Լատինական Ամերիկայում ժամանակին կար մի արյունարբու բռնապետ` Տրուխիլիո անունով, որը տարատեսակ բռնություններին, մարդկանց առևանգելու, բիզնեսներ խլելու գործին զուգահեռ՝ որոշել էր զբաղվել գործարարությամբ։
Դիկտատորը գնեց երկրում գործող, գոյությունը հազիվ քարշ տվող, մետաղական ցանցերի սնանկացած մի արտադրամաս։
Մետաղական ցանցերը պահանջարկ չունեին, որովհետև գերխոնավ արևադարձային կլիմայի պայմաններում դրանք շատ արագ ժանգոտվում և փչանում էին։ Մարդիկ էլ արագ փչացող ցանցեր չէին գնում. արտադրամասն անխուսափելիորեն սնանկացավ։
Իրավիճակը փոխվեց, երբ դիկտատորը գնեց արտադրամասը և հրապարակեց մի որոշում, ըստ որի՝ բոլոր տնտեսվարողները պետք է ցանկապատեին սեփական հողակտորները։ Հազարավոր գյուղացիներ ընդվզեցին, բայց դիկտատորի բանդաները սկսեցին պարզապես սպանել դժգոհներին։ Մոտ մեկ տարի անց դիկտատորը նոր որոշում կայացրեց, որով պարտադրվում էր սպիտակ յուղաներկով ներկել արդեն տեղադրված ցանկապատերը։
Ինչո՞ւ:
Որովհետև այդ ընթացքում դիկտատորը խլել էր լաքերի ու ներկերի գործարանը, և այն սկսեց միլիոնավոր դոլարներ «վաստակել»։
Մեկ տարի անց դիկտատորը հրամայեց արդեն ներկված սպիտակ ցանցերը ներկել կանաչ գույնով։ Իմիջիայլոց, պատմածս հեքիաթ չէ, իրականում տեղի է ունեցել Դոմինիկյան Հանրապետություն կոչված երկրում։ Որոշ թերահավատներ կարող են հակադարձել, թե Լատինական Ամերիկան է, սա վաղուցվա պատմություն է։ Ես էլ կարող էիայդպես մտածել, եթե օրեր առաջ դժբախտաբար չծանոթանայի Երևանի քաղաքապետի հրամանով քաղաքային արտաքին գովազդի բնագավառում կատարվելիք ռեֆորմին, որը բացառիկ նմանությամբ հիշեցնում է լատինամերիկյան վերոնշյալ պատմությունը։
Ի՞նչ են նախատեսում այդ փոփոխությունները
Բազմաթիվ կետեր, դրույթներ կան, որոնք վիճելի չեն, բայց միաժամանակ կան իրապես հիմարություններ, չհասկացված ձևակերպումներ, անսքող վնասարարություններ, որոնց բովանդակության վերաբերյալ մի քանի դրույթ կառանձնացնեմ։
Մասնավորապես նախատեսվում է՝
1.արգելել վազող տողով էլեկտրոնային վահանակները
2.արգելել ուղղահայաց դասավորությամբ գովազդները
3.արգելել ինքնակպչուն նյութերից գովազդը
4.արգելել լուսավորված վահանակները
5.արգելել նեոնային լույսերը
6.գովազդի տեքստը պարտադիր պետք է լինի ծավալային տառերով։
7.գովազդը կարող է արտոնվել, եթե այն տեղակայվելու է տարածքի ապակուց 60 սմ խորության վրա։
Վարդան Ղուկասյանի օգնությամբ քաղաքապետարանը զբաղեցրած պաշտոնատար անձանց եմ ուղղում հետևյալ հարցերը։
1.Եթե առաջարկվող փոփոխությունները վատթարացնելու են տնտեսվարողների վիճակը և փաստացի ստիպելու են նրանց ջուրը նետել ժամանակին արած ծախսերը, մանավանդ որ դրանք կատարվել են քաղաքապետարանի արտոնությամբ, համաձայնեցված դիզայնով և լուծումներով, ապա ո՞վ պետք է փոխհատուցի տնտեսվարողների կորուստները:
2.Նեոնային լույսերով, վազող տողերով վահանակներով, ուղղաձիգ դասավորությամբ գովազդներն արգելող անձիք տեղյա՞կ են, որ Նյու Յորքում կա time square հրապարակ, որտեղ գովազդը բացառապես իրենց արգելած տեսակներով է կահավորված:
3.Հանրային քննարկում եղե՞լ է առաջարկվող փոփոխությունների մասով, թե էլի անհայտ շահագրգիռ քաղաքացիներ են դրան մասնակցել:
4.Միայն ծավալային տառերով գովազդ ստեղծելու բացառիկ միտքը ո՞ր օլիգարխիան կամ օլիգարխն է հղացել։
4.Սեփական տարածքում 60 սմ խորության վրա տեղակայված գովազդն ինչո՞ւ է համարվել արտաքին գովազդ: Ո՞վ է այդ «խելացին», որը դեռ չի հասկանում արտաքին և ներքին տեղակայման տարբերությունը:
Որպես վերջաբան։
Բոլոր տնտեսվարողներին խորհուրդ եմ տալիս չշտապել և չգնալ ինքնավնասման ճանապարհով։ Բոլորին առաջարկում եմ ինքնակազմակերպվել և ստիպել քաղաքապետարանի համապատասխան կառույցներին քննարկել վիճահարույց այս որոշումը։
Բոլորին հիշեցնում եմ, որ ընդամենը օրեր առաջ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատերը դեղին յուղաներկով ծածկելու փաստով մեր բողոքի արդյունքում գրանցված անճաշակ ներկապատումը վերացվեց՝ ի շահ քաղաքի և քաղաքացու։
Հրայր Կամենդատյան, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ