Ես համոզմունք ունեմ, որ բոլոր քաղաքացիները պետք է օրենքով սահմանված կարգով իրենց մասնակցությունն ունենան պետական եկամուտների ձևավորման հարցում։ Այլ հարց է, որ արտագնա աշխատողներին հարկելու օրենքը Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է 2016 թվականին, սակայն պետությունն ազգաբնակչության շրջանում բավարար իրազեկվածություն չի ապահովվել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների մասնակցությամբ վերջին օրերին ծավալված բողոքի ակցիաներին։
«Այժմ, երբ մարդկանց հետին թվով պահանջներ են ներկայացվում, ես, որպես ՀՀ քաղաքացի և տնտեսագետ, թափանցիկ աշխատաոճի առումով դա խնդրահարույց եմ համարում։
Կարծում եմ՝ այստեղ ոչ թե հարկի դրույքաչափը կամ առաջադրված հարկային պարտավորություններն են խնդիր, այլ այն, որ դրանք իրականացվել են ոչ բավարար ծանուցում ապահովելու պարագայում։ Սա այն դեպքում, երբ թիրախային խումբը՝ հիմնականում մարզաբնակ, սեզոնային աշխատանքի մեկնող մարդիկ, հաստատ ամեն օր չեն բացում և կարդում Հարկային օրենսգիրքը։ Հետևաբար, կրկնում եմ, պակաս իրազեկվածությունը ես խնդիր եմ համարում։
Կարծում եմ՝ Պետական եկամուտների կոմիտեն այս մասով աշխատանք ունի իրականացնելու։ Կարծում եմ՝ պետք է բավարար իրազեկվածություն ապահովվել մարդկանց շրջանում, հետո արդեն պահանջել, որպեսզի իրենց հարկային պարտավորությունները կատարեն»,- ասաց Հայկազ Ֆանյանը։
Տնտեսագետն ընդգծեց՝ միանշանակ է, որ հարկային վարչարարություն իրականացնող մարմինը՝ ՊԵԿ-ը, բավարար իրազեկում ապահովվելու առումով թերացել է։
«Հայտնի է, որ խոսքը գնում է տարբերության մասին, այսինքն՝ առաջարկվում է, որ վճարումներն իրականացվեն տարբերությունով։ Դիցուք, եթե եկամտային հարկի դրույքաչափը որևէ երկրում 18 տոկոս է, իսկ Հայաստանում՝ 20 տոկոս, առաջարկվում է, որ քաղաքացին հարկվի այդ տարբերության չափով։
Առհասարկ, եթե մենք օգտվում ենք պետության մատուցած բարիքներից՝ բարեկարգ ճանապարհներ, պետական դպրոցներում անվճար կրթություն և այլն, ամեն մեկս մեր հնարավորությունների չափով, օրենքով սահմանված կարգով պետք է մեր ավանդն ունենանք եկամուտների ձևավորման հարցում։ Եթե առանցքային այ հարցով համաձայնության ենք գալիս, ընդունում եմ և համաձայն եմ, որ ՊԵԿ-ն իր աշխատանքներում թերացել է»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները՝ ՊԵԿ-ը տեղեկացրել է, որ պատրաստ է գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ նախաձեռնել քննարկումներ։
Մինչ այդ «խոպանչիները» բողոքի ակցիա են իրականացնում՝ փակ պահելով Երևան-Մարտունի ճանապարհը։ Նրանք բողոքում են ՊԵԿ-ի կարգավորման դեմ, որով արտերկրում գրանցված աշխատանքային միգրանտները պետք է հարկ վճարեն նաև Հայաստանում։