1. Ինչպես ամեն դպրոցի շինարարությունը թանկացավ 1 Մլն $ ով։
2. Շա՞տ են արդյոք Վրաստանի համեմատ մեր կառուցած ճանապարհները։
3. Ամեն մեկիս ընտանիքի վրա ՔՊ-ն 7 տարում վերցրել է 10.000 $ պարտք։
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը սոցցանցերի իր էջերում ներկայացրել է օրվա իշխանոթյան կառավարման քաղաքականությունը։
«Առաջինը կուզենայի նշել Հայաստանում դպրոցների շինարարությունը։ Իշխանության գալուց հետո այս կառավարությունը շարունակեց մի գործ, որը սկսվել էր նախորդ կառավարության ժամանակ․ դա դպրոցների և մանկապարտեզների վերակառուցումն էր։ Սա շատ լավ ծրագիր է, եթե մի քանի խնդիրներ հաշվի չառնենք։ Հիմնական խնդիրները, որոնք կան, նախագծերն են, որոնք չափից դուրս բարդ են փոքր շրջանների համար։ Այսինքն մոդուլային դպրոցների համար չափից դուրս թանկ են արժեքները։ Երկրորդ խնդիրը կառավարումն է։ Մեր բազում հայրենակիցներ շնորհակալություն են հայտնում իշխանություններին դպրոցներ և ճանապարհներ կառուցելու համար, ուզում եմ պատմել, թե ինչ դեր են նրանք ունեցել այդ գործում»,- ասում է Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականը ամեն ինչ լավ էր ընթանում՝ պետությունը վարկեր էր ներգրավում և դպրոցներ կառուցում։
«Հետո հայտնվեց մեր երկրի ղեկավարը, և 2024 թվականին սկզբին որոշեց այցելել դպրոցներ։ Տեղի ունեցավ «կախիչ» օպերացիան։ Ստուգեց դպրոցի կախիչները, խիստ նկատողություն տվեց աշխատակիցներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին հեռացրեց աշխատանքից։ Այդ շոուից հետո մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով։ Նախագծերի մեջ որևէ տարբերություն չկա, ուղղակի երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել՝ ասել է, եթե թերություններ լինեն աշխատանքներում, միջամտելու են ուժայինները։ Գործարարաներն արձագանքելու մի ձև ունեն, նրանք վերանայում են գները։ Ինչքան պետությունը խստացնում է ճնշումը գործարարների վրա, այդքան գործարարը բարձրացնում է գները՝ իր ռիսկի հաշվարկով»,-նշում է Նարեկ Կարապետյանը։