Տարածաշրջանիում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են. իր հոդվածում նշել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ խաղաղության հասնելու նամար հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: «Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից», – ընդգծել է նա։
Փաշինյանը հիշեցրել է, որ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլեւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը:
«Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբեւէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ եւ հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին: Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը եւ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն եւ կառուցողական աշխատում են:
Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը», – թվարկել է ՀՀ վարչապետը՝ համարելով այս ամենը լավ հիմք խաղաղության հաստատման համար։