Հանրային հեռուստաընկերության եթերում Արծվիկ Մինասյանը, ինչպես Ռոբերտ Քոչարյանի շատ այլ թիմակիցներ, չկարողացավ շրջանցել իմ անձը և հնչեցրեց ստահոդ տեղեկություններ: Ինձ վերագրվեց մի հայտարարություն, որը երբևէ չի արվել իմ կողմից: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ հասկանում է՝ այդ գործիչները չունեն ադեկվատ քաղաքական օրակարգ, սակայն չի կարծում, թե այս բախտորոշ փուլում արտաքին մարտահրավերներից շեղելը ճիշտ է:
«Հատկապես հաշվի առնելով, որ վերջին շրջանում անձամբ զերծ եմ եղել ներքաղաքական գնահատականներից, պարզապես ցավալի է, որ Արծվիկ Մինասյանի նման երբեմնի կոմպետենտ գործիչները կարող են նման ստեր տարածել՝ նպատակ ունենալով սպասարկել իրենց քաղաքական առաջնորդի նեղ շահերը:
Շաբաթներ առաջ նույն եթերում ասել եմ, որ ԱԺ ընդդիմադիր ուժերը պետք է դիրքորոշում հայտնեն իրենց իսկ կողմից շահարկվող «միջանցքի» վերաբերյալ: Պետք է հստակ ասեն՝ Հայաստանի ինքնիշխանությունը իրենց համար կարմիր գի՞ծ է, թե՞ ոչ: Մինչ օրս հստակ չեն արտահայտվել, մինչդեռ պատկառելի տարիքի մարդը հասել է Հ1-ի եթեր ու խոսում է իմ ու Փաշինյանի սուրճ խմելուց»,- գրել է Մարուքյանը: