Եւ Թրամփի սիմվոլիզմը
Թեեւ Իրանի նախագահը հրահանգել է վերսկսել բանակցություններն ԱՄՆ-ի հետ, սակայն մեր հիշողության մեջ դեռ թարմ է նախորդ տարվա հունիսին նույն օրակարգով մեկնարկած Իրան-ԱՄՆ երկխոսությունը եւ դրան հաջորդած՝ Իրանի դեմ Իսրայելի, իսկ հետագայում նաեւ ԱՄՆ-ի հարձակումը, որը հայտնի դարձավ «12-օրյա պատերազմ» անվանումով:
Արդյո՞ք կանխատեսելի է նույն սցենարի կրկնությունը: Եթե այո, արդյո՞ք հնարավոր է կանխատեսել նաեւ Իրանի դեմ ԱՄՆ-ի հարձակման ժամկետները:
Բնականաբար, նման կանխատեսումների համար հիմք են ծառայում հակամարտող կողմերի հնարավորություններն ու ռիսկերը, դաշնակից երկրների ներգրավվածության աստիճանը, միջազգային արձագանքը, ներքաղաքական մարտահրավերները եւ բազմաթիվ այլ գործոններ: Սակայն տվյալ դեպքում չի կարելի հաշվի չառնել նաեւ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը բնորոշող առանձնահատկությունները:
Եթե Թրամփի խոստացված հարձակումն իրականացվի փետրվարի 1-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, հատկապես փետրվարի 11-ին՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին, դա չպետք է զարմացնի եւ կարելի է վերագրել Թրամփին բնորոշ վարքագծային օրինաչափություններին:
Թրամփը բազմիցս ցույց է տվել, որ խորհրդանիշերի եւ կարեւոր տարեթվերի նկատմամբ ունի առանձնահատուկ վերաբերմունք: Նա դրանք օգտագործում է քաղաքական ուղերձներ փոխանցելու, իր աջակիցների շրջանում վարկանիշը բարձր պահելու եւ հանրային գիտակցության մեջ կայուն պատմություններ ձեւավորելու համար:
Նրա գործողությունները հաճախ ուղեկցվում են հաշվարկված ժամանակացույցերով, բեմականացված դրսեւորումներով եւ թվային կամ պատմական հղումներով, որոնք լսարանին փոխանցում են լրացուցիչ իմաստային շերտեր՝ տեսանելի բովանդակությունից դուրս: Այս մոտեցումը նրա քաղաքական ոճի ու հաղորդակցության ռազմավարության անբաժանելի մասն է եւ, ըստ էության, «քաղաքական թատրոնի» մի ձեւ, որն ուղղված է պատկերների միջոցով սեփական մտադրությունները ներշնչելուն:
Այս վարքագծային օրինաչափությունը երեւում է բազմաթիվ օրինակներում, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես եւ հատկապես Իրանի հետ կապված դեպքերում:
Օրինակ՝ Թրամփի վարչակազմը, նրա նախագահության առաջին շրջանում՝ 2019 թվականի նոյեմբերի 4-ին, որը համընկավ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման եւ աշխատակիցների պատանդառության 40-րդ տարելիցին, հայտարարեց Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի եւ եւս ինը ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին:
Նմանատիպ սիմվոլիկա էր բացահայտվում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո: 2020 թվականի հունվարի 3-ին, ի պատասխան Իրանի պաշտոնյաների վրեժխնդրության սպառնալիքների, Թրամփը Թվիթթերում գրառեց. «Մենք թիրախավորել ենք իրանական մշակույթի համար մեծ նշանակություն ունեցող 52 կետ»՝ հղում կատարելով տարիներ առաջ Իրանում պատանդ վերցված 52 ամերիկացի դիվանագետների եւ դեսպանատան այլ աշխատակիցների թվին:
Վերջին շաբաթներին որոշ լրատվամիջոցներ նույնիսկ նշել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության օրվա համընկնումը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության տարելիցի հետ՝ հաշվի առնելով, որ երկու գործիչներն էլ որոշ առումներով համարվում են հակաամերիկյան առանցքի խորհրդանիշեր:
Այս օրինակները ցույց են տալիս, որ Թրամփի ռազմավարության մեջ թվերն ու տարեթվերը ծառայում են որպես քաղաքական ուղերձներ փոխանցելու արդյունավետ գործիք, եւ գործողությունների համադրումը պատմական իրադարձությունների հետ պատահական բնույթ չի կրում:
Սակայն այս օրինաչափությունը չի կարելի դիտարկել որպես միակ որոշիչ գործոն: Գործնական սահմանափակումներն ու իրատեսական հաշվարկները հաճախ կարող են գերակայել խորհրդանշական նախընտրություններին:
Կան հաղորդումներ, որոնք վկայում են, որ տարածաշրջանում ամերիկյան ուժերի լիարժեք լոգիստիկ պատրաստվածությունը դեռեւս ամբողջությամբ ապահովված չէ:
Բացի այդ, անցյալում եղել են դեպքեր, երբ ռազմական իրատեսությունը գերակայել է Թրամփի սիմվոլիզմին: Դրանցից մեկը 2019 թվականին Իրանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումից հետո ԱՄՆ-ի անմիջական ռազմական արձագանքի բացակայությունն էր, ինչը ցույց է տալիս, որ ռազմավարական հաշվարկներն ու ավելի մեծ ռիսկերից խուսափելը երբեմն առաջնահերթ են եղել խորհրդանշական քայլերից:
Եղել են նաեւ դեպքեր, երբ Թրամփը ստիպված է իր հաշվարկներում ներառել այլ գործոններ, այդ թվում՝ տարածաշրջանային դաշնակիցների հետ համակարգումը եւ ներքին քաղաքական նկատառումները, մասնավորապես Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամկետների մոտեցումը:
Հետեւաբար, թեեւ պատմական սիմվոլիզմը Թրամփի գործողությունների վերլուծության մեջ կարեւոր գործոն է, այն չի կարող լինել միակ չափանիշը այնպիսի ծանր հետեւանքներ ունեցող որոշումների դեպքում, ինչպիսին պատերազմի սկիզբն է:
Այդուհանդերձ, նշված ժամանակահատվածում հարձակման իրականացումը լիովին բացառել չի կարելի:
Վերջապես, հարձակման մասին որոշում կայացնելիս Թրամփը պետք է հաշվի առնի նաեւ Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վերջին հայտարարություններից մեկը, ըստ որի՝ Իրանի դեմ ռազմական որեւէ գործողություն կարող է հանգեցնել լայնամասշտաբ տարածաշրջանային բախման:
Այսպիսով, վերջնական հարցը մնում է բաց. որոշում կայացնելիս կհաղթանակի՞ զինվորականների ռազմավարական իրատեսությունը Թրամփի անձնական սիմվոլիզմի նկատմամբ, թե՞ վերջինս կկարողանա պարտադրել իր սեփական տեսլականը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ





