Ռուսաստանցի հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2015 թվականից Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլցանցերը պետք է ազգայնացվեն՝ պետականացվեն: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դա տեղի կունենա արագ:
Չեմ ուզում անդրադառնալ ստեղծված իրավիճակի քաղաքական՝ ներքաղաքական, արտաքին քաղաքական հնարավոր ասպեկտներին: Դրանք առանց այդ էլ ամենաքննարկվող, դիտարկվողն են: Փաշինյանի հայտարարությունն ունի Հայաստանի համար թերևս ոչ պակաս կարևոր, իսկ խորքային իմաստով՝ կարևորագույն մի ասպեկտ՝ տնտեսություն: Հայաստանի տնտեսության համար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը վտանգավոր է:
Այն վտանգավոր է երկու շերտում: Նախ՝ հանրահայտ ճշմարտություն է, որ պետությունն էֆեկտիվ կառավարիչ չէ: Եվ դա վերաբերում է, առավել ևս, խոշոր ձեռնարկություններին, այսպես ասած՝ համակարգաստեղծ ձեռնարկություններին: Պետական կառավարումն այդ պարագայում աչքի է ընկնում ոչ թե արդյունավետությամբ, այլ հակառակը՝ գերծախսով, մսխումներով, կոռուպցիոն և այլ ռիսկերով: Իսկ առավել ևս հաշվի առնելով այն, թե ինչպես է կառավարությունը ծախսում պետական բյուջեն, որը դարձել է ընդամենն իշխող կուսակցության քաղաքական կարիքների սպասարկման մեխանիզմ, հնարավոր է պատկերացնել, թե ինչպես կկառավարի պետական ՀԷՑ-ը՝ Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկը:
Ի դեպ, ավելորդ չէ հիշեցնել, որ Սամվել Կարապետյանն էլցանցերի սեփականատեր դարձավ այն ժամանակ, երբ ընկերությունն ահռելի ֆինանսական և տնտեսական կարիքների ու պարտքերի առաջ էր հայտնվել նախկին սեփականատեր ռուսաստանյան պետական ընկերության ոչ էֆեկտիվ գործունեության հետևանքով: Մասնավոր ներդրողը կարողացավ կայունացնել իրավիճակը:
Ընդ որում, դա բոլորովին չի նշանակում, որ Սամվել Կարապետյանը մեծ արդիականացում իրականացրեց ցանցերում և որակապես փոխեց պատկերը: Կառավարման էֆեկտիվությունը գնահատելն այլ հարց է: Բայց պետության խնդիրն այդպիսի պարագաներում պետք է լինի այնպիսի կարգավորումներ ապահովելը, որը ներդրողի համար մի կողմից՝ անհրաժեշտ, մյուս կողմից էլ, իհարկե, գրավիչ կդարձնի լրացուցիչ ներդրումների միջոցով կառավարման արդյունավետությունը:
Երկրորդ և, թերևս, առավել վտանգավոր շերտն այն է, որ քաղաքական շարժառիթներով պայմանավորված գործընթացում մասնավոր սեփականության պետականացումը չափազանց վատ ազդակ է երկրի ներդրումային իմիջի տեսանկյունից: Փաստորեն, կառավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա սեփականության իրավունքի կայուն պաշտպանություն: Որևէ լուրջ ներդրող գործ չի ունենա պետության հետ, որտեղ սեփականության իրավունքը կարող է ոտնահարվել՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:
Հատկապես Հայաստանի համար դա չափազանց վտանգավոր է, որովհետև Հայաստանն առանց այդ էլ՝ ունի ներդրումային գրավչության՝ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված որոշակիորեն ցածր աստիճան: Իսկ դա կառավարությունից պահանջում է ներդրողների վստահությանն ուղղված հավելյալ ազդակներ:
Մինչդեռ, դրա փոխարեն, Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին:
Ցանկացած պետության կենսունակություն պայմանավորված է նրա տնտեսական կենսունակությամբ: Դրանից են բխում պետությունների պաշտպանական և դիվանագիտական վստահությունն ու կարողությունը: Իսկ որևէ երկրի տնտեսական կենսունակություն հնարավոր չէ ապահովել՝ առանց արտաքին ներդրումների: Դրա վառ օրինակն այն է, թե ինչպես է աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրի՝ ԱՄՆ նախագահն ամերիկյան տնտեսության համար ներդրումներ փնտրում, օրինակ, արաբական աշխարհում:
Ավելորդ է ասել, թե ինչպես է արտաքին ներդրումային ռեսուրսներ կլանում Հայաստանի հանդեպ տարածքային ու դեմոգրաֆիական հավակնություններ ունեցող Ադրբեջանը:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան