Ո՛չ քաղաքական գործիչ էր, ո՛չ «ամեն բան գիտեմ» փորձագետ, ո՛չ էլ հետեւորդների «որսով» զբաղվող բլոգեր։ Նա ի սկզբանե, հավանաբար՝ ի ծնե, որպես զավակը Պետհամալսարանի հայերենպաշտպան դասախոս, հետագայում՝ Ազգային խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի, մինչեւ իր վաղաժամ, ցավալի մահը մնաց սկզբունքային, հետեւողական պաշտպանը մարդու իրավունքների, խոսքի ազատության, անխառն, օտարամերժ հայրենասիրության, լինելով հանդերձ համամարդկային արժեքների ջատագով։
Շիտակ էր ամեն բանում, հասեհաս՝ իրավակոնֆլիկտային բոլոր իրադարձություններում՝ ճակատամարտի առաջին գծում գտնվող զինվորի պես։ Մամուլի ազատությանը վերաբերող վեճերում, հատկապես երբ իշխանություններն էին, նախկին թե ներկա, ճնշողները, անզիջող էր եւ գրեթե միշտ՝ հաղթող։ Քանզի բոլորից լավ գիտեր օրենքը, էթիկայի միջազգային կանոնները, դրանց խախտման դասական դարձած օրինակները։
Առաջին անգամ «մարտի դաշտում» ես նրան հանդիպեցի 1996-ի ապրիլ ամսին, «Ազգ»ի փակման օրերին, մեր խմբագրատանը կայացող պերմանենտ ասուլիսներին, որոնց մասնակցում էին հայաստանյան մամուլի ավագանին եւ միջազգային լրագրողներ։ Նրանց բոլորին, ներառյալ Ավետիքը, այնքան չէր հետաքրքրում, իրենք զիրենք ռամկավար (ժողովրդավար) կոչող բախտախնդիրներ արարքը, որքան՝ ՀՀՇ-ի եւ այն ժամանակ արդարադատության փոխնախարար Գագիկ Ջհանգիրյանի համագործակցությունը կենսունակ, հարգված մի թերթ փակելու հակադեմոկրատական գործարքը։ Ավետիքը, ինչպես ուրիշներ, համոզում էր ինձ դատի տալ արդարադատության նախարարությանը, որն աննախադեպ էր ցայդ նորանկախ հանրապետության պատմության մեջ։ Ճիշտ խորհուրդ, որն ավելի ուշ կրկնվեց Ժիրայր Լիպարիտյանի եւ Վանո Սիրադեղյանի ու օտարերկրյա մի շարք դեսպանատների կողմից եւ ավարտվեց հաջողությամբ։
Այնուհետեւ բազում անգամներ ես պատիվ եմ ունեցել հանդիպելու Ավետիքի հետ՝ գրեթե միշտ մամուլի պաշտպանության դիրքերում, ե՛ւ Լրագրողների միության նախկին նախագահ Աստղիկ Գեւորգյանի գրասենյակում, ե՛ւ, ավելի ուշ, 5-րդ ալիք հեռուստատեսության տնօրեն Հարություն Հարությունյանի աշխատասենյակում, այդ լրատվամիջոցի դեմ հետեւողականորեն ու կանոնավոր պարբերականության հարուցված խարդավանքների դեմն առնելու խնդրով, որում Ավետիքի թելադրած հակաքայլերն եղել են անվրեպ եւ արդյունավետ։
Ահա թե ինչու մեր ժողովրդի զարգացած խավի մոտ Ավետիք Իշխանյանի անունը միշտ հնչել է դրական, համակրական երանգներով, նույնիսկ առանց ճանաչելու նրա դիմագծերն ու դեմքը, ինչը որ քիչ է պատահում նորօրյա մեր ժամանակներում։
Կարծում եմ տեղին է ասածս ներկայացնել ծիծաղաշարժ մի դրվագով, որը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ, մեր քաղաքի Շրջանային անունով տեղամասի նպարեղենի խանութներից մեկում։
Հերթի էի կանգնել խանութի երշիկեղենի, թե՞ պանրեղենի հատվածում եւ իմ հոռի սովորությամբ, թերեւս մեղմելու համար սպասման ձանձրույթը, սուլում էի այսպես ասած՝ ինձ համար, լսեցի բաժնի վաճառողուհու՝ խստադեմ ակնոցավոր տիկնոջ դիտողությունը՝ խիստ եւ զգաստացնող. «Մեզ մոտ չե՛ն սուլում»։ Ճիշտ էր ասում։ Ձգվեցի։ Մինչդեռ կողքիս կանգնած մի լրջադեմ տիկին վաճառողուհուն հիշեցրեց. «Իրեն կարելի է, ինքը Ավետիք Իշխանյանն է»։ Ստիպված եղա վաճառողուհու զայրույթը զսպել։ Ասացի՝ «Ավետիք Իշխանյանն անգամ իրավունք չունի խանութում սուլելու»։
Ավետիքը այնքան զվարճացավ այս պատմությունը լսելով։ Ասաց՝ «Ո՛չ դու, ո՛չ ես, ո՛չ էլ ուրիշ մեկը իրավունք չունենք տվյալ տարածքի տիրուհու հրահանգը անտեսելու»։
Օրենքի ուժը, իրավունքի ուժը հարգելու եւ հարգել տալու առաքելությամբ ծնված մարդ էր Ավետիք Իշխանյանը։ Անօրինականությունը չհանդուրժող, անօրինականությունների դեմ պայքարող մարդն էր նա։ Հին թե նոր, անգամ գալիք անօրինականների դեմ։ Անողոք, ուղղամիտ, ուղղախոս, սկզբունքային մարդը։
Մի մա՛րդ պակասեց մեր կյանքից։ Մենք միշտ զգալու ենք այդ պակասը։
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ