Եղել են, եղել են Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ նույնօրինակ, նույնիսկ անհամեմատ ավելի ծանր ու ճակատագրական ժամանակներ։ Բազմիցս ենք կանգնել անդունդի եզրին, բազմիցս է լիակատար կործանումը թվացել անխուսափելի, և, այնուամենայնիվ, կարողացել ենք դիմանալ, հաղթահարել ու վերապրել։ Հուսանք, որ այս անգամ էլ այդ ներքին ուժը կգտնվի՝ թեկուզ ծանրագույն ջանքերի, ցավալի կորուստների ու մեծ փորձությունների գնով։
Այս մտահոգ ու ճակատագրական օրերին արժե վերընթերցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ղազար Ջահկեցու (1737–1751) գրառած և, ամենայն հավանականությամբ, որոշակիորեն մշակած մի հին հայկական աղոթքը։ Ժամանակին ես այն պայմանականորեն անվանել էի «Ազատագրական աղոթք»՝ նրա խորքային իմաստային բովանդակությունից ելնելով։ Այն կարդալիս ակամայից այն տպավորությունն ես ստանում, կարծես գրվել է ոչ միայն անցյալի, այլև՝ հենց մեր օրերի համար։
«Մանավանդ ազգս Հայկազյան՝ մեղքերի պատճառով անարժան դարձած և օտարացած, մեղքերի հողմով փոշու պես ցանուցիր եղած երկրի երեսին՝ օտարասեռ ազգերի և ցեղերի մեջ:
Հայցում ենք ամենախնամ և ամենագութ Արարչից, որպեսզի կտրվածը դարձյալ բժշկի։
Եվ հոգու գրգանքով՝ իբրև թռչունը, որ ձագերին իր թևերի տակ է ժողովում՝ իր ամրածածուկ աջով վերստին հավաքելով հայերին նրանց վիճակված սեփական, բնիկ և հայրենի երկրի ու գավառների մեջ, վերանորոգի այնպես, ինչպես ստեղծել էր ամենասկզբում՝ պանծալի փառքով և բարգավաճող արդյունքով:
Ուժ տա, կազդուրի և հաստատահիմն դարձնի թագավորական ու հոգևոր ինքնիշխանությամբ և ամեն տեսակ բարիքներով:
Հաղթող և զորավոր դարձնի ճշմարտության բոլոր թշնամիների դեմ» (աշխարհաբարի փոխադրությունը իմն է՝ Ա.Ա.)։
Ահա և Ղազար վրդ. Ջահկեցու ինքնագիր մատյանից քաղված գրաբար բնագիրը (Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. 698, էջ 236բ).
«Մանաւանդ զազգս հայկազեան, զտարժանեալս եւ զվարատեալս մեղօք, զցրուեալս ընդ երեսս երկրի. իբրեւ զփոշի հոսեալ մեղաց հողմով ի յազգս եւ յազինս օտարասեռս:
Հայցեսցուք յամենախնամ եւ յամագութ Արարչէն.
զի որ եհատն դարձեալ բժշկեսցէ.
եւ գրգմամբ հոգուոյն, իբրեւ հաւ զձագս ժողովեալ ընդ թեւօք իւրովք, եւ ամրածածուկ աջովն իւրով հաւաքեալ վերստին ի սեփական, ի բնիկ եւ ի հայրենի երկիրս եւ ի գաւառս հայկական վիճակի, նորնորոգեսցէ իբրեւ զառաջնաստեղծն՝ պերճ փառօք եւ բարգաւաճեալ յարգասիւք.
կարողացուսցէ, կազդուրացուսցէ եւ հաստատահիմն արասցէ թագաւորական եւ քահանայական ճոխութեամբ եւ յամենայն որպիսութեամբ բարեաց.
յաղթող եւ զօրաւոր արասցէ ընդդէմ ամենայն ներհակաց ճշմարտութեան»:
Ցավոք, այս աղոթքի ամենավերջին, խիստ կարևոր նախադասությունը կից ներկայացված ֆիլմից դուրս է ընկել։
Հ.գ. Այս աղոթքը և զուգահեռ պատմական տեղեկությունները հրապարակված ու քննության են ենթարկված իմ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» մենագրությունում (Երևան, 2003, էջ 189-193)։
Արմեն Այվազյան, քաղաքագիտության դոկտոր




