Վերջերս «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը լույս է ընծայել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի «Վլադիմիր Պոզներ. Իմ սիրտը հայկական կողմում է կամ Կուզենայի հարցազրույց վերցնել Լեոնարդո դա Վինչիից» գիրքը, որն ընթերցեցի մեծ հետաքրքրությամբ։
Նրանք, ովքեր հատկապես ավանդական սփյուռքում չեն ճանաչում ռուսական հեռուստատեսության հայտնի հեռուստալրագրողին եւ հաղորդավարին, նա առաջին մեջազգային ԱՄՆ-ԽՍՀՄ հեռուստակամուրջների հեղինակն է, Ռուսաստանի հեռուստատեսային ակադեմիայի առաջին նախագահը։ Նրա ազդեցությունը խորհրդային եւ հետխորհրդային հեռուստալրագրության վրա անջնջելի է, հատկապես նկատի ունեանալով ոչ միայն Պոզների վարած հաղորդումների բարձր մակարդակը, այլեւ գաղափարական ազդեցություններից նկատելի անկախությունը։ Նա հայտնի է նաեւ ոչ միայն իր գրքերով, այլեւ տարբեր երկրներին նվիրված իր հետաքրքիր վավերագրական ֆիլմերով, որոնք նկարահանել է մի այլ հեռուսահաղորդավարի՝ Իվան Ուրգանտի մասնակցությամբ։
Հատկանշական է, որ Սերգո Երիցյանն ինքն էլ լինելով հայկական հեռուստալրագրության անվանի դեմքերից մեկը, իր «Կարծիք» հաղորդաշարով կարեւոր հետք է թողել ոչ միայն հայ հեռուստալրագրության պատմության, այլեւ Հայաստանի անկախության շրջանի առաջին տասնամյակների անցուդարձը վավերագրելու եւ պատմության դատաստանին հանձնելու հույժ կարեւոր գործում։ Մի գուցե այդ փորձառությունն էլ օգնել է այս գրքի համար ճշգրիտ ընտրություն կատարել եւ ներկայացնել ամենակարեւոր հարցազրույցներն ու հանդիպումները։
Իրապես հիանալի նախաձեռնություն է՝ հավաքել Պոզների նման անհատականության հայերի հետ կապված հարցազրույցները, հանդիպումներն ու ելույթները, մեկտեղել մեկ գրքում, ինչը պատմագիտական կարեւոր նշանակություն ունի։
Երկրորդ կարեւոր հանգամանքը գրքի հիմնական պատգամներից մեկն է՝ լրագրության մասին փորձառու հեռուստամեկնաբանի եւ ակադեմիկոսի խոհերը, խորհուրդները, առաջարկները, դատողությունները, որոնք կարեւոր են հատկապես լրագրություն նոր մուտք գործող երիտասարդների համար։ Դրանք ներկայացված են ոչ միայն հարցազրույցների միջոցով, այլեւ առանձին խորագրի ներքո։ Տարբեր տարիներին ասված այդ խոսքերի ու ասույթների առանձին շարքով ներկայացումը կարելի է անվանել նաեւ լրագրության այբուբեն, որը չէր խանգարի, որ ընթերցեին նաեւ արդեն լրագրողի մասնագիտությամբ աշխատողները, քանի որ շատերն աշխատում են իբրեւ լրագրող՝ չհասկանալով այդ մասնագիտության հիմնական առաքելությունը։
Ինչեւէ, անցնեք գրքի ներկայացմանը։ Այն բաղկացած է երկու մասից։
Առաջին մասում Սերգո Երիցյանն իր առաջաբանում նշում է, որ այս գրքի գաղափարը ծագել է 2019 թվականին, երբ Վլադիմր Պոզները մի քանի օրով եկել էր Հայաստան՝ մասնակցելու իր «Հրաժեշտ պատրանքներին» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսին։ Այդ մի քանի օրվա ընթացքում նա ոչ միայն տարբեր հանրային հանդիպումներ է ունեցել, այլեւ տարբեր ձեւաչափերով հարցազրույցներ է տվել։ Հարցազրույցներն ու հանդիպումները վերծանվել են տեսաձայնագրություններից։
Այս ամենը ամփոփված են գրքի առաջին մասում, որտեղ տեղ են գտել ոչ հայաստանցի հեղինակների հարցազրույցները, իսկ երկրորդ մասում ներկայացված են այն հարցազրույցները, որոնք արվել են յոթ հայազգի գործիչների հետ «Պոզներ» հեռուստածրագրի շրջանակում։
Հատկապես լրագրողների համար շատ ուսանելի է կարդալ ու ծանոթանալ Պոզների այն տեսակետներին, որոնք կապված են լրագրության եւ լրագրողի աշխատանքի հետ։ Իսկ զանգվածային ընթերցողի համար հետաքրքիր են նրա կենսագրության հետ կապված մանրամասները, ինչպես նաեւ նրա վարած հարցազրույցներն անվանի մարդկանց հետ։
Պատասխանելով Արցախին վերաբերող հարցերին, նա հստակ պատախան է տվել.
«Ցավոք չեմ եղել Լեռնային Ղարաբաղում։ Հաճույքով կայցելեի, բայց չհասցրի։ Կայցելեի իմ դիրքորոշումը արտահայտելու համար, որպեսզի բոլորը, այդ թվում՝ պարոնայք ադրբեջանցիները, հասկանան, որ սիրտս այս կողմում է, ոչ թե այն»։ Նա ասել է, որ իրեն գրավում է հայերի եզակի ունակությունը՝ գոյատեւել եւ վերապրել բարդ պայմաններում»։ Ու երբ նրա վերադարձից հետո կրկին հարցեր են հնչել, նա առանց վարանելու ասել է. «Պատրաստ եմ գնալ ու անձամբ պաշտպանել Հայաստանը»։ Ի դեպ, նրա զրյուցներից մեկում բացահայտոմւ է, որ Բաքվի հայկական ջարդերից հետո իր Մոսկվայի տանը ընդունել է այնտեղից փախած մի հայ կնոջ եւ նրա աղջական, եւ մոտ մեկ տարի պահել իր տանը։
Այս իմաստով հետաքրքիր են նաեւ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նրա հարցազրույցները, որոնցում տարիներ անց հետաքրքիր գնահատկանների ենք հանդիպում։ 2015 թվականի ապրիլին տված հարացզրույցում Սերժ Սարգսյանն Արցախի հարցի մասին ասել է. «Կարծում եմ, այնունամենայնիվ, մենք կգանք այնպիսի որոշման, որը կբացառի ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը հնարավորություն կտա նորմալ գոյակցել այս տարածաշրջանում։ Դրանում ես վստահ եմ»։ Ավելին, երբ Պոզները հարցրել է, թե ինչու՞ չեք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, Սարգսյանը պատասխանել է՝« Որովհետեւ մենք բանակցում ենք Ադրբեջանի հետ, իսկ միջնորդները Մինսկի խմբի համանախագահներն են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը։ Ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանարապետությունը նշանակում է հրաժարվել բանակցային գործընթացից։ ….իսկ հետո ինչի՞ մասին բանակցել։ Խոսելու ոչինչ չկա»։ Նախկին նախագահը շարունակել է, որ եթե բանակացություններ չվարվեն, ապա ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծանում է»։
Նույն Արցախի խնդրի մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն 2021 թվականի ապրիլին Պոզներին տված հարցազրույցում իր մեկնաբանությունն է տալիս բանակցային գործընթացին, որն ըստ նրա ներկա իշխանությունների կողմից զրոյացվել էր, տարբեր նոր պահանջներ էին առաջ քաշվել, բայց ռազմական պարտության հիմնական պատճառը նա համարում է այն, որ «մինչեւ պատերազմի սկսվելը, երկուս ու կես տարվա ընթացքում փոխեցին գնդերի հրամանատարների, գլխավոր շտաբի ղեկավարի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի երեք հրամանատարի։ Ինչպե՞ս դա կարող էր չազդել պատերազմի արդյունքի վրա»։ Այնուամենայնիվ, նա համարում է, որ ամեն ինչ կորած չէ, եւ հնարավորության կա գոնե բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի ինաքնավար մարզի տարածքների հետ կապված քննարկումներ ունենեալ»։
Իսկ Մոսկվայի «Ժամ» ամսագրի խմբագիր Աննա Գիվարգիզյանին տված հարացազրույցում Պոզներն անդրադարձել է Հայաստանի ու հայերի հետ իր կապերին։ Նա նշել է, որ հանդիպել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նա վառ մարդ է, բայց շրջապատված է շողոքորթներով։ Փաշինյանի հետ հարցազրույց անելու առաջարկ չի ստացել։ Այս զրույցում նշում է նաեւ, որ ժամանակին շատ կապված է եղել Հայաստանի հետ։ Համարում է, որ Հայաստանում շատ գեղեցիկ գեղարվեստական բաներ կան եւ շատ տաղանդավոր մարդիկ։
Ուշագրավ են հատկապես ոչ քաղաքական թեմաներով հարցազրույցները, օրինակ Շառլ Ազնավուրի կամ ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի Բաց էկոլոգիական համալսարանի ռեկտոր, քիմիկոս Վալերի Պետրոսյանի հետ, որը ներկայացնում է համաշխարահային մակարդակով շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրները եւ մեր մոլորակին սպասվող բնապահպանական աղետները։ Ի դեպ, Պոզներն ինքն էլ ժամանակաին զբաղվել է բնապահպանական խնդիրներով, եւ Բնության համաշխարհային հիմնադրամի անդամ է։
Որքան հետաքրքիր է Պոզների կենսագրությունը, որը գրքի վերջում ներկայացնում է Սերգո Երիցյանը։ Նրա առաջին կինը հայուհի էր՝ Վալենտինա Չեմբերջին, որի հայրը՝ Նիկոլայը, Ալեքսանդր Սպենդիարյանի եղբոր որդին էր։ Դուստրն էլ՝ Վալենտինան, այժմ բնակվում է Գերմանիայում, ամուսնացել է գերմանացու հետ։ Պոզներն ունի ֆրանս-հրեական արմատներ, ծնվել է Փարիզում, ապրել է նաեւ Ամերիկայում եւ Գերմանիայում։ Հետագայում եւս երկու անգամ ամուսնացել է։ Իրեն ռուս չի համարում, այլ ֆրանսիացին Նյու Յորքից, կամ նյույորքցին՝ Ֆրանսիայից։
Պոզներյան լրագրության սկզբունքները միշտ չէ, որ կարող էին հարիր լինել «ընթացիկ լրագրության» սկզբունքներին, եւ նաեւ այդ պատճառով է, որ Ուկրաինայի դեմ պատերազմից հետո, «Պոզներ» հեղինակային ծրագիրը եթեր չի հեռարձակվում։ Նա բազմիցս է ասել, որ այսօր Ռուսաստանում լրագրություն չկա։ Այս մասին գրում է իր վերջաբանում Սերգո Երիցյանը, ավելացնելով, որ Վլադիմիր Պոզները դեռ ասելիք ունի լրագրության մեջ, եւ առանց նրա վարպետաց դասերի դժվար կլինի հասկանալ ժամանակակից լրագրության անցած ուղին եւ զագացման միտումները։ Պոզներն ասում է, որ լրագրությունը մասնագիտություն չէ, այլ ապրելաձեւ։ Ինքն էլ հետեւեց իր սկզբունքին՝ չլինել քաղաքական գործիչ, այլ մնալ լրագրող։ Ցավոք, այս պատգամին այլեւս շատ քիչ լրագրողներ են հետեւում։
Վերջում, կարող ենք արձանագրել, որ Պոզներին նվիրված այս գիրքը կարելի է անվանել ոչ միայն պոզներյան, այլեւ լրագրության հանրագիտարան՝ իր վարպետության դասերով ու կոնկրետ օրինակների մեջբերումներով։
Բարի ընթերցում ենք մաղթում բոլորին՝ ով սիրում է լրագրությունը, ով ապրում է լրագրությամբ եւ ով ծառայում է լրագրությանը։
Հակոբ Ասատրյան
Պրահա, «Օրեր»
Հ.Գ. Ի դեպ, վերջին մի քանի ամիսներին մեր սիրելի գործընկեր Սերգո Երիցյանը անզիջում պայքար է տանում ծանր հիվանդության դեմ։ Մաղթում ենք նրան քաջ առողջություն, ուժեղ կամք եւ շուտափույթ կազդուրում։