Category: Խմբագրական

  • Կառավարություն ու Եկեղեցի կարո՞ղ են համագործակցել

    Փարիզի Ողիմպիական խաղերը սպորտային մրցասպարեզ ու մրցավեճ լինելուց անդին երեւակեցին աշխարհում արդեն տիրապետող իրավիճակը, ինչ վերաբերում է հակաբնական ու հակաբնութենական նոր ուղղություններին ու հակումներին, արդիական արտահայտությամբ՝ տրենդներին: Խոսքը միասեռականության ու սեռափոխության մասին է, որը հատկապես արեւմտյան երկրներում վաղուց է հատել անբնականության սահմանները, եւ, ինչպես փարիզյան Ողիմպիականի բացման հանդիսության ժամանակ, տոնում է իր հաղթարշավը «մարդու ազատությունների» եւ «սեռական կողմնորոշումների» դրոշի ներքո:

    Եվ այժմ, հասարակագիտական ու բարոյագիտական միջազգային հարթակներում, ստեղծված կացությունից մտահոգ մասնագետներ ու գործիչներ աշխույժ քննարկումների մեջ են այդ հաղթարշավը զսպելու, ոչ բռնի մեթոդներով դրա դեմ պայքարի ուղիներ գտնելու հարցի շուրջը: Մտահոգ են հատկապես այն երկրները, որոնք բնակչության վերարտադրության խնդիր ունեն ծնելիության թվի կրճատման եւ հարակից պատճառներով: Այդ երկրների համապատասխան կառույցները ռազմագիտական լրջագույն վտանգներ են տեսնում աշխարհի բնակչության համամասնության եւ հավասարակշռության խախտման հեռանկարում, հատկապես այն աշխարհամասերում, որտեղ մահմեդական բնակչության աճը զգալիորեն գերազանցում է քրիստոնյաների աճին: Եվ իրերի այս կացության դիմաց վերջին շրջանում նկատվում է հարաբերությունների եւ համագործակցության սերտացում պետական ու եկեղեցական մարմինների միջեւ՝ վերոհիշյալ մտահոգիչ երեւույթների դեմ:

    Կարծում եմ այդ նույն մտահոգությունն էր պատճառներից մեկը, որն ստիպեց Հռոմի Պապին եւ քրիստոնեական մյուս եկեղեցիների առաջնորդներին, այդ թվում՝ նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին, այդքան արագ եւ անմիջական արձագանք տալ ու դժգոհություն հայտնել Զելենսկիի Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցին ապօրինի հռչակելու քայլին, որն իր տխմարությամբ չէր զիջում Ռուս Ուղղափառ եկեղեցու պետ Կիրիլ Պատրիարքի՝ Ուկրաինայի դեմ ռուսական նախահարձակումը «սրբազան պատերազմ» (ջիհադ) որակելու քայլին: Ճիշտ է, Ռուս եւ Ուկրաինական քույր եկեղեցիների միջեւ հակամարտությունը սկիզբ էր առել դեռեւս 2014 թ.ին, երբ Ռուսաստանը, սրբագրելով Խրուշչեւի կարգադրությունը, Ուկրաինայից խլեց Ղրիմը, սակայն պակաս անհեթեթ չէ նաեւ այն, որ Զելենսկու իշխանությունը ներկայիս ամբաստանում է 20 միլիոն հետեւորդ ունեցող Ուկրաինական եկեղեցուն Ռուս եկեղեցու հետ՝ ի վնաս իր երկրի լրտեսական բնույթի համագործակցության մեջ: Խառնափնթոր կացություն, որը վերջին հաշվով եւ ընդհանուր առմամբ թուլացնում է ընդհանրապես քրիստոնեական աշխարհը, նրան անատակ դարձնելով հակաքրիստոնեական, հակաբարոյականության եւ, վերջապես, հակաեկեղեցականության արշավը դիմագրավելու գործում:

    Իրերի այս կացության մեջ, խնդրին մոտենալով Հայաստանի գործող իշխանությունների եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ ներկա հարաբերությունների տեսանկյունից, ավելի ճիշտ՝ դրանց չգոյությունը դիտելով վերեւում շարադրված մտահոգությունների համատեքստում, տխմարություն պետք է որակել մեր երկրի գործող վարչապետի եւ իր անտուրաժի կեցվածքն ու գործողությունները Հայ եկեղեցու, Մայր աթոռի ու նրա Գահակալի դեմ կեցվածքը, որը սկիզբ է առել Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումից դեռ շատ առաջ, հենց այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը նստեց վարչապետի աթոռին: Նրա առաջին հրամանագրերից մեկը եղավ Վեհափառ Հայրապետին զրկել պետական պաշտպանությունից,- գերազանցապես պրոտոկոլային մի պատիվ՝ ի հարգանս Ազգային Եկեղեցուն,- որին հաջորդեցին ամեն տեսակ թափթուկների ոտնձիգ արարքները ընդդեմ Մայր աթոռի եւ ընդհանրապես Հայ եկեղեցու:

    Այդ ոտնձգությունները շարունակվում են առ այսօր, ընդունելով տարբեր ձեւեր, առիթ տալով չարամիտ հայտարարությունների: Դրանցից մեկը, թերեւս՝ տխմարագույնը, հնչեց իր մասին մեծ կարծիք ունեցող առողջապահության նախկին մի նախարարի բերնից, իմ տպավորությամբ՝ իշխանախմբի քաջալերանքով: Նա հայտարարեց, որ այն երկրներում, ուր ուժեղ է Եկեղեցին, թույլ է Պետությունը: Լո՞ւրջ, պիտի ասեին ՔՊ-ականները, բայց չասացին: Նույն անձը կարո՞ղ է պնդել, օրինակ, որ Իտալիան ավելի ուժեղ պետություն կարող էր լինել, եթե Հռոմը չլիներ նաեւ 900 միլիոն կաթոլիկների մայրաքաղաքը՝ ի դեմս Վատիկանի, որն առանձին պետություն է պետության մեջ եւ որը շուտով առանձին դեսպանություն կունենա նաեւ Երեւանում:

    Բայց ավելի մտահոգիչը մեր երկրում շուրջ 100 հազարի հասնող խայտաբղետ բազմությունն է աղանդավորների, հակաքրիստոնեական շարժումների, նորի ու մոդայիկի անվան տակ անարգել երկիր թափանցող մեղկապաշտ, հակաբնական, հակաբնութենական, հակազգային, հակահայրենատիրական հոսանքների ներկայացուցիչների, գործակալների, քարոզիչների ու տեղական հետեւորդների առկայությունը, որոնց դեմ անհրաժեշտ է խելացի, անաղմուկ եւ օրինական պայքար մղել՝ սերտագույն համագործակցությամբ Պետական մարմինների եւ Եկեղեցու միջեւ: Նման համագործակցություն, ինչ-ինչ հարցերում, եղել է նույնիսկ սովետական վերջին տասնամյակներում: Հետեւաբար այժմ, երբ մեր պետությունը առավել քան վտանգված է «երեւելի եւ աներեւույթ» թշնամիների ոտնձգությունների պատճառով, Պետություն ու Եկեղեցի համագործակցությունը, փոխլրացնող գործողությունները կենսական անհրաժեշտություն են թե՛ պետականության ամրապնդման, թե՛ ազգի, նրա հավատալիքների պահապան համազգային կառույցի՝ Մայր Եկեղեցու հզորացման համար:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Կիպրոսի 50-ամյա թնջուկը, կամ՝ բաց գիրք բոլորիս համար

    Կիպրոսի 50-ամյա թնջուկը, կամ՝ բաց գիրք բոլորիս համար

    Ինքնասեւեռված հայաստանյան մեր լրատվամիջոցները, ներառյալ մեր թերթը, չհիշեցինք օգոստոսի 14-ը, ճիշտ այն օրը, 50 տարի առաջ, երբ թուրքական բանակը ներխուժեց հունական դիցաբանության ամենահմայիչ՝ սիրո ու գեղեցկության աստվածուհի Ափրոդիտեի հայրենիք՝ Կիպրոս կղզի, հրամանով Թուրքիայի Հանրապետության ամենագրագետ նախագահը համարվող Բյուլենթ Էջեւիթի: Թուրք ասկյարները անշուշտ սիրախաղի համար չէին մտել Սիրո կղզի, այլ՝ բռնաբարելու Սերն ու Գեղեցկությունը: Նրանք ընդամենը 2-3 օրում առանց որեւէ դժվարության գրավեցին Միջերկրական ծովի ընդամենը 9250 քկ տարածքը զբաղեցնող կղզու հյուսիսային հատվածը՝ 3800 քկ ծավալով, ներառյալ Ֆամագաստա պատմական նավահանգիստը, հարեւանությամբ գտնվող հունա-հռոմեական հուշարձաններն ու նորակառույց եկեղեցիները, ինչպես նաեւ մոտակա բլրի վրա հայկական Լուսինյան թագավորական տոհմի կողմից կառուցված Մակարավանքն իր հարակից տարածքով, որը 1923 թ.ից որպես ամառանոց ծառայում էր Մելգոնյան կրթօջախի սաներին: Ասկյարները գրավեցին նաեւ մայրաքաղաք Նիկոսիայի օդակայանը՝ ընդհուպ մոտենալով մեր նույն կրթօջախին, որը թեեւ մի քանի ռումբ ստացավ, բայց փրկվեց: Թուրքերը չհասցրին գրավել այն, նրա փակման պարտականությունը թողնելով մեր հայտնի կազմակերպության ղեկավարների վրա…

    Ագրեսոր պետությունների համար միշտ էլ պետք է casus belli ունենալ, պատերազմի պատճառ, այս պարագայում՝ պատրվակ: Անկարան ստացավ այդ պատրվակը, որը Հունաստանում հեղաշրջմամբ իշխանության եկած գնդապետների խունտան նվիրեց նրան: Խունտան առանց Կիպրոսի նախագահ Մակարիոս Սրբազանի հետ համաձայնեցնելու եւ հակառակ նրա կամքին, հայտարարեց Հունաստանի ու Կիպրոսի միացումը, միությունը՝ Enosis-ը, մինչդեռ կղզում ապրում էր, հույների հետ թվով 1-4-րդ հարաբերությամբ, թուրք փոքրամասնություն, որի կրոնի, լեզվի, պետական մարմիններում ներկայացուցչական իրավունքը Կիպրոսի կառավարությանը պաշտպանում էր զգուշությամբ, մանավանդ 1878 թ.ից հայ ժողովրդի հաշվին Կիպրոսին «տեր» դարձած բրիտանացիների ուշադիր հայացքի ներքո: (Հիշեցման կարգով բացատրենք. վերոհիշյալ թվականին Բեռլինում տեղի ունեցած վեհաժողովում քննարկվող հարցերի շարքում 16-րդը Արեւմտահայաստանում հայերին բարեփոխումներ խոստացող կետն էր, որը Կիպրոս կղզին Թուրքիայից ստանալու դիմաց կնքված գործարքի հետեւանքով վերածվեց անհետեւանք 61-րդ կետի: Ավելացնենք նաեւ, որ Միացյալ Թագավորությունը մինչեւ օրս կղզում պահպանում է իր ընդարձակ ռազմաբազան, որը թուրքական ներխուժման ժամանակ ոչինչ չարեց ագրեսիան արգելելու համար):

    Եվ այսպես, արդեն 5 տասնամյակ Հյուսիսային Կիպրոսը գտնվում է թուրքական գրավման տակ, հակառակ ՄԱԿ-ի, միջազգային տարբեր կազմակերպությունների բազում որոշումների առկայությանը, հակառակ Կիպրոսի Հանրապետության Եվրոմիության անդամ եւ Հունաստանի ՆԱՏՕ-ի անդամ հանդիսանալուն եւ հակառակ փաստին, որ, բացառությամբ Թուրքիայի, ոչ մի երկիր չի ճանաչել, նույնիսկ Ադրբեջանը, կղզու թուրքական հատվածի ինքնահռչակ կառավարությանը: Անցնող տարիների միակ «առաջադիմությունը» եղել է երկու հատվածների միջեւ ՄԱԿ-ի խաղաղապահների հսկողությամբ գործող միջանցքը (ա՜խ այս միջանցքները), որտեղով ամեն օր հազարավոր թուրք-կիպրացիներ անցնում են հունական հատված՝ ծառայական աշխատանքի, նկատի ունենալով պաշտոնապես հաստատված փաստը՝ հունական կողմում անձ գլուխ (per capita) ՀՆԱ-ն կազմում է 20,300 դոլար՝ թուրքական հատվածի 7,135 դոլարի դիմաց:

    Եվ շարունակվում է թնջուկը, շարունակվում է թուրքական աշխարհակալական ագրեսիան, ու կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհի գերհզոր երկրները շարունակում են հանդուրժել թուրքական ռազմաքաղաքական խժդժությունները ողջ տարածաշրջանում, պատճառաբանելով, ինչպես օրերս Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքն էր պնդում, թե «Թուրքիան անփոխարինելի գործընկեր է իր աշխարհագրական դիրքի կարեւորությամբ»:

    Այդ ե՞րբվանից է «աշխարհագրականորեն կարեւոր» երկրներին կարելի անել ամեն ինչ, որ ուզում են՝ գրավել, սպանել, ցեղասպանել՝ անմիջականորեն Մ. Նահանգների ոստիկանը չհանդիսացող, նրա պաշտպանությունը չվայելող ժողովուրդներին, երկրներին, ԱՄՆ-ի եւ մյուս գերտերությունների ներկայացուցիչները կարո՞ղ են մեզ բացատրել։

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Նիկոլի սխալները Պուտինի ձեռքին պատրվակ ու մտրակ

    Նիկոլի սխալները Պուտինի ձեռքին պատրվակ ու մտրակ

    Վեցամյա ընդմիջումից հետո, օգոստոսի 19-20-ին, նախագահ Վլադիմիր Պուտինի երկօրյա այցը Բաքու, նրան վերապահված սիրալիր ընդունելությունը՝ Իլհամ Ալիեւի հետ ջերմագույն ողջագուրմամբ եւ մադամ Մեհրիբանի որպես բախշիշ տված պաչիկով, ինչպես նաեւ համատեղ ասուլիսում Ռուսաստանի նախագահի խոսքերը բանակցությունների հաջող ավարտի, տարածաշրջանային ու միջազգային երթուղիների եւ գազամատակարարման շուրջ պայմանավորվածության ձեռք բերման վերաբերյալ, ամրագրեցին մեկ կողմից Ադրբեջանի կարեւորության փաստը, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի աննահանջելի դերակատարման իրողությունը աշխարհի այս մասում:

    Հայաստանում այդ բոլորը ոմանց կողմից ընդունվեց խանդով, ուրիշների կողմից՝ զայրույթով, իսկ այլոց կողմից՝ ակնկալությամբ՝ նկատի ունենալով Պուտինի արտահայտած տրամադրվածությունը՝ վերստանձնելու միջնորդի իր պարտականությունը Հայաստան-Ադրբեջան տարակարծությունները հարթելու եւ ի մասնավորի՝ սահմանագծման ու սահմանազատման եւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում: Ռուսական bon office-ը՝ ի հեճուկս Արեւմուտքի նկրտումների:
    Չուշացավ նաեւ սառը ցնցուղը՝ Պուտինի խոսքում ակնարկային, իսկ դրան հաջորդած Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ՝ ճակատային ձեւով: Ռուսաստանի արտգործնախարարը չխորշեց հայկական կողմին շանտաժյորության մեջ մեղադրելուց՝ ոչինչ չասելով հակառակ կողմի վերաբերյալ, որը 44-օրյա պատերազմից հետո ամրափակ փակել էր Լաչինի միջանցքը եւ հարակից անցուղիները եւ հիմք ստեղծել 2023-ին արցախահայությանը սովամահության եւ ռազմական ագրեսիայի միջոցով բռնի տեղահանելու համար, օգտվելով «Արցախը Արդբեջանի մաս» հայտարարելու Նիկոլի տխմարությունից:

    Որպես ապացույց իր ասածի, ապավինելով մարդկանց տգիտության թե հիշողության կորստի վրա, Լավրովը հիշեցրեց 2020 Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը ճանապարհային երթուղիների «անխոչընդոտ» անցանելիությանը վերաբերող: Կից սյունակում մեր ձեռնհաս աշխատակցուհու՝ այդ կետին եւ ընդհանրապես այդ փաստաթղթի ադրբեջանական բռնաբարության եւ ռուսական անպարտաճանաչության վերաբերյալ տված գնահատականին ոչինչ չունենալով ավելացնելիք, հարկ եմ համարում հետեւյալ դիտարկումը անել. ամեն անգամ, որ պաշտոնական Մոսկվան ոչ հայանպաստ դիրքորոշում է որդեգրում կամ խուսափում է դաշնակցային իր պարտավորություններից, հիմք է ընդունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ հայտարարություններն ու ձախավեր գործունեությունները, եւ «ինքդ ասացիր» կամ «ինքդ արեցիր» ոճի հնարքով փորձում է հետեւանքները փաթաթել մեր երկրի,- նկատի ունեմ մեր ժողովրդին,- վզին՝ ահռելի կորուստներ հասցնելով մեր հայրենիքին, երկրին ու պետությանը: Այդպես եղավ, երբ Նիկոլը Ստեփանակերտում «Արցախը Հայաստան է եւ վերջ» կործանարար խոսքն արտասանեց: Այդպես եղավ, երբ Նիկոլը «Արցախը Ադրբեջանի մաս» հայտարարեց: Նույնը կրկնվեց, երբ նաեւ ռուսների աջակցությամբ իշխանության եկած եւ իշխանությունը պահած Նիկոլը առանց միջնորդի եւ 0 կետից սկսելու իր մտադրության մասին բարբառեց: Նույնը պատահեց, երբ Նիկոլը ռուսական սահմանապահներին դուրս հրավիրեց (բարեբախտաբար առայժմ ոչ ամբողջովին) երկրից: Նույնը եղավ, երբ Նիկոլը Հռոմի կանոնագրությունը վավերացնել տվեց (ի դեպ, Ուկրաինան միայն օրերս վավերացրեց այն) եւ դրանով Պուտինի Հայաստան մուտքը արգելանքի տակ դրեց, այլապես եւ այլ պայմաններում, կարծում եմ, Ռուսաստանի նախագահը Բաքվից հետո անպայման կայցելեր Երեւան եւ չէր գոհանա հեռախոսի միջոցով ներկայացնել Բաքու իր այցի մանրամասները:

    Կարելի է երկար շարունակել «ինքդ ասացիր», «ինքդ արեցիր» հնարքի կիրառման օրինակներն ու փաստերը:

    Նախագահ Պուտինը հայերիս վերաբերող իր բոլոր ելույթներում սովորություն ունի մեր ժողովրդին անվանել братский народ (եղբայրական ժողովուրդ): Արդար է ու տեղին: Բայց ոչ արդար է եւ ոչ էլ տեղին նույն ժողովրդին ու երկրին վնաս հասցնել՝ օգտագործելով ընդամենը հազիվ 13 տոկոս ժողովրդականություն ունեցող մի թյուրիմացության ու նրա վարչախմբի սխալները:

    Ի դեպ, ակնկալվում էր, որ Պուտինը Բաքվում կբարձրացնի ադրբեջանական բանտերում պատանդ պահվող հայերի, մասնավորապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման հարցը: Առայժմ ոչ մի տեղեկություն այդ մասին: Հավանաբար, նախագահ Պուտինը այդ կապակցությամբ կկրկնի նախորդ տարի արտասանած իր խոսքը. «Երեւանը այնքան էլ շահագրգռված չէ այդ հարցով»: Կրկին՝ «ինքդ ասացիր» հնարքը:
    Ավելացնեմ նաեւ, որ դեռեւս ոչինչ հայտնի չէ Ստեփանակերտում հյուպատոսություն ստեղծելու մասին Մոսկվայի ծրագրի վերաբերյալ, որը քննարկվելու էր Բաքվի բանակցություններում:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Օկամպոյի կոչին ընդառաջ

    Օկամպոյի կոչին ընդառաջ

    Գոնե վերջին տասնամյակում չեմ հանդիպել ավելի խորքային, ավելի տարողունակ, միանգամայն ավելի սրտառուչ հրապարակման, գրված համաշխարհային հեղինակություն վայելող որեւէ մեկի կողմից, որքան Լուիս Մորենո Օկամպոյի հայերիս ուղղված կոչը, որ Հայաստանում անգլերենից թարգմանաբար առաջինը հրապարակվեց azg.am կայքէջում եւ տարածվեց իսկույն:

    Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազի այդ կոչը յուրօրինակ ախտաճանաչումն էր աշխարհում տիրող անարդարությունների, շահադիտական քաղաքականության, այլեւ, ավելի կոնկրետ, Կլիմայի փոփոխության վերաբերյալ 1992 թ.ին, իսկ 1948 թ.ին Ցեղասպանության կանխարգելման մասին ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիաների չկատարման, ոտնահարման փաստերի եւ, է՛լ ավելի կոնկրետ՝ այդ փաստերից ամենաարտառոցի՝ սովամահության կիրառմամբ ու ցեղասպանության սպառնալիքով արցախահայությանը իր բնօրրանից բռնավտարելու եւ, միաժամանակ, առաջիկա նոյեմբերին կլիմայի փոփոխությանը նվիրված ՄԱԿ-ի 29-րդ համաժողովը (ԿՀ/29/COP 29) Բաքվում հյուրընկալելու Ալիեւի նախաձեռնության: Համաժողով՝ որի նպատակը, իբր, երկրագնդի ջերմացումից մարդկությանը փրկելն է, մինչդեռ մարդկության մի մասնիկը հանդիսացող արցախահայությունը ցեղասպանության է ենթարկվել նույն պետության՝ Ադրբեջանի կողմից:

    Շարունակելով փաստերի թվարկումը, Օկամպոն մատնացույց է անում կարեւոր մյուս հակասությունը. Համաժողովը հյուրընկալում է այն երկիրը, որը առաջատարներից է երկրագնդի տաքացման գլխավոր պատճառներից մեկի՝ հանածո վառելիքի արտահանման, որից այդ երկրի ստացած եկամուտները կազմում են 90 տոկոս իր համախառն եկամուտների:

    Խիստ արդիական համարելով այս ամենը, գումարած՝ միջոցառումը որպես «Կողմերի միջեւ խաղաղության համաժողով» հռչակելու Բաքվի լկտիությունը, Օկամպոն կոչ է անում հայերիս որպես մեկ համայնք համախմբվելու եւ միջազգային հարթակներում ցույց տալու Իլհամ Ալիեւի հանցանքները, նրա վայրագությունները ոչ միայն սեփական ժողովրդի, այլեւ արցախահայության նկատմամբ, միաժամանակ որպես առաջնորդ երկիր ներկայանալու նրա հավակնությունները:

    Օկամպոյի կոչը առայժմ ակնկալված խանդավառությամբ չընդունվեց Հայաստանում, ինչը բացատրելի է, բայց ո՛չ արդարանալի: Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, որը առաջին անգամը չէ, որ պաշտպանում է մեր ժողովրդի՝ առաջին հերթին արցախահայության շահերը, ըստ երեւույթին այնքան էլ տեղյակ չէ մեր ժողովրդի ներկա հոգեվիճակին, Հայաստան-Սփյուռք եւ Սփյուռք-Սփյուռք հարաբերությունների խաթարմանը, Հայաստանը արդեն 6 տարի «ղեկավարող» իշխանությունների՝ համահայկական շահերին հակասող, դրանք անտեսող, արհամարհող մեծամտական դիրքորոշումներին, հայ ժողովրդի հոգեւոր եւ նյութական արժեքների, նույնիսկ հողային-տարածքային սեփականության նկատմամբ ունեցած չկամությանը:

    Օկամպոն հավանաբար չի պատկերացնում անպատկերացնելին՝ հայության անհամախմբվածությունը ազգային գերագույն շահերի հետապնդման, Ցեղասպանության գործում միմյանց լրացնող Թուրքիա-Ադրբեջան զույգի դեմ պատվար կանգնելու հարցի շուրջ, այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է «խաղաղության դարաշրջան» դատարկաբանությամբ ժողովրդին խաբող ներկա իշխանության կյանքը: Նա, մյուս կողմից, հավանաբար կռահելով, որ Նիկոլ Փաշինյանը սիրահոժար ընդունելու է COP 29 համաժողովին մասնակցելու Ալիեւի հրավերը, խորհուրդ է տալիս 29-րդ համաժողովը գոնե նշանավորել Բաքվից հայ պատանդների եւ քաղբանտարկյալների ազատմամբ: Հանձնարարություն՝ որը, վստահությամբ կարելի է պնդել, Փաշինյանը, դատելով Հայաստանի Հանրապետություն բռնագաղթված արցախահայերի ու մանավանդ նրանց ղեկավարների նկատմամբ դրսեւորած նրա վերաբերմունքից, չի կատարի, չի պահանջի նրանց ազատել Բաքվի բանտերից: Նրանց ազատումը եւ Մայր հայրենիք վերադարձը հակասում է Փաշինյանի եւ խմբակի «խաղաղաշինությանը», խանգարում նրանց պարտվողական հետագա ծրագրերին:
    Համենայնդեպս, ինչ էլ որ լինեն հայությանը ուղղված կոչի արձագանք-արդյունքները (կազմակերպիչ խմբի ներկայացուցչի հետ կողքի սյունակում Գերմանիայից մեր աշխատակցուհու հարցազրույցը քաջալերական է համարում պայքարի սկիզբը), համայն հայության անունից երախտագիտություն հայտնենք Լուիս Մորենո Օկամպոյին ու նրա աշխատախմբին եւ ջանանք ի կատար ածել նրա հորդորն ու թելադրանքը, որը համահունչ է հայրենասեր յուրաքանչյուր հայի ցանկությանը:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Մեր Աքիլլեսյան գարշապարը՝ կրթություն

    Մեր Աքիլլեսյան գարշապարը՝ կրթություն

    Քաղաքագիտության մեջ ընդունված չափանիշ կա, ըստ որի լավագույն կառավարությունն այն է, որի ներկայությունը առերեւույթ նկատելի չէ, չի ճնշում, չի պարտադրում: Ավելին՝ որոշ պարագաներում ու որոշ երկրներում այդ չափանիշը գերազանցում է ինքնիրեն՝ լավ կառավարությունն այն է, որի բացակայությունն էլ զգալի չէ, ամեն ինչ ընթանում է իր հունով, ինքնակարգավորման եւ հասարակական ինքնաղեկավարման սկզբունքով, ինչի վառ օրինակը 2008 թ.ին մեզ տվել է Հայաստանի տարածքից փոքր եւ բնակչության եռապատիկ քանակը ունեցող Բելգիան, որը 18 ամիս մնաց առանց կառավարության, սակայն, ինչպես ասում էր բելգիացի իմ գործընկերներից մեկը անվրդով ժպիտով, այդ բացակայությունը նկատելի էր միայն լրագրողների կողմից, որոնք զրկվել էին կառավարությանը քլնգելու… հաճույքից:

    Մեզ համար իդիլլիա թվացող այդ չափանիշին բելգիացիք, ինչպես եվրոպական շատ երկրներ, հասել են դառը փորձառությամբ, նրանց երկիրը միայն 20-րդ դարում երկու անգամ գերմանական բանակների ոտքի կոխան են դարձել, բյուր հազարներով զոհ են տվել, ավերվել ու քանդվել գրեթե հիմնովին: Դիմացել են եւ ընդդիմացել, վերակառուցել են ամեն ինչ, ստեղծել հարուստ երկիր՝ կրթական օրինակելի մակարդակով, իր իրավունքներին ու պարտականություններին գիտակից հասարակությամբ՝ արժանանալով հարեւան ժողովուրդների հիացմունքին, հարգանքին: Բայց ամենակարեւորը՝ նրանց կրթական համակարգը, դպրոցներն ու համալսարանները կերտել են իսկական քաղաքացիական հասարակություն, ինքնակառավարման, ինքնակարգավորման եւ ինքնավերահսկման հատուկ մեխանիզմներով օժտված, հակառակ բազմազգ, բազմալեզու եւ բազմադավան պետություն լինելուն:

    Անշուշտ, տարածաշրջանի բազում խնդիրները աղացող աղորիքի քարերի արանքում գտնվող Հայաստանը չես համեմատի Բելգիայի աշխարհագրական, քաղաքական ու տնտեսական դիրքի ու միջավայրի հետ, սակայն կա գլխավոր մի բան, որի բարձունքում գտնվել ենք նաեւ մենք ոչ հեռավոր անցյալում, որը անտեսել, մոռացել, հիմա էլ աղճատում ենք՝ գիտությունը, կրթությունը: Ոչ միայն տեխնիկական, այլեւ հասարակագիտական, քաղաքական, հոգեւոր, գեղագիտական եւ այլ: Բարձունքներից վայրէջք՝ մինչեւ ստորոտ: (Համոզվելու համար առաջարկում եմ գեթ մեկ անգամ այցելել Երեւանի Բագրեվանդ թաղամասում գտնվող Տիեզերագիտական թանգարան, Բյուրականի աստղադիտարան կամ պարզապես՝ Մատենադարան):

    Գիտական-վերլուծական մի պուտ ուղեղ ունենալու դեպքում 2018 թվականին մեր ժողովուրդը երկրի ճակատագիրը չէր հանձնի արկածախնդիր, անհավասարակշիռ մի տղայի, որը անձնական մուռ ունի կրթական համակարգի նկատմամբ, որը կյանքում մինչ այդ ոչ մի բան չի ղեկավարել առանց չարության ու շանտաժի, առանց ատելության ու մեծամտության, անպարկեշտությամբ, ստախոսությամբ եւ մասամբք նոցին:

    Մեր ժողովուրդը եթե բավարար չափով կրթված լիներ, չէր թողնի, որ այդ անձը բանակ ու պաշտպանություն ղեկավարեր, իսկ բազմազոհ պարտությունից հետո մնար նույն աթոռին ու վրա տար հինավուրց հայրենիքի մասը եւ մասերը: Չէր թողնի Եկեղեցի, պատմություն, ավանդույթ, սփյուռք արհամարհեր, դասագիրք ու դասավանդում աղճատեր, Սահմանադրություն եւ օրենքներ ըստ կամս փոխեր, կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո լայնածավալ կոռուպցիայով հարստանար, արդարադատությունը անձնական ոխակալության գործիք դարձներ, ոստիկանությունը՝ ծեծող-կրակող անձնական թիկնազորի վերածեր, ընդդիմախոսներին կալաներ, պետականության պաշտպանության քողի ներքո զորք ու զենք հաներ ժողովրդի դեմ, ընդվզողներին պատժեր, թշնամիների առաջ խոնարհվեր, ստրկանար, զիջեր, զիջեր եւ զիջեր անձնապես իրեն չպատկանող ամեն ինչ, ներառյալ հայրենիք ու պետություն, սուտի վրա ստեր ամեն օր եւ ամեն ժամ: Չէր թողնի խաբել իրեն՝ մեր հանրությանը, ողջ ժողովրդին:

    Առողջ եւ առողջացնող կրթության պակասն է մեր Աքիլլեսյան գարշապարը, հիշելու, տրամաբանելու եւ վերլուծելու անկարողությունը: Իսկ կրթությունը արդյունավորելու համար մեզ պետք են տարիներ:

    Ունե՞նք, կտա՞ն մեզ այդքան ժամանակ:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Գերի՞, պատա՞նդ, թե՞ լքյալ…

    Գերի՞, պատա՞նդ, թե՞ լքյալ…

    Երեքշաբթի օրը Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ տեղի ունեցավ Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների ոչ այնքան բազմամարդ բողոքի հավաքը: Նպատակը, որքան որ կարելի էր հասկանալ ելույթ ունեցողների խոսքերից, միջազգային հանրությանը տեղեկացնելն էր, թե ինչ է կատարվում հանձնված, բռնագրավված Արցախում հայարմատ մեր հուշարձանների, հնամենի թե նոր մեր ճարտարապետական կառույցների դեմ: Նրանք միջազգային հանրությունից (անորոշ ինչպիսի՜ հասցե) պահանջում էին կանգնեցնել ադրբեջանական վանդալիզմը, հայկականությունը արմատախիլ անելու քաղաքականությունը:

    Արդար ու տեղին պահանջ, որին լծված են նաեւ Հայ եկեղեցին, միջազգային տարբեր կառույցներ՝ առայժմ հարցը գոնե մասնագիտական շրջանակների ուշադրության դաշտում պահելու առաջադրանքով: ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ հավաքվածները փաստորեն ցույց էին տալիս իրենց արդար պահանջատիրությունը, վերահաստատում հսկայական այդ ժառանգության սեփականատեր լինելու եւ մնալու կամքը, իրավունքը, միաժամանակ հուշում, հաչս բոլորի, որ անխախտ է մնում իրենց Մեծ Վերադարձի ցանկությունն ու տեսլականը:

    Իսկ երեկ, այս անգամ Կառավարության շենքի առաջ, արցախցիները, հիմնականում որդեկորույս սեւազգեստ մայրեր, իրենց պահանջն էին ներկայացնում ՀՀ կառավարությանը՝ տեր կանգնելու իրենց զոհված որդիների խողխողված, անարգված մարմիններին, վերադարձնելու նրանց աճյունները, որպեսզի Մայր Հայաստանում շիրիմ ունենան նրանք, իսկ իրենք՝ լացելու տեղ…

    Սրտառուչ երկու հավաքներ, որոնք անպատասխան մնացին, անշուշտ, թե՛ «միջազգային հանրություն» կոչվածի, թե՛ «հայրենի կառավարություն» հորջորջվածի կողմից: Նման հարցերը չեն հետաքրքրում ոչ ոքի. ՄԱԿ-ը զբաղված է մե՜ծ խնդիրներով, ՀՀ կառավարությունը՝ «խաղաղության դարաշրջանի» առաջին ամիսները, շաբաթներն ու օրերը հաշվելով, այսինքն՝ ոչնչով:

    Բայց ինձ հուսախաբ թողեցին բողոքի երկու ակցիաների կազմակերպիչները. երկու դեպքերում էլ ոչ մի խոսք, ոչ մի պահանջ չներկայացվեց ադրբեջանական բանտերում տառապող մեր գերիների, նրանց վերադարձի մասին: Գերիներ՝ որոնց ճշգրիտ թիվն անգամ չգիտենք, բացի Միջազգային Կարմիր Խաչի հայթայթած տվյալներից, հարազատների միջեւ հեռախոսային հատուկենտ շփումներից: Իսկ ինչ վերաբերում է անհետ կորած համարվողներին՝ կատարյալ թնջուկ է այդտեղ, մարդկային ճակատագրի ողբերգական դրսեւորումներով:

    Ճիշտ ու տեղին պիտի լիներ, եթե այդ եւ նման բոլոր ակցիաների ժամանակ եւ ընդհանրապես բոլոր առիթներով եւ անառիթ, հայկական կողմը, առաջին հերթին՝ արցախահայերը, պահանջեին ադրբեջանական բանտերում պահվող, պաշտոնապես արձանագրված 23 հայերի, այդ թվում՝ ռազմաքաղաքական 8 ղեկավարների ազատ արձակումը, անհանդուրժողականություն ցույց տալու նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների, հոգեկան ու մարմնական կտտանքների, ստորացումների նկատմամբ: Նրանք, ի՛նչ պայմանների տակ էլ լինեն, խորհրդանշում են Պետակա՛ն Արցախը, եւ ոչ ոք, ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Էրդողանը իրավունք չունեն նրանց փակի տակ պահելու՝ դրանով փականքի տակ դնելու Ազա՛տ Արցախ ունենալու մեր բոլորի, առաջին հերթին՝ արցախահայության տեսլականը:

    Ադրբեջանական շինծու դատարանը կարող է նրանց տալ գերու, պատանդի, հանցագործի կամ որեւէ այլ կարգավիճակ, բայց մենք չենք կարող լքյալի, անտեսվածի, մոռացվածի տառապանքը ավելացնել նրանց կրած վերքերի ու վիրավորանքների վրա:

    Դա մեր պարտքն է, պարտականությունը, հայրենիքի պահանջը:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Ներոնիզմի ուրվականը Հայաստանում

    Ո՞վ կարող է բացատրել, թե ո՞րն էր մեր երկրի շահը Պաղեստին պետությունըԷրդողանի միջնորդությամբ ճանաչելու գործում: Ի՞նչ կարիք կար թուրքական «բարեխոսությամբ» այդ բանը անելու, երբ Հայաստանը առաջին օրից եւ մշտապես, միջազգային բոլոր հարթակներում քվեարկել է հօգուտ պաղեստինցի ժողովրդի պետություն ունենալու իրավունքի եւ ի շահ Մահմուդ Աբբասի գլխավորած ինքնավարության: Ի՞նչ շահեցինք քաղաքական կրեդիտը ուրիշին, այս պարագայում՝ մեր արքիթշնամուն զիջելով, նրա կասկածելի խաղերի խաղալիքը դառնալով: Նիկոլ Փաշինյանի այդ քայլով, փաստորեն, ոչ թե շահեցինք, այլ՝ պրոարաբական մեր ուրույն դիրքի հետ կորցրեցինք նաեւ Հայկական Երուսաղեմի նկատմամբ հրեական ոտնձգությունները զսպելու թերեւս մեր վերջին հնարավորությունը:

    Ո՞վ կարող է բացատրել, թե ինչո՞ւ է Փաշինյանը Բելառուսի խելառ բռնապետի նկատմամբ առաջին օրվանից ունեցած իր հակակրանքը վերածել միջպետական հակամարտության եւ այն տարածել իր կողմից «սառեցված» ՀԱՊԿ-ի վրա: Կամ ընդհանրապես ի՞նչ իրավունքով է անձնականը խառնում պետականի հետ: Իրա՞վ, որ նա, Փաշինյանը, մեր մասնաբաժինը չվճարելով եւ Լուկաշենկոյի հետ կռվելով հույս ունի ՀԱՊԿ-ից դուրս բերել Հայաստանը՝ մնալով հանդերձ ԵԱՏՄ կազմում:

    Ինչո՞վ բացատրել նրա ցանկությունը հանրաքվեով «համաժողովրդական» հայտ ներկայացնել անդամագրվելու Երվոմիությանը: Իսկապե՞ս մտածում է, որ այնտեղ գրկաբաց կընդունեն մեզ, հարեւանների հետ լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանին: Գուցե մտածում է նաեւ ընդունվել ՆԱՏՕ: Միամի՞տ, թե՞ խելապակաս: Չեմ կարծում: Այլ ենթադրում եմ, որ այդ եւ նման հանրաքվեներով (Սահմանադրության խուզում, Ադրբեջան-Թուրքիայի հետ «խաղաղության» պայմանագիր եւ այլք), կազմակերպված եւ անցկացված ի՛ր իսկ կողմից, նա ձգտում է «համոզիչ» կերպով ցույց տալ, որ ինքն է «տերը մեր երկրի»:

    Իսկ ինչո՞վ բացատրել Արցախ անունը լսելիս Փաշինյանի ընկնավորվելը՝ բառի փոխաբերական իմաստով: Ընդոծին ատելություն կա այս տղայի մոտ Արցախի եւ արցախահայության նկատմամբ: Այլապես ի՞նչին վերագրել Արցախի պետական ու ռազմական ղեկավարների պատանդառված վիճակի վերաբերյալ նրա քար-լռությունը: Տպավորություն է, որ ադրբեջանական բանտում նրանց նվաստացման մեջ մնալը Նիկոլի սրտով է, բայց, միաժամանակ, նրա սրտով չէ, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւանում է, ողջ-առողջ, առավել եւս՝ որ նա Արցախի ներկայացուցչական տուն է մտնում, հանդիպում տարբեր մարդկանց, մասնավորապես՝ Բագրատ Սրբազանի հետ, լրագրողներ ընդունում, ասուլիս տալիս: Ավելի անհանդուրժելին՝ Շահրամանյանը ծառայողական մեքենա ունի եւ, պատկերացնո՞ւմ եք, վարորդ ու թիկնապահ: Կույր ատելություն բռնատեղահանված բոլոր արցախահայերի նկատմամբ, որոնք արդեն, հուրախություն իրեն եւ յուրայինների, քոչում են Մայր հայրենիքից:

    Օրերս երեւան եկավ, որ Նիկոլը անբացատրելի ատելություն ունի նաեւ, ինչպես Արարատ սարի, Էրկրի, Հայոց պատմության, Հայ եկեղեցու, այնպես էլ հայկական քանդակագործության հրաշալիքի՝ խաչքարի նկատմամբ: Ատելավառ այդ ոգին  հիշեցնում է Հին Աշխարհի ամենաքստմնելի դեմքերից մեկին՝ Ներոն կայսրին՝ Կլաուդիուս կայսեր որդեգրին, որ կրակի տվեց Հռոմը՝ հրձիգության մեղքը գցելով քրիստոնյաների վրա: Ի դեպ, նա սպանել էր տվել իր հարազատ մորը՝ Ագրիպինա կայսրուհուն եւ սեփական կնոջը:

    Ի դեպ, 68 թ.ին Ներոնը ինքնասպան եղավ:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Իշխանությունը կորցրեց պատմական պահը

    Հավերժ սկեպտիկները, որոնք բազմաթիվ են մեր հասարակության մեջ, ավելի ինքնավստահ են դարձել. «Մենք չէի՞նք ասում, որ «Սրբազան Շարժումը» հանգելու է», բազմանշանակ ասում-գրում են նրանք: Գոհ են նաեւ դավադրագետները. «Վաղո՜ւց նկատել էինք Սրբազանի սքեմի ետեւ թաքնված Ռոբին ու Սերժին: Տեսա՞ք,- հարցնում են նրանք,- հյուրանոցում Ռոբերտ Քոչարյանի հետ գաղտնի հանդիպումից հետո երեկ էլ ոնց գնաց Սերժ Սարգսյանի առանձնատուն»: Հասարակության մի շերտ էլ կա, ավելի սրատես ու լայնատես, որ Շարժման ետեւ կամ մեջ տեսնում է Ռուսաստանի, անձնապես Պուտինի ձեռքին խամաճիկ խաղացնողի լարերը. «Շարժման նպատակը պարզ է,- ասում են այդ շերտին պատկանողները,- Հայաստանը գուբերնիա պիտի դարձնեն Եկեղեցու եւ Սրբազանի միջոցով»:

    Անշուշտ կան նաեւ հասարակության ավելի լայն շերտեր, մի ամբողջ զանգված եւս, որտեղ տիրապետողը «ի՞նչ եք ուզում Նիկոլից, թողեք մարդն աշխատի» խրատականն է, կամ՝ «Նիկոլը գնա, որ նախկինները հե՞տ գան», կամ՝ «Բագրատի հետեւից գնացողները սա՛ղ ղարաբաղցիք են», «նորից պատերա՞զմ եք ուզում», «Ռոբն ու Սերժը արդեն տվել էին հողերը», կամ՝ «դաշնակները կյանքում ի՞նչ լավ բան են արել, որ հիմա անեն», եւ կամ՝ «ճանապարհ փակողների դեմ ուրիշ ի՞նչ էր անելու ոստիկանությունը»: Բայց ամենատարածվածը այս խավում՝ «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» անգիր արած խոսույթն է:

    Իսկ կա եւս մի խավ, որն անասելի ցնծության մեջ է այս օրերին: Խորհրդարանում Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով ընդդիմության բերած օրակարգը մերժելու, նիստը բոյկոտելու, դրսում, հարակից փողոցներում, հատկապես հունիսի 12-ին, Շարժման մասնակիցների ջարդն ու ձերբակալությունը ոգեւորել է նրանց անասելի չափով: Նրանց քայլվածքը դարձել է ավելի հոխորտ եւ ինքնավստահ, որոշապես՝ ավելի լկտի: «Մենք կողջունենք, եթե ընդդիմադիր պատգամավորները մանդատը վայր դնեն, ավելի ազատ կլինենք մեր ուզած օրենքները ընդունելու», ասում են ժողովրդավարության բաստիոն-միջնաբերդի այդ բնակիչները: Նրանց կարծիքով, Բագրատ Սրբազանի գլխավորած Շարժումը ավարտին է հասել չորեքշաբթի օրը տեղի ունեցեած ասուլիսով, հաղթել է երկրի «օրինական իշխանությունը» եւ եկել է ժամանակը հանրաքվե, ընտրություն եւ ցանկացած այլ բան անելու:

    Ես այստեղ կարող եմ շարադրել Շարժման վերաբերյալ իմ դիտարկումները, քննադատել որոշ բացթողումները, լուրջ վրիպումները, որոնց շարքում՝ ժողովրդային առավել լայն զանգվածին շահագրգռող սոցիալական ու տնտեսական խնդիրների անտեսումը, տակտիկական մի քանի սխալները, իսկ ամենկարեւորը՝ փորձառու եւ մասնագիտորեն զարգացած հայտնի գործիչներից Շարժման ղեկավար կուռ թիմ չստեղծելը: Նկատի ունեմ մանավանդ նախկին մեր վարչապետներին:

    Այսուհանդերձ, ձեռնպահ եմ մնում քննադատությունները մանրամասնելուց, առայժմ, քանզի ուզում եմ հավատալ, որ Շարժումը չի ընդհատվի, ընդհակառակն՝ մասնագետ ու թրծված նոր տարրերով կհամալրվի, գործնական նոր մոտեցումներով, վերանորոգված նոր ավյունով կշարունակի իր շարժընթացը: Անորակ եւ արկածախնդիր իշխանությանը զսպող, հակակշռող, պատժող ուժ է պետք մեր երկրին:

    Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական բռնատիրությամբ հոխորտացող իշխանավորներին, նրանք պետք է ըմբռնեն, որ հունիսի 12-ին ու դրանից առաջ իրե՛նք են կորցրել պատմական պահը երկիրը խաղաղ հուն տեղափոխելու, ռամկավարական-ժողովրդավարական կարգերը ամրապնդելու: Ընդվզման հաջորդ շարժումները, ովքեր էլ որ լինեն դրանք առաջնորդողները, կարող են բոլորովին այլ բնույթ ու բովանդակություն ունենալ:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Ինքնաոչնչացման արշավը շարունակվում է

    Շարունակվում է նոր թափով, ավելի կարծր, ավելի անողոք, անհամեմատ ավելի անզիջող եւ անհաշտ: Բոլոր նրանք, ովքեր միամտորեն կարծում ու հորդորում էին հակամարտությունը փողոցից տեղափոխել երկխոսության ու բանակցության հարթակ, սխալվեցին չարաչար: Այդ հարթակը կարող էր, պե՛տք է լիներ խորհրդարանը, որը չորեքշաբթի օրը ինքն էր վերածվել փողոցի, մինչ փողոցը նույն պահին դարձել էր ճակատամարտի վայր՝ ընդմեջ սաղավարտակիր ու մահակավոր ոստիկանների եւ բողոքի Շարժման մասնակից հազարավոր քաղաքացիների՝ լուսաձայնային նռնակների տեղատարափով: Հետեւանքը՝ բրածեծ ու ռմբահար բազմաթիվ վիրավորներ, ջարդված կողոսկրեր, անդամահատված ձեռք ու ցնցված ուղեղներ, որոնց թվում՝ բարեկիրթ ու սիրված մեր գործընկեր Աբրահամ Գասպարյանը՝ արյունլվիկ վիճակով: Սեփական ժողովրդի դեմ ջարդարարություն, որը երեկ բռնապետի կողմից գնահատվեց ու քաջալերվեց իբրեւ «պրոֆեսիոնալ» աշխատանք, ընդդեմ այն ժողովրդի, որին նախորդ օրը միեւնույն բռնապետը խորհրդարանի ամբիոնից կրկին իր սերն էր հայտնել: Սադոմազոխիստական սեր, որը շատ բարձր է գնահատվում ոմանց կողմից, այդ թվում՝ իրեն «ՌԱԿ Կեդրոնական վարչութիւն» հորջորջող հակականոնադրական խմբի ու վերջինիս երեւանյան պնակալեզ-կցորդը հանդիսացող խմբակի կողմից: Ու երեւակայել, որ բոլոր իշխանություններին քծնած ու քծնող այդ մարդիկ տակավին իրենց հռչակում են ռամկավար (դեմոկրատ) եւ ազատական (լիբերալ), այսինքն՝ մարդու իրավունքների, ազատ կամարտահայտության ու խոսքի ազատության ջատագով ու նաեւ՝ Մայր հայրենիքի ամբողջականության ու Հայ եկեղեցու պաշտպան, եւ պատրաստվում են ինչ-որ գրավոր դաշն կնքել «ՔՊ»ականների հետ, որոնք դեռ երեկ, խորհրդարանում, հիացիկ ծափահարում էին իրենց պարագլխի մաղձոտ, ոխակալ, «ժողովրդասիրական» ճառը: Ինքնագոհ ու լկտի ծափահարում էին նրան, եւ ի դեմս նրա՝ խորհրդարանի հարակից փողոցներում տեղի ունեցող վայրագ ջարդարարությունը նիկոլապահ ոստիկանների ձեռքով:

    Այդ պահին, ինչպես կողքի սյունակներում նկարագրել է մեր աշխատակցուհին, իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ինքնաոչնչացման մարտեր էին ընթանում, որոնց հրահրիչը ժողովրդին ու հայրենիքին սիրատոչոր սիրով սիրող բռնապետն էր: Նրա դարակազմիկ ճառն ուներ նույն վերնագիրը՝ «բոլորը մեղավոր են բացի ինձնից»: Ու որպեսզի փաստի ասածը, այս անգամ նա «վախկոտ եւ դասալիք» անվանեց մեր զորահրամանատարներին առհասարակ: Ու որպեսզի է՛լ ավելի «համոզիչ» դարձնի իր ասածը՝ այդ ածականները կրկնեց 16 անգամ եւ սպառնաց դատի տալ նրանց: (Տեսնես կլինի՞ որեւէ զորապետ կամ գնդապետ, որը կհամարձակվի պատասխանել «Գերագույն գլխավոր հրամանատարին»):

    Որեւէ կառավարություն, որի երկիրը ազգային-քաղաքական ճգնաժամի մեջ է, սովորաբար գտնում է միջնորդական օղակներ, որոնց միջոցով հանդիպում, բանակցում ու ելքեր փնտրում ճգնաժամից երկիրը դուրս բերելու: Մեզ մոտ, ինչպես անցնող 6 տարիներին, մրցակցի կամ հակառակորդի հետ չեն խոսում, այլ՝ ծեծում են կամ բանտարկում: Բռնապետի վերոհիշյալ ճառը, դրսում մոլեգնող ջարդարարությունը, նույնիսկ Ազգային բանակը փաստորեն թշնամի հռչակելու արարքը ուրիշ բան չեն եթե ոչ՝ փակել համակեցության, համախոհության, համագործակցության եւ համերաշխության առջեւ բոլոր դռները:

    Նիկոլը փակել է հանգուցալուծման բոլոր ճանապարհները:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Ծանր ժառանգություն հաջորդ իշխանություններին

    Ծանր ժառանգություն հաջորդ իշխանություններին

    Ազգային բանակի մարտունակության հետ անցնող մի քանի տարում մենք կորցրեցինք նաեւ ներքին անվտանգության ուժերի, առաջին հերթին՝ ոստիկանության ու քննչական մարմինների նկատմամբ վստահությունը, որը վերջին 30 տարիներին, նախորդ կառավարությունների ջանքերով, այս կամ այն չափով հաստատվել ու վեր էր բարձրացել սովետական «միլիցիայի» ու «օրգանի աշխատողների» հոռի բարքերից: Այժմ ոստիկանությունը վերածվել է պատժիչ ջոկատների, իսկ քննչական մարմինները վերադարձել են «Տիտանիկը խի՞ ծակիր, արա՛, բզո՞վ ծակիր, արա՛» բարքերին:

    Օրերս ուսանողներիս հարցնում էի, թե մասնակցո՞ւմ են քաղաքացիական անհնազանդության ակցիաներին: Պատասխանը եղավ խորշանքը՝ այլապես կարեւոր այդ ինստիտուտների հասցեին: «Մասնակիցներին ծեծում են», եղավ ուսանողներից մեկի պատասխանը, «խոշտանգում են», լրացրեց մեկ ուրիշը:

    Քաղաքացիական հասարակության, օրենքի գերակայության, հանրային կարգուկանոնի պահպանման տեսակետից վտանգավոր, մտահոգիչ այս վիճակը, դրա տխուր հետեւանքները կարծես ոչ ոքի չեն հետաքրքրում,-  նկատի ունեմ գործող իշխանությանը: Վերջինին չի մտահոգում անգամ ոստիկանական ուժերի պրոֆեսիոնալ առումով կատարյալ խեղճությունը: Առնվազն 3-4 ոստիկան է «գործի» լծվում մեկ հոգու ձերբակալելու, 4-5 ոստիկան՝ ձեռնաշղթաներ անցկացնելու համար, այն էլ՝ ենթակային գետին տապալելուց, վրան մի լավ նստելուց հետո: Հուժկու երկու ոստիկան հազիվ են կարողանում որդեկորույս մոր ձեռքերը զսպել, իսկ երիտասարդ մի ցուցարարի ոստիկանական մեքենա խցկելու համար կսմթում են նրա քամակը՝ արժանանալով վերջինիս հեգնանքին՝ «կճմթելու հատուկ կուրսե՞ր եք անցել»…

    Կարմիր ու սեւ բերետավոր ոստիկանական ջոկատները, այս օրերին, ցուցարարների բազմության մեջ մխրճվում են սովալլուկ գայլերի նման, շատերի վրա թողնելով «փոշեկուլածների» տպավորություն, արատավորելով ոստիկանի, հանրային կարգուկանոնի պահապանի համբավը, պատիվը, պետական ծառայողի նկատմամբ հարգանքը, բայց պետական ոչ մի օղակ, պետական ոչ մի դեմք չի զսպում նրանց: Բոլորը ծառայում են մի անձի, որը մի քանի տարի առաջ, պարեկային ծառայության ներդրման օրերին, հրճվանքով ասում էր, թե ուսուցիչները թողնում են իրենց ասպարեզը եւ աշխատելու դիմում ներկայացնում նորաստեղծ այդ կառույցին, որտեղ մի քանի անգամ բարձր են վճարում: Բարոյապես խեղված մի պատկեր՝ ուսուցիչը՝ ոստիկան:

    Ու երեւակայել, որ օրերս «հեռավոր երկիր նստած (մի) նժդեհ, հայրենյաց կյանքին մոտուց տեղյակ»ի հովերով տարված՝ մեր ժողովրդին ամերիկյան դասեր է տալիս ոստիկանության պահվածքի մասին եւ ամերիկացի ցուցարարներին համեմատում «Սրբազան շարժման» մասնակից բազմությունների հետ, հընթացս փորձելով «վրաերթի» ենթարկել Վեհափառ Հայրապետին: Մայր կուսակցության պատմությանը եւ ավանդույթներին ծանոթ յուրաքանչյուր հայի զարմանքը շարժող պրոնիկոլական այդ բարբաջանքներին, բարի թե չար նախանձով, երեկ միացավ նաեւ ռամկավար=դեմոկրատ եւ ազատական=լիբերալ ազնիվ գաղափարախոսության քղամիդ հագած քյալլագոզների տրիոն՝ տեղական մուրացիկների մի խմբակի հետ: Իշխանությունների մոտ հերթական գաստրոլների եկած այդ խմբակը, ինչպես տեղեկացանք նրա անգրագետ հաղորդագրությունից, պատրաստվում է «քծնողական պայմանագիր» կնքել իշխանավորականների հետ՝ ընդդեմ Շարժման ու Եկեղեցու, հօգուտ Հայաստանում բռնատիրական կարգերի տեւականացման:

    Այդ կարգերի պահապանն ու կատաղի պաշտպանը՝ ընդդեմ բողոքող-ընդվզող ժողովրդային զանգվածների, հանուն փողի ու պարգեւավճարների, ոստիկանությունն է դարձել, գերազանցելով սահմանադրական իր իրավունքները, ոտնակոխ անելով հասարակության իրավունքները:

    Ահա թե ինչու մեկ անգամ եւս պետք է կրկնել, որ մեր երկրի հաջորդ իշխանությունների համար դժվար, շատ դժվար է լինելու. պետական ինստիտուտները, բանակն ու հատկապես ոստիկանությունը, նրանց աշխատանքն ու գործառույթները օրինական դաշտ բերելու, դրանք բնականոն կյանք վերադարձնելու համար: Ժառանգությունը, որը կստանան նոր իշխանությունները, լինելու է սարսափելի ծանր, աշխատատար, զոհաբերություն պահանջող, գուցե եւ՝ անշնորհակալ:

    ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ