Շուրջ 1.5 տարի է, ինչ Հայաստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակը ոչ միայն չի նահանջում, այլև՝ նոր թափ է ստանում։ Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում ամեն օր ունենում ենք կորոնավիրուսի վարակման 1000+ դեպք, իսկ մահերի թիվը գերազանցում է 50-ը։
Համավարակի պայմաններում առավել խոցելի են համարվում անազատության մեջ գտնվող անձինք, ինչը դեռևս մեկ տարի առաջ արձանագրել էր ԵԽ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն՝ համապատասխան զեկույցով, որով հորդորել էր հնարավորության դեպքում անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցը փոխարինել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներով։
Ընդ որում, նախորդ տարվա ընթացքում արդեն իսկ ձևավորվել էր պրակտիկա, որով դատավորները սեփական նախաձեռնությամբ փոխում էին իրենց վարույթում գտնվող քրեական գործերով կալանավորված անձանց խափանման միջոցները։ Ընդ որում՝ դա նախորդ տարի, երբ համավարակը, համենայն դեպս Հայաստանում, նման ահռելի ծավալների չէր հասել, մահվան այսքան շատ դեպքեր չէին գրանցվում, իսկ հիմա մահվան դեպք ունենք նաեւ Քրեակատարողական հիմնարկներում։
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ ներկայումս ՔԿՀ-ներում պահվող, կորոնավիրուսի դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ բժիշկների վերահսկողության ներքո, իսկ օրերս արձանագրվել է ՔԿՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը. մահացել է 40-ամյա դատապարտյալ։
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը գտնվում են խոցելի խմբում առավել եւս, երբ ունեն այլ հիվանդություն՝ շաքարային դիաբետ, սակայն նրանց եւս շարունակում են պահել նախնական կալանքի տակ, թեեւ նրանցից ոչ ոք քննությունից երբեւէ խուսափելու փորձ չի արել։ Բացի այդ՝ Ա.Չարչյանի գործով նախաքննությունը նաեւ ավարտվել է եւ գտնվում է դատաքննության փուլում։
Նրանց պաշտպանությունն իրականացնող փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց՝ թե՛ Արմեն Չարչյանը, թե՛ Աղվան Հովսեփյանը գտնվում են կորոնավիրուսային վարակի ռիսկային խմբում։ Ավելին, Արմեն Չարչյանի՝ քաղաքացիական հիվանդանոցում իրականացված հետազոտությունների արդյունքում բժիշկների կողմից արձանագրվել է, որ Արմեն Չարչյանը հիվանդությունների պայմաններում գտնվում է ռիսկային խմբում։
«ՔԿՀ-ներում կորոնավիրուսի վարակման մեծ աճով պայմանավորված և նրանց՝ ռիսկային խմբում գտնվելու պայմաններում, հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են կորոնավիրուսով վարակվել։ Հաշվի առնելով նրանց տարիքը, հիվանդությունները՝ հետևանքները կարող են անդառնալի լինել, հետևաբար, նման՝ կորոնավիրուսի թվի աճի, առկա հիվանդության պայմաններում նրանց անազատության մեջ պահելն ուղղակի չի բխում անձնական ազատության բուն էությունից և անհարգալից է այդ իրավունքի նկատմամբ»,- նշեց Ալեքսանյանը։
Իշխանություններն ակներեւ արհամարհում են նաեւ ԵԽ Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի խորհրդատվական կարծիքը՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ իրականացվող հետապնդումները որեւէ աղերս չունի իրավաբանության ու իրավական պետության հետ եւ գործ ունեն պարզ իրավական բեսպրեդելի հետ ։
Աղբյուր` Փաստինֆո