Այն ժամանակ, երբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանի նախաձեռնությամբ Հայաստանում քայլերթ էր սկսվել ընդդեմ Տավուշում ոչ հայանպաստ սահմանազատման, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայսիսի 8-ին հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` փակ հանդիպման ժամանակ քննարկելով տարածաշրջանային անվտանգության հարցեր (ըստ Պուտինի): Հանդիպումից հետո հայտարարվեց, որ կարեւոր որոշման մասին համաձայնություն է եղել, որի մասին բարձրաձայնեց Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Հայաստանի մի շարք սահմաններից` Գեղարքունիքից, Սյունիքից, Տավուշից եւ Վայոց ձորից ՌԴ սահմանապահները դուրս կբերվեն` մնալով միայն հայ-թուրքական եւ հայ-իրանյան սահմաններին, ընդ որում, ըստ Պեսկովի, մնալը հայկական կողմի խնդրանքով է: Այդ մասին նաեւ վերահաստատում արեց իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Նշանակո՞ւմ է արդյոք սա, որ այնուամենայնիվ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջնական համաձայնություն կա սահմանի վերաբերյալ, եւ դրա արդյունքում է ավելորդ համարվել ռուսական սահմանապահ զորքի ներկայությունը: Ու հարցն այն է, թե ի՞նչպիսի, ի՞նչ կոնտուրներով համաձայնության մասին է խոսքը:
Արդյոք Տավուշից սկսված շարժումն ինչ-որ դեր խաղացել է այս բոլորում:
Նաեւ ակնհայտ է դառնում,թե ինչու է Տավուշից սկսվել սահմանազատումը, հավանաբար սահմանազատումը վերաբերում է միայն հայ-ադրբեջանական սահմանին, քանի որ ՌԴ-ն թերեւս, որպես Սովետական Միության իրավահաջորդ, հայ-թուրքական, հայ-իրանական սահմանները շարունակում է իր անվտանգության տեսակետից դիտարկել: Այնպես որ` Հայաստանի խնդրանքո վ են մնում ռուս սահմանապահները, թե՞ Կրեմլի պարտադրմամբ, սա եւս վերլուծելու նյութ է: Դե իսկ Թուրքիայի եւ Իրանի հետ նույնպես խոսակցությունը բարդ է լինելու, անկախ նրանից` ա՞յս, թե հաջորդ իշխանությունը կվարի այդ խոսակցությունը, եւ ո՞ւմ հետ, այս իմաստով կարեւոր կլինի, թե հայ- թուրքական եւ հայ- իրանական սահմաննների վերաբերյալ ի՛նչ իրավական փաստաթղեր կդրվեն սեղանին:
Իսկ դե այժմ արդեն Երեւանի փողոցներում ծավալվող եւ Տավուշից սկսված շարժումը, որը սահմանազատումն ապօրինի է համարում, անկախ նրանից, թե հայտարարված տվյալ շարժառիթն ունի՞ միայն , թե այլ ենթանպատակներ էլ, կարծում ենք այս պահին օգնում է նաեւ Հայաստանի շուրջ ծավալվող առեւտրում զսպել արտաքին խաղացողների, գուցեեւ Ադրբեջանի ախորժակը:
Չնայած շարժմանը միացողների տարբեր քաղաքական հավակնություններին, որքան հետեւել ենք, նրա ղեկավար Բագրատ Սրբազան Գալստանյանն անընդհատ շեշտում էր` շարժումը չքաղաքականացնել, խոսում էր ազգային համերաշխության առաջնահերթությունից, տեղի ունեցողը հայրենիքի, պետականության պաշտպանության շարժում անվանելով: Առաջին օրերին ընդգծված քաղաքական դեմքերն էլ կարծես պակասեցին քայլերթի ժամանակ, անգամ մի շարք այլ մասնակիցներ, օրինակ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը եւս այն անվանեց ճշմարտության, լինելիության համար պայքար, եւ ոչ թե աթոռակռիվ, ատելություն չլինելու անհրաժեշտությունը շեշտելով: Մի քանի անգամ, երբ լրագրողները փորձեցին ուղիղ հարցով Բագրատ Սրբազանին դուրս բերել ուղիղ խոսակցության դաշտ, թե պահանջելո ւ է իշխանության հրաժարական, Սրբազանը հաջողությամբ խուսանավում էր ուղիղ պատասխանից կամ խոսում էր այն մասին, թե անձամբ կազմակերպիչները պահանջ չեն ներկայացնում իշխանություններին, թող նրանք նայեն բազմամարդ հրապարակին եւ որոշում կայացնեն:
Այն դեպքում, երբ որոշ քաղաքական շրջանակներ արդեն սցենարներ էին գծում իշխանության փոփոխության երկու ճանապարհների մասին` խորհրդարանով վարչապետին անվստահություն հայտնելու եւ արտահերթ ընտրությունների: Ընդ որում` որոշները շատ առարկայական էին համարում 36 պատգամավորով անվստահություն հայտնելու տարբերակը, նույնիսկ խոսում էին այն մասին, թե իշխող ուժի պատգամավորներից էլ կարող են միանալ դրան, մնում է ժամանակավոր վարչապետի թեկնածու ունենալ:
Ամեն դեպքում Տավուշից սկսված քայլերթը, որն ավարտվեց Հանրապետության հրապարակի հանրահավաքով, շատ բազմամարդ էր, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ:
Հանրահավաքի ժամանակ արդեն Բագրատ Սրբազանը պարզեց շարժման պահանջը` Նիկոլ Փաշինյանի հրաժարական: Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տրվեց` հրաժարական ներկայացնելու (այդ պահանջին արձագանքելու): Այդ մեկ ժամում Սրբազանը պատրաստ էր հանդիպելու եւ քննարկելու հրաժարականի պայմանները, ենթադրվում էր` Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ ասելու պահին 18:40 էր, պատասխանը սպասվում էր մեկ ժամից: Որպես հրաժարականի պահանջի հիմնավորում Բագրատ Սրբազանը նշեց, որ կառավարությունը ծայրից ծայր ձախողել է երկրի կառավարումը, քանդել անվտանգային համակարգը, եկեղեցին թիրախ դարձրել, խոսույթ բերել Ցեղասպանության, Արարատ-Արագածի, պատմության վերատեսաության անթույլատրելի, կեղծ խոսույթը, քայքայել կրթական համակարգը եւ այլն: Չկա Արցախ աշխարհը, Հայաստանից գրավված են տարածքներ:
Տավուշցի պատգամավորԳառնիկ Դանիելյանը ավելի հստակեցրեց` մի քանի գիշեր էլ չենք քնի, բայց մեր հայրենիքը չենք տա ուրիշի:
Մեկ ժամ անց, պատասխան չստանալով վարչապետ Փաշինյանից` Բագրատ Սրբազանը մի փոքր ավելացրեց այն ժամանակը, որ տրվել էր, նշելով, որ շարժման մասնակիցները համբերատար կսպասեն պատասխանին, քանի որ սերն առ պետությունն ավելին պետք է լինի, քան ատելությունը կառավարության նկատմամբ:
Ժամանակը լրանալուց հետո Բագրատ Սրբազանը թվարկեց անելիք քայլերը. Ազգային ժողովով անվստահություն հայտնելու եւ պաշտոնանկության գործընթաց սկսել, այդ քայլի տեխնիկական հնարավորության քննարկում ԱԺ խմբակցությունների հետ եւ բողոքի գործողությունների անընդմեջ շարունակում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ