<Հելսինկյան ընկերակցություն> իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը ՀԿ-ի մի քանի աշխատակիցների հետ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին մեկնել է Արցախ, որպեսզի տաք հետքերով փաստահավաք առաքելություն իրականացնեն:
<Առաջին անգամ, որ մեկնեցինք, եղանք Ստեփանակերտում եւ Մարտունիում, հավաքագրեցինք տեղեկատվությունը, երկրորդ անգամ եղանք Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում: Վնասների եւ հանցագործությունների ծավալն այնքան մեծ էր, որ փոքր խմբով աշխատելը շատ դժվար էր: Ճանապարհներին էլ անվտանգ չէինք զգում, քանի որ կան հատվածներ, որ հասկանալի չէ, թե ում տիրապետության տակ են. այնտեղ ո՛չ մերոնք կան, ո՛չ էլ ռուսական զորքերն են կանգնած: Չափազանց տխուր է Մարտակերտի վիճակը, քանի որ ամբողջությամբ այն ռմբակոծված է. այնտեղ բնակչությանը սպասվում է կա՛մ ֆիզիկական ոչնչացում, կա՛մ տեղահանում, կա՛մ էլ այնպիսի պայմանների ստեղծում, որ վերադարձն անհնարին լինի: Ես կարծում եմ, որ թշնամին հասել է այդ վիճակին, քանի որ հողին հավասարեցված վիճակում է այն>,- մեզ հետ զրույցում ասաց Արցախից նոր Հայաստան վերադարձած իրավապաշտպանը:
Նինա Կարապետյանցը նշում է, որ մեծ խնդիր են առաջացրել նաեւ զենքերը, քանի որ ադրբեջանաթուրքական տանդեմն օգտագործել է արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ, եւ դրանք ամբողջովին վերացված չեն: Միաժամանակ, ըստ նրա, Արցախում ԱԻՆ-ը շատ լավ է աշխատել: Նրանք աշխատել սկսել են այն ժամանակ, երբ ռմբակոծությունը դեռ չէր ավարտվել, սակայն դրանց ծավալն այնպիսին է, որ հնարավոր չէր ամբողջովին վերացնել: Երկրորդ անգամ այցի ժամանակ իրավապաշտպանը տեսել է, որ եկել էր նաեւ ռուսական ԱԻՆ-ը, եւ ենթադրել է, որ նրանք էլ են մասնակցելու աշխատանքներին: Իրավապաշտպանը տեսել է նաեւ, որ Արցախում աշխատում է <Halo Trust> միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է ականազերծման աշխատանքներով: Նրա կարծիքով՝ ամիսներ են պետք՝ մինչեւ բնակելի տարածքներն ականազերծվեն, անվտանգության երաշխիքներ ապահովեն:
<Անգամ երբ մենք փորձում էինք տեսալուսանկարահանել, հավաքագրել, չափումներ անել, փաստեր հավաքել ռմբակոծության հետեւանքների վերաբերյալ, տեղի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, որն ուղեկցում էր մեզ, իրականում խորհուրդ չէր տալիս առաջ գնալ, քանի որ այդ տարածքներն ամբողջությամբ մաքրված չէին, եւ կար վտանգ: Այսինքն՝ խաղաղ բնակչության վերադարձի հարցը բավականին լուրջ է: Բավականին լուրջ է նաեւ փաստերի հավաքագրման հարցը, որովհետեւ սկսվել են վերականգնողական աշխատանքները, եւ մարդիկ հասկանալի պատճառներով ուզում են հավաքել քանդած մասերը, վերացնել չպայթած ռումբերի հետեւանքները, ինչի պատճառով կարող ենք կորուստներ ունենալ: Իսկ դրա արդյունքում չենք կարող բավարար հիմքեր ունենալ դատարաններ, միջազգային ատյաններ դիմելու համար, ինչն Ադրբեջանն անում է ջանադրությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով, պետական հովանու ներքո: Ադրբեջանը մեծ ծավալով աշխատանք է սկսել, իսկ մենք դեռ փոքր ծավալով աշխատանք ենք անում: Իրականում Արցախում չկան անվտանգության երաշխիքներ, անգամ ռուսական զորքի առկայության դեպքում էլ բնակչությունն իրեն ապահով չի զգում եւ երաշխավորված չի համարում իր անվտանգությունը: Շատերը չեն վերադառնա, մի մասն էլ հիմնավոր հեռանում է, քանի որ հասկանում է, որ իր անվտանգությունը երաշխավորված չէ: Դա շատ ցավալի է >,- ասաց Նինա Կարապետյանցը:
Թագուհի Հակոբյան