Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Սրանք էլ ի՞նչ պիտի անեն, որ ՄԵՆՔ վերջապես հասկանանք

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ  Սենոր Հասրաթյանը գրում է. Երեկ հայտնի դարձավ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտի 10 մեդալով առաջինն է: Մի երկու օր առաջ էլ ոգևորվում էինք մեր ըմբշամարտիկներով, հատկապես, երբ նրանք հաղթանակ էին տոնում թուրք-ազերի ըմբիշների դեմ մենամարտերում…

Առավել քան արցունքախառն էր ոգևորությունս, երբ տեսա, թե ինչպես է Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն իր հաղթական դափնեպսակը խոնարհում եղբոր՝ Արցախյան ազատամարտի հերոս Տարոն Անդրեասյանի հիշատակին…

ՀԱՅՈՑ «սպորտային օրը», կարծես, իր տարերքի մեջ էր և ուր որ է ոգևորությամբ կավարտվեր, բայց… մեկ էլ երեկոյան հայտնի դարձավ, որ «թմրանյութերի իրացման և շրջանառության կասկածանքով» ոստիկանության բաժանմունք են տարել սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն, արցախցի Աշոտ Դանիելյանին… Մի մարդու, ով ինչպես նրա պաշտպանն է ներկայացնում, կյանքում նույնիսկ ծխախոտ օգտագործած չկա…

…Ձեռքերս ծալել կրծքիս և մտածում եմ՝ լավ, ս ր ա ն ք էլ ի՞նչ պիտի անեն, որ ՄԵՆՔ վերջապես հասկանանք և, գոնե, չթողնենք սպանեն այն, ինչը մեզ տալիս է ապրելու հավատ…