Չեմ տեսել Բասենը՝ Մեծ Հայքի այն կարոտալի հովիտը, բայց բախտավորությունն եմ ունեցել լինել մե՜ծ բասենցու փոքրիկ բարեկամը: Նա հենց ինքը՝ Բասենն էր, Էրգիրը՝ իր առասպելական վայրիվերումներով հանդերձ, տարողունակ Հայաստանը՝ իր բոլոր մասնատումներով հանդերձ: Նրա աչքերը հայկական անլուծելի վրեժի սպառնալիք էին հարուցում, իսկ հայացքը՝ պատվախնդիր հայի մի մուգ օրինակ: Նա ապրեց իր կյանքը գրքային, անհավատալի ռազմիկի պես. կերտեց փառահեղ ուղի ու դարձավ սերունդներ մաքրագործող «ազատատենչ մարտիկի» եզակի օրինակ: Որքան էլ պատմվեն վիպական սյուժե հիշեցնող դեպքերը, որքան էլ նշվեն տարածքների անունները, որոնք իր հրամանատարության ու տոկուն կռվի արդյունքում ազատագրվել են, միևնույն է, անհնար է ամբողջացնել Հովիկ Ազոյան-վիթխարի մարդու հետագիծն ու մաքրամաքուր առանցքը:
Տարիներ էին անցել, անկախ Հայաստանը մոռացության էր փորձում մատնել պատերազմական արյունոտ օրերը, բայց նրա զինվորական համազգեստից դեռ շոշափելիորեն զգացվում էր պայթյունների մուխուծխի, հրետանիների բերած ավերիչ փոթորիկների հոտը, նրա աչքերում դեռ հուրհրատում էին ռազմական «բեմերի» կայծերը, ականջներում զնգում էր դեռ խփվող-ընկնող տղերքի հերոսական որոտը, իսկ հայացքը՝ դարավոր վրեժի քմայական մի կնիք էր, որ խաղաղության օրերին նույնիսկ իր բարկ շանթերն էր պահպանում՝ դեպի թշնամին, դեպի հավերժական ոսոխը, դեպի կորուսյալ, բզկտված հայրենիքը, որ հավի կրծքամսի նման ծվեն-ծվեն էր եղած, ու որի հանդեպ տիրականի հույսերն արդեն մարում էին Հայաստանում, իսկ նա՝ ցմահ զինվորականը, իր աչքերում պահում էր Հայաստանը, կորած Հայաստանը, արցունքոտ Հայաստանը: Իր ուսերին կրում էր անկշիռ բեռը «հայրենիք» բառի, իր սրտում, ճշմարտահոս արյունե պատերին էր կրում մասիսական պատկերը, հայաստանյան լեռնանկարներն ու հովտային նատյուրմորտները: Իր խղճին ու կոպերին էր կրում սեփական ցեղի աննախանձելի զրկանքներն ու բորբոքվում, լցվում, եռում ու կռվում՝ հերոսական, հերոսավայել:
Նա մեր բանակաշինության որմնադիր դեմքերից է, հրամանատարական փորձառության չխամրող օրինակ: Հավերժ հիշատակ ու խոնարհում քեզ, մեր էպիկական կերպար, մեր կողքին ապրած ու ապրող Բասեն ու Սիսիան, կարոտ ու նվիրում, մեր մեջ բոցկլտացող պայքար ու վրեժ…
Հ.Գ. Դժվար է և գուցե անկարելի՝ փոքրիկ հոդվածի մեջ տեղավորել քո բոսոր անունը, որին արդեն քո անվերծանելի ուղին հավաստել է իբրև պատմավեպ, հերոսապատում, հայրենյաց երգ, կամ էպոսի մի պատառիկ, որ կրկնում ենք մեր բոլոր խիզախումներում…
Ստորև փոքրիկ մի ակնարկ մեծ հայի թողած «ժառանգությունից».
Հովիկ Բաղդասարի Ազոյան- ծնվել է 1944 թվականի օգոստոսի 4-ին գյուղ Վաղորդիում (Վաղատին, ՀՀ Սյունիքի մարզ), ՀՀ բանակի գնդապետ: 1964-67 թթ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ- ում: 1970թվականին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը, ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները: 1989-1992թթ-ին «Սիսական» կամավորական ջոկատի, 1992-1993 թթ-ին մոտոհրաձգային գումարտակի, 1993-2003թթ-ին մոտոհրաձգային գնդի հիմնադիր-հրամանատար: 1988-1994թթ-ին մասնակցել է Սիսիանի շրջանի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի(Բերձոր, Քաշաթաղ), Ջաբրայիլի (Ջրական), Ֆիզուլիի(Վարանդա), Քելբաջարի(Քարվաճառ) ազատագրական մարտերին: Պարգևատրվել է ՀՀ երկրորդ աստիճանի «մարտական խաչ» շքանշանով, «Անդրանիկ Օզանյան» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Մահացել է 2008 թվականի ապրիլի 9-ին: