Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված
հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և
արձանագրված խոչընդոտների վերաբերյալ. հայտնել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան
Գեղամ Ստեփանյանը։
«Փաստաթերթիկը ամփոփում է ՄԻՊ
աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի
ընթացքում արձանագրվել են կրթության իրավունքի պատշաճ իրացմանը խոչընդոտող
բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են՝ սննդի բացակայության պայմաններում աշակերտների և
ուսանողների թերսնվածությունը, ուսումնական նյութերի, դասագրքերի և այլ օժանդակ
նյութերի բացակայությունը, հանրային տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված
ուսումնական պրոցեսի մասնակիցների տեղաշարժի խնդիրները, կրթական
հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի պատշաճ պահպանության
անհնարինությունը և մի շարք այլ խնդիրներ»,- բացատրել է Ստեփանյանը։
Նա հավելել է, որ փաստաթերթիկը
ներկայացվել է կրթության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող միջազգային
կառույցներին և իրավապաշտպան կազմակերպություններին, այն հասանելի է հետևյալ հղումով։









