Ս․ թ․ մայիսի 2-ին «Մրգենի» ՍՊԸ-ն ստանում է բանանի հերթական խմբաքանակը, որի դատարկման ժամանակ պահեստի աշխատակիցները հայտնաբերում են բանանի արկղերի մեջ տարօրինակ փաթեթներ, ինչն առաջացնում է բանվորների, վարորդների և այլ ներկա անձանց մոտ տարակուսանք։ Բոլորը՝ շուրջ 20 հոգի, մոտենում են և սկսում են ուսումնասիրել, քննարկել , թէ ինչ է փաթեթների մեջ. տեսաուղերձում պատմել է նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը։
Կարճ ժամանակ անց արկղերը տարօրինակ փաթեթներով թողնվում են մի անկյունում՝ ռամպայի վրա, անգամ պահեստ չտանելով, և շարունակվում է բանանի դատարկումը։
Ուզում եմ նշել, որ այս ամենը տեղի է ունենում օրը ցերեկով շուրջ 15-20 հոգու ներկայությամբ։
Տարօրինակ պարունակությամբ արկղերը որոշ ժամանակ անց տեղափոխվում են պահեստ և տեղեկացվում է ինձ։
Սկզբում, անհանգստանալով իմ հարազատների և աշխատակիցների կյանքի և ազատության համար, որոշեցի ոչնչացնել տարօրինակ արկղերի զանգվածը։ Հետագայում, մտափոխվելով և հասկանալով, որ սա կարող է լավ առիթ հանդիսանալ իրավապահների համար օպերատիվ միջացառում իրականացնել թմրանյութի ապօրինի շրջանառության մասով, որոշեցի զանգահարել ԱԱԾ տնօրենին և դեպքի մասին հայտնել։
Ս․թ․ մայիսի 13-ին զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի ընդունարան, օգնականին խնդրել եմ ապահովել իմ և ԱԱԾ տնօրենի կապը, որը մնացել է անարդյունք։ Կարճ ժամանակ անց զանգահարել եմ ԱԱԾ տնօրենի բջջային հեռախոսահամարին, որը ևս անարդյունք է մնացել։ Այնուհետև ձայնային հաղորդակցություն եմ ուղարկել, որում բացատրել եմ ստեղծված իրավիճակը և խնդրել եմ անհապաղ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ պահպանելով մեր աշխատակիցների անվտանգությունը և գաղտնիությունը:
Ձայնային հաղորդակցությունը ուղարկելուց քիչ անց ԱԱԾ տնօրենը զանգահարել է ինձ։ Զրույցի ընթացքում մեկ անգամ ևս հանգամանորեն ներկայացրել եմ իրավիճակը և իմ պատրաստակամությունը տրամադրել ամբողջ ինֆորմացիան, որին տիրապետում եմ։ Կարճ ժամանակ անց ԱԱԾ աշխատակիցները արդեն պահեստում առգրավում են տարօրինակ զանգվածով թվով 42 բանանի արկղերը։ Այդ ամենը կշռվում և ֆիքսվում է ԱԱԾ աշխատակիցների կոցմից։ Դա լինում է 1004 կգ։
Եթե հանենք արկղերի և պալետի քաշը ստացվում է 926 կգ զանգված։ Ամբողջ զանգվածը տեղափոխվում է ԱԱԾ։
Հաջորդ իսկ օրը ես ձեռնամուխ եմ լինում, որ ներմուծման բաժնի պետը, պահեստապետը և տնօրենը գնան ԱԱԾ և մանրամասն ներկայացնի ամբողջ իրենց հայտնի ինֆորմացիան։
Նշենք մի քանի կարևոր փաստարկներ․
Փաստ 1
Թմրանյութը «Մրգենի» ընկերության և դրա աշխատակիցների համար տարօրինակ հանգամանքների արդյունքում հայտնվել է պատվիրված բանանի կոնտեյների մեջ, ապա նաև կազմակերպության պահեստում։
Փաստ 2
Դրա մասին որևէ իրավապահ մարմին չի իմացել։
Փաստ 3
Այդ թմրանյութի մասին անձամբ եմ հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենին, որը նրա համար շոկային է եղել:
Փաստ 4
Կազմակերպության աշխատակիցները բոլոր հնարավոր եղանակներով օժանդակել են այդ թմրանյութը իրենց պահեստում հայտնվելու հանգամանքների բացահայտման համար։
Փաստ 5
Ես ամեն ինչ արել եմ, որպեսզի այդ թմրանյութի հայտնաբերման փաստի մասին որևէ այլ իրավապահ մարմին, բացի ԱԱԾ-ից չիմանա։ Ավելին, որպեսզի ԱԱԾ-ում այդ մասին նախապես տեղեկանա միայն ղեկավար կազմը՝ անհրաժեշտության դեպքում գաղտնի միջոցառումներ իրականացնելու համար, ինչպես նաև աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։
Փաստ 6
Մինչև ս․ թ․ մայիսի 24-ը ԱԱԾ-ն տնտեսվարողի մասով գաղտնիությունը պահել է, սակայն մայիս 24-ին հրապարակվել է ընկերության անունը և դրան հետևել են բոլորիս հայտնի հրապարակային հայտարարությունները, ինչը լուրջ վտանգի տակ է դրել աշխատակիցների և թմրանյութի մասին հայտնած անձանց անվտանգությունը։
Այս ամենից հետո, ցավոք սրտի, կազմակերպության պահեստապետը, ներմուծման բաժնի պետը և տնօրենը կալանավորվում են։ Նման գործելաոճով պետությունը կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ վստահությունը։
Հատուկ ծառայությունների այսպիսի գործունեությունը հղի է բազում բացասական հետևանքներով։ Հորդորում եմ, որպեսզի քննություն իրականացնող մարմինները զերծ մնան մարդկանց քաշքշուկից և վերջապես հասկանան, որ այսօրինակ անհեթեթ դեպքերում քաղաքացին պետք է պաշտպանություն գտնի հենց իր երկրի իշխանություններից։
Այսպիսով, իմ այս հայտարարությունը կարող եք համարել որպես հաղորդում և օգտագործել բացված քրեական գործում»։








