Քծնանքի նոր ռեկորդ. Ավետիք Իշխանյան

139

ՀՀ Արդարադատության նախարարի այս խոսքեր կարդալիս․«․․․երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ․․․», հիշեցի ԽՍՀՄ․ լենին-ստալինյան ժամանակաշրջանի քաղբյուրոյի անդամ Լազար Կագանովիչին։ Կագանովիչը եղել է լենինյան գվարդիայի բոլշևիկ և Լենինի ամենահավատարիմ և նվիրված դաշնակիցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Նա այն աստիճանի է քծնել Լենինին, որ իր արտաքինը լրիվ նմանացրել է հեղափոխության մեծ առաջնորդին՝ կրելով եվրոպական հագուստ, բեղեր և կարճ մորուք։ Լենինի մահից հետո, երբ իշխանությունն անցավ «ժողովուրդների հայր» Ստալինին, ընկեր Կագանովիչը ճիշտ ժամանակին կողմնորոշվեց և դարձավ Ստալինի ամենանվիրված գործընկերը, անսահմանորեն նրան քծնելով և այս անգամ արդեն փոխելով արտաքինը՝ կրելով գիմնաստյորկա, հաստ բեղեր․․․սափրելով մորուքը։

Այսպիսով Արդարադատության նախարարը, իշխանական և մերձիշխանական միջավայրում , սահմանեց քծնանքի նոր ռեկորդ, կտրուկ բարձրացնելով քծնանքի նշաձողը։ Պատկերացրեք, թե այժմ ինչպես են նրան նախանձում մնացած բոլոր նախարարներն, իշխանական պատգամավորները և մերձիշխանական գործիչները։

Ինչ արած, սպասենք քծնանքի նոր ռեկորդների»։