ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը hրատապ գրություններ է պատրաստում իր միջազգային գործընկերներին, որոնց, ի դեպ, օրեր առաջ ահազանգել է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը հող է նախապատրաստում նոր ռազմական ագրեսիայի համար։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային պայմանավորվածությունները, որի հետևանքով կրկին ունենք վիրավորներ։
Այսօր Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
Ադրբեջանի հանցավոր վարքագիծը կրում է շարունակական բնույթ։ Կրկին ահազանգում եմ միջազգային բոլոր իրավասու օղակներին՝ անպատժելիությունը ծնում է նորանոր հանցագործություններ Ադրբեջանի կողմից ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության, ուստի միջազգային հանրության կողմից համապատասխան իրավաքաղաքական մեխանիզմների գործարկման հրատապ անհրաժեշտություն է առկա՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»,- գրել է նա: