Հարյուր, հարյուր տասը, հարյուր եւ էլի հարյուր։ Ամեն քայլը մեկ Երեւանում մի կուսակցական գրասենյակ կա, կամ նույնիսկ դա չկա, բայց անունը կա։ Քանի անդամ ունեն, կարեւոր չէ։ Մի խմբով հավաքվում, մի սուտ ծրագիր են գրում, գրանցվում ու դառնում գլխներիս պատուհաս։ Յուրաքանչյուր ընտրությունից առաջ սրանց մի տասը տոկոս աճ է գրանցում։ Մեդիա տեխնոլոգիաները պարագլուխներին՝ որպես կանոն, ճարտար, թոզ փչողներ, մի որոշ հեղինակությամբ են օժտում, հետո յուրաքանչյուրը ինչ- որ մեկի հրահանգով մեզ ուզում է որոշակիորեն ուղղորդել։ էլ կերազեք, թե դա ձեզ նորից կհաջողվի։ Կուտ ուտող հավերը քչացել են, սոցմեդիան իր գործն անում է, դեմքեր են, որ պատռվում են։
Ուրեմն երբ իրենց ասած – արածների հանդեպ վերաբերմունք – կարծիքներ ենք արտահայտում, մեզ անպատվում են, թե հայրենիքը արոտավայր ենք սարքում ու կարճամիտ ենք, բայց երբ մեր ձայներն են պետք, աղաչում են մեզ։ Կուսակցապետերից մեկը մի տասն անգամ ասել էր’ դեռ մի կողմ դրած իշխանությունը սխալ, թե ճիշտ է, լավ, թե վատն է, բայց որպես պարտված կողմ դրսի հետ բանակցության սեղանի նստել չի կարող. բարոյական, հոգեբանական հարց է։ Պարտվածը դաշտից հեռանում է, այսպես է ընդունված ու ճիշտ է։ Բայց հետո գնում համագործակցության ձեռք է սեղմում պարտվածին, որ շարունակի՞ պարտությունների շարքը։ Այդ ոնց է լինում, որ դրսիները պարտվողի հետ հաշվի չեն նստի, բաց ներսիները նստում են, այստեղ բարոյականը դեր չունի՞։ Աճպարարների մի խումբ էլ կեղծ արեւմտամետ- ազգայնականի դիմակի տակ խաբելու կուրս էր վերցրել, մենք իհարկե հասկանում էինք, որ դրանք իշխանության մարդիկ են, նրա փոքր արբանյակները։
Ինքս, որ նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանից օտարել էի ինձ այնպես, որ տեւական ժամանակ ոչ մեկի հետ չէի հաղորդակցվում, հիմա հակված եմ առավելություն տալ այն հարստահարող- թալանչի կոչվածներին, քան այս նորերին, որովհետեւ նրանք գոնե իրենց դեմքերով են հանդես գալիս, դիմակ չեն կրում։ Ես, իհարկե, ոչ նախկին, ոչ ներկային եմ կողմ, ես իմ այլընտրանքն ունեմ, բայց գիտեմ՝ կեղծիքի ու լպրծուն ստի սոսկալի կործանարար լինելն ու դրա վտանգը։
Հիմա տիրող մթնոլորտի մասին․ սեւ – սպիտակի հակադրությունը վերաճում է բացահայտ թշնամանքի, սուտ թավիշը դառնում է սպառնալիք. համակիրներին համակած տենդ է․ սրանց բամբասանքն ու հայհոյանքը հասնում է երկինք, սրանք մեր երկիրը քանդողներն են, մեր ժողովրդին ներսից սպանողները, մենք լրջորեն կարիք ունենք ուղղիչ- դաստիարակչական տների։
Առանց այն էլ կրթության լուրջ պակաս ունեցող հասարակության այդ շերտը այս վերջին երեք տարում զրկվեց ինքնուրույն մտածելու կարողությունից․ նրանք ուղղորդվում են քաղաքական մի խմբի կողմից’ հմտացած մանիպուլյացիայի արհեստում։ Իսկապես որ սուտը հաճախ կրկնվելով ճշմարտության տեղ է անցնում։ Մի երկու տարի առաջ, եթե հողերը տալու մասին խոսք գնար, հայրենասիրական ողբ ու կական կբարձրանար, հիմա Եռաբլուրում զավակ կորցրած մայրը ապշեցնում է, թե զավակիս կորցրի, բայց ձեզ չկորցնեմ ․․․․
Հիմա մարդկանց այս տեսակի ուղեղները լցնում են, թե ձեզ հող պետք չի, վարձով ավելի հեշտ ու հանգիստ կապրեք, թեկուզ ուրիշի մահակի տակ։ Ու սրանք ուռա են գոռում ինքնամոռաց։ Սրանք որդեկորույս մայրերի արցունքը դեռ չցամաքած, անթաղ մեռելների վրա ծափ-ծիծաղ են զարկում, քաղաքային տոնակատարություններ անում ու ցատկռտում։ Ու եթե ասես, առնվազն անբարո պահվածք է, անամոթաբար կհակադարձեն՝ ինչո՞ւ դուք բարեկամի տուն չեք գնում գինի կամ սուրճ խմելու, այսինքն’ կազմակերպված համաժողովրդական տոնակատարությունն ու ընկերուհու հետ սուրճ խմելը նույնն է սրանց մտածելով։
Դու հասկանում ես, որ ողբերգությունը կողքներով է անցել, զոհն իրենցը չի, ուրեմն կարելի է աչք փակել, ապրել նույն ձևով, ասես ոչինչ չի պատահել։
Այս մտայնությամբ էլ գնացին քվեատուփերի մոտ ու հպարտ ընտրություն արեցին, ասացին, որ ուզում ենք շարունակել այսպես ապրել, որովհետև վիշտը իրենց դուռը չի ծեծել, և որովհետև պարզունակ սպառող են եւ մտածելուց հոգնում են․ իրենց տեղը թող ուրիշները մտածեն, ուրիշները ընտրեն, ուրիշները իրենց տունը կառուցեն, թե ուզածները չեղավ, հետին թվով սրան – նրան մեղադրելը կա ու կա։
Սպառողների այս շերտը, որ քանակով ամենաշատն է, գլուխ է բարձրացրել, տեր ու տնօրեն դարձել, քանի վերևներում իր մարդն ունի։ Նրանք սովորաբար սիրում են ստել, սկզբունք չունեն, չեն սիրում բարոյականության մասին խոսողներին, ատում են միտք ու գաղափար, արհամարհում են գրագետին եւ ուսյալին, սիրում են քաղաքի փողոցներում խորոված անել ու գինի խմել, զուռնա – դհոլի տակ թռչկոտել։ Նմանների դեպքում դեմոկրատիա կոչվածը չի արդարացվում։ Քաղաքական ընտրությունը մի բան է, որ որակ չի պահանջում, ձայնը ձայնը է’ մի պայծառատես մարգարե լինի, ուսյալ մի երեւելի․ թե գրպանահատ- ավազակ կամ բամբասասեր մի տղամարդ։ Հայի որակն ընկել է այսօր, որովհետեւ բամբասասեր տղամարդիկ շատացել են։ Բավական է նման մի բան ասես, ու լայն կբացեն բերանները’ ներքին մաղձը թափելու, միջավայրն ախտոտելու՝ էլ ծախու գրչակ, էլ գող փիսո, էլ դրսերում թրև եկող սորոսի թեւք, էլ եսիմ ինչ։
Մենք տեսանք անծրագիր ու անղեկ խմբերի, տեսանք կեղծ արեւմտամետ-ազգայինների՝ խրոխտ ճչացող ու դրամատիկ ձայներով, տեսանք մեր անվտանգությունը տորթի ու սիրուն – գույնզգույն գլխարկների հետ փոխողների։ Տեսանք սուտ բանավեճեր ու լոլոներ, քարե պատվանդաններին ծաղիկ դնողների, անկենդան շփումներ տեսանք, մրցույթներ տեսանք փոխադարձ հայհոյանքների, տեսանք նաև ազգային պետություն կառուցելու գրագետ ծրագրեր, սրտացավ, լուրջ մոտեցումներ, գտանք սկզբունքային, իմացական մարդկանց։
Մենք տեսանք ժողովրդի, որ հաստատեց Խորենացու, Թումանյանի, Թերլեմեզյանի, Նժդեհի’ տարբեր ժամանակներում ասված խոսքերն իր մասին։
Մտքով կույր ու ծուլ ամբոխ, որ մտածեց, թե գոհ է այն ամենից, ինչ պատահեց անցած աշնանը ու հետո էլ։ Մենք չենք խոսում այն շերտի մասին, որոնց համար հայրենիքը արոտավայր է և այն էլ ցոփ։ Նրանք աթոռների բարձրություն ու գույնի թանձրություն են ճշտում։
Իսկ այն խեղճ ու կրակները, օրվա հացը դեսից – դենից ճարողները, ասացին, որ նորից են վստահում, միայն թե տեղները տաք, փորները կուշտ լինի։
Բայց ո՞նց կլինի։
Երկու օր առաջ մենք տեսանք ընտրաբեմադրության երկրորդ արարը’ խորհրդարանի այցեքարտ չստացած ուժերի ղեկավարների հետ համագործակցման սցենարի, որ արտախորհրդարանական ուժերի հետ ծրագիր է. ներսում թեժ է լինելու։ Արտագնա աշխատանք է պետք։
Ով գնաց, ով էլ մերժեց, ամեն մեկն իր հիմնավորումը բերեց, ով հավատաց, ով էլ’ չէ։
Նրանցից մեկ – երկուսը հույս ուներ, թե իրենց ծրագրերին ու մտահոգություններին ականջալուր թերևս լինեն։ Բայց ո՞վ և ո՞ւմ է ասվում։
Հույսի շողեր կային, որ արագորեն մարում են։
Մենք, որ ժողովրդի մասնիկ կամ մի շերտ ենք հասարակության, հիմա հասկանում ենք, որ քաղաքական խմբերը սպառել են իրենց, դրանք մեզ էլ ոչինչ տալ չեն կարող, անելիք չունեն։
Մեզ խաբելը անելիք չէ՛։
Երևի հասարակական այլ մոդելներ ստեղծենք, թերևս համայնքներ’ խիստ ընտրությամբ։
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ