Հայրենիքի դարդուցավով իբրև թե տառապող մեր հայրենակիցները, որ 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո աճապարել են արտագաղթել երկրից, պառնասական բարձունքից այժմ «Եվրատեսիլ 2023»-ը դիտողներին ու դրանով ուրախացողներին բարոյախրատական դասեր են տալիս:
Նրանցից մեկն, օրինակ, երգիչ, ծնունդով Արցախից Անդրեն է: Ամերիկյան հովերով տարված երգիչը մեզ՝ Հայաստանում ու Արցախում ապրողներիս, դասեր է տալիս՝ ինչ անենք, ինչպես անենք, ինչքան ու ինչպես ուրախանանք կամ տխրենք: Անդրեն, ում՝ շրջափակման մեջ մնացած հարազատներն ու ընկերներն ամեն վայրկյան կարող են բայրաքթարի զոհ դառնալ, Facebook-յան դասեր է տալիս ամեն օր կյանքի ու մահվան կռիվ տվող իր հայրենակիցներին:
Դեռ մի կողմ թողնենք մասնագիտական սոլիդարության ու Եվրատեսիլի մասնակից լինելու հանգամանքը, չդիտարկենք նաեւ փաստը, որ Բրյունետի կատարումը պարզապես անգերազանցելի էր մինչև այժմ մեր երկիրը ներկայացնողների ելույթներից: Արձանագրենք, որ նույնպիսի կոչով նա պատերազմի օրերին ստրիպ-ակումբներից տուն չգնացող երիտասարդությանը, Հրազդանի կիրճի բազմապիսի ռեստորաններում թևերը բարրձացնող ու «Մորթեցին գառը, տարան անտառը» ասող «ախպերներին» զուսպ լինել չէր հորդորում։ Բայց հիմա, չգիտես` ինչ իրավունքով, «Բաց կապույտ աչքեր»-ով աղջկա կատարումից ոգևորվող մեր հասարակության հետ խրատողի դիրքերից է խոսում:
Ինքս Եվրատեսիլի սիրահար չեմ, բայց այս տարի մեր մասնակցին «բալետ» եմ անում. նա ամբողջովին մրցույթի տրամաբանության մեջ է։ Ուզում եմ՝ հաղթի Բրյունետն, ու ի հեճուկս Անդրեի` ազգովին քեֆ-ուրախություն անենք Facebook-ում: Նրան էլ հիշեցնենք, որ հայրենիքը մոտիկից, ոչ թե տարին մեկ-երկու անգամ Հայաստան գալով սիրի։
Հ.Գ. Եվ խնդրում եմ՝ հիմա չսկսեք, թե նա, Սփյուռքի միլիոնավոր հայրենակիցների նման պատերազմի օրերին Արցախում է եղել, գումարներ է ուղարկել և այլն։
Հավատացեք` դա մեզ` մահը սեփական աչքերով տեսածներից, բնավ չի հուզում: Ի վերջո, հայրենիքը լուռ են սիրում, ոչ թե երկու կոպեկ ծախսում, հետո դա մատի փաթթան դարձնում:
Սևակ Վարդումյան