ՌԴ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ակտիվ գործիչ, խմբագիր Վահան Բաբախանյանը «Խաչմերուկ» կազմակերպության եռալեզու կայքի ռուսերեն բաժնում հանդես է եկել ծավալուն մի հոդվածով`վերնագրված «Ցեղասպանության հանցագործություններն ու սպառնալիքները եւ ՄԱԿ-ի կողմից իր R2P սկզբունքի կիրառման ճգնաժամը»: Հիշեցնենք, R2P («Responsibility to Protect») սկզբունքը կամ դոկտրինը, որ հայերեն թարգմանվում է պաշտպանության կամ պաշտպանելու պատասխանատվություն, միջազգային իրավունքի նոր նորմ է, որը ներդրվել է ՄԱԿ-ի կողմից՝ 2005 թվականին: Այն բաղկացած է մի քանի ենթասկզբունքներից, որոնք միավորված են «ինքնիշխանությունը արտոնություն չէ, այլ պարտավորություն պաշտպանելու մարդկանց, որոնք ապրում են տվյալ պետության սահմաններում» գաղափարով: Ընդունելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի սա պարունակող բանաձեւը, պետությունները համաձայնել են, որ իրենք պարտավոր են իրենց բնակչությանը պաշտպանել դաժան հանցագործություններից: Նրանք նաեւ համաձայնել են, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործադրել դիվանագիտական, մարդասիրական եւ այլ միջոցներ՝ պաշտպանելու բնակչությանը նման հանցագործություններից: Պետությունները նաեւ հաստատել են, որ պատրաստ են ձեռնարկել կոլեկտիվ գործողություններ, որպեսզի օգնեն բնակչությանը պաշտպանել դաժան հանցագործություններից, երբ խաղաղ միջոցները բավարար չեն, իսկ ազգային իշխանությունները չեն կարող կամ չեն կամենում դա անել:
Ինչպես փաստարկված նշում է հոդվածագիրը, մանրամասն վերլուծելով նաեւ խնդրի կազմակերպական, ֆինանսական եւ այլ պատճառները, համարյա երկու տասնամյակ անց առկա են բազմաթիվ վկայություններ, որ միջազգային հանրությունը չի կատարում այդ պարտավորությունը:
Դա վկայող բազմաթիվ փաստեր Վահան Բաբախանյանը թվարկում եւ մեկնաբանում է, մասնավորապես, «Արցախի ժողովրդի դեմ ցեղասպանական հանցագործությունները եւ ՄԱԿ-ի R2P-ն» ենթավերնագրի ներքո: Ըստ այդմ, Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպանական ագրեսիայից մեկ ամիս առաջ, 2023 թ. սեպտեմբերին, եղել է ՄԱԿ-ին ուղղված հանրագիր 15 հազար ստորագրությամբ՝ R2P-ի հիշեցումով: ՄԱԿ-ից արձագանք չի եղել: Կա մի կարեւոր կառույց, որը կոչվում է R2P-ի գլոբալ կենտրոն: Հոդվածի հեղինակի վկայությամբ, նրանք պարբերաբար գրում են Արցախի մասին, բայց «ծուլորեն»: Նրանց վերջին նման հոդվածը (սեփական կայքում) եղել է 2023-ի հոկտեմբերի 4-ին: Այնտեղ հինգ ոչ մեծ պարբերություններ են: Ինչպես նշվել է այս հունվարին ՄԱԿ-ին ուղղված հերթական դիմումում, մի քանի ամիս է անցել այն բանից հետո, երբ ցեղասպանության կանխարգելման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիսա Վայրիմու Նդերիտուն խնդրի հետ կապված «իր մտահոգությունն է հայտնել»: Այս ընթացքում տասնյակ կազմակերպությունների բազմաթիվ դիմումներ են եղել ՄԱԿ՝ որոշակի գործնական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: ՄԱԿ-ի եւ ցեղասպանության կանխարգելման հարցերով նրա գրասենյակի կողմից արձագանք չի եղել, չնայած նշված գրասենյակի մանդատի համար առաջնահերթություն է համարվում համագործակցությունը քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների հետ:
ՄԱԿ-ին հայկական կողմի պաշտոնական դիմումները, դրանց քննարկումներն ու տխուր արդյունքներն էլ հայտնի են:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ