Ներկա խորհրդարանի այս շաբաթ սկսված վերջին նստաշրջանում նույն այն տրամադրություններն էին, որոնք կային Հայաստանի ներքին կյանքում նախորդած ամիսներին, իսկ հիմա էլ նախընտրական տրամաբանության ներքո են ու քաղաքական մրցակցության համատեքստում: Բնականաբար` բոլոր հարցադրումների (ԹՐԻՓՓ), Եկեղեցու շուրջ գործընթացներ, առողջության ապահովագրության մեկնարկած գործընթաց, բացվածքն այդ մրցակցության ծիրում էր:
Ու չնայած ինձ թվում էր, թե Իրանի շուրջ տեղի ունեցողը գոնե անվտանգային առումով պետք է անհանգստացներ մեր խորհրդարանականներին` Հայաստանի համար հղի բազմաթիվ մարտահրավերներ պարունակելով, բայց հավանաբար ես անուղղելի լավատես եմ մեր քաղաքականների մասով, այնուամենայնիվ` նրանց առավել հետաքրքրում էր մրցակցին ոչնչացնելու սեւեռուն գաղափարը:
Երբ ես իշխանական խորհրդարանականներ Ռուբեն Ռուբինյանից, Վահագն Ալեքսանյանից, Արմեն Խաչատրյանից, ընդդիմադիր Արմեն Ռուստամյանից հետաքրքրվում էի, թե Իրանի հետ կապված վատագույն սցենարի դեպքում Հայաստանի համար վտանգներին մենք պատրա՞ստ ենք, ի պատասխան նրանք բոլորն էլ լավատես էին, թե Իրանի հետ կապված վատագույն սցենար չի գործարկվի: Համենայնդեպս`այդպիսի հույս ունեին: Իսկ այդ սցենարի դեպքում, գիտեք, Հայաստան կարող են լցվել հազարավոր փախստականներ, նրանց հետ ամեն տեսակի կասկածելի մարդիկ, գումարած ուղիղ սահմանային լարվածությունը, քանի որ մեր շուրջ եղած պետությունների` մեր գլխի վրայով զինական միջամտությունը բացառել չենք կարող, մեզ համար ռեալ վտանգավոր իրավիճակի ստեղծումով:
Մերոնք, ինչպես միշտ, իրենց ամպլուայի մեջ են` ներքաղաքական տուրեւառով են զբաղված, ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականի պատերազմից օրեր առաջ: Ու չգտնվեց մեկը, որ Իրանի հետ կապված վիճակի մասին հարց ուղղի պատասխանատու պաշտոնյաներին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Դե հա` արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում այս տարի Ադրբեջանի կողմից էսկալացիան գրեթե անհավանական է որակել, փափուկ բարձ դնելով մեր թեւերի տակ, մինչդեռ ներքաղաքական լարվածությունն ընտրությունների հետ կապված հնարավոր է համարել, ու այս բոլորը ներկայացրել մեզ ու աշխարհին: Իսկ թե ինչո՞ւ է հնարավոր այդպիսի զեկույցի հրապարակային լինելը` այլ երկրների հատուկ ծառայություններին մեր խնդիրների համապատկերը մատուցելով, եւ ինչո՞ւ հնարավոր չեղավ պատերազմի հանգամանքները քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի հանրայնացումը` թեկուզ պետական գաղտնիք պարունակող մասերը փակելով, ակամա զուգահեռով սա է մնում պետական գաղտնիք:
Պարոնա՛յք, ցույց տվեք մի երկիր, որ իր արտաքին հետախուզության վերաբերյալ զեկույց կամ կողմնորոշիչներ է հրապարակում:
Նույն կերպ երբ ԹՐԻՓՓ-ի շուրջ տուրեւառն էր խորհրդարանում, ոչ ոք ոչ հարց ուղղեց ու ոչ էլ պատասխան ստացավ, թե ինչպես են ձեւավորվել Հայաստանի եւ ԱՄՆ-ի 26% եւ 74% բաժնեմասերը, ո՞ր տնտեսական, իրավական հիմնավորումներով եւ բանակցային ի՞նչ մանրամասներով, այդ հիմնավորումների համար ո՞ր պատասխանատուներով, որոնք համոզեն այդ թվերի անխուսափելիությունը:Մինչդեռ, այ, առանց այդ մանրամասների, ընդդիմությունը համոզված է, որ Հայաստանի ինքնիշխանությունը խոցելի դարձնող ԹՐԻՓՓ-ի համար պատասխանատու իշխանությունն է վատը, ու եթե ազգային իշխանություն ձեւավորվի առաջիկա ընտրություններում, ապա ավելի հավասարակշռված կիրագործվի այդ ծրագիրը:
Մի խոսքով` ԹՐԻՓՓ-ը վատ չէ, նրա իրագործողներն են վատը, որ 26 տոկոսանոց ինքնիշխանություն են թողել Հայաստանին ընդամենը (Արմեն Ռուստամյան), որ հայերիս համար Ադրբեջանով համարժեք անցուդարձ չեն կարողացել բանակցել, ու ընտրություններին ընդդիմության բոլոր թեւերը պիտի լայնորեն համագործակցեն, որ իշխանության գան ու ավելի լավ ԹՐԻՓՓ իրագործեն:
Իսկ իշխանությունն էլ իր պատասխաններն ուներ`ԹՐԻՓՓ-ն աննախադեպ հաջողություն է Հայաստանի համար, համարժեք անցուդարձի համար երկաթուղի պիտի վերականգնվի եւ գործարկվի, որն անցած իշխանությունների օրոք թալանվել ու ոչնչացվել է, իսկ ընդդիմադիրներն էլ ողորմելիներ են: Արարատ Միրզոյանի այս բնորոշումը հաջորդ օրը վերադարձրեց Վարդան Օսկանյանը` դրան նախորդած իր բացատրություններին ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հավելելով.«Ինձ զարմացրեց, որ հնարավոր է համեմատություն անցկացնել Հայաստանի ամբողջ լայնքով՝ արեւմտյան սահմանից մինչեւ արեւելյան սահման, 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելու եւ երրորդ կողմին որեւէ պետական կամ ոչ պետական ձեռնարկության կոնցեսիա՝ նունիսկ սեփականություն տրամադրելու միջեւ: Սրանք համեմատելի բաներ չեն»:
Բայց գնացքն արդեն գնացել է. Թրամփը թեւերը փռում է ԹՐԻՓՓ-ի եւ նրա հանձնառու Հայաստանի վարչապետի վրա, որն, ի դեպ, արդեն Դավոսում ստորագրել է «Խաղաղության խորհրդի» կանոնադրության տակ եւ Հայաստանն այդ խորհրդի անդամ դարձրել, Թրամփն էլ նրան ու Ալիեւին իր ընկերներն է անվանել եւ այլն:
Աստված գիտե, թե դեռ ինչեր են ի հայտ գալու ԹՐԻՓՓ-ի իրագործման ընկերության ստեղծումից հետո, եւ աշխարհն առհասարակ ինչ տեսք է ունենալու ընդամենը մեկ տարի հետո: Եւ առհասարակ, ի՞նչ կարելի է անել ամերիկյան տարածաշրջանային նպատակադրումների հետ, եթե նկատի առնենք Վենեսուելայի, Գրենլանդիայի շուրջ գործընթացներում Թրամփի կոշտությունը, Խաղաղության խորհուրդ ստեղծելու նրա մտադրությամբ ԵՄ կառույցների հետ թաքնված մրցակցության ենթատեքստը եւ այլն:
Ընդհանրապես փոքր պետությունների ողբերգությունն է` անվտանգության եւ զարգանալու երաշխավորների միջեւ տարուբերվելը, եւ ինչպես հարյուր տարի առաջ, այնպես էլ այժմ այդ պատճառով մշտական վտանգների ենթարկվելը, որովհետեւ մենք դեռ չգիտենք, թե ով-ում հետ եւ ինչպես է կիսելու աշխարհը վաղը, Լավրովի` մեր ներքին խնդիրների վերաբերյալ առանց քաշվելու հայտարարությունները վկա:
Մոտեցող ընտրությունների առումով նաեւ կարելի է մեր վերն ասվածը պրոյեկտել, քանի որ նույն բաժանմամբ են նաեւ գործում եւ գործելու մեր քաղաքական միավորները, որոնցից ամեն մեկն իհարկե նայելու է իր նախընտրած մեծ խաղացողի կողմը, այդպիսով մեր ընտրությունները դարձնելով մեր երկրում նրանց բախման արենա:
Սամվել Կարապետյանի գրանցած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, անկախ նրանից, թե ո՞վ է չերեւացող մոդերատորը, կարելի է համարել այդպես էլ չվերբեռնված ընդդիմության կանդիցիայի ենթարկելու փորձ, այդ ենթատեքստում են նաեւ մի քանի փոքրիկ միավորներ` անունները չգովազդենք: Չի երեււմ դեռ, թե ո՞վ է կանգնած «Բոլորին դեմ ենք» նախաձեռնության հետեւում: Միգուցե Գագիկ Ծառուկյանն էլ է ուզում առաջարկ ներկայացնել Հայաստանի (իր մի նախաձեռնության անունով) քաղդաշտին` այդ դեպքում էլ ավելի անհասկանալի, թե ում երեսը լվանալով: Եւ անշուշտ, իշխանությունն է նոր, փոքրիկ նախընտրական միավորներ ստեղծում` փոշիացնելու համար ընդդիմության ձայները:
Այստեղ ավելի կարեւոր է արձանագրել, որ ընդդիմության հին ձեւաչափերի էջն այս տարիներին այդպես էլ չփակվեց ու չէր էլ կարող փակվել, քանի որ նրա տարբեր թեւերի ներկայացրած շրջանակները հսկայական ֆինանսատնտեսական ռեսուրսների են տիրապետում, իսկ մեր հանրությունը կորցրեց այս անգամ նոր բովանդակության ընդդիմությամբ իշխանությանը հակակշռելու, վարչական ռեսուրսի եւ միջազգային հովանավորության տիրապետող իշխանության համար լուրջ մրցակից դառնալու շանսը: Այդպիսի գործընթացներն, այո, ցավոտ են, իսկ մեր հասարակությունը չի սիրում արմատական եւ ցավոտ մեթոդներ: Բացի այդ` ընդդիմադիր տարբեր թեւերն այնքան հակադիր են իրար շահերի եւ մրցակցության առումով, որ անգամ նրանցից յուրաքանչյուրն այդքան հակադիր չէ իշխանությանը, այնպես որ Արմեն Ռուստամյանի ակնկալած լայն համագործակցությունը հազիվ թե ստացվի, եթե չասենք, որ ի սկզբանե անկարելի է:
Նույնիսկ մի օրինակով կարելի է բնութագրել մեր ընդդիմությանը` հիշելով մի երկու տարի խաղարկած իմպիչմենտի իմիտիցիան, որ նախ հնարավոր չէր հենց ընդդիմության տարբեր շահերի պատճառով, երկրորդ` դա ոչ մեկին ձեռնտու չէր, քանի որ ժամանակից շուտ արձակված խորհրդարանի բոլոր պատգամավորներին հետագայում սպառնում էր ՀՀ մյուս հասարակ քաղաքացիների ճկույթաչափ թոշակը: է, իրենց էլիտա պատկերացնող իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորները, թեկուզ հազար հանրային շահ լիներ, իրենք իրենց հո չէի՞ն զրկելու ապահով ապրելու հեռանկարից ինչ-որ հանրային պահանջների պատճառով: Իմպիչմենտի մասին խոսողների իրական մոտիվներն այլ էին: Էլ չասած, որ նրանց որոշ խմբեր, անցյալում էլ, հիմա էլ, թաքուն համագործակցում են իշխանության հետ: Այնպես որ մեր` բազմիցս նշած Բերմուդյան եռանկյունի (հիմա արդեն դա կարելի է քառանկյուն անվանել) քաղաքական դաշտն այդպես էլ մնաց տասնամյակներով գործող համակարգի մեջ, այդ համակարգն իր ներքին կառուցվածքն ամուր պահելու համար այս անգամ էլ նպաստելու է իշխանության վերարտադրությանը` իր հանդեպ Հայաստանի հանրության մեծ մասի անբարյացակամությունը գեներացնելով ի նպաստ խաղաղությունից խոսող, միջազգայինների հովանավորությունը վայելող եւ տարբեր հանրահաճո քայլեր ձեռնարկող իշխանությունների:
Ես ոչ մի շահ ու պատճառ չունեմ իրականությունը չարձանագրելու, այս կամ այն կողմի քարոզչական խողովակ դառնալու, իմ պարտավորությունւը միշտ երկրի շահին ու հանրության լայն շերտերի իրազեկմանը նպաստելն է, որ միշտ արել եմ, եթե սխալվեմ, խոստանում եմ ընտրություններից հետո ներողություն խնդրել:
Իշխանությունն, իհարկե, բազմաթիվ սխալներ է գործել, ու դրանցից ամենաանընդունելին հանրության պառակտմանը նպաստելն է` տարբեր պոպուլիստական բացատրություններով: Հանրության կոնսոլիդացումը հենց իշխանության գերխնդիրը պետք է լիներ`սոցիալական արդարության եւ եկամուտների հավասարակշռված բաշխման հետ, ու ոչ թե միլիոնավոր պարգեւավճարներով հանրության աղքատ շերտերին զայրացնելը: Այնպես որ` իշխանությունը եւս ընտրություններին խնդիրներ է ունենալու:
Անձամբ ես նախընտրական այս քանի ամիսներին մի սպասում ունեմ հանրությունից` նրա գիտակից շերտերի գեներացումն ապագայի համար:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով





