ աղետներ է տեսել:

    Պատերազմներ, բռնագրավումներ, թուրքերի կողմից աքսորներ եւ սպանություններՙ հարյուր հազարավոր հայերի հանդեպ 1915-17 թթ., եւ այլն:

    Բայց միեւնույնն է, երկիրը շարունակում է գոյություն ունենալ:

    Իր լեզվով, գրերով եւ ամուր հավատքով աշխարհի այն տարածաշրջանումՙ որտեղ գերակշռող մասը մահմեդականներ են:

    Երկրի հարուստ պատմությունն ու մշակույթը սերնդեսերունդ պատմվում եւ փոխանցվում է:

    Այսօր Հայաստանից դուրս ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, մոտավորապես 3 միլիոն:

    Բայց հայերը շարունակում են մնալ միասնական:

    Ամուր ազգՙ լի հույսով եւ հավատով դեպի ապագան:

  • ԲԱՐԻՔԻ ՄԸ ՄԻՒՍ ԵՐԵՍԸ

    ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

    Ճորճ եւ Ամալ Քլունի ամոլը որոշած է 2.5 միլիոն տոլար նուիրել, որպէսզի Լիբանան ապաստանած սուրիացի փախստականներու զաւակներուն համար 7 դպրոց կառուցուի, քանի որ անոնք Սուրիոյ պատերազմական վիճակին պատճառով տարիներէ ի վեր զրկուած են ուսումէ:

    Լուրը կ՛ուրախացնէ անկասկած, քանի որ նպատակը բարի է եւ նուիրատուներն ալ համակրելի անձնաւորութիւններ են: Սակայն, երբ քիչ մը խորանանք հարցին մէջ, պիտի տեսնենք, որ երեւոյթով բարի ու օգտաշատ այս ձեռնարկին ետեւ լուրջ մտահոգութիւններ կան: Արդէն վեց տարիներէ ի վեր սահմանամերձ Լիբանան ապաստանած սուրիացի գաղթականներուն թիւը, որ մէկ ու կէս միլիոնով կը գնահատուի, կը նշանակէ որ դեռ երկար պիտի մնան այդ գաղթակայաններուն մէջ եւ Սուրիոյ մէջ իրենց տուները վերադառնալու յոյսեր չկան, ինչ որ մտածել կու տայ, թէ պատերազմին աւարտը դեռ մօտալուտ չէ, կամ պատերազմին հետքերը վերացնելն ու Սուրիոյ մէջ անոնց բնակավայրերը վերականգնելը դեռ տարիներ պիտի տեւէ:

    Անշուշտ այս հարցին մէջ քլունիները յանցանք չունին, քանի որ ձեռնարկը պիտի իրագործուի ՄԱԿ-ի գաղթականաց գրասենեակին եւ UNICEF-ի միջոցաւ, ինչ որ կը նշանակէ, թէ այս համաշխարհային կազմակերպութիւնները գիտեն բաներ, որ հանրութիւնը չի գիտեր:

    Ես կը ցաւիմ ոչ միայն սուրիացի գաղթականներու խեղճ ու կրակ վիճակին համար, որոնք անբաղձալի տարր նկատուած են լիբանանցիներուն կողմէ եւ ենթակայ են տարատեսակ թշնամական վերաբերմունքի եւ նուաստացումի, այլ կը ցաւիմ Լիբանանի համար, որ իր բնակչութեան չափ ալ գաղթականներ ընդունեց, աւելի ճիշտ կ՛ըլլայ ըսելՙ պարտադրուած ընդունեց եւ կքեցաւ անոնց բեռին տակ: Նախՙ կէս միլիոն պաղեստինցի ու հիմա ալ մէկ ու կէս միլիոն սուրիացի…

    Լիբանան փոքր երկիր է, սակայն «Միջերկրականի հարսն» է ու գոհարը, բայց ակամայ միջպետական խաղերու եւ դաւերու ալ թատերաբեմ դարձած է, որոնք կ՛աղօտեն անոր փայլքը:

    Վերադառնալով քլունիներու բարեսիրական այս ծրագրին, պիտի ըսէի, որ աւելի լաւ չէ՞ր ըլլար, եթէ այդ գումարը տրամադրուէր գաղթականներուն տուն վերադարձը իրականացնելու, քանդուած անոնց տուները վերանորոգելով եւ ապրուստի միջոցներ հայթայթելու: Խնդրոյ առարկայ գումարը մեծ բան մը չէ, սակայն տեղին ծախսուելով կրնայ կարեւոր օժանդակութիւն ըլլալ ի նպաստ սուրիացիներու վերաբնակեցման:

    Հոլիվուտի հարոուստ աստղերը յաճախ բարեսիրական նուիրատուութիւններ կ՛ընեն, յատկապէս բժշկական մարզին մէջ: Սակայն քլունիներու այս ժեստը իւրօրինակ է. երեւի տիկին Քլունիիՙ լիբանանցի Ամալի առաջարկով եղած է: Թէ ի՞նչ տեսակ սերունդ պիտի դուրս գայ այդ դպրոցներէն, մօր կաթին հետ պատերազմի լեղին ծծած, վրանաքաղաքներու եւ հիւղաւաններու գռիհներուն մէջ թրծուած այդ երախաներու զանգուածէն, այդ ալ ուրիշ հարց է:

    Ամէն պարագայի, թող իրականանայ իրենց երազը բազմահազար երախաներուն ուսումը ապահովելու, մինչեւ որ ժամը հնչէ ետդարձի:

    Թէ ո՞վ պիտի հնչեցնէ այդ ժամը, չենք գիտեր, սակայն կը մաղթենք, որ չուշանայ անոր տուն հրաւիրող ղօղանջը:

  • ԿԱՏԱԼՈՆԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐԱՑՆԵԼ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

    Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչետինոն ստորագրել է տարածաշրջանում անկախության հանրաքվե անցկացնելու մասին օրենքը, որն ավելի վաղ, ձայների 72 կողմ, 60ՙ դեմ, 3ՙ ձեռնպահ հարաբերակցությամբ, ընդունել էր Կատալոնիայի խորհրդարանը:

    Մադրիդը հայտարարել է, որ կատալոնացիների ընդունած օրենքի սահմանադրականությունը կվիճարկի Իսպանիայի Սահմանադրական դատարանում:

    Մադրիդում ոչ ոք չի խոսել կատալոնացիների դեմ պատերազմ սկսելու մասին, առավել եւսՙ ոչ ոք չի պատրաստվում դա անել:

  • ՄԵԶՆԻՑ ԱՆԿԱԽ ԵՎ ՄԵԶՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐ

    ՄԵԶՆԻՑ ԱՆԿԱԽ ԵՎ ՄԵԶՆԻՑ ԿԱԽՎԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐ

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Երբեմն այնպես է թվում, թե մենք մի մոլորակում ենք ապրում, մնացած աշխարհը` մի այլ:

    Հենց թեկուզ համացանցը որ նայում ես` ընդհանրապես կարծես համամարդկային օրակարգից դուրս ապրենք. այստեղ ժամանակն այնպես է դանդաղում, մեր օրն այնպիսի հիմար մանրուքներով է լցված, որ ակամա սկսում ես դրա պատճառների հետեւից ընկնել; Ու մի լավ քրքրելով թեման ներսումդ` հասկանում ես, որ մեր առօրյան բավական գավառական է եւ տրամագծորեն հետ է մնում միջին հայի սովորական պահանջմունքներից ու հետաքրքրություններից:

    Գուցե պատճառների մեջ գլխադաս է այն, որ հայը, ամենավաղնջական ազգերից մեկը լինելով, աշխարհի մերանն է եղել` գնացել ու շատ լավ է զգացել այլ երկրներում, սկզբնավորել եւ ձեւավորել այլ պետություններ ու ազգերի, այնտեղ զգացել իրեն ինչպես տանը` միշտ ունենալով ամենայն նորը իր մեջ տարրալուծելու, դրա կրողը դառնալու հակվածությունը: Ու այդպես «կանդիցիա» է կատարվել, աշխարհի հետ էլ չափվել ենք դրսին տված ու մեծության հասած անուններով` մեզ այդպես զգալով աշխարհաքաղաքացի, իսկ դա, հավատացեք, նախ առաջավոր մարդկության միջին պահանջերը կրողն է: Հիմա այդ զգացողությամբ հային մեր պետությունը փաստորեն առաջարկելու բան չունի` արտագաղթից բացի, մինչդեռ այս տեսակի հայի ներուժը կարող էր երկրին անչափելի օգուտներ բերել; Իրազեկված, աշխարհի ձեռքբերումներին տեղյակ, նորին ձգտելու շարժիչ կրող հայերին` ամենագավառական բարքերից, աչառու կադրային քաղաքականությունից, տգետներին ու կիսագրագետներին խրախուսելուց բացի` համարյա բան չի առաջարկվում, ու անգամ արդեն գաղտնի չի պահվում, որ երկրի սահմանափակ ռեսուրսն այլեւս հնարավոր չէ հետ ստանալ մի քանի մարդկանցից`արդյունքը բավարար չափով հասանելի դարձնելով ազգի զարգացման հեռանկարի տեսակետից պիտանի շերտերին: Նրանք էլ, տեսնելով կիսագրագետների համատարած կենսունակությունը որպես իշխող, լծակների տիրապետող եւ որոշումներ կայացնող «սերուցքի», հեռանում են այնտեղ, ուր կարող են իրենց ներսի հարստությունը, գիտելիքն ու հային հատուկ պրպտումի շարժիչն ի գործ դնելով կայանալ, ապահովել իրենց ու իրենց ընտանիքների կյանքը: Չնայած դրանից ստացվում է, որ նրանք նախ կայացնում են այլ պետություններ, քանզի հարստանալու եւ կայանալու անհագ ձգտումը հայերին տարբերում է մեկնած պետությունների ծույլ ու պետության կողմից ապահովված քաղաքացիներից, դարձնում ցանկալի այդ պետությունների համար` ոլորտների կամ հմտությունների զարգացման գեներատոր դարձնելով մերոնց:

    Փաստորեն ես նկարագրեցի արտագաղթի անատոմիան` մի փոքր մակերեսից ավելի խորք նայելով: Ընդ որում` այս բանիմաց, երկրին ու հայությանը բոլոր իմաստներով անհրաժեշտ շերտերին հետեւում է առավել լայն, առանձնապես հմտությունների ու կրթական մակարդակի չտիրապետող շերտը`զուտ սոցիալական պատճառներով, ու պատկերը մեր երկրի համար դառնում է առավել քան անմխիթար: Մինչդեռ հարկ էր սովորել այդ պետություններից, դողալ մասնագետի ու գիտելիք տիրապետողի վրա ու նրան բաց չթողնել` նրա պահանջների համեմատ հնարավորությունների դուռ բացելով:

    Բայց ո՞վ պիտի բացի այդպիսի դուռ` ասենք Երեւանի կամ մեկ այլ համայնքի ավագանու կիսագրագետ անդամի ու նրան հրող կուսակցության երեւակայության մեջ չի տեղավորվի, որ ինքն իր տեղում չէ, եւ իր տեղում պետք է լիներ այն կիրթ երիտասարդը, որին ուրախությամբ են սպասում ասենք Կանադայում կամ Գերմանիայում:

    Կիսագրագետը չի կարող գրագետ որոշումներ ընդունել, հեռանկարին նայել իր գրպանից գոնե մեկ մետր բարձրությունից, իսկ կիսագրագետների բազմությունը պետություն է կռացնում արդեն, մի քանի գրագետի արածը ջուրը լցնում, Հայաստանը զրկում գրագետ զանգվածից, այսինքն` ապագայից:

    Կիսագրագիտությունը մոտեցումների, սկզբունքների, գործելակերպի գաճաճությունն է ամեն ինչում, իսկ մեզ հսկաների առատություն է պետք` գավառական հայացքից ազատվելու եւ երկիրը կայացնելո՛ւ մեջ նրա բնակիչների ապահով կցությունը տեսնելու համար: Է, այսպիսի հերոսական մոտեցում մի՞թե կարելի է պահանջել ամենուր իշխող եւ ինքնասպասարկմամբ միայն զբաղվող գավառամտությունից: Ընդ որում` դա ամենուր է` ե՛ւ կառավարման հատկապես երկրորդ ու երրորդ մակարդակներում, ե՛ւ բուհերի դասավանդող զանգվածում, եւ կուսակցական վարչարար օղակներում, ե՛ւ անգամ լրագրության մեջ…

    Ումից եւ ինչպես պահանջել այն մոտեցումները, որոնք ոչ թե զանազան խմբերին, անձերին, կլաններին են պետք, այլ Հայաստանի երեք միլիոնից արդեն պակաս բնակչությանը: Ումից պահանջել, եթե օրակարգի գլխավոր հարցը հիմա ոչ թե կամքի որոնումն է, այլ ընդամենը… անփոխարինելիության ամրապնդումը մինչեւ օր ծերություն:

    Այս բոլորը, ինչ ասում եմ, բացառապես մեզանից կախված պատճառներով վիճակ է, որը փոխելու համար առայժմ որեւէ անհատի, կուսակցության կամ կլանի ինքնակամ զոհողությունը, իսկ ավելի շուտ` քաղաքական կամքը չենք տեսել, եթե չասենք` հակառակը, համակերպվելն ու համակերպվելու կոչերն ենք տեսել:

    Լավ, ամեն օր տեղի ունեցող ինքնասպանությունները ձեր հոգուն ու խղճին ի՞նչ են ասում:

    Այս բոլորին զուգահեռ, մեզանից անկախ պատճառներով, աշխարհում կատարվում են բաներ, որոնք կարող են մեր ներսի վիճակը փոխելու ինչ- որ մոտիվ պարունակել, ուզո՞ւմ ենք մենք դա, թե՞ ոչ:

    Մեզանից անկախը

    Չնայած Հայաստանի ներսում բարքերի ճահճացմանը` մենք այնումենայիվ, ապրում են ա՛յս մոլորակում, որտեղ տեղի ունեցողը մեզանից անկախ կարող է գալ ու կպչել մեզ, լավ կամ վատ փոփոխություններ բերել հայերիս: Ասենք` նույնիսկ Ֆլորիդային սպառնացող «Իրմա» ծովամրրիկը ու նրան օգնության հասնող «Կատյա» ծովամրրիկը միայն առաջին հայացքից կապ չունեն մեզ հետ` իրականում նրանք կարող են վնասել եւ զրոյացնել նաեւ ԱՄՆ-ի արեւելյան ափի հայերի բնակավայրերը, որոնք ի վերջո օգնում էին երկրում մնացած իրենց ազգականներին, իսկ դա նշանակում է այդ ազգականների ապրուստի միջոցի ոչնչացում:

    Լավ, «Իրման» մեզանից հեռու է, բայց մեզ կպած Ադրբեջանի վերջին դիմակազերծումները կարող են ծովամրրիկի ազդեցությունն ունենալ այդ երկրի համար, ու մեզնից անկախ պատճառներով`մեր գործն ակամա կրկնապատկել եւ Եվրոկառույցներում, ԵԽԽՎ-ում, ուր արդեն իսկ ԵԽԽՎ նախագահի իմպիչմենթն էր նախապատրաստվում հոկտեմբերին: Ուրեմն նոր ուժով ստիպված պիտի ուղեղ ու մարմին շարժենք` մեզանից անկախ մատուցված այդ իրավիճակի համար լրացուցիչ ջանքեր գործադրելով:

    Խոսքը համաեվրոպական թերթերի ընկերակցության բացահայտած կոռուպցիոն սխեմաների մասին է, որ գործադրել է Ալիեւների կլանը` իրենց հարցերն առաջ տանելու համար ահռելի գումարներով միջնորդավորված կաշառելով եվրոպական չինովնիկներին:

    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը չի բացառում, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի մասին սկանդալային հրապարակումից հետո ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարց բարձրացվի:

    Հասկացաք, որ շատ գործ ունեն Հայաստանի տարբեր կառույցներն այս առումով` տիրապետած սեփական տեղեկատվությունը ի ժամանակի եւ ի տեղի եվրոպացիներին մատուցելու եւ մեր խնդիրներն առաջ տանելու տեսակետից: Սա մի հնարավորություն է, որ եկել է հայերիս դուռը, երբ մենք մեզ համար նստած էինք, ու սա ճիշտ չօգտագործելը կլինի, մեղմ ասած, անբաշարություն: Մանավադ, որ այժմ տարբեր երկրներում կսկսեն հետաքննել, թե իրենց պաշտոնյաներն արդյո՞ք կապ են ունեցել բացահայտված կոռուպցիոն սխեմաների հետ, ու տեղին կլինի նրանց հիշեցնել զանազան միլիցամարկովիչների մասին, ինչպես նաեւ բացահայտելու Ադրբեջանի հակամարդկային դեմքը Արցախի խնդրի հետ կապված: Կամ գոնե պետք է ամեն առիթով հիմա տեսանելի դարձնել, որ Հայաստանն այդպիսի կոռուպցիոն սխեմաների երբեք չի դիմում:

    «Ալիեւի լվացքատունը», ինչպես որ ավնվանել է եվրոպական թերթերի ընկերակցությունն իր հետաքննությունը, փաստորեն, բացահահայտելով ալիեւյան կոռուպցիոն սխեմաները` բացահայտել է նաեւ Եվրոպայի կոռումպացված չինովնիկների դենքը, ապտակ հասցնելով Եվրոպայի երեսին: Եվրոպան, պիտի որ չհանդուրժի ալիեւյան այս ողջ սկանդալը,մինչեւ վերջ գնա` կոռումպացվածներից ազատվելու համար, եթե մտածում է իր չհեղինակազրկվելու մասին: Գումարած` մարդասպան Ռամիլ Սաֆարովի համար Հունգարիային վճարված յոթ մլն դոլարը:

    Հիմա բոլոր եվրոպական երկրները կարող են սկսել հետաքննել` կապվա՞ծ են իրենց տեղական գործիչները ադրբեջանական կոռուպցիոն սխեմային, թե՞ ոչ, ինչպես որ Լիտվայի Սեյմի հակակոռուպցիոն հանձնաժողովն է հիմա անում: Այնպես որ Ալիեւն ու Ալիեւան մեր սահմանները լարված պահելու փոխարեն, թող այս միջազգային խայտառակությամբ զբաղվեն, որը բացահայտում է այդ երկրի միջնադարյան կերպարը:

    Իսկ սրան պատրա՞ստ ենք

    Մեզանից անկախ պատճառներով` մեր խնդիրները նորովի դիտարկելու հնարավորության ամենակարկառուն օրինակը էլի վերջին օրերին էր:

    ԱՄՆ-Ռուսաստան հերթական սրացմանն է դա վերաբերում, որը շատ առումներով դեռ կարող է գալ ու կպչել Հայաստանին, քանի որ Էս երկու պետությունների տարածաշրջանային շահերի կիզակետում ենք:

    Որ Պուտինն ասում է, թե հակամարտ գոտիներ զենք մատակարարելը չի նպաստում խաղաղությանը, առաջին միտքն ի պատասխան հայկական ուղեղներում ծագում է ինքնաբերաբար` բա Ադրբեջանին ռուսական զենքի մատակարո՞ւմը: Ու այս իմաստով փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի միտքը, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով արժե հակամարտ գոտիներ զենքի մատակարարման էմբարգո կիրառելու ուղղությամբ աշխատել, արժե առարկայական դարձնել ու ջանքեր գործադրել: Պուտի՞նը հո իր ասածից հետ չի կանգնելու Անվտանգության խորհրդում:

    Սրան ինչ ասենք

    Ամեն օր սարսափով բացում եմ լրահոսը` սրտի դողով սպասելով, թե էլ որ տարածքում բռնկված հրդեհի մասին կկարդամ: Մի ժամանակ այդ հրդեհները «բռնկվում» էին հեռուստաաշտարակի մոտիկ անտառում, բուսաբանական այգում ու էլի այն կանաչ տարածքներում, որի վրա աչք ունեին սննդի օբյեկտ տեղադրելու ախորժակ ունեցողները: Ու լրագրողներս սանիտարի պես վրա էինք հասնում` հրապարակմամբ փորձելով փակել առաջին հերոստրատների ախորժակը: Ինչ մեղքս թաքցնեմ` ես էլ բնապահպան Կարինե Դանիելյանի նման կասկածներ ունեմ ներկա հրդեհների բնական ծագման վերաբերյալ: Օրինակ` եթե Բյուրականի` հանքակից ծառերի հրդեհի մասին ահազանգ է եղել` պիտի ստուգվեր, միգուցե հետագա հրդեհն այդպիսով կանխվեր: Ինչպես որ բնապահպաններն են կասկածում` որեւէ գործունեության ընդլայնման նպատակով չարամիտ հրդեհները չի կարելի բացառել, այ, եթե մի լավ հետաքննվի ու պարզվի, որ մարդկային գործոնը դեր չունի Խոսրովի անտառի, Բյուրականի հրդեհի հետ` միգուցե մեզ մոտ կասկածները վերանան:

    Եզրակացություն. Վերադառնանք մեր նյութի սկզբին: Մեզանից անկախ պատճառներով մեզ կարող են մատուցվել միջազգային տարբեր հնարավորություններ ու պատեհություններ, որոնցից արդյունավետ օգտվելու հնարավորությունը մեր երկրի ներքին մթնոլորտի փոփոխությունը, մեր ներսի տաղանդավորներին ճանապարհ տալն ու Հայաստանում իշխող մտայնության վերբեռնումն է` դեպի գրագետ ու ներքին կոռուպցիաներից զերծ հասարակություն:

  • ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՐՑՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԷԼ ԽՄԲԱԳՐԵՑ ԿԱՐԾԻՔԸՙ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԹՈՂՆԵԼՈՎ ՄԵՆԱԿ

    Ան. Հ.

    Միջուկային վերջին փորձարկումներից հետո Հյուսիսային Կորեայի կոշտ դիրքորոշումն անփոփոխ է մնացել: Երկրի իշխանությունները սպառնում են ազդու հակաքայլեր կիրառելՙ գերտերությունների նոր պատժամիջոցներ սահմանելու դեպքում: Սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում անցկացվող Արեւելյան տնտեսական ֆորումի նիստում կորեական ճգնաժամի թեման առանցքային դեր է կատարել: Ռուսաստանը Հյուսիսային Կորեայի վարքագիծը նկատել է իբրեւ ինքնապաշտպանական քայլ, մերժել այդ երկրի դեմ հետագա պատժամիջոցներ սահմանելուՙ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, ՄԱԿ- ի միակամությունը: Հյուսիսային Կորեայի կարեւորագույն դաշնակից Չինաստանը սակայն կողմ է «թե՛ պատժամիջոցներին, թե՛ երկխոսությանը», հաղորդում է գերմանական հեռուստատեսությունը:

  • ԵՎՐՈՊԱՑԻՔ ՆՈ՜Ր ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍԻՆ

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

    Բոլորովին պատահական չէր, որ ընդամենը 10 օրում եվրոպական երկու լրատվամիջոց, երկու տարբեր երկրներումՙ Բուլղարիայում եւ Մեծ Բրիտանիայում, բացահայտեցին Ալիեւների իշխանության միջազգային մութ գործարքների եւ արարքների էությունը. հենց այդ երկրներում է հյուսվել խարդախության, կաշառակերության, կեղծարարության եւ ահաբեկչության ադրբեջանական սարդոստայնի եվրոպական հատվածը, որի բացահայտողներն են հանդիսանում, մե՜ծ ուշացումով, բուլղարական Trud.BG կայքը եւ անգլիական հեղինակավոր The Guardian օրաթերթը: Առաջինըՙ հետաքննող լրագրող Դիլյանա Գայթանջիեւայի (Dilyana Gaytandzhieva) գրչով, երկրորդըՙ Լյուկ Հարդինգի (Luke Harding), Կաելայն Բարանդի (Caelainn Barand) եւ Դինա Նահապետյանցի (Dina Nagapetyants) համահեղինակությամբ:

    Ըստ առաջին հրապարակման, որն արժեցավ հեղինակի անհապաղ ազատմանը աշխատանքից, 2012-2016 թթ.ին Ադրբեջանի պետական փոխադրողը հանդիսացող Silkway Airlines ընկերության 350 թռիչքներով, «դիվանագիտական անձեռնմխելիության» քողի տակ, օգտագործելով տարբեր երթուղիներ, բայց հիմնականում` բուլղարական Բուրգազը, ազերիները զենք-զինամթերք ու քիմիական նյութեր են առաքել աշխարիհ մի շարք թեժ կետեր, մասնավորաբար Սիրիա, Իրաք, Աֆղանստան եւ անգամ Կոնգո, բոլորն էլ ահաբեկչական կազմակերպություններին, այդ վաճառքի, ավելի ճիշտՙ վերավաճառքի դիմաց գանձելով միլիարդավոր դոլարներ: (Այստեղ տեղին պիտի լիներ հարց տալ մեր դաշնակից ռուսներին, որոնք գլխավոր մատակարարն են այդ սպառազինությունների. մի՞թե չգիտեին, թե ո՞ւմ են տրամադրվում դրանք եւ ո՞ւմ դեմ): Միջազգային դիվանագիտության բոլոր նորմերի խայտառակությունը հանդիսացող այդ գործարքների, ավելի շուտ մաքսանենգության որոշ փաստերին հավելյալ անդրադարձները կարելի է գտնել կողքի սյունակներում եւ հետագա էջերում:

    Ինչ վերաբերում է երկրորդՙ «Դը Գարդիանի» հրապարակմանը, ապա այն կատարում է զգայացունց բացահայտումներ, որոնք ապացուցում են, մեզ համար գուցե ավելորդ անգամ, որ ադրբեջանական պալատական էլիտան ոտից գլուխ ներծծված է փողերի լվացման, կաշառատվության, քաղաքական եւ այլ բնույթի խարդավանքներով, օգտագործելով բրիտանական քիչ հայտնի եւ ըստ ամենայնի ոչ թափանցիկ կազմակերպությունների եւ ընկերությունների խողովակները: Հետաքննական այդ հոդվածի տվյալներով, Անգլիան եւ Շոտլանդիան ադրբեջանական սարդոստայնի գլխավոր հենակետերն են, որոնց միջոցով 2012-2014 թթ.ին շուրջ 3 միլիարդ դոլարի թաքուն կամ քողարկված փոխանցումներ են կատարվել 16 հազար անգամՙ մեծ թվով քաղաքական գործիչների, լրատվամիջոցների, լրագրողների, բժշկական ու կրթական հաստատությունների հասցեին, այդ թվում, օրինակ, Լոնդոնում հաստատված Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի բուլղարացի տնօրեն Քալին Միթրեւին (Kalin Mitrev), որի կինը, ի դեպ, UNESCO-ի տնօրեն Իրինա Բուքովան (Irina Bukova) է, որին այդ պաշտոնում այժմ հավակնում է փոխարինել Բյուլբյուլօղլին… (Սա էլ մի ուրիշ պատմություն, որին կանդրադառնանք հետագայում): Այդ փոխանցումներն անշուշտ օրինական կարգով չեն կատարվել, այլՙ կրթաթոշակների, հիվանդանոցային ծախսերի, թանկարժեք նվերների, հյուրանոցային վճարումների, «մարդասիրական» եւ այլ ծրագրերի ֆինանսավորման եւ այլՙ զարմանազան ձեւերով, որոնք, ըստ «Գարդիանի», ֆինանսական վերահսկողական մարմիններում ստացել են «Ադրբեջանական լաունդրոմատ» (Azerbaijani Laundromat) հորջորջումը, «լվացք» եւ «բանկոմատ» բառերի կրճատ համադրմամբ, որի թույլ եւ տկար համարժեքը հայ իրականությունում «խավիարային դիվանագիտություն» է կոչվում: Այլ խոսքով, վերոհիշյալ եւ անշուշտ այլ երկրներում գործում է մի ամբողջ բազմամարդ համակարգ, որի ստեղծման նպատակը, ըստ անգլիական թերթի, իշխանությունը պահպանելու, մամուլի եւ միջազգային տարբեր հիմնարկներում ու ֆորումներում քննադատությունից խուսափելու, մարդու իրավունքների պաշտպաններին ճնշելու համար պատժամիջոցներից խուսափելու նախագահ Ալիեւի ցանկությունն է:

    Սակայն երկու լրատվամիջոցներն էլ անտեսում կամ հաշվենկատորեն խուսափում են հայ-ադրբեջանական հակամարտությունը հիշատակելուց, ինչը մեր առաջ խնդիր է դնում բազմապատկելու մեր ջանքերը արտաքին ասպարեզներում: Խնդիրՙ որով պետք է զբաղվի հայկական դիվանագիտությունը, հայկական լոբբիինգը, որոնց համար այս հրապարակումները, որոնց անկասկած հետեւելու են նորերը, նպաստավոր ալիք են ստեղծում, որից պետք է կարողանանք օգտվել եւ շտկել անարդար վերաբերմունքը մեր նկատմամբ, գոնե հասարակական կարծիքի մակարդակում:

    Գիտակցել է պետք, որ վերոհիշյալ ուշացած բացահայտումների համար ընտրված այս պահը բոլորովին պատահական չէ: Ադրբեջանը գոնե եվրոպական ասպարեզի վրա սկսել է կորցնել իր շինծու հեղինակությունը: Այս եւ հետագա հրապարակումներից հետո այլեւս եվրոպացի ոչ մի գործիչ չի ուզենա գործարքի մեջ մտնել Ալիեւի կլանի հետ, որն այժմ խեղճացել է նավթադոլարներից եւ «Իսլամական պետության» ու նման կազմակերպությունների ահաբեկչական հաճախորդությունից: Պետք է գիտենալ նպաստավոր քամու օգնությամբ թիավարել ճիշտ ուղղությամբՙ դեպի ճշմարտություն եւ արդարություն: