Տեղ գյուղում հարաբերական անդորր հաստատվելուց հետո Պաշտպանության նախարարությունը ցավալի տեղեկությունը հայտնեց՝ զոհեր ու վիրավորներ ունենք։
Պաշտոնական նույն հաղորդագրությամբ, սակայն, պաշտպանական գերատեսչությունը շտապել էր տեղեկացնել նաև, որ ի տարբերություն մեզ՝ ադրբեջանական կողմի զոհերի ու վիրավորների թիվը շատ ավելին է՝ գուցե մի քանի անգամ։
Անկեղծ ասած՝ ինձ բնավ չի հուզում, հետաքրքրում, առավել ևս, ուրախացնում, թե ադրբեջանական կողմը քանի տասնյակ զոհ կամ վիրավոր ունի։
Մեր ամեն մի զոհի կորուստն անչափելի է՝ հակառակորդի անգամ հազարավոր զոհերի դիմաց։
Ադրբեջանական բանակի մեծաքանակ կորուստները մարտիրոսված մեր տղաներին չեն վերակենդանացնելու։
Եվ եթե անգամ ՊՆ-ում մտածել են, թե հակառակորդի կորուստների մասին հիշատակում անելով՝ դույզն-ինչ մեղմելու են մեր ցասումն ու ցավը, ապա, կարծում եմ, համեմատություն անցկացնելու տրամաբանությունից պետք էր զերծ մնալ ու խուսափել միևնույն հաղորդորդագրության մեջ նշել թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի զոհերի մասին։
Ադրբեջանցի զինվորականների մահվան հանգամանքն այսօր զոհված 4 զինվորականների՝ արդեն սևեր հագնող մայրերին հաստա՛տ չի սփոփելու։
Սևակ Վարդումյան