Կանադայի հայկական համայնքի առաջնորդներից, Ռամկավար Ազատական կուսակցության վաստակավոր ղեկավար, Մ. Նահանգների եւ Կանադայի Թեքեյան Մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ, ՄքԳիլ համալսարանի հանգստյան կոչված պրոֆեսոր, դոկտ. Արշավիր Գյոնջյանը հետեւյալ բաց նամակն է ուղղել Կանադայի մեծարգո վարչապետ պարոն Ջասթին Թրյուդոյին, հայցելով, որ նա միջոցներ ձեռնարկի վերջ դնելու ցեղասպանական այն հրեշավոր հանցագործությանը, որ այս րոպեին իսկ իրականացվում է հայ ժողովրդի դեմ իր հայրենի Լեռնային Ղարաբաղում։
Մոնրեալ, հուլիսի 25, 2023 թ.
Կանադայի մեծարգո վարչապետ
Պարոն Ջասթին Թրյուդո,
80, Ուելինգտոն փողոց,
Օտտավա. ON K1A OA2
Մեծարգո վարչապետ,
Ծայրագույն հրատապությունից դրդված է, որ համարձակվում եմ գրել Ձեզ այս բաց նամակը որպես հպարտ քաղաքացին այս օրհնյալ երկրի՝ Կանադայի, ինչպես նաեւ հպարտ է իր հայ ծագումով։
Հրատապությունը, որին ակնարկում եմ, հետեւանք է այն մարդասիրական ճգնաժամին, որը դժբախտաբար հար եւ նման է ներկայիս աշխարհում ընթացող այլ մարդասիրական ճգնաժամերին, որպիսիք են, օրինակ, Ուկրաինայի տարածքում տեղի ունեցածը։ Այդուհանդերձ, եթե վերջինս, բարեբախտաբար, վայելում է ամբողջական ուշադրությունն ու օժանդակությունը քաղաքակիրթ աշխարհի մեծամասնությունը կազմող երկրների, մարդկության դեմ մեր նշած մյուս հանցագործության ծանրության աստիճանը, դժբախտաբար դուրս է մնացել միջազգային հանրության ուշադրությունից։
Արդ, հենց այս րոպեներին, 120 հազար հայերի մի ամբողջ շրջափակված համայնք, որի շարքերում են Լեռնային Ղարաբաղի իրենց պատմական հայրենիքում ապրող մանուկներ, պատանիներ, չափահասներ, ծերունիներ եւ անգամ լուրջ հիվանդությամբ ապրող տղամարդիկ ու կանայք, գտնվում է սովամահության եզրին, Ադրբեջանի վրեժխնդիր կառավարության եւ երկրի բռնակալ առաջնորդ Իլհամ Ալիեւի կողմից, պարզապես իրականացնելու համար նրա քաղաքական նպատակները։
Մեծարգո վարչապետ պարոն Թրյուդո, ցեղասպանական այս սադիստական դանդաղ գործողության սրտաճմլիկ լուրերը, որոնք մարդկության դեմ գործված աչք ծակող հանցագործություն են որակվում, դժբախտաբար բավականաչափ հնչեղությամբ չեն արտացոլվում միջազգային բազմաթիվ այլ ողբերգությունների ամենօրյա լրատվություններում։
Քաջ գիտակցելով, որ դուք անձնապես եւ մեր կառավարությունը լավատեղյակ եք Հարավային Կովկասում տեղի ունեցող այս ողբերգության մանրամասնություններին, եւ արտահայտելով ընդհանրապես կանադահայերի զգացմունքները, ես առաջին հերթին ցանկանում եմ մեր խորին երախտագիտությունը արտահայտել Կանադայի արտգործնախարարուհի ազնվափայլ տիկին Մելանի Ժոլիի վերջերս կայացրած որոշման համար, որը նախատեսում է երկու կանադացի ներկայացուցիչ նշանակել վերոնշյալ ճգնաժամի առիթով ստեղծված Եվրամիության քաղաքացիական վերահսկողության առաքելության կազմում։
Այդուհանդերձ, հաշվի առնելով երեխաների մահացության փաստերը եւ բժշկական օգնությունից զրկված լրջորեն հիվանդ ու անօգնական մարդկանց տառապալից հուսահատության վերաբերյալ տխուր լուրերի շարունակական հոսքը, որ մենք ստանում ենք տարածաշրջանից, ես այս նամակը հղում եմ Ձեզ, մեծարգո վարչապետ, շեշտելու համար հատկապես այս ճգնաժամի ահագնությունը եւ անմարդկային այս խելագարությանը անմիջական միջամտությամբ վերջ դնելու անհրաժեշտությունը։
Որպես աշխարհում խաղաղության եւ արդարության հաստատման ջատագովի Կանադայի անբասիր տարեգրությունը ուղենիշ կարող է հանդիսանալ, որ Դուք, օգտվելով ՄԱԿ-ի կամ այլ կառույցների ընձեռած համապատասխան հնարավորություններից, նախաձեռնեք անմիջական միջազգային միջամտություն, ի մասնավորի ստիպելով անհապաղ բացումը Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ միացնող Լաչինի միջանցքի, որ ներկայիս արգելափակված է, որպեսզի թույլատրվի անմիջական առաքումը սննդամթերք եւ կենսական նշանակության դեղորայք պարունակող մարդասիրական օգնության եւ համպատասխան կլինիկաներ անխափան տեղափոխումը կրիտիկական վիճակում գտնվող հիվանդների։
Մեծարգո վարչապետ, այս նամակը հրատապ կոչ է ուղղված ձեզ, որպեսզի օգնեք վերջ դնելու ցեղասպանական այս հրեշավոր հանցագործությանը, որն այս րոպեներին իրականացվում է խաղաղասեր հայերի դեմ իրենց բազմադարյան հայրենիքում՝ Լեռնային Ղարաբաղում։
Այս նամակ-կոչը արտահայտում է աշխարհով մեկ սփռված հայերի ձայնը, որ գալիս է բազմադարյան Հայաստանի անբաժան մասը կազմող Լեռնային Ղարաբաղի կանաչ տարածքներից, պատմական Արարատ լեռան լանջերից, աշխարհում առաջին քրիստոնյա եկեղեցու՝ Սուրբ Էջմիածնի սեղանից, եւ հատկապես Կանադայում ապրող հայկական ծագում ունեցող հպարտ քաղաքացիներից։
Հարգանքներով՝
Կանադայի հայկական համայնքի առաջնորդներից,
ՄքԳիլ համալսարանի հանգստյան կոչված պրոֆեսոր,
Դոկտ. Արշավիր Գյոնջյան
12450 Ալբերտ Պրեվոստ պողոտա,
Մոնրեալ, Կվեբեկ, H4K 2A7