Կինովավերագրող, «Ակն ընդ ական» հարթակի հիմնադիր, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը հայտնում է.
Լավ լուր.
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ եռակի զրպարտիչ, դավաճանի համար սահմանադրություն գրող Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիներ միավորումը» հերթական ռազմավարական դատն է սկսել իմ դեմ (SLAPP), որպեսզի իրենց մասին ճշմարտությունները չասվի և չբացահայտվի, մասնավորապես, որ ըստ արտահոսած փաստաթղթերի նրանց sut.am-ը, որը հիմա Fip.am-ն է հավաքագրված է եղել Բրիտանիայի կողմից անկախ փաստերի ստուգման հարթակի անվան տակ Հայաստանում երրորդ երկրի ազդեցությունը տարածելու համար:
Նախնական նիստը նշանակված է մայիսի 14-ին՝ ժամը 12:30, Հրաչյա Ներսիսյան 10:
Սա արդեն երկրորդ դեպքն է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը ինձ հետ խնդիր ուենանալիս դիմում է այն ինստիտուտին, որի դեմ ոտնձգություններին աջակցել է և չի հարգում, ու, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս իմ դիրքորոշումը նույնն է, որը կարտահայտվի նաև դատարանում:
Դիրքորոշումս այն է, որ՝
Դատական վեճ չի կարող լինել նրա հետ, ով չի հարգում դատարանը։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այն 46 ՀԿ-ներից մեկն է, որը ստորագրել է հայտարարություն, որով պահանջվում է Ազգային ժողովի մակարդակով ճանաչել «նախորդ իշխանությունների կողմից պետության զավթման» փաստը և նախաձեռնել դրանից բխող համակարգային գործողություններ։
Այդ ձևակերպմամբ ստեղծվում է մի քաղաքական-գաղափարական հիմք, որի շրջանակում արդարացվում է դատական համակարգի, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը ուղղված միջամտությունը։
Կազմակերպության գործունեությունն ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվում է դատական համակարգին վերաբերող հետևյալ գործընթացներին․
* դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացի ձևավորմանը՝ նրա կողմից կայացված դատական ակտից հետո,
* նույն դատավորի նկատմամբ այլ ճնշման մեխանիզմների կիրառման լեգիտիմացմանը՝ մասնավորապես ատենախոսության ստուգման գործընթացի միջոցով,
* Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացի արդարացմանը՝ դատական ակտ կայացնելուց հետո,
դ դատարանների շրջափակման և դատավորների գործունեությանը խոչընդոտող գործողությունների քաղաքական արդարացմանը,
* Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացների աջակցությանը՝ ուղեկցված անմեղության կանխավարկածի հրապարակային խախտմամբ գործադիրի ղեկավարի մակարդակով,
* նույն անձի ընտանիքի անդամների նկատմամբ հարուցված գործերի միջոցով դատական համակարգի վրա ճնշման մթնոլորտի ձևավորմանը,
* Փաստաբան Վահե Գրիգորյանի ներգրավմանը Սահմանադրական դատարան՝ քաղաքական գործընթացների շրջանակում,
* դատավորների նկատմամբ ատելության խոսքի տարածմանն ու նորմալացմանը՝ այդ թվում հրապարակային արտահայտությունների միջոցով, որոնցում դատարանները և դատավորները գործադիր իշխանության ղեկավարի կողմից բնութագրվել են որպես «կորոնավիրուսային դատարաններ», «վնգստացող շներ», «պատերի տակ տեր փնտրող դատավորներ», ինչը ձևավորում է դատական իշխանության նկատմամբ հանրային արհամարհանքի և թշնամանքի մթնոլորտ,
* գործադիր իշխանության ղեկավարի կողմից դատավորների նկատմամբ վերահսկողության մասին հայտարարությունների հանդուրժմանը և արդարացմանը, մասնավորապես՝ «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի» խոսքի,
* առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի կողմից դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտի կատարումից հրաժարվելու փաստի հանդեպ լռությանը կամ արդարացմանը, ինչը խաթարում է դատական ակտերի պարտադիր լինելու սկզբունքը,
* Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը միտված գործընթացներին,
* Սահմանադրական դատարանի դատավորներ Ալվինա Գյուլումյան, Ֆելիքս Թոխյան, Հրանտ Նազարյանի լիազորությունների դադարեցմանը և Հրայր Թովմասյանի պաշտոնից զրկելուն Ազգային ժողովի քվեարկությամբ իրականացված գործընթացի միջոցով՝ մի գործընթաց, որը փաստացի քաղաքական մարմնի կողմից միջամտություն էր դատական իշխանության կազմին և հակասում էր դրա անկախության սկզբունքին,
* Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանի լիազորությունների դադարեցման գործընթացի արդարացմանը,
* դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդման և կալանավորման գործընթացին՝ նրա կողմից կայացված դատական ակտից հետո,
* Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտոնից հեռացման գործընթացի լեգիտիմացմանը,
* նույն մարմնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակման գործընթացին,
* դատավոր Զարուհի Նախշաքարյանի լիազորությունների դադարեցման գործընթացի քաղաքական արդարացմանը,
* դատավոր Տիգրան Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդման գործընթացին՝ նրա կողմից կալանավորումը մերժելուց հետո։
Իրազեկ քաղաքացիների դատական վեճը հնարավոր է հարգել մի դեպքում. եթե այն ներողություն խնդրի դատարաններից, ուղղի իր սխալները և ջանք ներդնի, որպեսզի դատարանները զավթած իշխանությունը կրի արածների համար պատասխանատվություն:
Այլ պարագայում այս վեճը գոյություն չունի:









