Ընտրություններից հետո ընդդիմության հասցեին մշտապես քննադատություններ են հնչել, թե ինչու այդ ուժերը մտան խորհրդարան, ինչու նրանց պատճառով ընտրություններն ու իշխանությունները ճանաչվեցին լեգիտիմ։
Ռոբերտ Քոչարյանն այսօրվա ասուլիսին անդրադարձել է նաև այդ հարցին.
«Քաղաքական քանի՞ միավոր է մասնակցել այս ընտրություններին, քանի՞ քաղաքական ուժ կամ դաշինք է մասնակցել այս ընտրություններին․ 25 ուժ։ Եթե մասնակցեին 24-ը, այս ընտրությունները ոչ լեգիտի՞մ կճանաչվեին, իհարկե՝ ոչ։ 25 ուժ չէին մասնակցի, 24-ը կմասնակցեր։ Խորհրդարանում, մեծ հավանականությամբ, կհայտնվեին ուժեր, որոնք ոչ թե կլինեին ընդդիմադիր այս իշխանությանը, այլ կլինեին իշխանության սատելիտները։ Մեզ հասցեագրված այդ մեղադրանքը ողջամիտ հիմք չունի, սա մեղադրանք չեմ համարում, այլ «Հայաստան» դաշինքը վարկաբեկելու փորձ։ Թեև գիտակցում ենք, որ եթե ընդդիմադիր մեծ ուժ ես, ապա թիրախավորվելու ես և՛ իշխանության, և՛ ընդդիմութան մի մասի կողմից։ Դրան անգիստ եմ վերաբերվում»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը
Անդրադառնալով մանդատներ վայր դնելու տարբերակին՝ նշեց․
«Մանդատներից հրաժարվելն օրենսդրությամբ չի բերում ճգնաժամի, որով հնարավոր լինի նոր ընտրություններ կազմակերպել։ Ընդհակառակը՝ խորհրդարանը շարունակելու է աշխատել ավելի փոքր կազմով ։ Կառանձնացնեմ 2 տարբերակ։ Մեկը՝ մենք մանդատները չենք վերցնում, ճգնաժամ է ձևավորվում և գնում ենք նոր ընտրությունների, որտեղ այս իշխանությունը նույն ձայներն է հավաքում, հետո ի՞նչ փոխվեց, բան չի փոխվի։ Ուրեմն, պետք է այդպիսի ճգնաժամ ձևավորել հենց այն ժամանակ , երբ վստահ լինենք, որ ընտրության արդյունքները լինեն այլ։ Չեմ բացառում, որ ակտիվ զանգվածային բողոքների ժամանակ այդպիսի հարց առաջանա, չեմ բացառում նաև, որ այդպիսի քայլի գնանք»,-ասաց նախագահը։