Սկիզբը` նախորդ համարում
Էներգետիկա
Իսրայելն էներգետիկայի ոլորտում եւս սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ, որն հաստատվել էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի՝ 2006-ին շահագորման հանձնումից տարիներ առաջ, քանի որ Իսրայելն արդեն Ջեյհան նավահանգստի միջոցով դարձել էր ադրբեջանական նավթի առաջատար ներկրողը: Նավթամուղի բացումը կողմերին տվեց նավթի առք ու վաճարքի ծավալները մեծացնելու նոր հնարավորություններ: Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթի պահանջարկի 40 %-ը, փոխարենը ստանում է տարեկան 3.5 մլրդ եկամուտ:
2007 թ. Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը Բաքվում առանձնակի կարեւորել էր էներգետիկայի ոլորտում կողմերի միջեւ ծավալվող համագործակցությունը: 2021-ի մայիսին Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին հավելեց նրան. «Ադրբեջանը հանդիսանում է Իսրայելի դաշնակիցը, բարեկամը եւ էներգոպաշարների խոշորագույն մատակարարը: Մենք Ադրբեջանի հետ աշխատում ենք զարգացնել հարաբերությունները եւ ընդլայնել մեր համագործակցությունը նոր բնագավառներում»:
Ի դեպ՝ ընթացիկ տարվա նոյեմբերի 14-ին Գազայի հատվածում, երբ թեժ մարտեր էին ծավալվում Իսլամական դիմադրության շարժման՝ HAMAS-ի ու Իսրայելի միջեւ եւ իսրայելական պաշտպանության բանակն ախնա ոչնչացնում էր պաղեստինցի կանանց ու երախաներին, ինչը դատապարտում էին բացի իսլամականից, նաեւ արաբական երկրները, Իսրայելը «Independent»ի թուրքական ծառայության վկայությամբ, Բաքվում ստորագրում է իսրայելա-ադրբեջանական երկու մեծ պայմանգիր: Մեկը բնական գազի մատակարարման պայմանագիրն է, որն իսրայելական կողմի հետ ստորագրել է Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը, մյուսը՝ 1.2 մլն արժողությամբ 140 կմ հեռահարությամբ «Barak» տեսակի հրթիռների գնման: Այս պալմանագրերը, ըստ անգլիական թերթի, միտված են Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հետագա ամրապմդմանը:
Ռազմական համագործակցություն
Երկու երկրների միջեւ ռազմական համացործակցությունը սկզբնավորվեց դեռեւս 1992 թ. ղարաբաղյան առաջին պատերազմի ամենաթեժ օրերին: Իսրայելը, ըստ habersol.org.tr կայքէջի, 2023 թվի հոկտեմբերի 10-ի տեղեկության, այդ տարի Ադրբեջանին մատակարարել է զենք, զինամթերք, տեխնիկա եւ մատուցել ռազմակրթական ծառայություն: 2004 թվին կողմերը կնքեցին Ադրբեջանին Թուրքիայում արտադրված իսրայելական զենք մատակարարելու մասին պայմանագիր: 2008-ին Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր, որի համաձայն իսրայելական Soltam-ը ադրբեջանական բանակին մատակարարելու էր ականանետեր եւ զինամթերք, Tadiran Communications ընկերությունը կապի միջոցներ, Israel Military Indstries-ը հրթիռներ ու ուղղորդման համակարգեր:
2009-ին իսրայելական պաշտպանական Elbit Systems-ը մասնաճյուղ բացեց Ադրբեջանում, նույն թվին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը սկսեց անօդաչու սարքերի արտադրությունը:
2011-ին ռազմարդյունաբերության ոլոտում իսրայելաադրբեջանական համագործակցության զարգացումը խթանելու համար Իսրայելի պաշտպանական Aeronautics ընկերությունը անօդաչուների գործարան է բացել Ադրբեջանում: Նույն թվի մարտին ձեռնարկության գործարաններն այնտեղ սկսել են Orbiter Ռ Aerostar տեսակի անօդաչուների արտադրությունը:
2012-ին Ադրբեջանը Իսրայելից ձեռք է բերել 1.6 մլրդ դոլար արժողությամբ անօդաչուներ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր: Այդ ցուցանիշը 2016-ին գերազանցել է 6 միլիարդը: Նույն թվին վարչապետ Նեթանյահուի Բաքու այցելության ժամանակ կողմերը պաշտպանության եւ անվտագության ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել: Դրա շրջանակներում Ադրբեջանը համաձալնել է, որ երկրի տարածքում մշտական հիմունքներով տեղակայվեն իսրայելական ռազմական հրահանգիչներն ու MOSSAD-ի գործակալները:
2016-ի դեկտեմբերին նախագահ Ալիեւը հայտարարել է, որ անցած տարիներին Ադրբեջանը Իսրայելից գնել է ընդհանուր առմամբ 5 մլրդ դոլարի զենք: Թուրքական insamer.com կայքը 2017-ի մայիսի 26-ին, հաստատել է Ադրբեջանի նախագահին, տեղեկացնելով, որ իսրայելական ռազմարդյունաբերության առաջնակարգ ընկերությունները, ինչպիսիք են Tadiran-ը, Blue Bird-ը, Elbit Sistem-ը, նոր համաձայնագրեր կնքելու հեռանկարով Բաքվում գրասենյակներ են բացել: Դրանց թվին պետք է դասել Ադրբեջանին վերջին սերնդի մարտավարական զինամթերք մատակարարող իսրայելական «Sky Striker» ընկերությանը, որի գործարքի մասին հայտնի է դարձել 2019-ի հունվարին:
Մինչեւ 44-օրյա պատերազմը Իսրայելի Բաքվին մատակարարած ռազմատեխնիկայի մեջ անօդաչուները զբացնում էին առաջին տեղը, եւ իսրայելական ռազմաօդային ուժերը բացառապես այդ սարքերով էին զինված: Ադրբեջանը, ըստ ռուս դիտորդների, ղարաբաղյան այդ պատերազմի նախօրյակին միայն ձեռք բերեց թուրքական արտադրության «Բայրաքթարները»: Վերջիններս նշում են, որ Իսրայելն ադրբեջանական բանակը զինեց արդիական զենքով եւ առաջնակարգ տեխնիկայով եւ ինքն է ապահովում Ադրբեջանի ներմուծած նոր զինատեսակների 43 %-ը, իսկ Թուրքիան՝ ընդամենը 2.8 %-ը:
Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2016-2020 թթ. Ադրբեջան ներկրվող սպառազինության 70 տոկոսը եղել է իսրայելական, ինչը պատերազմում, Euronews-ի դիտարկմամբ, Հայաստանի հանդեպ Ադրբեջանին առավելություն է ապահովել: Հատկանշական է, որ հենց այդ ժամանակահատվածում, Haaretz-ի վկալությամբ, Իսրայելի ռազմական Ovda օդակայան վայրէջք է կատարել 92 ադրբեջանական բեռնատար ինքնաթիռ, եւ վայրէջքների հաճախականությունն որպես կանոն աճել է Լեռնային Ղարաբաղի սահմաններում լարվածության սրմանը նախօրեին:
2023 թ. մայիսի 18-ին, պատասխանելով Independent-ի հարցերին, ադրբեջանցի հեղինակ Մայիս Ալիզադեն նշեց, որ 44-օրյա պատերազմի պատրաստման փուլում աննախադեպ աճել է իսրայելական զենքերի նշանակությունն Ադրբեջանի համար, ապա վկայակոչելով Jerusalem Post-ը ավելացրեց. «Ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Իսրայելից զենք գնելիս, Ադրբեջանի իշխանություննեիրն մոտ կանգնած անձիք խոշոր չափի միջնորդավճարներ էին ստանում», որոնցից վերջինը, ըստ իսրայելական թերթի, 155 մլն դոլար էր կազմել:
Իսրայելն Ադրբեջանին զինել է նաեւ 2023 թ. սեպտեմբերի 19-20-ին Արցախի Հանրապետության դեմ իրականացրած ագրեսիայի նախօրեին: Այդ մասին 2023 թ. հոկտեմբերի 4-ին «Իսրայելը Լեռնային Ղարաբաղի դեմ վերջին գործողության համար լուռ ու մունջ զենք տվեց Ադրբեջանին» խորագրով անդրադարձել է Euronews-ը, վկայակոչելով Ասսոշիեյթեդ Պրեսս գործակալությանը: Ըստ ամերիկյան գործակալության՝ սեպտեմբերի 1-17-ը Բաքվից առնվազն բեռնատար 6 ինքնաթիռ ուղեւորվեց Իսրայել, 2 օր հետո Ադրբեջանը ձեռնարկեց հակաարցախյան ագրեսիան: Ադրբեջանին զինելը միանգամայն համապատասխանում է ղարաբաղյան հիմնահարցում Իսրայելի որդեգրած դիրքորոշմանը, ինչի մասին իսրայելակամ պետության արտգործնախարարությունը բազմիցս շեշտել է, որ Իսրայելն անկախ ամեն ինչից պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
***
Իսրայել-Ադրբեջան ռազմավարական համագործակցության պարագային կողմերի խնդիրը սոսկ զենքի առք ու վաճառքը չէ, այլ դրա տարածումը նաեւ այլ ոլորտներ: Օր. The Times of Israel պարբերականը, հենվելով միջազգային դիտորդների զեկույցների վրա, նշել է, որ Ադրբեջանն, ըստ ամենայնի, թույլ է տալիս Իսրայելին օգտագործել իր երկրում տեղակայված ռազմաբազաները Իրանի օդային տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու նպատակով: Թուրքական habersol.org-ը հավելում է, թե Իսրայելի ռազմաօդային ուժերն օգտագործում են Բաքվից 70 կմ հեռավորության վրա Կասպից ծովի ափին գտնվող ադրբեջանական Sitalcay ռազմաբազան: Ի դեպ՝ իսրայելական լրատվամիջոցները մինչ այդ հայտնել էին, որ 2009-ին Շիմոն Պերեսի Բաքու այցելության ժամանակ կողմերը Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով պայմանավորվածություն են ձեռք բերել Ադրբեջանի տարածքում էլեկտրոնային հետախուզության ցանց ստեղծելու մասին:
Սա նշանակում է, որ Իսրայելը, բացի քաղաքական, տնտեսական, ռազմական, ռազմարդյունաբերության եւ ռազմավարության ոլորտներից, Ադրբեջանի հետ սերտորեն համագործակցում է նաեւ հետախուզության ոլորտում: Շնորհիվ այս համագործակցության Իսրայելն Ադրբեջանի միջոցով ռազմա-քաղաքական ներկայություն է ապահովում Հարավային Կովկասում, ստանում հարավկովկասյան գործընթացներին միջամտելու հնարավորություն: Իրանի հետ Ադրբեջանի անմիջական հարեւանությունը նրան տալիս է իր գլխավոր «թշնամու» միջուկային ծրագրին հետեւելու լայն հնարավորություն: Թուրքական insamer.com.tr կայքէջը, ելնելով իսրայելա-ադրբեջանական համագործակցության ավելի քան սերտ բնույթից, գրում է, որ Իսրայելի համար աշխարհում չկա մահմեդական մեկ այլ երկիր, որի հետ վերջինս այս աստիճանի ջերմ հարաբերություններ ունենա: Ավելին, թուրքական մամուլի տվյալներով՝ երկրում, բացի Իսրայելից, ջերմ մթոլորտ է ստեղծվել նաեւ հրեաների հանդեպ, այնպես որ Իսրայելին քննադատելն այնտեղ նույնացվում է հակասեմականության հետ, ինչ վերաբերում է արաբական, առհասարակ՝ իսլամական աշխարհին, ապա ադրբեջանցիների մոտ ձեւավորված կարծիքի համաձայն դրանք Ադրբեջանի հետ չեն կարող բարեկամանալ, եւ դրա կարիքն էլ իրականում չկա:
Զուգընթաց դրան՝ Ադրբեջանում սկսել է բացասական կարծիք ձեւավորվել Թուրքիայի նկատմամբ: Դա հատկապես ակնառու է դարձել 2009-ի One minute-ի եւ 2010-ին «Մավի մարմարայի» միջադեպերից հետո, երբ վարչապետ Էրդողանը Դավոսի միջազգային տնտեսական ֆորումի նիստում One minute-ով ընդհատեց Շիմոն Պերեսին, ապա վիրավորեց նրան. «Դուք իսրայելցիներդ լավ գիտեք սպանելու ձեւերը», իսկ մեկ տարի անց իսրայելական հատուկ նշանակության ջոկատը «Մավի մարմարա» նավի տախտակամածում, որը «մարդասիրական օգնություն» էր տանում Գազայի հատված, գնդակահարեցին զինված 9 թուրք ուղեւորի:
Ավելին՝ մինչ Էրդողանը նախագահի կարգավիճակով խստագույնս դատապարտում էր Իսրայելի վերջին ագրեսիան ընդդեմ Գազայի, մեղադրելով նրան պաղեստինցիների հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեջ, հոկտեմբերի 7-ին, հենց Իսրայել-ՀԱՄԱՍ կռիվների սկզբնավորման օրը, Բաքվում իսրայելական դրոշի գույներով է լուսավորվում 3 երկնաքեր, իսկ նոյեմբերի 15-ին Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը «ազատություն իսրայելցի գերիներին» կարգախոսով Իսրայելի պաշտպանության միջոցառում է կազմակերպում Ադրբեջանի մայրաքաղաքում, որին մասնակցում են Միլլի Մեջլիսի պատգամավորներն ու օտարկրացի որոշ դիվանագետներ:
Իսրայելին Ադրբեջանի այս նվիրվածությունը, թուրքական որոշ լրատվամիջոցների բնութագրմամբ, Անկարայի նախանձն է շարժում: Այդ առումով հատկանշական է habersol.org.tr կայքի 2023 թ. հոկտեմբերի 13-ի հոդվածը, որը Ադրբեջանի հետ Իսրայելի հարաբերությունները բնութագրում է «երկու ազգ, մեկ բանակ» կարգախոսով, ինչը փաստորեն երկրորդ պլան է մղում Թուրքիայի «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը: Հիշեցման կարգով նշենք, որ 44-օրյա պատերազմի՝ այսպես կոչված, «հաղթանակի» տոնակատարություններին Բաքվի հրապարակում Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների կողքին ծածանվել էր նաեւ Իսրայելի դրոշը:
Իսրայելը, շնորհիվ Իրանի հետ անմիջական հարեւանության, Ադրբեջանի միջոցով նախ Իրանի միջուկային ծրագրին հետեւելու հնարավորություն է ստանում, ապա ռազմաքաղաքական ներկայություն է ապահովում Հարավային Կովկասում: Գալով Ադրբեջանին՝ նա էլ Իսրայելի հետ համագործակցելու շնորհիվ ոչ միայն ռազմական անվերապահ աջակցություն է ձեռք բերում Հայաստանի եւ հայերի դեմ կամ մշտապես արդիականցնելու միջոցով զինանոցը, հզորացնում իր բանակը, այլեւ միջազգային կառույցներում արժանանում է Արեւմուտքի երկրներում հրեաների, իսկ ԱՄՆ-ում իսրայելական լոբբիստական կազմակերպություննրի բարեհաճ վերաբերմունքին:
Այլ կերպ՝ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը միանգամայն համապատասխանում է կողմերի ազգային շահերին: Այլապես, ինչպես ընթացիկ տարվա ապրիլի 19-ին վկայել էր «Ազատություն» ռադիոկայանը, 2005-2009 թթ. Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը չէր հայտարարի. «Այս հարաբերություններում հետաքրքրականն ու դրականն այն է, որ մենք Ադրբեջանի համար անում ենք այն, ինչը ոչ ոք չի կարող անել, եւ նույն բանն էլ նրանք՝ մեզ համար»:
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ գոնե կարճաժամկետ հեռանկարում հաստատուն կմնա Իսրայելի ու Ադրբեջանի ռազմական եւ ռազմավարական համագործակցությունը, որի գլխավոր թիրախը, ցավոք, Հայաստանն է: Սակայն Իսրայելի հետ հարաբերությունների խզումը չի կարող հանդիսանալ Հայաստանի վրա Իսրայել-Ադրբեջան համագործակցության բացասական ազդեցությունը ոչ թե չեզոքացնելու, նույնիսկ թեկուզ թուլացնելու միջոցը: Մնում է որպես զսպաշապիկ օգտագործել միջազգային այն աջակցությունը, ինչը վայելում է Հայաստանը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ