Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու. Իշխան Սաղաթելյան

«Իմ կարծիքով՝ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվելու»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կա 2 տարբերակ, բայց մի կարևոր բան եմ ուզում հիշեցնել, որ սեպտեմբերին մի քանի հայտարարություներ է արել, որ սեղանի վրա չկա որևէ փաստաթուղթ, բայց այս վերջին իր  հայտարարության ժամանակ ասաց՝  ես դեռևս սեպտեմբերի սկզբին համաձայնություն եմ տվել ռուսական կողմի փաստաթղթին,  բայց պարզվեց, որ սեպտեմբերի 7-ի թվագրությամբ գոյություն  ունի նաև ամերիկյան տարբերակը։ Մեկ ագամ ևս հստակ արձանագրենք, որ սուտ է խոսել։ Այն, որ նայել է ժողովրդի աչքերին ու ասել՝  փաստաթուղթ չկա, ստում էր, փաստաթղթերն իր դարակում դրված էին։ Այնքան սուտ է խոսել՝  մեկը մյուսին հակասելով, որ արդեն չի հասկանում՝ ինչ է անում։

Երբ Նիկոլը հայտարարում է, որ կողմ է ռուսական կողմի ներկայացրած առաջարկներին, որևէ արժեք չունի, քանի դեռ հստակ չի հայտարարում, որ մերժում է վաշինգտոնյան  տարբերակը, որը սահմանափակում է Արցախի ինքնորոշման իրավունքը և, առհասարակ, Արցախի հարցը»,-հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպման մասին ասաց Սաղաթելյանը։

ՀՅԴ ներկայացուցիչը քննադատել է իշխանությունների՝ առաջնայինը երկրորդականից չտարբերելու վարքագիծը։ 

«Որքան գիտեմ՝ մեր աշխատավարձերը կրճատում են, իրենց պարգևավճար են տալիս: Այս իրավիճակում այնքան երկրորդական են այդ պարգևավճարները, աշխատավարձները: Մարդիկ, որոնք մինչև պաշտոնյա լինելը, որևէ բանով չեն զբաղվել, որևէ բարիք չեն ստեղծել, պարտքով գարեջուր են խմել, եկել են իշխանության. դա իրենց համար գերագույն արժեք է:

Մարդիկ երկիր են հանձնել,  127 գյուղ, 6 քաղաք, տասնյակ եկեղեցիներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այգիներ, գործարաններ թողել են թշնամուն, եկել, չգիտեմ ինչից են խոսում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։