Պետական շահ սպասարկող մեր արտաքին օրակարգը
Նախիջեւանը, որ 100-ամյա պայմանագրերով որպես ինքնավարություն ժամանակավոր օգտագործման էր հանձնվել Ադրբեջանին, այժմ դարձել է ուղիղ վտանգ Հայաստանի հարավային սահմանների համար, այնտեղ ներկա են թուրքական զորամիավորումներ։ Ադրբեջանն է անընդհատ սպառնում Հայաստանի միջով միջանցք բացել դեպի Նախիջեւան, ու անգամ այս պահին Նախիջեւանում ենթակառուցվածքներ է վերացնում՝ այդ առումով էլ ուղիղ կենտրոնաձիգ ենթակայության տակ վերցնելով իրավական առումով իբր ինքնավար միավորը։ Թե ինչպես կարող է հայկական կողմն օգտագործել Նախիջեւանի իրավական կազուսը, որն առաջացել է հարյուրամյա պայմանագրերի լրանալու պարագայում, մտորելու բան է։ Մեր հեղինակավոր մասնագետները պետք է հուշեն դա, անգամ ՝ պարտավոր են դա անել։ Սակայն այդ առումով լռություն է, ԶԼՄ-ներից մեկով Պավել Դալլաքյանն է հաճախ գրում այդ մասին, մի քանի հոգուց կազմված մեկ-երկու քաղաքական միավորներն են երբեմն հիշում դա՝ անիրատեսական եզրահանգումներ հանրությանն առաջարկելով։
Իշխող խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազգ»ի հարցին, թե ինչու հայկական կողմը իր բանակցային դիրքերն ավելի ամուր դարձնելու համար գոնե դե յուրե չի օգտագործում 100-ամյա պայմանագրերով այժմ իրավական կարգավիճակ չունեցող Նախիջեւանի՝ Ադրբեջանի դեմ լրացուցիչ զսպող գործոն դարձնելու հանգամանքը, ԱԺ վերջին ճեպազրույցներում ասաց. «Այս պահին Հայաստանի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան,այս պահին մեր խնդիրներն են ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումը, Լեռնային Ղարաբաղի մեր ժողովրդի իրավունքների իրացումն ու անվտանգությունը, եւ քանի որ մենք այստեղ ունենք նաեւ մեր ժողովրդի ֆիզիկական անվտանգության խնդիր՝ մենք շարժվում ենք մեր օրակարգով, որի մասին տեղեկացնում ենք հանրությանը։ Ձեր նշած հարցերի շրջանակն այս պահին քննարկման առարկա չի կարող լինել, որովհետեւ մեզ համար գերկարեւոր խնդիրներ կան, որոնցով զբաղվում ենք։ Այս պահին արտաքին դիվանագիտության բլոկը շարժվում է ՀՀ եւ Լեռնային Ղարաբաղի պետական շահերը սպասարկելու օրակարգով, ձեր նշած խնդիրն օրակարգի մաս չէ»։
Մեկ այլ ՔՊ պատգամավոր՝ Գեւորգ Պապոյանը հավելեց, թե Հայաստանը պետք է շարժվի այն ուղով, որով իրավական առումով հզոր ենք, իսկ մեդիա միջոցներով կարող են շրջանառվել իրավական առումով խնդրահարույց, իրականությանը չհամապատասխանող տեսակետներ, եւ եթե լինեն իրավական առումով ձեր ասածն ապացուցող փաստաթղթեր՝ դրանք քննարկման առարկա կդառնան։Ու թե՝ իրավական ուժ չունեցող փաստաթղթերից զուրկ վարկած շրջանառելը մեդիա միջոցներով՝ ժողովրդի հույզերի հետ խաղալու պես բան է։
Այ քեզ բան. ՄԱԿ-ի փաստաթղթերը, 100-ամյա պայմանագրերը միթե իրավական չե՞ն (Մոսկվայի պայմանագրի թեական կետերը եւ գաղտի հավելվածները չենք ասում), մի՞թե լռելով եւ վախով համակվելով՝ մենք կկարողանանք մեր պետական շահերը սպասարկել, ու նոր համանման վիճակ չենք ստանա, մինչդեռ մեր պետական շահերի օրակարգը հենց այդ գործիքով ավելի պաշտպանված կլիներ։ Խոսքն այն պարտավորությունների մասին է, որ ստանձնել է Ադրբեջանը միջազգային կառույցների առաջ եւ չի կատարել՝ հայաթափելով ինքնավար մարզը, ոչնչացնելով մշակութային ժառանգությունը, եւ դրանք շատ խոսուն ապացույց են՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները պաշտպանելու տեսակետից։
Ճիշտն ասած ՝ զարմանալի չէր, որ քաղաքական շահերի ու շրջանակների պատկանող լրատվամիջոցներից եւ ոչ մեկը ճեպազրույցի այդ կարեւոր պահին չանդրադարձավ՝ ընդդիմադիր եւ իշխող ուժերի լրատվամիջոցներն այդ հարցին անդրադառնալու թույլտվություն չունեն։
Սակայն մենք ասում ենք՝ իրավական ուժ չունեցող փաստաթղթերից որ խոսում իշխող մեծամասնության ներկայացուցիչները՝ բա ո՞ւր են մեր պատմաբանները, դիվանագետները, հիմնավորեք ի վերջո, իրավական կողմը հալեք-լցրեք իշխող քաղաքական շրջանակների ականջը, Արման Կիրակոսյանն ու Արման Նավասարդյանը որ ողջ լինեին՝ կլռեի՞ն։ Ի վերջո՝ ընդդիմադիր կուսակցություններ ունենք, ինչո՞ւ այդ հարցը գոնե խոսույթի մակարդակով չեն բարձրացնում ու քննարկում։ Հա, վախենում եք Թուրքիայի ու Ադրբեջանի դաշնակից Ռուսաստանի՞ց, բայց ինչ տեղի է ունեցել ու մարսվել է հարյուր տարի առաջ, եթե դրա մասին շարունակեք ահուդողի մեջ ընկած չխոսել, նույնը տեղի կունենա Արցախի հետ, պատմությունը կրկնվելու սովորություն ունի։
Լավ է, որ խորհրդարանական ընդդիմությունը ձեռնարկել է դեկտեմբերի 2-ին արտահերթ նիստ հրավիրելն եւ արձագանքելը Ադրբեջանի Միլի մեջլիսի նոյեմբերի 8-ի՝ Հայաստանին Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքի հրավերին։ Եթե ՔՊ-ն միանա եւ կողմ քվեարկի այդ պատասխան հայտարարությանը (բնականաբար՝ սպասում ենք չծամծմված հայտարարության), ապա շատ լավ կլինի։ Սակայն հենց ընդդիմության պարտականությունն է բարձրացնել մեր նշած խնդիրը (Նախիջեւանի հետ պատահածի եւ նրա կարգավիճակի), Ռուսաստանը թո՞ւյլ է տալիս դա, թե՞ ոչ, դա հենց Հայաստանի պետական շահն է պահանջում։
Թե չէ ոգեւորվում ենք Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող օրերս ընդունված բանաձեւից ու սպասում, որ ուրիշները մեր խնդիրները լուծեն. հա, վատ չէ, շոյիչ է, բայց ո՞վ պատրանք ունի, որ այդպիսի բանաձեւերը կարող է հենց Ֆրանսիայի կառավարությունը բանատեղ դնել ու գործնական քայլ անել։ Ֆրանսիան հավանաբար իր շահն ունի ու Ադրբեջանից իր բաժին նավթն ու գազն է ուզում, կամ մի այլ փորացավ ունի։ Ապերախտ չթվամ հանկարծ՝ բարոյական աջակցության տեսակետից շնորհակալ լինելով Ֆրանսիայի Ազգային ժողովին՝ ականատես եմ նրան, որ մեզ բոլորը մենակ թողեցին ե՛ւ 44-օրյա պատերազմի ժամանակ ե՛ւ այս սեպտեմբերին 13-ին, իսկ մինչեւ հիմա մեր ողջ զորաշարժն Ադրբեջանը տեսնում է Ֆրանսիայից գնած արբանյակի միջոցով։
Ինչո՞ւ չենք փոխվում, երբ ամեն պահ պատերազմն է դռանը
Ամեն օր Հայաստանի եւ Արցախի սահմանները գնդակոծող թշնամու առկայությամբ արժե հասկանալ, թե ինչով ենք զբաղված մենք։
Մի հպանցիկ հայացքն անգամ հուշում է՝ ամեն ինչով, բացի մեր անվտանգության վրա կենտրոնանալուց։ Եվրոտեսիլի կազմակերպում, նորանոր հարկերի մոգոնում, նորանոր տուգանքների մոգոնում, համերգ- ծնունդ-քեֆ-ուրախություն՝ մի ուրիշ կարգի, երբեմն ամեն տեսակի չափ ու սահման գերազանցող։ Քառասուն հազար վարդով նշանդրեք ու հարսանիք, չգիտեմ՝ մի տան բոյի տորթ։ Ասես պատերազմ չի էլ եղել։ Ասես այդքան տան ճրագ չի մարել, ասես այդքան հաշմանդամի ամենօրյա կարիքները հոգացել ենք, ասես բոլոր գերինեը վերադարձել են տուն։ Մի պատերազմ, որից բոլոր առումներով պիտի դասեր քաղեինք՝ անցել է շատերի կողքով։ Պատերազմը որ եղավ՝ հենց նույն կերպ էինք պահում մեզ՝ թշնամին անընդհատ սպառնում էր, գնդակոծում, իսկ մենք լուրջ չէինք ընդունում, չէինք ինքնակազմակերպվում՝ ամեն մարդ շարունակում էր քերել այնտեղից, որտեղից հնարավոր է՝ միլիոնանոց պարգեւադրամներ, նախորոշված տենդերներ, մեկ մարդուց ահռելի գումարների գնումներ, շարունակում է կաֆեներում վերընկնել, անիմաստ ուրախությունների տրվել։ Պատերազմին զուգահեռ անգամ՝ Երեւանի կաֆեները լիքն էին, մեծ մասի օրվա ռեժիմն ու կյանքի գրաֆիկը դույզն ինչ չփոխվեցին։Հիմա նույնն է՝ մարդիկ տեւական պլաններ են գծում՝ իրենց փող աշխատելու ու ժամանցի գործին են, քաղաքական ընդդիմության մեջ մանդատ դնոցի-վերցնոցի խաղն են խաղում, իշխանությունը խոսում է բեռնատարների գերբեռնվածությունից ու ճանապարհների մաշվելուց, դրակոնյան օրենքներ է ընդունում, որ թոշակառուի՝ արտերկրից ստացած հարյուր դոլարը համընդանուր հայտարարագրով հարկի, կամ անկանխիկ վճարումներով նրան գայթակղում է դեպի թանկարժեք սուպերմարկետները՝ կրկնակի էժան գյուղացու խնձորն ու արքայախնձորը փողոցում թափված թողնելով ու բանկերին հարստացնելով։ Բոլորը բնականոն կյանքով ապրելու ձեւի մեջ են՝ թե ռուսներն եկել-մեր շրջանառությունն են մեծացրել, եկամուտները կրկնապատկել, ու բա՝ տարածաշրջանում ամենաբարձր տնտեսական աճն ունենք (հա՞, բա ինչո՞ւ են թոշակառուներդ ամսվա առաջին տասնօրյակից հետո սոված նստում), գործազրկությունը հասել է պատմական նվազագույնի (աշխատող աղքատների՞ մասին է խոսքը)։
Թվում է՝ բոլորը մոռացել են պատերազմը եւ ընդամենը հայերի մի մասի կյանքը ոտնիգլուխ փոխվեց պատերազմով՝ մեր զոհվածների, վիրավորվածների ընտանիքների, նրանց հոգսերով զբաղվող քիչ մարդկանց, բայց մեծ մասն անհաղորդ մնաց դրան եւ հիմա էլ է անհաղորդ մոտեցող պատերազմի սպառնալիքին։ Անգամ ամերիկահայ իմ բարեկամ Արտավազդ Ջանշյանի կյանքը պատերազմի արդյունքում հիմնահատակ փոխվեց, երբ տուն գնելու խնայողությունների կեսը փոխանցեց Հայաստան՝ զինվորական կարիքների համար, զրկելով իրեն հայաշատ Գլենդելում տուն գնելու հնարավորությունից ու հանգրվանելով մի փոքրիկ քաղաքում, իսկ մերոնց մեծ մասը չի ուզում ամեն օր օպերայի շուրջը եղած սրճարաններից բացակա ստանալ։
Եղբայր, շուտով թշնամին զրահատեխնիկայով կհայտնվի քո ճանապարհներին, ամեն օր սահմանային լարվածությունը կամացուկ, միլիմիետր առ միլիմետր սողում է առաջ, ամեն օր գնդակոծություններ են, էլի՞ պետք է մեզ համար անսպասելի լինի ամեն օր սպասվող պատերազմը, ինչպես ամեն տարի ձմռանը եկող ձյունը՝ քաղաքապետարանի համար։
Էլի՞ անպատրաստ ենք լինելու դիմակայել թշնամուն, ինչպես երկու տարի առաջ (խնդրում եմ հղում չանել պայմանագրային ծառայությունը խթանող օրենքին, որը եսիմերբ ու եսիմոնց է գործելու՝ հայրենիքը պաշտպանելու բոլորիս գործը վերահասցեագրելով մի նեղ խմբի, ես խոսում եմ հենց հիմա մեր պատրաստության մասին)։
Էլի՞, ինչպես տարբեր աղբյուրներ են մատնացույց անում, մեր դիրքերը չկահավորված ու մարտահրավերներին չպատրաստված են լինելու։
Էլի՞ իրար միս ենք ուտելու հանրության տարբեր շերտերով, փոխանակ մի բռունցք դառնալու։
Էլի՞ քաղաքական ենթատեքստերով, քաղաքական շահերի նեղ պատուհանից ենք նայելու ինքնապաշտպանության խնդիրներին։
Սթափվե՛ք, քանի որ նույն իրավիճակն է հիմա մեր սահմաններին, ինչ սեպտեմբերին էր, իսկ պատերազմն ամեն պահի կարող է հրահրվել, այս անգամ կարող է ամեն ինչ անդառնալի լինել։ Սա ասում եմ մեզ բոլորիս՝ ժողովրդին, իշխանությանն ու ընդդիմությանը, իրենց մեր մարտահրավերներից դուրս դրած շերտերին։
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ