Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է, և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը. գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱՀ արգործնախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցի ընթացքում հնչեցված մտքերին:
Իսկ Արցախի արտգործնախարարն ասել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ ժողովրդի առջեւ ծառացած սպառնալիքները չեն կարող ընկալվել առանձին ձեւաչափով, չկան Արցախին սպառնացող կամ Հայաստանին ուղղված անհատական սպառնալիքներ։
Բոլոր սպառնալիքներն ու ռիսկերը կրում են համազգային բնույթ, այստեղ ազգային պետության գոյությանը սպառնացող վտանգների հարց է։ Մեր խորին համոզմամբ՝ այս սպառնալիքները հետ մղելու համար ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարաբերությունների շրջանակներում է, անհրաժեշտ է համախմբել նաեւ հայկական կարողությունների ողջ սպեկտրը։
Առանց դրա, շատ դժվար կլինի հաղթահարել այս բոլոր խնդիրներն ու սպառնալիքները։ Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները, կան նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»։
Հրանտ Բագրատյանը մեջբերել է Սերգեյ Ղազարյանի խոսքը՝ «Հայաստանի եւ Արցախի միջեւ միջգերատեսչական համագործակցություն կա, բայց դա չի նշանակում, որ մենք բոլոր հարցերի շուրջ ունենք նույն տեսակետները։ Ինչպես ասացի, համագործակցություն կա, բայց կան նաեւ հարցեր, որոնց վերաբերյալ մեր կարծիքները տարբերվում են»։
Սա ասում է Արցախի ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը։ Հետաքրքիր կլիներ նրան հարցնել, իսկ ո՞ր հարցերում է, որ ձեր տեսակետը համընկնում է ՀՀ իշխանությունների հետ։ Փաշինյանի գործունեության «շնորհիվ» Արցախի մահվան դատավճիռը կայացված է, և դուք բանտում պարզապես սպասում եք դրա իրագործմանը։ Այդքանից հետո այսքան դելիկատ մեկնաբանությո՞ւն»,- գրել է նա։