Վաղուց հետահայաց վերլուծություն չենք արել, մնալով օրվա քաղաքական ցունամիների շրջանակում, ինչն էլ որպես նպատակ հետապնդվում է ներկա քաղաքական դիրիժորների կողմից՝ այնպես անել, որ մարդիկ ժամանակ չունենան մտածել պատճառահետեւանքային կապերի մասին եւ խճճվեն օրվա քաղաքական այն տեխնոլոգիաներում, որն ամեն օր ինչ-որ ուղեղային կենտրոն մտածված փաթաթում է հանրությանը:
Եթե վերհիշենք քաղտեխնոլոգիաների կիրառման ժամանակագրությունը՝ դրանց լայնորեն կիրառումն սկսվել է Սերժ Սարգսյանի ժամանակներից: Այժմ այդ տեխնոլոգիաներն ավելի բազմաքայլ, ավելի լավ մտածված են դարձել՝ ընդհանրապես ներկայի մեջ ապրող քաղաքական ու վերլուծական դասին թույլ չտալով ակունք հայտնաբերել: Իսկ դա թույլ է տալիս այդ ուղեղային կենտրոններին միշտ մեկ-երկու քայլ առաջ լինել հանրությունից, քաղաքական ու վերլուծական շրջանակներից, թույլ չտալով հանրությանն ինքնակազմակերպվել եւ ինքնուրույն լուծումներ գտնել երկրի համար իրոք որ անկանխատեսելի, բազմաթիվ մարտահրավերներով լի մեր ժամանակներում:
Ժամանակին ո՞վ փոխեց Սահմանադրությունն այնպես, որ Հայաստանում հաստատվեց համամասնական կարգի ամենավատթար տարբերակը, երբ քաղաքական մեծամասնությունը միայնակ կարող է ուզած որոշումը կայացնել ու փաթաթել հանրության վզին՝ Արցախի հանձնումից մինչեւ ամեն օր նոր մոգոնվող նորանոր խուճուճ հարկեր, տրանսպորտի թանկացում, մարդկանց ներշնչելով, թե դա անում է իրենց ընտրած իշխանությունը, ասել է, թե հենց ինքը՝ հանրությունը:
Ու այդ անկատար համամասնական կարգը հիմա հենց թույլ է տալիս ամենահարստահարիչ օրենքներն ընդունել, եւ նույնիսկ դուր է գալիս ներկա իշխանության ղեկավարին, մինչդեռ իբր ժողովրդավարական երկրում ավելի ավտորիտար բան, քան մեկ կուսակցության թելադրանքը /իսկ ավելի ստույգ՝ այդ կուսակցության ղեկավար մեկ անձի թելադրանքը/ Հայաստանի համար դժվար էր հորինել: Ո՞վ էր խորհրդարան հավաքում այնպես, որ այնտեղ միայն նախընտրելի խմբեր հավաքվեին, այդ թվում՝ ներկա վարչապետի ղեկավարած «Ելք» դաշինքը, ու դա հաստատ ոչ թե ընտրության արդյունքում էր, այլ քաղաքական քարտեզի կաբինետային գծագրության:
Այսօրվա ուժերին խորհրդարան բերելու քատեզն ո՞ւմ կաբինետում է գծվել: Միայն թե չասեք՝ ընտրության արդյունք է, մանավանդ՝ այնպիսի արդյունք, որտեղ ներկայացված լինեին նախորդ երկու նախագահները:
Այս բոլորը պատմում եմ՝ հասկանալու համար, թե ո՞վ, ինչո՞ւ, եւ ի՞նչ նպատակով է հրապարակ նետել Հայաստանի Սահմանադրությունը կրկին փոխելու ծրագրերը, ի՞նչ է կատարվում այս պահին քաղաքական դաշտում, եւ արդյո՞ք մեր գլխին նորից կոտրելու են տարբեր դիրիժորական օթյակների մի ավելի վատ գծագրություն՝ Սահմանադրություն անվամբ, որով ավելի վատ խորհրդարան կհավաքվի ապագայում, սղղացնելով այն որպես մեր նախընտրություն: Գումարած այն արհավիրքները, որոնք կարող են պարունակել պատմական հիշողությունից, Արցախից, Անկախության հռչակագրից հրաժարվելու, հիմնը, զինանշանը փոխելու մտադրությունները:
Մեր տպավորությամբ՝ սահմանադրական փոփոխությունների կամ Սահմանադրությունը փոխելու մասին խոսակցությունն այս պահին հրապարակ նետելն ընդամենը տեխնոլոգիա է, որի շնորհիվ ընդդիմություն-իշխանություն վաղուց խամրած հակադրությունը նախ բորբոքվում է նոր ուժով: Աղմուկը միշտ պետք է հատկապես իշխանությանը, քանի որ դա օգնում է նոր քաղաքական մտքի չձեւավորմանը եւ չգեներացմանը: Գիտակցված թե անգիտակցաբար, միգուցե ինքնապաշտպանական բնազդով, ընդդիմությունը տրվում է այդ ամուկին: Այդպես եղել է տեւաբար, անընդհատ, ընդդիմությունը միշտ կուլ է տվել իշխանության նետած հերթական խայծն ու օրակարգը՝ այդպիսով ավելի հեռացրել Հայաստանի օրախնդիր հարցերի լուծումները գտնելու հեռանկարն ու այդ հեռանկարն իրացնող նոր միավորների ստեղծումը:
Եթե չկա կոնկրետ Սահմանադրությունը փոխելու նախագիծ, այդ նախագծի մոտեցումները չեն քննարկվել քաղաքական խմբակներում, այլ ընդամենը երկրի ղեկավարի, կամ ԱԺ նախագահի դատողությունների հիման վրա տարերային խոսակցություն են, ի՞նչ իմաստ ունի դաշտը ծածկել այս թեմայով, այդ թեմայի շուրջ վախերով, ողջ պաթոսով եւ էմոցիաների բարձրակետով քննարկել կառավարության ղեկավարի կամ ԱԺ նախագահի նետած թեական դրույթները, նույնիսկ հիմիկվանից մեր Կիկոսի՝ «Այո»-ի ու «Ոչ»-ի ճամբարներ ձեւավորել: Երբ այս հարցը հնչում է, ակնհայտ է դառնում՝ որ ոչ մի: Բացի մեն-մի՝ ուրիշ հարցերի մասին մարդկանց մտածել թույլ չտալու նպատակի, կամա-ակամա այդ մտքին կարելի է հանգել:
Հարցի պատասխանն ապարրդյուն փորձում էինք ստանալ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Հայկ Կոնջորյանից, այն է՝ եթե չկա նախագիծ, ինչո՞ւ են թիվ մեկ պաշտոնյաներն այդ խոսակցությունը հրապարակ նետում, ի՞նչ էր Հանրային ռադիոյում վարչապետի հարցազրույցը, որտեղ հանրությանն առավել բարկացնող դատողություններ հնչեցին: Բայց Կոնջորյանը բուն հարցին այդպես էլ չմոտեցավ, բա թե՝ ժողովրդավարություն է, պաշտոնյաները կարող են տեսակետներ հայտնել, կամ՝ մեր ինքնության մասին չսկսե՞նք մտածել, մեր պատմությանը քննաբար չնայե՞նք: Այդ որակի՞, ցուլի ու կարմիր զգեստը փոխելու առաջարկի մակարդակո՞վ, Ալիեւի ցանկություններին համահու՞նչ, առանց մասնագիտական կարծիքների՞: Դե եթե երկիրը սիրողական մակարդակով է կառավարվում, Սահմանադրությունն էլ ցուլի դիմաց վետվետող կարմիր զգեստի կնմանեցնեն, էլի,զինանշանի մեր թագավորական հարստություններն էլ կուրանան, Արարատն էլ, Արցախն էլ հետը:
Արհեստականորեն նետված թեմաներ, քանի որ որեւէ ժողովուրդ իր ինքնության, իր պատմության, իր օրակարգի սրբագրումներն անում է ոչ թե արհեստականորեն, ինչ-որ իշխանության ինչ-որ ներկայացուցչի նետած խայծերով, կամ թշնամու պահանջով, այլ բնականոն էվոլյուցիայի ճանապարհով անցնելով: Ի՞նչ է հարյուր տարին՝ մի քանի հազար տարի հրապարակի վրա եղած ազգի համար, որ հարյուր տարում հազար ու ավելի տարվա անցած ճանապարհ սրբագրվի, հաճախ սխալները հազար տարում էլ չեն ուղղվում: Կամ՝ ի՞նչ է պարտության երեք տարին, որ այդ տարիների ընթացքում Արցախը կորսված համարենք կամ նրա մասին հիշատակումը հանենք մեր Անկախության հռչակագրից: Ի՞նչ իմանաս՝ եկող մեկ տասնամյակում որքա՞ն բան հետուառաջ կարվի, ո՞ր պետությունններն ինչպե՞ս կվերաձեււեն, ինչո՞ւ առաջ ընկնել իրադարձություններից, սխալ եւ միգուցե թշնամու ճնշման ներքո ելակետ ամրագրել, որը վնասաբեր կլինի հայերիս համար: Որեւէ իշխանություն, միեւնույն է, իրավունք չունի վճռել ոչ բոլոր հայերի, ոչ Սփյուռքի փոխարեն, իրավասու չէ հայերիս զրկել Հայոց ցեղասպանության, Արցախի, Նախիջեւանի հարցերի հետապնդման իրավական գործիքներից, ոչ էլ հրամանագրերով կարող է իշխել հայ մարդու մտքին ու գիտակցությանը:Չենք կարծում, որ իշխանությունը սա չի հասկանում:
Արդյո՞ք Սահմանադրության փոփոխության, հայոց պատմության մասին խոսակցությունները նետված են ներքաղաքական ինչ-որ պրոցեսներ արագացնելու համար, մանավանդ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերը այդ թեմաները վերցրել են արդեն, եւ ուզած ընթացիկ քննարկում դրանց վերաբերյալ սուր հարցադրումներ պարունակում է:
Նույն կերպ եթե մոտենանք՝ ապա էկոնոմիկայի նախարարության շուրջ ստեղծված վիճակը, նախնական կալանքը որպես խափանման միջոց կիրառումը երիտասարդ կանանց վերաբերմամբ, այդ թվում՝ ԱԺ նախագահի եղբոր կնոջ, «Սիներջի» ընկերության հարգված տնօրենի կալանումը նույնպես արդեն մի քանի օր է զբաղեցնում է հանրության, լրագրողների եւ լրատվամիջոցների ուշադրությունը՝ լրահոսը շեղելով այդ ուղղությաբ: Արդյո՞ք սկանդալն իրական է , թե՞ սարքված. շատ բան տեսածս կարող է հարցին այս երկու տեսակետից էլ մոտենալ: Սկանդալն, ինչպես նաեւ Սահմանադրությունը փոխելու թեման այս պահին լիուլի ծածկում են տեղեկատվական դաշտը՝ ժամանակ տալով դրանց հեղինակներին այն բարդ որոշումների համար, որոնք այդպես էլ միանշանակ պատասխան չունեն՝ փակուղի մտած հայ-ադրբեջանական բանակցություններից սկսած՝ մինչեւ կուլիսներում մտմտացվող իշխանության վերբեռնում:
Մյուս կողմից՝ մի քանի ինքնաբուխ դիպվածներ, այնուամենայնիվ, կարող են ամրապնդել այն կասկածները, որ իշխանության ներսում ամեն ինչ հարթ չէ, ու ինչպես ուզած իշխանություն ժամանակի ընթացքում, այս մեկն էլ արդեն ներսում բաժանվել է թեւերի եւ խմբավորումների: Մասնավորապես՝ առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ ինչ-որ հարցի վերաբերյալ այս կամ այն պաշտոնյան կարող էր իշխանականից տարբեր տեսակետ ունենալ: Մինչդեռ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Սիներջի» ընկերության տնօրենի կալանավորման դեմ կարծես ցույց աներ, երբ գիտաժողովում առաջարկեց ծափահարել նրան: Նույն կերպ Ալեն Սիմոնյանն իր ՖԲ էջում տեղադրելով եղբոր եւ կալանավորված նրա կնոջ լուսանկարը՝ կարծես մարտահրավեր նետեր կալանքը ոպես խափանման միջոց կիրառած քննչական կոմիտեին, ինչու չէ՝ նաեւ գործադիրի ղեկավարին: Այդ ընթացքում ինչ բամբասանք ասես տարածվեց, թե բա՝ հեղաշրջման ուրվականն է շրջում իշխանության ներսում, իշխանական մեծամասնության մեջ շփոթմունք կա եւ այլն: Չնայած՝ ԱԺ նախագահն ինքը երեկ ԱԺ ամբիոնից այս բոլորը բամբասանք որակեց՝ լրատվամիջոցներին կոչ անելով կանգ առնել իրենց ենթադրություններում: Օգնության հասավ նաեւ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, որն քաղաքային ավագանիում տեղի ունեցող խմորումների ֆոնին հասցրել էր նշել, որ իշխող մեծամասնության մեջ համերաշխություն է տիրում եւ Ալեն Սիմոնյանի դեմ էլ որեւէ արշավ չկա:
Իմ տպավորությունը փոխանցեմ՝ խորհրդարանական առօրյային հետեւելով. Ալեն Սիմոնյանի՝ իր ընտրած կեցվածքից հետ չկանգնելու պահվածքը, միաժամանակ՝ ԱԺ ամբիոնից քաղաքական մեծամասնության դիրքորոշումները նախանձախնդիր պաշտպանելու ժեստերը ոչ թե ժխտում, այլ հաստատում են այն կասկածները, որ նա եւ իրեն հարող պատգամավորական շրջանակներն, այնուամենայնիվ, ինչ-որ բան պնդելու միտում ունեն, մանավանդ՝ Հայկ Կոնջորյանը հայտնեց պատգամավորական ստորագրահավաքի մասին՝ միջնորդություն ներկայացնելու կալանված կանանց խափանման միջոցը փոխելու համար: Նրանք, իհարկե, ճիշտ են, էս լուսավոր դարում խափանման միջոցը կալանք կիրառել՝ սա մեր իրավապահ մարմինների աշխատել չկարողանալու կամ միգուցե՝ քաղաքականացվածության նշանն է, որն , ի դեպ, լայնորեն կիրառվում է նաեւ ընդդիմախոսների հանդեպ: Ընդ որում՝ ԲԴԽ նախագահն էլ Ազգային ժողովում զգուշորեն պատասխանեց խափանման միջոցը որպես պատժամիջոց կիրառելու հարցին՝ արդարադատության գործընթացին իր չխառնվելը մատնանշելով: Բայց բոլոր դեպքերում՝ ԱԺ իշխող խմբակցության միջնորդությունը հակադրության ձեւ է իշխանության իրավական թեւի հանդեպ, որի ղեկավարն ի վերջո Նիկոլ Փաշինյանն է: Միգուցե, իրոք, վարչապետին փոխելու խոսակցությունները այնքան էլ բամբասանք չեն, միգուցե իրոք այս գործում ստվերային դերակատարներ կան, ասենք՝ տարածաշրջանային կենտրոններից գեներացվող:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ վարչապետի, ԱԺ նախագահի բարձրաձայնումների ոգով, իրոք, նախագիծ է նախաձեռնվելու, վստահ կարող եմ պնդել, որ մեր ժողովրդի իննսուն տոկոսը չի համաձայնելու այդ սիրողական մոտեցումներին, ու այդժամ, իրոք, շատ բան կփոխվի Հայաստանում:
Սահմանադրության փոփոխությամբ՝ օտար ուժերի պահանջը կատարելու հարցին ի պատասխան Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սահմանադրության փոփոխությունը, ճիշտ է, ներքին խնդիր է, բայց նաեւ արտաքին քաղաքականության ուղենիշներ է պարունակում: Քանի որ արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին, ըստ նրա, պետք է մտածենք բոլորովին նոր պայմաններում, երբ աշխարհում էլ ոչինչ հինը չէ, հարաբերությունները նախկինը չեն, երկրի քաղաքացիները Սահմանադրությամբ պետք է ֆիքսեն այդ նոր աշխարհում ապրելու նոր կանոնները: Դա պետք է ժողովրդի ազատ կամարտահայտությամբ՝ հանրաքվեով լինի, որը մինչեւ հիմա ազատ չի եղել:Նոր Սահմանադրության համար ամենակարեւորը պետք է լինի լեգիտիմությունը: Իսկ Սահմանադրության փոփոխության փաթեթ, իրոք, չկա, եւ փաստորեն թեման, ինչպես եւ կարելի էր հասկանալ, նետված է հրապարակ՝ մարդկանց տրամադրությունը շոշափելու համար:Նիկոլ Փաշինյանը նաեւ մի հարցի պատասխանելիս նշեց, որ խաղաղության պայմանագրի մեջ համաձայնեցվել է այն կետը, որով պայմանագրի խոչընդոտ չեն կարող լինել երկու երկրների հիմնական օրենքները: Սա ընդդիմության ներկայացուցիչը համարեց հաղորդում հանցագործության մասին:
Ն. Փաշինյանը նշեց, որ խաղաղության փաստաթուղթը սահմանադրականությունը ստուգելու դեռ շատ ընթացակարգեր է անցնելու մինչեւ ստորագրելը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ