Վաշինգտոնը կընդունի՞ Թեհրանի առաջարկը
Արդյո՞ք ժամանակն է ավարտված համարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող հյուծիչ բանակցությունների ոդիսականը։ ՀԳՀԾ-ի մասին շրջանառվող լավատեսական տրամադրություններով հանդերձ, բանակցող կողմերն այսօր էլ խուսափում են խոսել գործընթացին վերջակետ դնելու մասին, քանի որ աշխարհն արդեն մի անգամ արձանագրել է 2015 թվականին հանգուցալուծված 5+1 «միջկոնտինենտալ» ձեւաչափով ընթացող բանակցությունների գլխավոր օրակարգը համարվող թնջուկի՝ ԱՄՆ նախագահ Թրամփի կամայականությամբ տեւական ջանքերի շնորհիվ ստորագրված փաստաթղթից հրաժարվելու փաստը։
Եվ ահա, էքսնախագահ Թրամփի կատարածը խմբագրելու վճռականությամբ Սպիտակ տուն եկած Բայդենի նախաձեռնությամբ 16 ամիս տեւած բանակցություններից հետո, կարծես շոշափելի է դառնում հարցի կարգավորումը։
Տպավորությունն այնպիսին է, որ շուտով պիտի հրաժարվենք բանակցությունների ետնաբեմերում այդ խնդրի շուրջ ձեւավորվող ենթադրությունների հիման վրա դատողություններ անելու պրակտիկայից ու հետեւենք բացառապես պաշտոնական հայտարարություններին։
Եվ այսպես, արձանագրում ենք, որ խնդրի հանգուցալուծման նպատակով օգոստոսի 8-ին Եվրամիության ներկայացրած առաջարկությունների փաթեթը քննարկման դրվեց օգոստոսի 15-ին ԻԻՀ նախագահ Ռայիսիի գլխավորությամբ անցկացված Ազգային անվտանգության գերագույն խորհրդի արտահերթ նիստին, եւ իրանական կողմի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի զեկույցից հետո տեղի ունեցած քննարկումների արդյունքում, որոշակի վերապահումներով, ընդունվեց առաջարկությունների փաթեթը, որը մինչեւ պայմանավորված ժամկետի ավարտը փոխանցվեց Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին։
Դրան հետեւեց ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությունն առ այն, որ երեքշաբթի Վաշինգտոնն ստացել է Իրանի պատասխանը Եվրամիության ներկայացրած առաջարկությունների փաթեթին ու համատեղ քննարկում է Թեհրանի դիրքորոշումը։
Իրանի պատասխանը համատեղ քննարկելու մասին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Եվրամիության խոսնակը՝ խուսափելով սակայն նշել քննարկումների արդյունքների հրապարակման մասին որեւէ վերջնաժամկետ։
ՀԳՀԾ-ի շուրջ պաշտոնական հայտարարությունների բացակայության պայմաններում առայժմ ստիպված ենք դարձյալ ապավինել թափառող այն տեսակետին, որ Եվրամիությանը ներկայացրած Իրանի դիրքորոշման գլխավոր առաջարկն ու պահանջը, ըստ ամենայնի, վերաբերելու է ստորագրման ենթակա նոր փաստատթղթից ԱՄՆ ապագա նախագահների հրաժարման դեպքում Իրանին վնասի հատուցում վճարելու պարտադրանքին։
Դարձյալ մտնելով ենթադրությունների հեղհեղուկ դաշտը՝ կարող ենք ասել, որ Իրանի պահանջն ընդունելու դեպքում նախագահ Բայդենը բախվելու է կոնգրեսականների լուրջ հակազդեցությանը։
Գրիգոր Առաքելյան