«Այս պահին չեմ տեսնում, որ ԵՄ-ն վճռականորեն աջակցելու է». Միշայել Ռոթ
ԵՄ պաշտոնյաներին պիտի բացատրել՝ վիզայի ազատականացումը հայ երիտասարդության միակ բաղձալի երազանքը չէ:
Սեպտեմբերի 29-ի երեկոյան ժամը 20.09-ին գերմանական «Թագեսշպիգելը», հղում տալով գերմանական RND-ին, հրապարակեց Բեռլինում ՀՀ դեսպան Ենգիբարյանի այն հայտարարությունը, թե ԼՂ-ն նվաճելուց հետո Հայաստանում աճում է այն մտահոգությունը, թե Ադրբեջանը հնարավոր է հարձակվի նաեւ ՀՀ տարածքի վրա: Դեսպանը խնդրում է միջազգային հանրության աջակցությունը:
«Բաքվից լսում ենք չափազանց ագրեսիվ սպառնալիքներ, ատելության խոսք ոչ միայն ԼՂ-ի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության դեմ», ուրբաթ օրը RND-ին է փոխանցել դեսպան Ենգիբարյանը: «Մտահոգ ենք, որ Ադրբեջանն ի վերջո շատ հեռու կգնա եւ կհարձակվի Հայաստանի վրա»: Փոխարենը Երեւանում շահագրգռված են հարեւանների հետ հարցերը զրուցելով քննարկելու: Հայաստանում այժմ հույս են տածում, որ «միջազգային հանրությունը շատ հստակ ակտիվ քայլեր կձեռնարկի, հակառակ պարագայում Ադրբեջանի ագրեսիվությունը կաճի», ՀՀ դեսպանի խոսքն է մեջբերում թերթը:
«Թագեսշպիգելն» այնուհետ իրազեկում է, որ «Ադրբեջանը ձերբակալել է ԼՂ նախկին ՊՆ Լեւոն Մնացականյանին: Վերջինիս բռնել են, երբ կամենում էր ԼՂ-ից Հայաստան մեկնել, այժմ Բաքվում է»: Այնուհետ հաղորդում նաեւ, որ ավելի վաղ ձերբակալվել էր նախկին մեկ ուրիշ պաշտոնյա՝ Ռուբեն Վարդանյանը:
Նույն թերթի առցանց տարբերակում երեկ ավելի ուշ՝ ժամը 21.20-ին հրապարակվեց նույն մտահոգությամբ մեկ ուրիշ հոդված: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթը ԼՂ-ի առնչությամբ ասում է «ԵՄ-ի պահվածքն աղետ է( Desaster)»: Նա երկյուղում է, որ Ադրբեջանը հնարավոր է հաջորդ անգամ հարձակվի Հայաստանի վրա: Հայերը ոչինչ չեն կարողանա անել՝ սրան հակազդելու համար», կարծիք է հայտնում Ռոթը:
Թերթի թղթակից Էվա Ֆիշերի այն հարցին, թե «Լ Ղ-ն կլուծարվի. Այժմ մտավախություն կա, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա՝ դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհ ձեռք բերելու համար: Նախագահ Ալիևը կհամարձակվի՞ դա անել», Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ասում է՝ «Մեզանից շատերը լուրջ չէին ընդունում այն նախազգուշացումները, որ Ալիևը հարձակվում է ԼՂ հայերի վրա։ Պիտի հաշվի առնենք, որ նա հերթական անգամ կփորձի ռազմական փաստեր ստեղծել։ Գործ ունենք ավտորիտար տիրակալի հետ, ով չի ցանկանում բանակցությունների սեղանի շուրջ ժամանակ վատնել»:
«Ի՞նչ կնշանակի նման հարձակումը Հայաստանի համար» հարցին, Ռոթի պատասխանն է՝ «Հայաստանը ռազմական առումով լիովին զիջում է գերզինված Ադրբեջանին. Ցայժմ Ռուսաստանը Հայաստանին սատարող ուժն էր, բայց դա արդեն պատմություն է։ Թավշյա հեղափոխությամբ Հայաստանն ընտրեց ժողովրդավարությունն ու ազատությունը, ինչը Պուտինը երբեք չի ների հայ ժողովրդին. Սակայն այս պահին չեմ տեսնում, որ ԵՄ-ն վճռականորեն աջակցելու է այդ երկրին։ ԵՄ-ի վարքագիծն արտաքին և անվտանգության քաղաքականության աղետ է»։
«Թագեսշպիգելի» թղթակցի հաջորդ հարցը՝ «Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի, Ադրբեջանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վրա. Հակամարտություններից խուսափելու՝ ԵՄ հարեւանության քաղաքականությունը կարծես թե չի գործում, այդպես չէ»՞:
«Որքան էլ դառը լինի, պետք է համաձայնեմ ձեզ հետ: Եվ ես դա ասում եմ՝ որպես համոզված եվրոպացի։ Մենք ցանկանում էինք ԵՄ-ի շուրջ ստեղծել «Բարեկամների օղակ»՝ կայուն պետությունների օղակ: Այժմ ունենք «Հրե օղակ»՝ բազմաթիվ պոտենցիալ և փաստացի հակամարտություններով: Վերջապես պետք է արմատապես այն վերանայենք»:
«Առաջ Արևելյան Եվրոպայի երկրներին միայն երկրորդ կարգի առաջարկներ էինք անում։ Նրանց հստակ ԵՄ հեռանկար պատրաստ չէինք տալու։ Արևելյան Եվրոպան և Հարավային Կովկասը դիտվում էին՝ որպես ռուսական ուժի նախահրապարակ, չէինք ուզում խառնվել դրան: Ի վերջո խոսքը ոչ թե ուժային շահերի, այլ բազմաթիվ հայ երիտասարդների ցանկությունների ու հույսերի մասին է։ Ուկրաինացիների նման, նրանք էլ չեն ուզում ռուսական «կյանքի ձևը», նախընտրելով ազատության, արժանապատվության, ինքնորոշման և ժողովրդավարության մեջ ապրելը»:
Ֆիշերը հարցնւմ է՝ «Հայաստանին պե՞տք է խրախուսել՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցում»:
«Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ռազմական ճանապարհով լքեց Հայաստանը, երկիրը հիմնականում մնացել է անպաշտպան և վերակողմնորոշվում է: Սա ռազմավարական առումով եզակի հնարավորություն է ԵՄ-ի համար՝ ավելի շատ խաղաղություն, ժողովրդավարություն և կայունություն ապահովելու՝ շատ փխրուն, վտանգավոր այդ տարածաշրջանում», պատասխանում է Ռոթը՝ հաջորդ պարբերության մեջ կրկնելով այն, ինչն օրեր առաջ արդեն ասել էր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգին», այն է՝ Հայաստանի համար վիզաների ազատականացում:
«Դա հույսի նշան կլիներ հայերի համար, վաղուց էին ուզում։ Անհրաժեշտ է նաեւ հսկայական տնտեսական փաթեթ և ավելի շատ մարդասիրական օգնություն, քան նախկինում: Հայաստանը պատրաստվում է ավելի քան 100 հազար փախստական ընդունել Լեռնային Ղարաբաղից. Դա նույնն է, ինչ Գերմանիան ստիպված լինի ընդունել մի քանի միլիոն փախստական շատ կարճ ժամանակում»:
«Թագեսշպիգելի» թղթակցի այն հարցին, թե «ինչպե՞ս կարելի է վերջ դնել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը», Միշայել Ռոթը պատասխանում է՝
«Անհրաժեշտ է խաղաղ գործընթաց, որը վարում է ԵՄ-ն, որտեղ Գերմանիան և Ֆրանսիան էլ ավելի մեծ պատասխանատվություն կստանձնեն: Միևնույն ժամանակ, պետք է Ադրբեջանին սպառնանք պատժամիջոցներ կիրառելու հստակ նշանով»։
«Արդյո՞ք Ադրբեջանի հետ եվրոպական գազային գործարքը սխալ էր», հարցնում է թղթակիցը: Ռոթի պատասխանը հետեւյալն է՝ «Ցավոք սրտի, նավթն ու գազը հասանելի են ոչ միայն մաքուր ժողովրդավարական երկրներից, այլ՝ առաջին հերթին ավտորիտար ռեժիմներից: Բայց մենք երբեք չենք ցանկացել նորից կախվածություն ունենալ նման մեկից։ Դիվերսիֆիկացիան այդ նպատակն է հետապնդում: Չեմ մեղադրում ԵՄ հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ գազային գործարքն ավարտելու համար։ Սակայն նրան մեղադրում եմ Բաքվի հետ մարդու իրավունքների, ժողովրդավարության և խաղաղ գործընթացի մասին չխոսելու համար: Մեր քաղաքականությունը ներկայումս ո՛չ արժեքների, ո՛չ էլ շահերի վրա է հիմնված։ Մենք շտապ պետք է այն փոխենք»։
Տրվում է հաջորդ հարցը՝ «Սա նշանակո՞ւմ է, որ ԵՄ-ն այլեւս չպետք է գազ գնի Ադրբեջանից»։
«Եթե մեր հարեւանությամբ գտնվող եվրոպական երկիրը բռնության է դիմում քաղաքական նպատակներին դաժանաբար հասնելու համար, ապա չենք կարող «սովորականի պես բիզնես» անել։ Պետք է պատրաստ լինենք տնտեսական պատժամիջոցներ կիրառելուն, էներգետիկ պայմանագրերը կասեցնելուն։ Անցյալ տարի ԵՄ-ն Ադրբեջանից իր գազի ընդամենը երեք տոկոսն է գնել, ուստի դրանից հրաժարվելը դրամատիկ չի լինի: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ այլեւս երբեք չենք հանդուրժի նման ագրեսիա»։
Նույն թերթի սեպտեմբերի 21-ի համարում Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Շտեֆան Մայսթերն այսպիսի արտահայտություն էր արել՝ «հատկապես հայ տղամարդիկ պետք է երկյուղեն իրենց կյանքի համար»: Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», Մայսթերը կարծիք էր հայտնել, որ «Փաշինյանի համար դժվար է լինելու: Նա միայն դեռ վարչապետի պաշտոնին է, քանի որ նրան այլընտրանք չկա: Ռուսաստանը նրան «պուտչի» միջոցով չի հեռացնի, այլ զանգվածային ճնշում կբանեցնի՝ եթե մեզանից երես թեքեք, ձեզ հետ էլ նույնը կլինի, ինչ ԼՂ հայերի հետ եղավ: Իսկ արեւմուտքը պարզապես կդիտի» :
«Մտավախություն կա, որ եթե Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումը միջազգային հետևանքներ չունենա, ապա դա Բաքվին կքաջալերի հաջորդ հարձակումը՝ Հայաստանի վրա», կարծիք էր հայտնել Մայսթերը:
Օրերն անցնում են՝ Հայաստանի եւ հայության գլխին ցեղասպան հարեւանները յաթաղանը սրած են պահում, Ռոթը նույն թեմայով որերորդ հարցազրույցն է տալիս, այս վերջինը՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի Բեռլին այցից հետո: ԵՄ-ն Ալիեւին պատժելու մի միասնական փաստաթուղթ դեռ չի կարողացել կնքել, բայց ուզում է վստահելի միջնորդ մնալ: Տեսնես՝ ինչի՞ դիմաց: Արցախը, Հայաստանը հայությունից դատարկելու՞:
Գերմանիան, Եվրոպան ամեն օր քննարկում են փախստականների հրատապ թեման: Եւ այս պահին ինչպե՞ս չաղաղակես՝ աշխարհին հանգի՛ստ թողեք, որ փախստականների քարավանները ձեր երկրների անդորրը չխաթարեն, կասեցրե՛ք Հայաստանի դեմ նոր պատերազմը: Վիզայի ազատականացումը հայ երիտասարդության միակ երազանքը չէ: Բաղձալին խաղաղության մեջ արարելն է:
Անահիտ Հովսեփյան, Գերմանիա