Հիմա ընդունված է ռոմանտիզացնել Առաջին Հանրապետության ծնունդը։ Ուղղակի հիշացնեմ` ինչ իրավիճակ էր Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթանակներից հետո։
Երկրի 60 տոկոս տարածքը օկուպացված էր օտար ուժերի կողմից, այդ թվում՝ արդյունաբերական կենտրոն Ալեքսանդրապոլը և Նախիջևանի ու Շարուրի բերրի դաշտերը։
Երկաթուղային ու ավտոճանապարհային հաղորդակցությունը վերացվել էր կամ գտնվում էր թշնամու վերահսկողության տակ։
Մեկ միլիոն բնակչությունից մեկ քառորդից կեսը փախստականներ էին ու որբեր՝ ծայրահեղ աղքատության մեջ (նրանցից 200 հազարը չեն ապրի գալիք ձմեռը)։
Սննդի սուր պակաս կար։ Երբեմն սովյալների բունտեր էին լինում, սակայն երբ նրանք գրավում էին պետական պահեստները, դրանք դատարկ էին. հաց չկար։
Հանրապետության տարբեր շրջաններով տիրում էին խոլերայի ու տիֆի համաճարակներ։
Տնտեսությունը քանդված էր, ֆինանսական ռեսուրսներ չկային։
Ավազակախմբերը օրը ցերեկով հարձակվում էին և թալանում անցորդներին։
Երևանը փոշոտ մի գավառական քաղաք էր՝ մի քանի պետական հիմնարկներով և գրեթե առանց արդյունաբերության։
Իր պաշտոնը ստանձնելու ելույթում վարչապետ Հովհաննես Քաջազնունին իրավիճակը նկարագրեց իբրեւ «անսահման քաոս»։
Պատմությունը հիմնականում հենց սա է՝ արյուն, ցեխ ու քրտինք ու միայն մեր կենացներում է այն դառնում մի իդեալականացված պատում։
Բայց փառք ու պատիվ նրանց, ովքեր հանդգնեցին այդ պայմաններում վերցնել պատասխանատվություն ու պետություն կառուցել։
Պատմաբան, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան









