Շատ եմ լսել ու լսում նորդարյա երիտասարդության տեսակետները մասնավորապես հայկականությանը և հայամետ լինելու խնդիրների շուրջ։ Պիտի ցավով ասեմ, որ կա մի նշանակալի շերտ՝ նույնիսկ լսարան ունեցող մի զանգված, որ ժամանակավրեպ է համարում հայոց եղերական անցքերի հիշատակումն անգամ։ Թող խոսքս վերամբարձ չթվա, բայց սա ի՞նչ մոտալուտ ապագա է հարուցում, կամ մի՞թե չի գուժում որևէ աղետ։ Ինձ հանդիպել են մարդիկ՝ հայեր, ովքեր ծաղրում են Արևմտյան Հայաստանի մասին անրջող իրենց հայրենակիցներին։ Ինձ հանդիպել են մարդիկ՝ հայեր, ովքեր փնչացնելով են խոսում արցախյան «ավելցուկ» (իրենգ բնորոշմամբ) հողերի վերաբերյալ, և անվանում «տարածք», այլ ոչ՝ հայրենիք։ «Հուսալքություն». սա հային բնորոշ գոյավիճակ է, ինչպես բնորոշ են բոլոր «լիք-լքել» ավարտույթով կազմվող բազմիմաստ բառերը։ Փորձե՛ք կազմել նման բառեր և բառային ներդաշնությունը կնկատեք ինքներդ. լքելը մեր մեջ է։
Մեծ հաշվով, որքան էլ ապագան հոսում է դեպի մալուխային, էթիլենային ու պլաստմասե չքնաղացում, ես, իմ պստիկ կարծիքով, ավելի եմ ձգվում դեպի կավե անցյալը։ Եվ ես, որ կարծում եմ, թե «հասարակ հայ» լինելով հանդերձ պարտավոր ենք ցկեանս հուսալ և դրդվել դեպի կորուսյալ հայրենիքը մեր, դեպի պատմական վիրավորումը մեր։ Իսկ, առհասարակ, սեփական ցեղդ կոտորողի դեմ կարողանալ է պետք քեն ու թշնամանք արտադրել։ Եվ, վերջապես, ծիծաղը փոխվում է բարկության լացի, երբ օտարագիր մի երկու հեղինակ կարդացած թափթփուկներ փորձում են ընտելացնել հային իր հարևան հոշոտների հետ։ Փորձում են ընտելացնել, բերել համակերպ կեցության, հանուն ողորմելի առուծախի, հանուն իբրև հարևանության և չկղզիացման։ Սակայն դա, Աստված մի արասցե, կտանի ապագայի մի նոր եղեռնագործության՝ համենայն դեպս զոհը թուրքը չի լինի։ Քթներիս տակ նոր նախճիր է խմորվում, իսկ մենք մի ձեռքով առևտուր ենք փորձում անել (ընդ որում երեխայի պես առանց հաշվարկ), մյուս ձեռքով աշխարհից «գենոցիդ» բառն ենք մուրում։ Շատ մոռացկոտն ենք, շա՜տ։
Այն պետությունները, որոնք ունեն ցեղասպանված համարվելու պիտակավորման կարիք՝ ցկեանս կախվածության մեջ են գերտերությունների սրունքներից։ Սա դյուրին ընկալելի ճշմարտություն է, միայն թե մնում է զբաղվել քաղաքականությամբ, կրկնում եմ՝ քա-ղա-քա-նությամբ, այլ ոչ դատարկապորտությամ ու լպրծուն մանևրումները իբրև վիլվետյա շղարշ մեր երեսին սվաղելով։ Իսկ հուսալ և երազել չտեսած հայրենիքի մասին մեր՝ հայերիս պարտականությունն է։ Իսկ այդ հայրենիքը չի սահմանափակվում Մասիսների վերնիսաժային արտատպումներով ու պատշգամբներից դեպի լեռ հայացք կորզելո գրոշային դատողությամբ։ Հուսանք, որ կգա մի ժամանակ, երբ Էրգրից հող չենք բերի շիրիմ «հագեցնելու» համար, և մեր լեռնաշխարում նորից էպոսներ ու առասպելներ կհյուսվեն… Բրաբիոն ծաղկի անուրջն անրջենք ու հուսանք…