2025 թվականի հունվարի 1-ից Քպ իշխանությունը նոր նվեր է պատրաստել այն արտադրողների համար, ովքեր գործում են շրջանառության հարկի դաշտում։
Նախկինում գործող 3.5 տոկոս հարկը արտադրական գործունեություն իրականացնողների շրջանառության նկատմամբ փոխվել է և դառնալու է 7 տոկոս։
Ընդամենը 100 տոկոսով է բարձրանալու, հարգելի հայ արտադրողներ։
Փորձենք հասկանալ, թե դա ինչ է նշանակելու տեղական հումքի վրա գործող կոոպերատիվների, արտելների, կոշիկի, տրիկոտաժի, հուշանվերների, գյուղմթերքի արտադրությունների համար։
Առնվազն երկու անգամ բարձրացող հարկը, դիցուք, մեկ միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտի համար 35.000 դրամից դառնալու է 70.000դրամ։
Եթե դրան հավելենք հնարավոր ստուգման ակտի անխուսափելի տուգանքը՝ թաքցված շրջանառության հարկի գումարի և դրա 100 տոկոսի չափով տուգանքի հանրագումարը, ապա պատկերը առավել անմխիթար է դառնում։
Ամենախոցելի վիճակում են հայտնվելու գյուղմթերք արտադրողները։
Ծախսերի նվազեցման որևէ փաստաթուղթ նրանց մոտ չի գեներացվելու, և այդ տնտեսությունները ամբողջովին են զգալու երկու անգամ աճած հարկի «պերճանքը»։
Ակնհայտ է, որ այս ամենն արվում է տեղական արտադրողների զարգացումը կասեցնելու համար։
Բայց ինչո՞ւ։
Բացատրությունը մեկն է՝ թուրքական ապրանքի մուտքն են հեշտացնում։
Իսկ հարևան Թուրքիայում պետությունը հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում է թուրք արտադրողներին՝ նրանց համար ստեղծելով հարկերի նվազեցման հնարավորություն, հարկային արձակուրդներ, պետական վճարների զեղչում և այլ օժանդակություններ։
Հարգելի արտադրողներ, վստահ եղեք, որ հարկերի այս բարձրացումը վերջինը չէ և շարունակվելու է այնքան, մինչե դուք լքեք Հայաստանը կամ աշխատանքի անցնեք թուրքերի մոտ։
Հրայր Կամենդատյան, տնտեսագետ