«Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու ոչ մի նիստի։
Այս մասին հայտարարություն է տարածել Վարդան Ղուկասյանը։
«Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ ԵՐԵՒԱՆՈՒՄ արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ: Որոշումս քաղաքական է, ունի բազմաքայլ հաշվարկ եւ անփոփոխ է: Եթե մյուս ընդդիմադիր ուժերը նույնպես որոշեն չներկայանալ ավագանու նիստերին, ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ անխուսափելի կլինեն:
Մնացած քայլերի մասին կտեղեկացնեմ ճիշտ ժամանակին»,–նշված է հայտարարության մեջ։
Փետրվարի 7-ին կկայանա Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ Հայկ Մարությանին և ավագանու մի շարք ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով։